ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 մարտի 2025թ. ք. Երևան |
N 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 1.1-րդ մասով, 7-րդ մասով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկ իրականացնելու նպատակով վիճակահանություններ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված Հայաստանի Հանրապետությանկենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. մարտի 27-ի N 27-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) սահմանված դեպքերում վերահաշվարկ իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանություններ անցկացնելու կարգը:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի վիճակահանություններն իրականացնում է հետևյալ հերթականությամբ՝
1) առաջին հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում,
2) երկրորդ հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ, կամ այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում առկա է գրառում քվեարկության ավարտից հետո տեխնիկական սարքավորման տեղեկանքը տպելու անհնարինության մասին․
3) երրորդ հերթին վերահաշվարկում է վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է վերահաշվարկի մասին ներկայացված դիմումները և գրառում հանձնաժողովի գրանցամատյանում՝ նշելով ստացման ժամանակը:
4․ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է վերահաշվարկի մասին Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումները և հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրում այն ընտրական տեղամասերի համարները, որոնցում պահանջվում է կատարել վերահաշվարկ:
5․ Ընտրական օրենսգրքի պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները մերժվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ։ Այդ դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որոնց վերաբերյալ ներկայացվել են սույն կետում նշված դիմումները։
6. Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ իրականացնելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում:
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումներով պահանջվող, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները վերահաշվարկելու հերթականությունը որոշելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում անցկացվում է վիճակահանություն։
Յուրաքանչյուր հերթի համար պատրաստվում են վերահաշվարկվող տեղամասերի թվին հավասար թվով, իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշվում են վերահաշվարկվող ընտրական տեղամասերի համարները:
8․ Հանձնաժողովի անդամներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ, և հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրվում են դիմումներով պահանջվող, հանձնաժողովի նախաձեռնությամբ ընտրական տեղամասերի համարները՝ որոշելով առաջին և երկրորդ հերթերում վերահաշվարկվող ընտրական տեղամասերի հերթականությունը:
9. Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչև վերահաշվարկի աշխատանքներն սկսելու ժամկետը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում սույն կարգի համաձայն իրականացրած վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով՝ ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք, իսկ 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում՝ մեկ ընտրական տեղամաս, որոնց քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն երրորդ հերթին:
10․ Համապատասխան թվով ընտրական տեղամաս ընտրելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին, ովքեր պետք է վիճակահանությամբ ընտրեն համապատասխան թվով ընտրական տեղամասերը: Այդ նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատրաստում է վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝
1) երեք ընտրական տեղամաս ընտրելու դեպքում մեկ թերթիկի վրա նշում է «1», մեկ թերթիկի վրա՝ «2», մեկ թերթիկի վրա՝ «3» թվերը,
2) մեկ ընտրական տեղամաս ընտրելու դեպքում՝ մեկ թերթիկի վրա նշում է «1» թիվը,
3) մնացած թերթիկների վրա նշում չի կատարվում։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը բոլոր թերթիկները (նաև նշում չպարունակող) ծալում է այնպես, որ միմյանցից չտարբերվեն, և տեղավորում է վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:
11. Ընտրական տեղամասերն ընտրելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատրաստվում են տվյալ ընտրության անցկացման նպատակով կազմավորված ընտրական տեղամասերի թվին հավասար թվով, իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշվում են բոլոր ընտրական տեղամասերի համարները: Բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն, և տեղադրվում վիճակահանության արկղի մեջ:
12. Վիճակահանության արդյունքներով ընտրված հանձնաժողովի անդամները թերթիկների վրա նշված թվերի հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ: Մեկ ընտրական տեղամաս ընտրելու դեպքում հանվում է մեկ թերթիկ:
Երրորդ հերթում ընտրական տեղամասերը վերահաշվարկվում են վիճակահանության արդյունքներով ընտրված հանձնաժողովի անդամներին բաժին ընկած համարների հերթականությամբ:
13. Վերահաշվարկի դիմումներով, սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվող և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում:
14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ներկայացված պահանջով՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացվում է անմիջապես, իսկ եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվում է որևէ ընտրական տեղամասի վերահաշվարկ, ապա այդ վերահաշվարկի աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո։
15. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում անցկացվող բոլոր վիճակահանությունների արդյունքները գրառվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
