ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Գործ թիվ ԵԱՔԴ/0100/11/14 |
ԵԱՔԴ/0100/11/14 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի |
2015 թվականի դեկտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ դիմող Արգիշտի Գեորգիի Կիվիրյանի ներկայացուցիչ Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 27-ին բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ Է.Հակոբյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը (այսուհետ՝ նաև Քննիչի որոշում):
Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ ներկայացուցիչների բողոքը մերժվել է:
2. Վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
3. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ դիմող Ա.Կիվիրյանի ներկայացուցիչ Ե.Վարոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4. Դիմող Ա.Կիվիրյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված ու վարույթը կարճված թիվ 61202314 քրեական գործի նյութերը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են Առաջին ատյանի դատարան, և դրանց ուսումնասիրության արդյունքում 2015 թվականի փետրվարի 23-ին կայացվել է դատական ակտ (տե՛ս նյութեր, գ.թ. 21, 27-37):
5. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 13-ի գրությամբ բողոքի վերաբերյալ դատարանում ստացված թիվ 61202314 քրեական գործի նյութերն ուղարկվել են Վերաքննիչ դատարան (տե՛ս նյութեր, գ.թ. 58):
6. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մայիսի 5-ի գրությամբ Առաջին ատյանի դատարան են ուղարկվել թիվ 61202314 քրեական գործի նյութերը, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ նույն թվականի մայիսի 13-ի գրությամբ դրանք վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս նյութեր, գ.թ. 93-94):
7. Թիվ 61202314 քրեական գործի նյութերը Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում դրանք առկա չեն: Ստորադաս դատարաններում կազմված նյութերում բացակայում է նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին Քննիչի բողոքարկվող որոշումը (տե՛ս նյութեր, գ.թ. 1-95):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Վճռաբեկ բողոք բերած անձը գտել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով և 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավադրույթները, ինչպես նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների պահանջները՝ արդյունքում կայացնելով չհիմնավորված դատական ակտ:
Բողոքի հեղինակը, հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2013 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, փաստել է, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին Ա.Կիվիրյանին բերման ենթարկելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունները եղել են ոչ իրավաչափ: Ըստ բողոքաբերի` դիմողի նկատմամբ գործադրվել է անհամաչափ ուժ, և պատճառվել են մարմնական տարբեր վնասվածքներ, ինչը վկայում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված` «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի» մասին: Բացի այդ, բողոքի հեղինակը մատնանշել է Ա.Կիվիրյանի` անազատության մեջ օրենքով սահմանված ժամկետից ավելի գտնվելու հանգամանքը` արձանագրելով անձի ազատության իրավունքի խախտում:
Վերոգրյալ հանգամանքները համադրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Միխեեվն ընդդեմ Ռուսաստանի (Mikheyev v. Russia, 2006 թվականի հունվարի 26-ի վճիռ, գանգատ թիվ 77617/01), Մամմադովը (Ջալալօղլուն) ընդդեմ Ադրբեջանի (Mammadov (Jalaloglu) v. Azerbaijan, 2007 թվականի հունվարի 11-ի վճիռ, գանգատ թիվ 34445/04), Բառաբանշիկովն ընդդեմ Ռուսաստանի (Barabanshchikov v. Russia, 2009 թվականի հունվարի 8-ի վճիռ, գանգատ թիվ 36220/02) գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ Է.Հակոբյանի` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հիմնավորումների հետ` բողոք բերած անձը եզրահանգել է, որ Ա.Կիվիրյանի նկատմամբ վատ վերաբերմունքի, ինչպես նաև նրա ազատության իրավունքի խախտման կապակցությամբ պետական մարմինների կողմից արդյունավետ քննություն չի իրականացվել:
9. Անդրադառնալով ստորադաս դատարանների դատական ակտերին` բողոքի հեղինակը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի՝ Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0058/11/09 գործով 2010 թվականի մարտի 26-ի և Էրիկ Մարգարյանի վերաբերյալ թիվ ՍԴ3/0045/01/13 գործով 2014 թվականի մարտի 28-ի որոշումները ու արձանագրել, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել են չպատճառաբանված որոշումներ, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներկայացուցիչ Ե.Վարոսյանը խնդրել է կայացնել նոր դատական ակտ և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին 2014 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 23-ի և Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի դատական ակտերն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը:
12. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:
(...)
4. (...) [Ք]րեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(...)
4. (...) Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր (...)»:
13. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) [Վ]արույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքի քննության դատական վարույթի օբյեկտը բողոքի կապակցությամբ ներկայացված նյութերն են, որոնց հիման վրա դատարանը գնահատում է անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայությունը: Հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության հիմքում դրված նյութերը գտնվում են նրա տիրապետության ներքո` օրենսդիրն անձի` դատական պաշտպանության իրավունքի ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել է այդ նյութերը դատարան ներկայացնելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մաս): Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան պետք է ներկայացվեն բողոքին վերաբերող նյութերը` ինչպես բողոքարկվող որոշման կամ գործողության օրինականությունը ենթադրաբար հիմնավորող, այնպես էլ` հերքող:
Այսպիսով, վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքի վերաբերյալ նյութերը դատարան ներկայացնելու պահանջը կոչված է ապահովելու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանին անհրաժեշտ փաստական հիմքը: Նշված նյութերով է պայմանավորված դատարանի կողմից մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության ու հիմնավորվածության պատշաճ ստուգում իրականացնելու և դրա արդյունքում հիմնավորված եզրահանգումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը:
(...) Նույն կերպ վերադաս դատական ատյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դատական ստուգման արդյունքում կայացված դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս պետք է հիմք ընդունի բողոքը քննելիս ստորադաս ատյանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի պարզել դատարանի հետևությունների համապատասխանությունը գործում առկա նյութերին: Այլ խոսքով՝ վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի որոշման վերանայումը հնարավոր է դատական ակտը կայացրած դատարանի հետազոտած նյութերի հիման վրա, հակառակ դեպքում վերադաս դատական ատյանի որոշումը չի համապատասխանի դատական ակտերին ներկայացվող օրինականության և հիմնավորվածության պահանջներին՝ հանգեցնելով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի խախտման (...):
(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա դատարան ներկայացված և վերջինիս կողմից հետազոտված նյութերը վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելու վերաբերյալ պահանջ: Իսկ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման կամ գործողության դեմ ներկայացված բողոքի քննության հետ կապված նյութերը կազմվում են առանձին դատական գործի տեսքով, որի բաղկացուցիչ մասն են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը: Այլ խոսքով` բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը դատարանը պարտավոր է կցել բողոքի կապակցությամբ դատարանում կազմված նյութերին, որպիսի պահանջն ուղղակիորեն հետևում է անձի արդար դատաքննության իրավունքը` դատական ակտը բողոքարկելու և վերադաս դատական ատյանների կողմից բողոքարկված դատական ակտը վերանայելու տեսանկյունից, ինչպես նաև պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն ապահովելու պահանջներից» (տե՛ս Պյեր Ժան Մուրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 որոշման 14-15-րդ, 17-րդ կետերը):
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված թիվ 61202314 քրեական գործի նյութերը, 2015 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ մերժել է դիմողի ներկայացուցիչների բողոքը (տե՛ս սույն որոշման 1-ին և 4-րդ կետերը), այնուհետև 2015 թվականի մարտի 13-ի գրությամբ վերոնշյալ նյութերն ուղարկել է Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի բողոքը մերժել է, իսկ նույն թվականի մայիսի 5-ի գրությամբ թիվ 61202314 քրեական գործի նյութերն ուղարկել է Առաջին ատյանի դատարան, որի՝ նույն թվականի մայիսի 13-ի գրությամբ այդ նյութերը վերադարձվել են վարույթն իրականացնող մարմնին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
Թիվ 61202314 քրեական գործի նյութերը Վճռաբեկ դատարան չեն ներկայացվել, իսկ բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված և այնուհետև Վճռաբեկ դատարան ներկայացված նյութերում դրանք առկա չեն: Ընդ որում, ստորադաս դատարաններում կազմված նյութերում բացակայում է անգամ Քննիչի` բողոքարկվող որոշումը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
15. Նախորդ կետում շարադրված փաստերը վերլուծելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Կիվիրյանի ներկայացուցչի բողոքի կապակցությամբ ստորադաս դատարաններում կազմված նյութերում առկա չեն վարույթն իրականացնող մարմնի՝ բողոքի վերաբերյալ դատարան ներկայացված նյութերը: Հիշյալ նյութերը ստորադաս դատարանները չեն կցել բողոքի կապակցությամբ կազմված նյութերին, դրանք Առաջին ատյանի դատարանը վերադարձրել է վարույթն իրականացնող մարմնին, ինչի արդյունքում սահմանափակվել է Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը դատական ստուգման ենթարկելու հնարավորությունը:
Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և այդ առումով ստորադաս դատարանների որոշումներին իրավական գնահատական տալու հնարավորությունից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական և հիմնավորված չեն Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 23-ի և Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի դատական ակտերն այն պայմաններում, երբ բողոքի կապակցությամբ կազմված նյութերում բացակայում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը:
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 290-րդ հոդվածների խախտումներ, որոնք հանգեցրել են անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացնելուն: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների, հիմք են կայացված դատական ակտերն ամբողջությամբ բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Արգիշտի Գեորգիի Կիվիրյանի ներկայացուցիչ Ե.Վարոսյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ս. Օհանյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵԱՔԴ/0100/11/14
14 հունվարի 2016 թվական |
ք. Երևանում |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
Դ. Ավետիսյանի Ա. Պողոսյանի Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի Ս. Օհանյանի
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ դիմող Արգիշտի Գեորգիի Կիվիրյանի ներկայացուցիչ Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման մեջ թույլ տրված անհստակությունն ուղղելու հարցը, պարզեց, որ նշված որոշման մեջ տեղ է գտել անհստակություն, այն է` «Գործի դատավարական նախապատմությունը» (1-ին կետ) և «ՈՐՈՇԵՑ» (1-ին կետ) մասերում նշվել են «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան» բառերը, սակայն պետք է նշվեին «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան» բառերը, հետևաբար տեղի է ունեցել վրիպակ, որը պետք է ուղղել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
ՀՀ վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0100/11/14 որոշման` «Գործի դատավարական նախապատմությունը» (1-ին կետ) և «ՈՐՈՇԵՑ» (1-ին կետ) մասերում «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան» բառերի փոխարեն կարդալ «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան» բառերը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ս. Օհանյան |