Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2020 թվականի N 550-Ն

 

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ նախարարություն)՝

1) «Փառքի խաչ Նոյ» մեդալ.

2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ.

3) «Անբասիր ծառայության համար» մեդալ.

4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ.

5) «Անվեհեր փրկարար» մեդալ.

6) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալ.

7) «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալ.

8) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալ.

9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշաններ:

1.1. Սույն որոշմամբ սահմանված մեդալների և կրծքանշանների աստիճանակարգությունը որոշվում է ըստ սույն որոշման 1-ին կետով սահմանված հերթականության:

2. Հաստատել նախարարության՝

1) «Փառքի խաչ Նոյ» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) «Անվեհեր փրկարար» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 7 հավելվածի.

8) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալի շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների շնորհման կարգը և ձևը՝ համաձայն N 9 հավելվածի:

3. Մեդալների և (կամ) կրծքանշանների շնորհման հետ կապված կազմակերպչական և ընթացակարգային իրավահարաբերությունները կարգավորում է նախարարության փրկարար ծառայության կադրերի հարցերով զբաղվող ստորաբաժանումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ՓԱՌՔԻ ԽԱՉ ՆՈՅ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Փառքի խաչ Նոյ» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:

2. «Փառքի խաչ Նոյ» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ՝ նախարար):

3. «Փառքի խաչ Նոյ» մեդալն իրենից ներկայացնում է 42 մմ x 42 մմ չափի մետաղյա խաչի վրա պատկերված արծիվ՝ կրծքին 15 x 15 մմ չափերի քառակուսի վահան, որի վերին մասում մեկ հորիզոնական տողով գրված են «ՓԱՌՔԻ ԽԱՉ» բառերը: Նրանից ներքև գտնվող վահանը բաժանված է 4 մասի, որոնցում աջից ձախ պատկերված են 4 փրկարարական գործողություններ` հրդեհի մարում, փրկարարի օգնություն, ուղղաթիռ` աստիճանով, 2 աղավնի` ութաթև աստղով: Վահանի կենտրոնում, շրջանակի մեջ պատկերված է ջրհեղեղով շրջափակված Արարատ լեռը` գագաթին Նոյան տապանը: Վահանի պատկերների գունային ֆոնը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա պատկերված վահանի գունային ֆոնին:

4. «Փառքի խաչ Նոյ» մեդալը ոսկեգույն է, որի վրա պատկերված արծվի թևերը խորհրդանշում են պաշտպանվելու և դիմակայելու հատկություն: Մեդալի հիմքը խորհրդանշում է խաչը: Մետաղյա խաչն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30X45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը նարնջագույն է` 2 ուղղահայաց 7 մմ լայնությամբ կապույտ զոլակներով, որոնք կախիչի եզրագծից ունեն 3 մմ հեռավորություն:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Փառքի խաչ Նոյ» մեդալը տրվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: «Փառքի խաչ Նոյ» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Փառքի խաչ Նոյ» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21056

 

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

2. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը շնորհում է նախարարը:

3. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալն իրենից ներկայացնում է 38 մմ տրամագծով ոսկեգույն շրջանակ` եզրագծված ոսկեգույն դափնեպսակով: Կենտրոնում ութաթև աստղ է, աստղի կենտրոնում երկրագնդի խորհրդանիշը, որի վրայի հավասարակողմ եռանկյունը քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է: Դափնեպսակի վերին մասում գրված են «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ», հավասարակողմ եռանկյան ներքևի մասում` «ՀԱՆՈՒՆ», իսկ դափնեպսակի ներքևում` «ՓՐԿՈՒԹՅԱՆ» բառերը:

4. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30X45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը նարնջագույն է, 1 ուղղահայաց 7 մմ լայնությամբ կապույտ զոլակներով, որը կախիչի ձախ եզրագծից ունի 3 մմ հեռավորություն:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը տրվում է նախարարի կամ նրա հրամանով լիազորված անձի կողմից: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Համագործակցություն հանուն

փրկության» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21057

 

 

Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Անբասիր ծառայության համար» մեդալն (ձևը կցվում է) ունի չորս աստիճան և շնորհվում է փրկարարական ծառայողներին`

1) «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալը՝ 20 տարվա ծառայության համար.

2) «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալը՝ 15 տարվա ծառայության համար.

3) «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալը՝ 10 տարվա ծառայության համար:

2. «Անբասիր ծառայության համար» մեդալները շնորհում է նախարարը:

3. «Անբասիր ծառայության համար» մեդալն իրենից ներկայացնում է ոսկեգույն հավասարակողմ ութաթև աստղ, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 42 մմ է, կողմերը ռոմբավորված են արևը խորհրդանշող 1 մմ լայնությամբ սրաձև ճառագայթներից կազմված ռոմբիկներից: Մեդալի կենտրոնում 25 մմ տրամագծով շրջանաձև վահանի վրա պատկերված է ութաթև աստղ, որի վրա գրված են ծառայության տարիները` «10», «15», «20»: Վահանի եզրագծի վերևի մասում գրված է «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», իսկ ներքևի մասում` «ՀՀ ԱԻՆ ՓԾ» բառերը:

4. «Անբասիր ծառայության համար» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 X 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ:

5. «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի`

1) կախիչը կարմիր է, որի կենտրոնով անցնում է չորս ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «20» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կարմիր ֆոնի վրա:

6. «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալի`

1) կախիչը մանուշակագույն է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են երեք ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «15» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կապույտ ֆոնի վրա:

7. «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալի`

1) կախիչը բաց կապտամանուշակագույն է, որի կենտրոնով իրարից 2 մմ հեռավորությամբ անցնում են երկու ուղղահայաց 2 մմ լայնությամբ դեղին զոլակներ.

2) մեդալը ոսկեգույն է, կենտրոնում ութաթև աստղի վրա գրված է «10» թիվը, ութաթև ոսկեգույն աստղը գտնվում է կապտամանուշակագույն ֆոնի վրա:

8. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

9. «Անբասիր ծառայության համար» մեդալները տրվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: «Անբասիր ծառայության համար» մեդալների հետ տրվում են վկայականներ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Անբասիր ծառայության համար» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21058

 

 

Հավելված N 4

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:

2. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը շնորհում է նախարարը:

3. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալն իրենից ներկայացնում է 38 մմ տրամագծով շրջանակ: Մեդալի մեջտեղում կրակի լեզվակն է, որից առաջ խաչվում են հրդեհաշիջման փողրակները, որոնք էլ իրենց հերթին ծածկված են հրշեջ-փրկարարի արծաթագույն սաղավարտով: Խաչվող փողրակների ներքևի ծայրը ծածկում է շրջանակի ներսից ելնող դափնեպսակի հիմքը, որից ներքև շրջանակի եզրագծով գրված են «ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ», իսկ վերին եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը: Շրջանագծի ձախ և աջ մասերում եզրագծով սև տառերով գրված է «ԼԱՎԱԳՈՒՅՆ» բառը:

4. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 X 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը կարմիր է` 1 ուղղահայաց 7 մմ լայնությամբ կապույտ զոլակներով, որը կախիչի ձախ եզրագծից ունի 3 մմ հեռավորություն:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը տրվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21059

 

 

Հավելված N 5

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Անվեհեր փրկարար» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:

2. «Անվեհեր փրկարար» մեդալը շնորհում է նախարարը:

3. «Անվեհեր փրկարար» մեդալն իրենից ներկայացնում է ոսկեգույն 38 մմ տրամագծով շրջանակ, որի կենտրոնում մուգ կապույտ գույնի 26 մմ երկարություն ունեցող հավասարակողմ եռանկյուն է՝ փրկարարի խորհրդանիշը շրջանին ձուլված: Որպես նրա շարունակություն փրկարարի խարիսխն է, որի ձողը դեպի ներքև վերածվում է 32 մմ երկարություն ունեցող պատյանի մեջ դրված սրի: Սրի կոթին, 10 x 4 մմ չափեր ունեցող բռնակի հորիզոնական ձողիկին գրված են «ԱՆՎԵՀԵՐ», իսկ շեղբին` ուղղահայաց դիրքով «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Խաչ հիշեցնող սուրը վերջանում է ջրափրկարարի խորհրդանիշ հանդիսացող 24 մմ լայնությամբ խարիսխով: Մեդալի շրջանակի եզրագծի ձախ մասում գրված են «ARMENIA», իսկ աջ մասում` «ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը:

4. «Անվեհեր փրկարար» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30x45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը մուգ կապույտ է` 2 ուղղահայաց 3 մմ լայնությամբ կարմիր զոլակներով, որոնք կախիչի ձախ եզրագծից ունեն 4 մմ հեռավորություն: Կարմիր զոլակները 2 կողմից եզերված են 1 մմ լայնությամբ դեղին և կանաչ զոլակներով:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Անվեհեր փրկարար» մեդալը տրվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: «Անվեհեր փրկարար» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Անվեհեր փրկարար» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21060

 

 

Հավելված N 6

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է նախարարության երկարամյա ստաժ ունեցող, նախարարության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող, աղետների և դրանց հետևանքների կանխարգելման, վերացման աշխատանքներին մասնակցած ծառայողներին, որոնց ջանքերի, գիտահետազոտական ծրագրերի, հայտնագործությունների և անմիջական մասնակցության շնորհիվ կանխվել են կյանքին սպառնացող ռիսկերը, ինչպես նաև մեծամասշտաբ և անդրսահմանային աղետները, ճիշտ ժամանակին և աննախադեպ օգնություն է ցուցաբերվել տուժած բնակչությանը և տարածքներին, ցուցաբերվել է համագործակցության և ժամանակին արձագանքելու վառ օրինակ:

2. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը շնորհում է նախարարը:

3. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը ոսկեգույն հավասարակողմ բազմանկյան ֆոնի վրա, որի վերին մասը շրջանաձև է, Երկրի մայրցամաքների թիվը խորհրդանշող մուգ կարմիր գույնի հնգաթև աստղ է, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 45 մմ է: Կողմերը ռոմբավորված են արևը խորհրդանշող 1 մմ լայնությամբ սրաձև ճառագայթներից կազմված ռոմբիկներով, որոնք հատվում են կարմիր աստղի կենտրոնում գտնվող 25 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում: Շրջանակի վերին մասում Արարատ լեռն է, որի վերևում պատկերված է ալիքներ, ցնցումներ աղետներ խորհրդանշող կորը, իսկ ներքևում` վեր պարզված ձեռքեր, որոնք պահպանում են մոմի լույսը: Գնդի ներքևի մասում առանցքի ուղղությամբ աղետներին դիմագրավող սև գույնի վահանն է, որի վրա պատկերված է աղետից փրկված Արարատի ոսկեգույն ուրվագիծը: Վահանից դուրս են գալիս աղետապաշտպան տեգերը (կացինները), շեղբով ձուլվում հնգաթև աստղի գագաթը հավասարաչափ երիզող ոսկեգույն բազմանկյան ֆոնին: Հնգաթև աստղի վերին 3 թևերը արտագծած շրջանագծում կապույտ ֆոնի վրա ձախ մասում գրված են «ՀՀ ԱԻՆ», իսկ աջ մասում` «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑ» բառերը:

4. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 x 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը բաց կապույտ է` 1 ուղղահայաց 10 մմ լայնությամբ մեջտեղով անցնող կարմիր զոլակով:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալը տրվում է նախարարի կամ նրա հրամանով լիազորված անձի կողմից: «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների

նախարարության պատվավոր աշխատակից» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21061

 

 

Հավելված N 7

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:

2. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալը շնորհում է նախարարը:

3. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալն իրենից ներկայացնում է 38 մմ տրամագծով ոսկեգույն շրջանաձև ‎ֆոնի կենտրոնում պատկերված Սիս և Մասիս խորհրդանշող եռագույն թևերով թագակիր արծիվ: Մասիսի ստորոտում պատկերված է ալիքված կյանքի գետ Արաքսը: Արծիվը կրում է փրկարար օղակ՝ կենտրոնում փրկարարի մուգ կապույտ եռանկյունի խորհրդանիշը: Փրկարար օղակի ներքևում դափնու ճյուղ է: Արծվի մի ձեռքում հավերժության փրկության ջահն է: «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի վրա պատկերված արծվի գլխավերևում Սիսն ու Մասիսն են` շողացող արևով: Մեդալի եզրագծի վերին մասում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում` «ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» բառերը:

4. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30x45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը բաց կապույտ է` կենտրոնով անցնող 7 մմ դեղին զոլակով, որի միջով անցնում են 2 հատ 1 մմ լայնությամբ կանաչ զոլակներ:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը և 2 տողով` «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի դարձերեսին հայերեն և անգլերեն լեզուներով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY OF EMERGENCY SITUATIONS REPUBLIC OF ARMENIA» բառերը և մեդալի համարը:

7. «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալը տրվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Կանխարգելում, Օգնություն, Փրկություն»

 մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21062

 

 

Հավելված N 8

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է վետերան փրկարարական ծառայողներին:

2. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը շնորհում է նախարարը:

3. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը ոսկեգույն հավասարակողմ բազմանկյան ֆոնի վրա Երկրի մայրցամաքների թիվը խորհրդանշող մուգ կարմիր գույնի հնգաթև աստղ է, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 45 մմ է: Կողմերը ռոմբավորված են արևը խորհրդանշող 1 մմ լայնությամբ սրաձև ճառագայթներից կազմված ռոմբիկներով, որոնք հատվում են կարմիր աստղի կենտրոնում գտնվող 25 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում: Շրջանակի վերին մասում եզրագծով գրված են «ԱԻՆ ՎԵՏԵՐԱՆ» բառերը, որոնք աջ և ձախ կողմերից եզերված են դափնեպսակով: Շրջանակի վերին մասում Արարատ լեռն է, իսկ ներքևում` վեր պարզված ձեռքեր, որոնք վեր են պահում ջահը: Գնդի ներքևի մասում, առանցքի ուղղությամբ աղետներին դիմագրավող սև գույնի վահանն է, որի վրա պատկերված է աղետից փրկված Արարատի ոսկեգույն ուրվագիծը: Վահանից դուրս են գալիս աղետապաշտպան տեգերը (կացինները), շեղբով ձուլվում հնգաթև աստղի գագաթը հավասարաչափ երիզող ոսկեգույն բազմանկյան ֆոնին:

4. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալն ունի վեցանիստ սեղանաձև կախիչ` 30 x 45 չափսերով, վրայից ուղղանկյունաձև շերտաձողիկ` «ՀԱՅԱՍՏԱՆ» մակագրությամբ: Կախիչը մուգ կապույտ է` 1 ուղղահայաց 10 մմ լայնությամբ մեջտեղով անցնող կարմիր զոլակով:

5. Մեդալի դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը: Մեդալը դարձերեսից համարակալված է:

6. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալը տրվում է նախարարի կամ նրա հրամանով լիազորված անձի կողմից: «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալի հետ տրվում է վկայական:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Հայաստանի Հանրապետության արտակարգ

իրավիճակների նախարարության վետերան» մեդալի

 

Ներմուծեք նկարագրությունը_21063

 

 

Հավելված N 9

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 10-ի N 550-Ն

որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ

«ՓՐԿԱՐԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Փրկարարներին շնորհվում են`

1) «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշան` փրկարարական միջազգային կարգ ունենալու համար.

2) «Փրկարար առաջին կարգի» կրծքանշան` փրկարարական առաջին կարգ ունենալու համար.

3) «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշան` փրկարարական երկրորդ կարգ ունենալու համար.

4) «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշան` փրկարարական երրորդ կարգ ունենալու համար.

5) «Փրկարար» կրծքանշան` փրկարարական կարգ ունենալու համար:

2. Կրծքանշանները (ձևը կցվում է) շնորհում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1391-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որակավորման հանձնաժողովի կողմից համապատասխան որակավորման դաս ստացած փրկարարական ծառայողներին:

3. «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ ոսկեգույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «MES ARMENIA», ներքևի հատվածում` «RESCUER OF INTERNATIONAL CLASS» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է նախարարության խորհրդանիշը:

4. «Փրկարար առաջին կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար առաջին կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կարմիր ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կարմիր շրջանակում զետեղված է նախարարության խորհրդանիշը: Նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «I» թիվը:

5. «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կանաչ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կանաչ շրջանակում զետեղված է նախարարության խորհրդանիշը: Նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «II» թիվը:

6. «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է նախարարության խորհրդանիշը: Նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «III» թիվը:

7. «Փրկարար» կրծքանշանն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագծով ութաթև պատկեր, որը խորհրդանշում է երկրի կողմերը: Պատկերը բաղկացած է 10 մմ լայնությամբ կենտրոնաձիգ թևերից կազմված խաչից և նրա անկյուններում 5 մմ լայնությամբ փրկարարի պաշտպանական ուժը բնութագրող սրերից, որոնք հատվում են հավերժության 12 թերթիկներով և փրկարարի ոսկեգույն պարանը հիշեցնող բաժանարար վահանաձև գծերով: Թևերի վրա հայերեն և անգլերեն տառերով նշված են «ՓՐԿԱՐԱՐ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «RESCUER» և «ARMENIA» բառերը:

8. «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը:

9. «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանները դարձերեսից համարակալված են և ունեն պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

10. Կրծքանշանները տրվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Կրծքանշանների հետ տրվում են վկայականներ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև

«Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի»,

«Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի»

և «Փրկարար» կրծքանշանների

 

Ներմուծեք նկարագրությունը_21064

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան