ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3019-Ա |
«06» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արտակ Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 և 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումներով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2024 թվականի հուլիսի 31-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Արտակ Պողոսյանը (հիմք՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 31-ի արձանագրությունը):
Ուսումնասիրելով 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 և 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումները, դրանց կից ներկայացված ապացույցները, 2024 թվականի հուլիսի 31-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 դիմումով Արտակ Պողոսյանը խնդրել է վարչական վարույթ իրականացնել տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ աշխատանքներ իրականացնելու համար, երրորդ անձանց գույքային վնաս պատճառելու և փոխհատուցում ապահովելու նպատակով, կիրառել տուգանքներ և/կամ տույժեր կատարված աշխատանքները ոչ պատշաճ մակարդակով ապահովելու համար: Նույն դիմումով և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների պահանջները, Արտակ Պողոսյանը խնդրել է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) 2024 թվականի հուլիսի 6-ի դրությամբ քաղաք Երևան Մոնթե Մելքոնյան փողոցի 2-րդ շինարարական և /կամ փոսալցման և/կամ ճանապարհային հատվածը վերանորոգում իրականացնող տնտեսվարող սուբյեկտի մրցույթին մասնակցելու գնումների հայտերը՝ ներառյալ Հավելվածներ 1-ին և 2-ը, տնտեսվարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, կնքված պայմանագրի պատճեն, ստորագրված արձանագրությունները և ակտերը, ֆինանսավորման գումարի չափերը, որը կատարվել են առ 2024 թվականի հուլիսի 6-ը:
2) 2024 թվականի հուլիսի 6-ի դրությամբ քաղաք Երևան Մոնթե Մելքոնյան փողոցի 2-րդ շինարարական և /կամ փոսալցման և/կամ ճանապարհային հատվածը վերանորոգում իրականացնող տնտեսվարող սուբյեկտի աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտի մրցույթին մասնակցելու գնումների հայտերը՝ ներառյալ Հավելվածներ 1-ին և 2-ը, տնտեսվարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, կնքված պայմանագրի պատճեն, ստորագրված արձանագրությունները և ակտերը, ֆինանսավորման գումարի չափերը, որը կատարվել են առ 2024 թվականի հուլիսի 6-ը:
Ի լրումն 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 դիմումի ներկայացված՝ 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումով Արտակ Պողոսյանը խնդրել է ձեռնարկել միջոցներ վնասը փոխհատուցելու համար և, հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների պահանջները, խնդրել է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) Ո՞ր ստորաբաժանումը և ո՞վ է պատասխանատու՝ քաղաք Երևան Մոնթե Մելքոնյան փողոցի ճանապարհի անվտանգ շահագործման և/կամ երթևեկության և/կամ ճանապարհի նորմատիվատեխնիկական պայմանների պահպանման ու վերահսկման, շինարարական և/կամ վերանորոգման և/կամ շահագործման և/կամ վերը նշված բոլոր աշխատանքների և/կամ ծառայությունների վերահսկման համար,
2) Ո՞ր կազմակերպությունն է ապահովում քաղաք Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի ճանապարհների անվտանգ շահագործման և/կամ երթևեկության և/կամ ճանապարհի նորմատիվատեխնիկական պայմանների պահպանման սպասարկումը:
Արտակ Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 և 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումներով հայցված տեղեկատվությունը տրամադրելու մասով դիմումների ընթացքն ապահովելու նպատակով կազմվել են թիվ Ն/40004-24 և թիվ Ն/43958-24 զեկուցագրերը:
Արտակ Պողոսյանը խնդրել է փոխհատուցել իր սեփականությունը հանդիսացող՝ «TOYOTA» մակնիշի «37 NO 066» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցով 2024 թվականի հուլիսի 6-ին Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի 2-րդ գոտիով դեպի Դավթաշեն ուղղությամբ ընթանալիս, շինարարական և/կամ փոսալցման և/կամ ճանապարհային հատվածի վերանորոգում իրականացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից տեղադրված մետաղական վահանակին բախվելու արդյունքում փոխադրամիջոցին պատճառված վնասի արդյունքում առաջացած գույքային վնասը, որը, Հայաստանի Հանրապետությունում «Տոյոտա» ընկերության պաշտոնական ներկայա-ցուցիչ հանդիսացող՝ «Տոյոտա Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 7-ին տրված՝ «37 NO 066» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասված մասերի փոխարինման արժեքի վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ կազմում է 2,561,000 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսունմեկ հազար) ՀՀ դրամ, որից 2,001,000 (երկու միլիոն մեկ հազար) ՀՀ դրամը՝ որպես փոխարինման ենթակա պահեստամասերի արժեք, իսկ 560,000 (հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամը՝ որպես փոխադրամիջոցի վերանորոգման և նոր պահեստամասերի տեղադրման ծառայության արժեք:
2021 թվականի դեկտեմբերի 17-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB519772 վկայագրի համաձայն՝ «TOYOTA» մակնիշի «37 NO 066» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արտակ Պողոսյանի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակցի կողմից 2024 թվականի հուլիսի 7-ին կազմվել է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի սխեման (գծագիր), որը ստորագրվել է նաև Արտակ Պողոսյանի կողմից:
Վնասի փոխհատուցման պահանջի հիմքում Արտակ Պողոսյանը դրել է այն հանգամանքը, որ պատահարի վայրում, ճանապարհային հատվածի վերանորոգում իրականացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից չեն պահպանվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված հավելվածի 306-րդ կետի պահանջները:
2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 և 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումներով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի կապակցությամբ չեն ներկայացվել «TOYOTA» մակնիշի «37 NO 066» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական գնահատման, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է տվյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը՝ սույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։
Արտակ Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 և 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումներով հայցված տեղեկատվությունը տրամադրելու մասով դիմումների ընթացքն ապահովելու նպատակով կազմվել են թիվ Ն/40004-24 և թիվ Ն/43958-24 զեկուցագրերը, հետևաբար, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տեղեկատվության տրամադրումը չի պահանջում առանձին գրավոր վարչական ակտի կայացում, ապա հայցված տեղեկատվության տրամադրմանն առնչվող հարցի համապատասխան ընթացքը կապահովվի թիվ Ն/40004-24 և թիվ Ն/43958-24 զեկուցագրերի հիման վրա տրված հանձնարարականների շրջանակներում:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաև այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին)՝
…
ե. վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ,
…
է. հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:»:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով սահմանված կարգավորումների համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1246-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման դիսպոզիցիան շարադրված է հետևյալ կերպ. «2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները չկատարելը կամ խախտելը կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ….:»:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 1246-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ չեն ներկայացվել «TOYOTA» մակնիշի «37 NO 066» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, պատահարը կանխելու անհնարինության, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ փոխադրամիջոցը վնասվելու պատճառ հանդիսացած պատահարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության հետևանք հանդիսանալու հանգամանքը ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել ենթադրյալ վնասը 2,561,000 (երկու միլիոն հինգ հարյուր վաթսունմեկ հազար) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը և այդ չափով վնասը Արտակ Պողոսյանին փոխհատուցելու պահանջի հիմնավորվածությունը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արտակ Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 և 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումներով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Արտակ Պողոսյանի 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ Դ-86444-24 և 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ Դ-88514-24 դիմումներով հայցված տեղեկատվության տրամադրմանն առնչվող հարցի համապատասխան ընթացքն ապահովել թիվ Ն/40004-24 և թիվ Ն/43958-24 զեկուցագրերի հիման վրա տրված հանձնարարականների շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |