Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-922
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.10/57(791) Հոդ.1252
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.11.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
02.11.2010
Дата вступления в силу
02.11.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 նոյեմբերի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող Կ. Հաջիյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

 համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

 դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Կարապետ Հաջիյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կ. Հաջիյանի` 21.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998թ. օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:

Դիմողի կողմից ի սկզբանե վիճարկվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Գործի վարույթի կասեցումը» վերտառությամբ 16-րդ գլուխն ամբողջությամբ: ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 08.06.2010թ. որոշմամբ դիմումը քննության է ընդունվել մասնակի` միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու կարգը» վերտառությամբ 108-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:

2. Գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

3. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2009թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Աբրահամ Հաջիյանի հայցադիմումն ընդդեմ Կարապետ, Սամվել, Գրիգոր Հաջիյանների` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին: Կ. Հաջիյանի միջնորդության հիման վրա նույն դատարանի` 06.03.2009թ. որոշմամբ նշված քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև թիվ 14108208 քրեական գործով վերջնական որոշում կայացնելը: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից 23.03.2009թ. նշված քաղաքացիական գործը հանձնվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի` ըստ էության քննելու նպատակով: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ս. Հովսեփյան/` 26.03.2009թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և կասեցվել է, իսկ նույն դատարանի` 25.08.2009թ. որոշմամբ հիշյալ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 25.08.2009թ. «Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին» որոշման դեմ գործով պատասխանող Կարապետ Հաջիյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 16.10.2009թ. որոշմամբ բողոքը բավարարվել է և վերացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 25.08.2009թ. «Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին» որոշումը:

Հիշյալ քաղաքացիական գործով հայցվոր Աբրահամ Հաջիյանի ներկայացուցչի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի` 10.02.2010թ. որոշմամբ բավարարվել է վճռաբեկ բողոքը և վերացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 16.10.2009թ. որոշումը` օրինական ուժ տալով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 25.08.2009թ. «Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին» որոշմանը:

 

3. Դիմողի կողմից ներկայացված փաստարկները, ընդհանուր առմամբ, հանգում են նրան, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` վիճարկվող իրավանորմի և ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների միջև հակասությունը դրսևորվում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում բողոքարկել «գործի վարույթը վերսկսելու մասին» առաջին ատյանի դատարանի որոշումը, որի հետևանքով խախտվում է անձի իրավունքների վերականգնման հնարավորությունը:

Դիմողի պնդմամբ` օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխում գործի վարույթը վերսկսելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելու արդյունքում առաջացած բացը խոչընդոտ է հանդիսանում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար:

 

4. Պատասխանողը գտնելով, որ վիճարկվող նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, նշում է, որ վերջնական դատական ակտերի բողոքարկման իրավունքի իրացումը վերադաս դատարանին հնարավորություն է տալիս վերջնական դատական ակտի հետ միաժամանակ ստուգել նաև միջանկյալ դատական ակտերի օրինականությունը: Բոլոր միջանկյալ դատական ակտերի բողոքարկման իրավունքի նախատեսումը կհակասեր մեկ գործով վարույթը մեկ մարմնի կողմից իրականացնելու սկզբունքին, կհանգեցներ դատավարական այնպիսի սկզբունքների խախտման, ինչպիսիք են ողջամիտ ժամկետում գործի քննությունը, դատարանի անկախությունը, ապացույցների ազատ գնահատումը, ներքին համոզման հիման վրա դատավճռի կայացումը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը գործին մասնակցող անձանց իրավունք է վերապահում բողոքարկելու գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս դատական ակտի բողոքարկման իրավունքի վերապահումը դատավարության մասնակիցների` արդարադատության մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների, ողջամիտ ժամկետում իրենց գործը քննելու իրավունքի իրացման երաշխիք է: Մինչդեռ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը ոչ միայն ինքնին չի խախտում ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, այլև անհրաժեշտ նախապայման է այդ իրավունքների կենսագործման համար:

 

5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատել միջանկյալ դատական ակտերի բողոքարկման իրավակարգավորմանն առնչվող իր` 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 և 2010թ. սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հաշվի առնելով օրենսդրի կողմից միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմքում դրված ընդհանուր տրամաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր` 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավանորմերը, արձանագրել է. «օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, այն է՝ հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները»: Սահմանադրական դատարանը միաժամանակ նկատել է, որ բողոքարկման ոչ ենթակա ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու` դատավորի հայեցողությանը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2007թ. նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումներում «բողոքարկելի է», «բողոքարկման ենթակա չէ» արտահայտությունները վերաբերում են համապատասխանաբար` անմիջականորեն բողոքարկմանը և անմիջականորեն բողոքարկման ենթակա չլինելուն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար` նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Մինչդեռ կասեցված կամ ընդհատված վարույթի պարագայում նման հնարավորությունը բացառվում է և միջանկյալ դատական ակտի դեմ պաշտպանության միակ միջոցը դրա անմիջականորեն բողոքարկման հնարավորությունն է:

 

6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221 հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում: Սահմանադրական դատարանը վկայակոչելով և զարգացնելով իր` 2010թ. սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները` արձանագրում է, որ օրենսդրի սահմանած նման իրավակարգավորումը վերաբերում է ոչ թե միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանն ընդհանրապես, այլ բողոքարկման կարգին: Այսինքն` օրենսդիրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանելով տվյալ միջանկյալ ակտի անմիջական բողոքարկման հնարավորություն` չի բացառում միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությունը գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման շրջանակներում:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է:

Հիմք ընդունելով վերոհիշյալը և հաշվի առնելով գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը` գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու շրջանակներում վիճարկելու օբյեկտիվ հնարավորությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ այս որոշման անմիջական բողոքարկման կարգ չսահմանելն օրենսդրի հայեցողության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ անհիմն է դիմողի այն պնդումը, որ վարույթը կասեցնելու որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը պետք է ենթադրի նաև վարույթը վերսկսելու մասին որոշման բողոքարկման նույն կարգի սահմանում: Նշված երկու որոշումները վարույթի ընթացքի շարունակականության ապահովման վրա ազդեցության առումով ունեն միմյանցից էապես տարբերվող բնույթ և օբյեկտիվորեն պայմանավորում են օրենսդրի ոչ նույնական մոտեցումը դրանց բողոքարկման կարգի առնչությամբ:

Սահմանադրական դատարանն անընդունելի է համարում դիմողի պնդումն առ այն, որ գործի վարույթը վերսկսելու մասին որոշման անբողոքարկելիության առումով առկա է օրենքի բաց, որը խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքի իրացմանը: Սահմանադրական դատարանն իր առանձին որոշումներում անդրադառնալով «օրենքի բաց» հասկացության բովանդակությանը` նշել է, որ օրենքի բացն իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: Հիմք ընդունելով նշված սահմանումը` սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա իրավակարգավորման առնչությամբ օրենքի բաց առկա չէ, քանի որ օրենսդիրը հետևողականորեն և ամբողջությամբ կանոնակարգել է միջանկյալ դատական ակտերի, այդ թվում` գործի վարույթը վերսկսելու մասին որոշման բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները:

 

7. Սահմանադրական դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին որոշման անմիջականորեն բողոքարկման հնարավորության բացակայության իրավաչափությունը հարկ է համարում գնահատել նաև վիճարկվող իրավակարգավորմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի լույսի ներքո: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտերի «հետաձգված բողոքարկման», այն է` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում բողոքարկելու կարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու, դատաքննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու պահանջի երաշխավորումը, ինչպես նաև դատավարական գործընթացի արդյունավետության իրավաչափ նպատակ:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ, ելնելով վերոհիշյալ իրավաչափ նպատակների իրացման անհրաժեշտությունից, առկա է միջանկյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման հնարավորությունը նվազագույնի հասցնելու և դրանց «հետաձգված բողոքարկման» կարգին նախապատվություն տալու ընդհանուր միտում: Նման մոտեցումը խրախուսվում է նաև Եվրոպայի խորհրդի մարմինների կողմից: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն այս խնդրի առնչությամբ 1995թ. փետրվարի 7-ին ընդունել է «Քաղաքացիական և տնտեսական գործերով բողոքարկման համակարգերի և ընթացակարգերի գործադրման և գործունեության կատարելագործման մասին» R(95)5 հանձնարարականը, որի 1-ին կետի a) ենթակետը սահմանում է. «Սկզբունքորեն պետք է գոյություն ունենա վերադաս դատարանի («երկրորդ ատյանի դատարան») կողմից ստորադաս դատարանի («առաջին ատյանի դատարան») կողմից կայացված ցանկացած որոշման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն»: Միաժամանակ նույն հանձնարարականի 3-րդ հոդվածում (կետ «d») ամրագրված է, որ պետությունները կարող են «... հետաձգել որոշակի միջանկյալ հարցերի բողոքարկման իրավունքի իրականացումը` մինչև հիմնական գործով գլխավոր բողոքի ներկայացումը»:

 

8. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործի վարույթը վերսկսելու մասին որոշման «հետաձգված բողոքարկման» հնարավորության միջոցով ապահովվում է այդ որոշումների իրավական վերահսկելիությունը, որ այդ որոշումների անմիջական բողոքարկման հնարավորություն չնախատեսելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրված` միջանկյալ ակտերի բողոքարկման հիմքում ընկած ընդհանուր տրամաբանության շրջանակներում է և հետապնդում է իրավաչափ նպատակ` սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու հնարավորության բացակայությունը չի խոչընդոտում անձին արդյունավետորեն իրացնել իր իրավունքների դատական պաշտպանության իրավունքն ըստ էության դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ գործի վարույթը վերսկսելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորության բացակայությամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

2 նոյեմբերի 2010 թ.
ՍԴՈ-922

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան