Գլխավոր տեղեկություն
Համար
N 2008-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2020-02.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 12.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2020

 

10.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2008-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման շահառուների ուսման վարձի փոխհատուցման գործընթացը՝ ըստ անհրաժեշտության համապատասխան փոփոխություն կատարելով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

10.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Միջոցառման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ՝ ՈՒՀ-եր) առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին:

2. Միջոցառման շրջանակում շահառու է հանդիսանում սույն հավելվածի 1-ին կետում նշված այն սովորողը՝

1) ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին.

2) ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին.

3) ում ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում): Ընդ որում, այն սովորողներին, որոնք՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում՝ զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա առաջին կիսամյակի) ստացել են պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով.

2) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում՝ զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա առաջին կիսամյակի) ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում.

3) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում՝ զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա առաջին կիսամյակի) վարձը և 1-ին կիսամյակի արդյունքում ավարտելու են ուսումնառությունը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է սովորողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում)։

4․ Սահմանել, որ փոխհատուցումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ՈւՀ-երի կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված վարձի չափը, սակայն բուհերի դեպքում ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը:

5. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված սովորողներին 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են ՈւՀ-երի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։

6. Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:

7. Շահառուն փոխհատուցում ստանալու վերաբերյալ դիմումը և սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված համապատասխան տեղեկանքը և այլ փաստաթղթեր (ամուսնության կամ ծննդյան վկայական) ու դրանց պատճենները ներկայացնում է ՈւՀ-ին: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո վերադարձվում են:

8. ՈւՀ-ն զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշման կամ սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված համապատասխան տեղականքի հիման վրա կազմում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում սույն միջոցառման շահառուների անվանացանկը՝ նշելով շահառուների տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, կրթական աստիճանը, կուրսը, ուսման ձևը և այլն), կիսամյակի ուսման վարձի չափը կամ սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափը, մարտական գործողությունների մասնակից լինելու կամ օրինական ներկայացուցչի կամ ամուսնու՝ մարտական գործողությունների մասնակից լինելու հանգամանքը: Անվանացանկերն ըստ անհրաժեշտության կարող են ճշգրտվել կամ լրացվել:

9. Փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցները ՈւՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների դեպքում՝ համաձայնագրերի) հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացված՝ սույն հավելվածի 8-րդ կետում նշված անվանացանկերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.04.2021, N 665-Լ 02.05.2021, N 2008-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան