Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային տեսչությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
նպատակ ունենալով ակտիվացնել գործունեությունը մաքսանենգության և թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի և շրջանառության կանխարգելման, հետաքննման և կասեցման գործում,
նկատի ունենալով 1961 թվականին ընդունված Թմրանյութերի մասին միացյալ Կոնվենցիայի դրույթները, Հոգեներգործող նյութերի մասին 1971 թվականին ընդունված Կոնվենցիան և Թմրադեղերի ու հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության պայքարի մասին 1988 թվականին ընդունված Կոնվենցիան,
ձգտելով այդ բնագավառում զարգացնել համագործակցությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և այլ շահերը հնարավոր վնասներից զերծ պահելու նպատակով Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք ուղղված են արագացնելու մաքսային վերահսկողությունը բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների և փոստային առաքումների նկատմամբ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, ուղևորաբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, այլ վճարման միջոցների և արտարժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կանխարգելմանը:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը, իրենց պետություններում գործող օրենքները և կանոնները պահպանելու նպատակով, սույն Համաձայնագրի սահմաններում կհամագործակցեն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի կանխարգելման, հետաքննման ու կասեցման նպատակով:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա կհամագործակցեն իրենց իրավասությունների շրջանակներում և, պահպանելով ներքին օրենսդրությունը, կփոխանակեն`
ա) տեղեկություն գործող մաքսային օրենսդրության մասին,
բ) տեղեկություն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև մաքսանենգության, թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի կանխարգելման, հետաքննման և կասեցման նպատակով գործունեության ակտիվացման վերաբերյալ,
գ) վերահսկողության տեխնիկական միջոցների, հատուկ վարժեցրած շների օգտագործման փորձը,
դ) մասնագետներ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցանման նպատակով,
ե) մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ գիտական հրապարակումներ և ուսումնական ձեռնարկներ,
զ) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի արտադրության նոր տեսակների և տեղերի, դրանց ապօրինի տեղափոխման երթուղիների ու դրանց թաքցնելու եղանակների մասին,
է) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնացման և լաբորատոր հետազոտության բնագավառում,
ը) տեղեկություն տարբեր երկրներում և տարածաշրջաններում թմրամիջոցների գների փոփոխման վերաբերյալ,
թ) տեղեկություն թմրամիջոցների սինթեզման համար օգտագործվող ելակետային քիմիկատների վերաբերյալ,
ժ) տեղեկություն ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցների իսկական օրինակների վերաբերյալ:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր սեփական նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի հարցմամբ, ներկայացնում է օպերատիվ տվյալներ`
ա) մաքսանենգությամբ կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հայտնի կամ այդ գործում կասկածվող անձանց վերաբերյալ,
բ) փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ, որոնք օգտագործվում են մաքսանենգ ապրանքների տեղափոխման համար, և երկու Կողմերից մեկի տարածքով մյուսը տարանցիկ փոխադրվող թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ մյուս Կողմի տարածք թմրանյութերի անլեգալ ներմուծման մասին,
գ) Կողմերից մեկի տարածքից մյուսի տարածք մաքսանենգ ապրանքների և թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հայտնաբերման փաստերի մասին:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերին ներկայացվող ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեղեկությունը կհամարվի գաղտնի և կօգտագործվի միայն սույն Համաձայնագրի իրագործման նպատակով:
Պայմանավորվող կողմերը առանց մյուս Պայմանավորվող կողմի համաձայնության այլ գերատեսչություններին և զանգվածային լրատվական միջոցներին տեղեկություններ չեն տրամադրում, որոնք ստացել են սույն Համաձայնագրի պայմանների համաձայն, եթե դրանց տարածումը կարող է վնաս հասցնել մյուս Կողմի կամ Կողմերի համատեղ գործունեության շահերին:
Հոդված 6
Եթե, համաձայն 3-րդ և 4-րդ հոդվածների, համագործակցության վերաբերյալ հարցումը կարող է վնաս հասցնել հարցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, իրականացվող քաղաքականությանը կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառներին, ապա դիմումը կարելի է մերժել` նշելով մերժման հիմքերը ու շարժառիթները:
Հոդված 7
Պայմանավորվող կողմերը, իրենց ներքին օրենսդրության համաձայն, անհրաժեշտության դեպքում կկիրառեն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի վերահսկվող առաքման մեթոդը` նպատակ ունենալով ավելի արդյունավետ պայքարել դրանց ապօրինի շրջանառության դեմ:
Հոդված 8
Եթե Պայմանավորվող կողմերից մեկը շահագրգռված է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների պաշտոնատար անձի` մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման փաստով որպես վկա կամ փորձագետ մասնակցությամբ, ապա նա իրավունք ունի համապատասխան հարցումով դիմելու մյուս Կողմին:
Այդպիսի հարցման բավարարումը կկարգավորվի սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներին համաձայն:
Պայմանավորվող կողմերի պաշտոնական անձինք սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետության տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունները հաստատող փաստաթուղթ:
Մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում նրանք չպետք է կրեն համազգեստ և զենք:
Աշխատակիցների անվտանգությունը մյուս Կողմի պետության տարածքում ապահովում է այդ Կողմը:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Կողմերի միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ և լրացումներ մտցնել սույն Համաձայնագրի մեջ:
Կողմերի միջև գրագրությունը կիրականացվի ռուսերեն:
Հոդված 11
Համաձայնագրում կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները կհամարվեն ընդունված, եթե հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում Կողմերից որևէ մեկը չի հայտնի իր առարկությունների մասին:
Հոդված 12
Պայմանավորվող կողմերը հրաժարվում են սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման պահանջից, բացառությամբ մասնագետների այցելությունների հետ կապված ծախսերի:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի փետրվարի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն:
Հայերեն և ղրղզերեն տեքստերի մեկնաբանման դեպքում տարաձայնություններ առաջանալիս հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 14-ից:
