ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1683-Լ
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-330-29.10.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-330-29.10.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 28 Երևան |
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-330-29.10.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման և դրանց հետ կապված գործողությունների իրականացման լիազորությունը ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց (անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք) փոխարեն վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ ներկայումս թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի առուվաճառքի գործընթացներում առկա են այդ ապրանքները բնութագրող հարգորոշված ու հարգադրոշմված ցուցանիշների և դրանց իրական որակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ, որոնք հանգեցնում են մի կողմից՝ սպառողների շահերի ոտնահարմանը, մյուս կողմից՝ արտահանվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակական հատկանիշների նկատմամբ վստահության նվազմանը, իսկ առկա կարգավորումները և դրանից բխող վարչարարությունը ներկա վիճակի արմատական փոփոխությունների չեն հանգեցնում, ուստի, առաջարկվում է նշված ապրանքների հարգորոշման ու հարգադրոշմման իրավունքը վերապահել պետությանը:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումներն ու նկատառումները:
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած սուբյեկտների կողմից օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատմամբ իրականացնում է հսկողություն: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումների և հսկողության արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Փաստորեն, օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման և դրանց հետ կապված գործողությունների իրականացումն արդեն իսկ գտնվում է պետական հսկողության ներքո, մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն վիճակագրական տվյալներ, համապատասխան տեղեկատվություն, ինչը կարող է փաստել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից թանկարժեք մետաղների հարգորոշման կամ հարգադրոշմման գործընթացների նկատմամբ ներկայումս իրականացվող պետական հսկողության անարդյունավետության մասին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանն ու սոցիալական արդարությանը:
Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է, որը, 11-րդ հոդվածում ամրագրված այլ դրույթների հետ մեկտեղ, հանդես է գալիս որպես ազատական տնտեսական հարաբերությունների ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ: Տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության երաշխավորումը, որպես սահմանադրական կարգի հիմունք, ելակետային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կանոնակարգման համար: Նշված երկու իրավական սկզբունքների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանն ու կայուն զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է այդ քաղաքականությունը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման 5.4-րդ կետի համաձայն՝ տնտեսության էական աճի ապահովման կարևորագույն գրավական են տնտեսական մրցակցությունը և արհեստական մենաշնորհների բացառումը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ըստ այդմ ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով:
Կարգավորող մեխանիզմներն ուղղված են լինելու շուկաներում կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը և մրցակցության ինտենսիվության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական է լինելու ապրանքների և ծառայությունների շուկաներում նոր մասնակիցների մուտքն ու առաջխաղացումը խրախուսելու հարցում։ Ապրանքների և ծառայությունների շուկաներում գործելու համար պետության կողմից սահմանված՝ ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ և այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի և կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարևորություն։
Ելնելով շարադրվածից՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումն ու հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահելը նշանակում է սահմանել պետական մենաշնորհ, որի պարագայում նվազելու է բիզնես միջավայրի մրցակցությունը, որն էլ իր հերթին պատճառ կհանդիսանա մատուցվող ծառայությունների սակագների բարձրացմանը` առաջացնելով որոշակի ռիսկեր չարաշահումների համար, ինչն իր հերթին չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով ամրագրված ելակետային սկզբունքներից:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող 9 անձինք, ինչպես նաև 2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական է ստացել 146 քաղաքացի:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի նիստում ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձանց կողմից հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը ճանաչել ԵԱՏՄ-ի անդամ պետություններում, որի արդյունքում զգալիորեն կրճատվելու է վարչարարությունը, նվազելու է տնտեսավարողների ֆինանսական բեռը, այն նպաստելու է առևտրաշրջանառության աճին և այլն: Միաժամանակ խստացվելու են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները:
Ինչ վերաբերում է նախագծի ընդունման հիմնավորմանը, որի համաձայն թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի առքուվաճառքի գործընթացներում առկա են ապրանքները բնութագրող՝ հարգորոշված ու հարգադրոշմված ցուցանիշների և դրանց իրական ցուցանիշների միջև անհամապատասխանություններ, ապա կարծում ենք, որ նման դրսևորումները (եթե առկա են) պետք է կարգավորվեն այլ իրավական ակտերով, ուստի, նշված պնդումը լրացուցիչ հիմնավորման և հստակեցման կարիք ունի, քանի որ հստակ նշված չէ, թե ինչ տվյալների ուսումնասիրության արդյունքում է ձևավորվել տվյալ մոտեցումը, հետևաբար, լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում միայն հնարավոր կլինի քննարկման առարկա դարձնել ներկայացված նախագիծը (oրինակ, տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում առկա տվյալների վերլուծություն և այլն):
Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ առաջարկվող կարգավորումը չի հանգեցնի նշված գործընթացների կատարելագործմանը, և առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:
Միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում, լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների առկայությամբ և դրանց ամփոփման արդյունքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կազմակերպել համատեղ քննարկումներ` ուղղված գործող իրավական կարգավորումներում հարգորոշման ու հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող սուբյեկտների հսկողության ուժեղացմանը և պատժամիջոցների խստացման համապատասխան փոփոխությունների մշակմանը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|