Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.08.08/59(1239).1 Հոդ.767.29
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2016
Дата вступления в силу
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2659/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/2659/05/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Դատավորներ՝

  Ք. Մկոյան

  Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ Վարդիթեր Ավոյանի հայցի ընդդեմ Քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունն անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետին որոշում ընդունելուն և գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդիթեր Ավոյանը պահանջել է անվավեր ճանաչել իր դիմումին ընթացք չտալու մասին Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետին կայացնել համապատասխան որոշում` Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 հասցեում գտնվող, իր կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքներն ու դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասն իրեն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին՝ ձեռնպահ մնալով այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 27.11.2014 թվականի և 17.12.2014 թվականի «Գործի վարույթը մասով կարճելու մասին» որոշումներով վարչական գործի վարույթը համապատասխանաբար` գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու և Երևանի քաղաքապետին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասով, կարճվել է։

Դատարանի 17.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2015 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չի հետազոտել ապացույցները համակցության մեջ, ճիշտ չի գնահատել դրանք, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարդիթեր Ավոյանը սույն գործով վիճարկում է Երևանի քաղաքապետի խորհրդականի 19.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը, որը վարչական ակտ չէ և ենթակա չէ վիճարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններին համապատասխան: Այսպես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված փաստաթուղթը չի ընդունվել վարչական մարմնի կողմից և չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով վարչական ակտին առաջադրված պահանջներին, քանի որ ընդամենը պարունակում է իրազեկում, որ հայցվող խնդրանքի քննարկումը, ըստ էության, կասեցված է դատական վարույթի առկայության պատճառով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Վարդիթեր Ավոյանի լիազորված անձ Ն. Վարդանյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով վերջինս, հայտնելով, որ Վարդիթեր Ավոյանը բնակվում է Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 հասցեում, խնդրել է թույլատրել անհատույց սեփականության իրավունքով օրինականացնելու Վարդիթեր Ավոյանի կողմից զբաղեցված տարածքները և հողամասը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը (գ.թ. 12):

2. Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրության համաձայն` Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 հասցեում ինքնակամ կառուցված շինության և զբաղեցված հողամասի օրինականացման վերաբերյալ Քաղաքապետարան հասցեագրված դիմումով բարձրացված հարցին ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման շրջանակներում ընթացք տալ հնարավոր չէ, քանի որ քննարկվող տարածքի վերաբերյալ առկա է դատական վարույթ (գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վիճարկման հայցի առարկայի նյութական օբյեկտի՝ վարչական ակտի հատկանիշների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ հատկանիշներին և դրանցով պայմանավորված՝ այս կամ այն փաստաթղթի վերացման պահանջի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վիճարկման հայցի առարկա հանդիսանալու և այդ հայցատեսակին համապատասխան քննվելու խնդրին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

վարչական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ՝ մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմիններ՝ համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ՝ քաղաքային համայնքում, գյուղապետ՝ գյուղական համայնքում: Եթե վերը թվարկված մարմիններից բացի, վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա նույն օրենքի իմաստով՝ դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ։

վարչարարություն՝ վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը (...) Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` (...) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական ակտ է (...) իրավական այն ակտը, [որը] (...) չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) համար: Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը։

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան՝ անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե′ս Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ: Այլ կերպ ասած՝ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե՝ ոչ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտը սահմանված է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական մարմնի կողմից ընդունված լինելու, արտաքին ներգործություն ունենալու, հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու, կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տե՛ս Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտին բնորոշ կարևորագույն հատկանիշն այն է, որ վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Վարչական ակտին բնորոշ հաջորդ առանձնահատկությունն այդ անհատական իրավական ակտի՝ վարչական մարմնի կողմից ընդունված լինելն է: Վարչական մարմինների հասկացությունն ամրագրված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում, որի համաձայն` վարչական մարմիններ են հանրային իշխանական լիազորություններով օժտված հետևյալ մարմինները.

1) գործադիր իշխանության հանրապետական մարմինները,

2) գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմինները,

3) տեղական ինքնակառավարման մարմինները,

4) վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինները:

Փաստորեն, օրենսդիրը վկայակոչված իրավանորմում վարչական մարմնի հասկացությունը նախ սահմանել է ինստիտուցիոնալ առումով՝ ամրագրելով, որ վարչական մարմիններ են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, այնուհետև վարչական մարմնի հասկացությունը սահմանել է գործառութային առումով՝ նշելով, որ վարչական մարմիններ են նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինները (տե′ս Սերժիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վարդիթեր Ավոյանի հայցի հիման վրա, որով վերջինս ներկայացրել է հետևյալ հայցապահանջները.

1) անվավեր ճանաչել Վարդիթեր Ավոյանի դիմումին ընթացք չտալու մասին Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը,

2) պարտավորեցնել Երևանի քաղաքապետին կայացնելու Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 12-րդ փողոցի 1-ին նրբանցք թիվ 19 հասցեում գտնվող իր կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքներն ու դրանցով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասն իրեն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին համապատասխան որոշում,

3) պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

Դատարանի որոշմամբ գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասով սույն գործի վարույթը կարճվել է` հայցվորի կողմից այդ մասով հայցից հրաժարվելու հիմքով:

Դատարանը 17.12.2014 թվականի «Գործի վարույթը մասով կարճելու մասին» որոշմամբ Երևանի քաղաքապետին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասով կարճել է սույն վարչական գործի վարույթը՝ պատճառաբանելով, որ տվյալ դեպքում առկա չէ պարտավորեցման հայց ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայմանը՝ հայցվորի դիմումի ըստ էության քննության արդյունքում վարչական մարմնից խնդրարկված բարենպաստ վարչական ակտի մերժումը, քանի որ Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը Վարդիթեր Ավոյանի խնդրարկած բարենպաստ ակտի կայացումը մերժելու մասին որոշում չէ:

Վիճարկման հայցի մասով քննելով Վարդիթեր Ավոյանի պահանջը՝ Դատարանը, սակայն, Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը համարել է վարչական ակտ և, գնահատելով դրա իրավաչափությունը, 17.12.2014 թվականի վճռով այն ճանաչել է անվավեր:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ վերոգրյալ գրությունը նույնպես դիտարկելով որպես վարչական ակտ: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ «(...) վիճարկվող գրությունն ունի արտաքին ներգործություն, այն է` կարգավորում է Երևանի քաղաքապետարանի (...) և ֆիզիկական անձի (...) միջև դիմումի հիման վրա ծագած իրավահարաբերությունները, անհատական իրավական ակտ է (...), ընդունվել է վարչական մարմնի (պաշտոնատար անձի)` Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանի կողմից, ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, հետապնդում է կոնկրետ գործի կարգավորման նպատակ, այն է` կարգավորում է Վարդիթեր Ավոյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Վարդիթեր Ավոյանի կողմից զբաղեցրած տարածքը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար թույլտվության տրամադրումը, բացի այդ ուղղված է Վարդիթեր Ավոյանի իրավունքի սահմանափակմանը, խոչընդոտմանը (...)»։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող փաստաթուղթը՝ Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը, ունի տեղեկատվական բնույթ, քանի որ դրանով Երևանի քաղաքապետի խորհրդականը հայտնել է Վարդիթեր Ավոյանին, որ «վերջինիս ներկայացրած դիմումով բարձրացված հարցին հնարավոր չէ ընթացք տալ»: Քննարկվող գրությունն ուղղված չէ որևէ անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Հետևաբար Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունն անհատական իրավական ակտ չէ, քանի որ այդ փաստաթուղթը չի սահմանում պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:

Բացի այդ, սույն գործով վիճարկվող փաստաթուղթն ընդունվել է (ստորագրված է) Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանի կողմից, որը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով վարչական մարմին չէ (վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձ):

Այսպես, սույն գործի փաստերից հետևում է, որ 07.04.2014 թվականին Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով Վարդիթեր Ավոյանն իր ներկայացուցչի միջոցով, ըստ էության, խնդրել է օրինականացնել Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 19 հասցեում ինքնակամ զբաղեցրած տարածքները և հողամասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ կետի համաձայն՝ հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըստ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին:

ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 10-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո (...) ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու հարցի լուծման նպատակով հարուցված վարչական վարույթի արդյունքում համապատասխան վարչական ակտ ընդունելու լիազորությունն օրենսդրությամբ վերապահված է բացառապես համայնքի ղեկավարին: Փաստորեն, Երևանի քաղաքապետը՝ որպես վարչական մարմին, ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում պարտավոր է որոշում կայացնել ինքնակամ կառույցի օրինականացման կամ ինքնակամ կառույցի օրինականացման մերժման մասին: Հետևաբար ինքնակամ կառույցի օրինականացման դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունվող վարչական ակտը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը համայնքի ղեկավարն է, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետը:

Մինչդեռ սույն գործով վիճարկվող փաստաթուղթը ստորագրվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի կողմից, որն ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունվող վարչական ակտի ստորագրման իրավասություն չունի:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) սույն գործով վիճարկվող փաստաթուղթն անհատական իրավական ակտ չէ,

2) սույն գործով վիճարկվող փաստաթուղթը չի ընդունվել (չի ստորագրվել) վարչական մարմնի (վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի) կողմից:

Փաստորեն, սույն գործով վիճարկվող փաստաթուղթը՝ Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունը, օժտված չէ վարչական ակտին բնորոշ՝ վարչական մարմնի անհատական իրավական ակտի հատկանիշներով: Հետևաբար սույն վարչական գործով վիճարկվող փաստաթղթի վերացման պահանջը չի կարող հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վիճարկման հայցի առարկա և քննվել այդ հայցատեսակին համապատասխան, քանի որ սույն գործով ներկայացված՝ Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունն անվավեր ճանաչելու հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ չէ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ավելին` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասով սույն վարչական գործի վարույթը 17.12.2014 թվականի որոշմամբ կարճել է՝ իրավացիորեն գտնելով, որ Վարդիթեր Ավոյանի ակնկալած բարենպաստ վարչական ակտի ընդունման մերժում առկա չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունն անվավեր ճանաչելու հայցապահանջի մասով ևս՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Տվյալ դեպքում նշված հայցապահանջի մասով Վարդիթեր Ավոյանի ներկայացրած հայցադիմումի ընդունումը ենթակա էր մերժման այն հիմքով, որ այդ հայցապահանջի մասով վերջինիս ներկայացրած հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, քանի որ խնդրո առարկա հայցապահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վիճարկման հայցի առարկա չէ և չի կարող քննվել այդ հայցատեսակին համապատասխան: Հետևաբար ստորադաս դատարանները, նշված հայցապահանջի մասով չկարճելով սույն վարչական գործի վարույթը, թույլ են տվել դատական սխալ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե գործի վարույթը կարճվում է (...)։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, գտնում է, որ Վարդիթեր Ավոյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.06.2015 թվականի որոշումը և գործի վարույթը` ըստ հայցի Վարդիթեր Ավոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի խորհրդականի 29.04.2014 թվականի թիվ 04/Վ-472 գրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճել:

2. Վարդիթեր Ավոյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վարդիթեր Ավոյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան