Գլխավոր տեղեկություն
Номер
N 696-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.07.2019-28.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 17.06.2018
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.06.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2018
Дата вступления в силу
18.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

11 հունիսի 2018 թվականի N 696-Լ

     

Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2018 թ. հունիսի 11

Երևան

    

  

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 11-ի N 696-Լ

որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմին է:

2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Ծառայության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն.

2) ռուսերեն՝ Служба государственного надзора Республики Армения.

3) անգլերեն՝ State Supervision Service of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Service de surveillance de l'état de la République d'Arménie:

5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

6. Ծառայությունը կազմված է ծառայության ղեկավարից, ծառայության ղեկավարի տեղակալներից, ծառայության ղեկավարի խորհրդականներից, ծառայության ղեկավարի օգնականներից, ծառայության ղեկավարի տեղակալների օգնականներից, գլխավոր քարտուղարից, գլխավոր քարտուղարի տեղակալից, ծառայության հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից:

7. Ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան:

(8-րդ կետը փոփ. 25.07.19 N 997-Լ)

     

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

       

9. Ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

10. Նշված նպատակի հիման վրա ծառայությունը՝

1) պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և հանձնարարականների, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում՝ հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով,

բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով,

գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով.

3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.

4) պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով.

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով.

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով՝ բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով.

7) պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով.

8) Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով.

9) պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները.

10) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ.

11) ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է իրավասու պետական կառավարման համակարգի մարմիններին և վերահսկում դրանց ընթացքը.

12) իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

13) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց կատարման նկատմամբ հսկողություն.

14) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների հետ.

15) առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և փոփոխությունների (լրացումների) վերաբերյալ.

16) իրականացնում է օրենքով սահմանված այլ խնդիրներ:

(10-րդ կետը լրաց. 25.07.19 N 997-Լ)

       

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

      

11. Ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրերի հիման վրա` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: Հանձնարարագրերում սահմանվում են ուսումնասիրություն իրականացնող մարմնի անվանումը, վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը, ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը, ուսումնասիրություն կատարելու ժամկետը և վայրը, ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը):

Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում ուսումնասիրություններ կամ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ծառայությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով կարող է միջնորդություն ներկայացնել իրավասու մարմնին՝ իրականցնելու տվյալ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ՝ արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով ծառայությանը։

Ուսումնասիրությունը կարող է կատարվել ինչպես արտագնա, այնպես էլ ծառայությունում` ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Ուսումնասիրությունը կատարվում է նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելու և ուսումնասիրելու միջոցով:

Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի պահանջելու գրավոր պարզաբանումներ, որոնք ենթակա են տրամադրման ներկայացված պահանջով սահմանված ժամկետում:

Ուսումնասիրության արդյունքները ամփոփվում են համապատասխան տեղեկանքով (այսուհետ` տեղեկանք): Տեղեկանքը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկում են տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը՝ ներառյալ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման մասին հանձնարարականներ տալու համար.

2) ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները գործարքի մյուս կողմի մոտ իրականացվում են ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի հիման վրա:

Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն, ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:

Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն, ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող պետական կառավարման համակարգի մարմնի գործունեության օրինականությունը և արդյունավետությունը:

Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով` առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու.

3) ծառայության կողմից մշտադիտարկումն իրականացվում է ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման, Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ ներկայացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ու տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի համադրման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծության միջոցով: Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունն ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով.

4) իրականացված վերահսկողության արդյունքներով ծառայությունը վերլուծում է արձանագրված խախտումները, խնդիրները, դրանց պատճառները, հանգամանքները ու հետևանքները` դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելով տեղեկանքներ և զեկույցներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ դրա վերաբերյալ հանձնարարական տալու առաջարկություններ.

5) վերահսկողության արդյունքերի ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների ու թերությունների վերացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին ու վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ.

6) ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին,

բ. ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ, այդ թվում՝ հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ,

գ. իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ,

դ. իրավասու է, անհրաժեշտության դեպքում, վերահսկողությանը մասնակից դարձնելու վերահսկվող օբյեկտի ներքին աուդիտորների (տվյալ կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, կազմավորել ժամանակավոր աշխատանքային խմբեր,

ե. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքագրում է տեղեկատվություն, էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին` առցանց հասանելիության միջոցով, ստանում և դասակարգում է հավաքագրված տեղեկությունները,

զ. առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքագրվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում և համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ` առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով,

է. կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով,

ը. կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում` էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում,

թ. կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված` նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերում,

ժ. հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով` նախաձեռնում է փորձաքննության իրականացում` անհրաժեշտության դեպքում առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով,

ժա. կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ.

7) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով հավաքագրում, ամփոփում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվությունը.

8) ապահովում է ծառայության աշխատողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման գործընթացների կազմակերպումը, աջակցությունը և կատարողականի գնահատումը (ատեստավորումը).

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները, որի արդյունքում կազմում է տեղեկանքներ կամ ներկայացնում է առաջարկություններ կամ տեղեկատվություն.

10) ծառայության ղեկավարի և գլխավոր քարտուղարի՝ զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերի մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու, ծառայության զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման, գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական, զինապարտների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման, ուսումնական վարժանքների անցկացման, քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման և դրանց գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքների իրականացում:

(11-րդ կետը լրաց. 25.07.19 N 997-Լ)

      

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

     

12. Ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է ծառայության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

2) հաստատում է ծառայության կառուցվածքը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) ծառայության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է ծառայության գործունեության հիմնական ուղղությունները.

4) իրականացնում է ծառայության գործունեության վերահսկողությունը.

5) լսում է ծառայության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

7) տալիս է հանձնարարականներ և ցուցումներ ծառայության ղեկավարին.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

9) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

14. Ծառայությունը ղեկավարում է ծառայության ղեկավարը (այսուհետ՝ ղեկավար), ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` ղեկավարի առաջարկությամբ:

Ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնները վարչական պաշտոններ են: Ղեկավարին անմիջական հաշվետու և ենթակա են ղեկավարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները, ղեկավարի օգնականները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

15. Ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Ծառայության ղեկավարը՝

1) պատասխանատու է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականին.

5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է ծառայության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.

7) հաստատում է ծառայության հաստիքացուցակը.

8) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը, կառուցվածքը, ինչպես նաև դրա փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ.

9) սահմանում է կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

10) հաստատում է ծառայության ներքին կարգապահական կանոնները.

11) ձևավորում է աշխատանքային խմբեր, իրեն կից խորհրդակցական մարմիններ.

12) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

13) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

14) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

15) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

16) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

17) ծառայությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, ցուցումներ, հրապարակում է հանձնարարագրեր, վերահսկում դրանց կատարման ընթացքը, լսում է ծառայության աշխատողների գործողությունների դեմ ներկայացված բողոքները.

18) կարող է առանձին դեպքերում խորհրդականին և օգնականին վերապահել ղեկավարի լիազորությունների իրականացման աջակցման որոշակի աշխատանքներ, ծրագրերի համակարգում, որի իրականացման համար վերջիններս իրավունք ունեն կառուցվածքային ստորաբաժանումներից, ենթակայությանը հանձնված կազմակերպություններից և հիմնարկներից ստանալու տվյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

19) վերահսկողություն է իրականացնում ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

20) համապատասխան հրամանով գլխավոր քարտուղարին է վերապահում ծառայության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության գործառույթների և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը.

21) համապատասխան հրամանով առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է իրեն, ինչպես նաև ղեկավարի տեղակալներին, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում իր տեղակալների, խորհրդականների, օգնականների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև.

22) պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ ներկայացնում է գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ.

23) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

24) այլ մարմիններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ.

25) կատարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարականներ.

26) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ:

17. Ղեկավարի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ ղեկավարի պարտականությունները կատարում է ղեկավարի տեղակալներից մեկը:

18. Ծառայության ղեկավարի տեղակալը`

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ ու դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին զեկուցում ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է գլխավոր քարտուղարի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է ղեկավարի կողմից տրված ցուցումներն ու հանձնարարականները:

19. Ծառայությունն իր իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ գլխավոր քարտուղար) միջոցով, ում պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

20. Գլխավոր քարտուղարը՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է ծառայության լիազորությունների իրականացման կազմակերպման, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման համար.

2) աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին.

3) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

4) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

5) օրենքով և իրավական այլ ակտերով տնօրինում է պետական մարմնին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

6) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է ծառայության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

7) ղեկավարին է ներկայացնում ծառայության տարեկան հաշվեկշիռը.

8) ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

9) ղեկավարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

10) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է ղեկավարի տեղակալների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

11) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն ու արդյունքների մասին տեղեկացնում ղեկավարին.

12) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր կամ ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը.

13) կատարում է նշանակումներ ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում և ազատում է զբաղեցրած պաշտոններից.

14) հաստատում է ծառայության քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերը.

15) կազմակերպում է ծառայության աշխատողների վերապատրաստման գործընթացը.

16) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ այլ անձի դիմումի կամ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նշանակում է ծառայողական քննություն.

17) կազմակերպում է ծառայությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

18) իրականացնում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

21. Գլխավոր քարտուղարն ունի մեկ տեղակալ, ով փոխարինում է նրան՝ վերջինիս բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին:

22. Ծառայությունն ունի գլխավոր ֆինանսիստ, որի պարտականություններն ի պաշտոնե իրականացնում է գլխավոր քարտուղարը: Ծառայության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

23. Ծառայության գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

     

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

       

24. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) տնտեսական ոլորտի վերահսկողության վարչություն.

2) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչություն.

3) սոցիալական ոլորտի վերահսկողության վարչություն.

4) պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչություն.

5) գնումների գործընթացների վերահսկողության վարչություն.

6) մոնիթորինգի և վերլուծության վարչություն.

7) դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչություն.

8) կարգապահական և ներքին հսկողության բաժին.

9) ներքին աուդիտի բաժին.

10) իրավաբանական վարչություն:

(24-րդ կետը փոփ. 25.07.19 N 997-Լ)

25. Ծառայությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 25.07.19 N 997-Լ)

2) գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժին.

3) հաշվապահական հաշվառման բաժին.

4) անձնակազմի կառավարման բաժին.

5) ընդհանուր բաժին.

6) առաջին բաժին:

(25-րդ կետը փոփ. 25.07.19 N 997-Լ)

     

VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

           

26. Ծառայությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Ծառայության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

28. Ծառայությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

         

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    

29. Ծառայության կողմից հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունների կազմումը, ներկայացումն իրականացվում են «Հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

(հավելվածը փոփ., լրաց. 25.07.19 N 997-Լ)

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2022, N 1410-Լ 29.11.2022, N 696-Լ
13.10.2021, N 1154-Լ 15.10.2021, N 696-Լ
25.12.2019, N 1954-Լ 28.12.2019, N 696-Լ
25.07.2019, N 997-Լ 27.07.2019, N 696-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան