ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2017 թվականի N 1404-Ն
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1026-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1026-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 10 Երևան |
Հավելված |
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և պակաս արդյունավետ հողերի բարելավման համար հողի բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն իրավական ակտի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների կատարման ընթացքում հողի բերրի շերտի հանման և պակաս արդյունավետ հողերի բարելավման համար հողի բերրի շերտի օգտագործման վրա:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն իրավական ակտում կիրառված են հետևյալ հասկացությունները`
1) հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ.
2) հողի տիպ` դասակարգման հիմնական միավոր, որը բնութագրվում է հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների ամբողջությամբ և հիմնական գենետիկական հորիզոնների միասնական համակարգով.
3) հողի ենթատիպ` տիպի սահմաններում դասակարգման միավոր, որը բնութագրվում է գենետիկական հորիզոնների համակարգի որակական տարբերություններով և մեկ այլ տիպի փոխարկումը բնութագրող վերադիր գործընթացների դրսևորմամբ.
4) հողի տարատեսակ` դասակարգման միավոր, որը հաշվի է առնում հողերի բաժանումն ըստ ամբողջ հողային կտրվածքի հատիկաչափական կազմի.
5) հողի գենետիկ հորիզոն` հողագոյացնող գործընթացի ազդեցության արդյունքում առաջացած հողային կտրվածքի յուրահատուկ շերտ.
6) հողային կտրվածք` գենետիկորեն կապակցված գենետիկ հորիզոնների ամբողջություն, որը ձևավորվում է հողագոյացման գործընթացում ձեռք բերվող ձևաբանական հատկանիշների հետևանքով.
7) հողի խտություն` առանց բնական կազմությունը խախտելու վերցված հողի չոր զանգվածի հարաբերությունն է վերցված հողի ծավալին (տ/մ3).
8) հողի բերրիություն` սնուցման տարրերի, խոնավության ու օդի նկատմամբ բույսերի պահանջը բավարարող և դրանց բնականոն կենսագործունեության պայմաններն ապահովող հողի ունակություն.
9) հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.
10) հնարավոր բերրի ապարներ՝ բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
11) հողի հնարավոր բերրի շերտ` հողային կտրվածքի ստորին մասը, որն իր հատկություններով համընկնում է հնարավոր բերրի ապարների հատկություններին.
12) հումուս` հողի օրգանական նյութ, որը բույսերի սննդառության հիմնական տարրերի բարդ խառնուրդ է և գոյանում է բուսական ու կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից, ինչպես նաև օրգանիզմների կենսագործունեության արգասիքների քայքայման արդյունքում.
13) խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր.
14) հողի կատիոնային փոխանակության ունակություն` կատիոնների առավելագույն քանակն է, որը հողում կարող է գտնվել փոխանակվող վիճակում.
15) խիստ քարքարոտ և խճացված հող` հող, որի մեկ հեկտարում մակերեսի քարերը հասնում են 200-400 խոր. մետրի, վարելաշերտերում՝ 600-800 խոր. մետրի, իսկ 30-60 սմ շերտերում՝ 650-1200 խոր. մետրի.
16) շատ խիստ քարքարոտ և խճացված հող` հող, որի մեկ հեկտարում մակերեսի քարերն անցնում են 400 խոր. մետրից, 0-30 սմ շերտերում հասնում են 850 խոր. մետրի, իսկ 30-60 սմ շերտերում անցնում են 1200 խոր. մետրից.
17) ողողվածության աստիճան (թույլ, միջին, խիստ)՝ որոշվում է հողային կտրվածքում էրոզիայի արդյունքում չքայքայված գենետիկ հորիզոնների առկայությամբ:
III. ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Հողի բերրի շերտի հանման նորմերը որոշվում են` ելնելով հողի բերրի շերտի բաղադրությունից և հատկություններից` սույն պահանջներին համապատասխան: Հողի բերրի շերտը հանվում է հողային խոշորամասշտաբ քարտեզների և լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա:
5. Հողի շերտը բերրի չի համարվում, եթե պարունակում է արդյունաբերական և կենցաղային թափոններ, շինարարական աղբ, ռադիոակտիվ տարրեր, ծանր մետաղներ, պեստիցիդների մնացորդային քանակներ և այլ վտանգավոր ու թունավոր միացությունների այնպիսի քանակություններ, որոնք գերազանցում են հողում՝ դրանց համար սահմանված սահմանային թույլատրելի չափաքանակները:
6. Հողի բերրի շերտի բաղադրության ցուցանիշներն են՝ հողի բերրի շերտի և հնարավոր բերրի շերտի հումուսի զանգվածային մասը, հողի ջրային մզվածքի pH-ը, փոխանակային նատրիումի զանգվածային մասը, ջրում լուծվող թունավոր աղերի զանգվածային մասը և հողի բերրի շերտի (0,1 մմ-ից փոքր) հողային մասնիկների զանգվածային մասը, որոնց նկատմամբ կիրառվում են հետևյալ պահանջները`
1) հումուսի զանգվածային մասը (տոկոս) հողի բերրի շերտի ստորին սահմաններում, ըստ բնական գոտիների, համապատասխանում է N 1 աղյուսակում ներկայացված նորմերին.
Աղյուսակ N 1
Գոտու անվանումը |
Հողերի տիպերը |
Հումուսի զանգվածային բաժինը (տոկոս) |
Անապատային |
բոլոր |
0.5 - 1 |
Կիսաանապատային |
կիսաանապատային գորշ, ոռոգելի մարգագետնային գորշ, պալեոհիդրոմորֆ, կապակցված, ալկալիացած, աղուտ-ալկալի |
1-ից ոչ պակաս |
Չոր տափաստանային |
շագանակագույն |
2-ից ոչ պակաս |
Տափաստանային |
սևահողեր, մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային |
2-ից ոչ պակաս |
հողագրունտաներ |
1-ից ոչ պակաս | |
Անտառային |
անտառային գորշ, ճմակարբոնատային, դարչնագույն |
2-ից ոչ պակաս |
Լեռնամարգագետնային |
լեռնամարգագետնային, մարգագետնատափաստանային |
2-ից ոչ պակաս |
2) հողի բերրի շերտի աղային մզվածքի pH-ի մեծությունը կազմում է 5,5-8,2, իսկ լեռնային գոտիների հողերում ջրային մզվածքի pH-ը կազմում է 4,0-ից ոչ պակաս.
3) փոխանակային նատրիումի զանգվածային մասը (տոկոս) հողի կատիոնային փոխանակման ունակության կազմում համապատախանում է N 2 աղյուսակում ներկայացված նորմերին.
Աղյուսակ N 2
Հողերի և դրանց խառնուրդների տիպերը |
Փոխանակային նատրիումի |
Սևահողեր, մուգ շագանակագույն հողեր, շագանակագույն հողեր, մոխրագույն հողերի աղուտների հետ առաջացող խառնուրդներ |
5-ից ոչ ավելի |
Պակաս հումուսացված սևահողերի թույլ և միջին աղուտացված տարատեսակներ, գորշ հողեր, չոր տափաստանային և կիսաանապատային գոտիների հիդրոմորֆ, կիսահիդրոմորֆ հողեր |
10-ից ոչ ավելի |
Անտառատափաստանային և անապատային գոտիների հիդրոմորֆ հողերի թույլ և միջին աղուտային տարատեսակներ |
15-ից ոչ ավելի |
4) հողի բերրի շերտում ջրում լուծվող թունավոր աղերի զանգվածային մասը (տոկոս) չի գերազանցում հողի զանգվածի 0,25 տոկոսը: Ոռոգվող տարածքների հողի բերրի շերտում ջրում լուծվող թունավոր աղերի պարունակության թույլատրելի սահմանը կարող է մեծացվել մինչև 0,5 տոկոս.
5) հողի բերրի շերտի 0,1 միլիմետրից փոքր հողային մասնիկների զանգվածային մասը 10-75 տոկոս է, իսկ ողողադաշտային, հնահունային, գետաբերանային ավազաններում և մերձջրանցքային ավազային նստվածքներում՝ 5-10 տոկոս:
7. Հողի բերրի շերտի հանման նորմը համապատասխանում է N 3 աղյուսակում ներկայացված նորմերին.
Աղյուսակ N 3
Հողային |
Հողերի տիպերը և |
Բերրի շերտի հանման |
Կիսաանապատային |
կիսաանապատային գորշ |
10-30 |
ոռոգելի մարգագետնային գորշ |
30-80 | |
Չոր տափաստանային |
շագանակագույն |
30-40 |
Տափաստանային |
սևահողեր |
50-120 |
մարգագետնասևահողային |
60-100 | |
գետահովտադարավանդային |
40-120 | |
Անտառային |
անտառային գորշ |
20-80 |
ճմակարբոնատային |
20-40 | |
դարչնագույն |
20-80 | |
Լեռնամարգագետնային |
լեռնամարգագետնային |
30-80 |
մարգագետնատափաստանային |
20-70 |
8. Հողի բերրի շերտի հանման նորմա չի սահմանվում`
1) խիստ խճացված, խիստ և շատ խիստ քարքարոտ, թույլ, միջին և խիստ ողողված ճմամոխրահողային, գորշ անտառային, մոխրագույն և անտառային բաց մոխրագույն հողերի համար.
2) միջին և խիստ ողողված անտառային մուգ մոխրագույն, մուգ շագանակագույն, ճմակարբոնատային և մոխրագույն հողերի համար.
3) 10 սմ-ից պակաս բերրի շերտ ունեցող հողերի համար:
9. Հողի բերրի և հնարավոր բերրի շերտի հանման նորմերի հաշվարկը՝
1) հողի բերրի և հնարավոր բերրի շերտի հանման նորմը (Ն)` արտահայտված խոր. մետրով`
ա) մեկ հողային կոնտուրի դեպքում հաշվարկվում է 1-ին բանաձևով՝
Ն=Խ x Մ (1),
որտեղ`
Խ-ն հողի բերրի շերտի հանման խորությունն է (մ),
Մ-ն հողի հանվող բերրի շերտի հողային կոնտուրի մակերեսն է (մ2),
բ) հողային կոնտուրների խմբի դեպքում` հաշվարկվում է 2-րդ բանաձևով՝
∑Նi = Խ1 x Մ1 + Խ2 x Մ2 + .... + Խi x Մi (2),
որտեղ`
Խ1, Խ2... Խi -ն հողի բերրի շերտի հանման խորություններն են (մ),
Մ1, Մ2... Մi-ն հողի հանվող բերրի շերտի կոնտուրների մակերեսներն են (մ2).
2) հողի բերրի և հնարավոր բերրի շերտերի հանման նորմը (Ն)` արտահայտված տոննայով`
ա) մեկ հողային կոնտուրի դեպքում հաշվարկվում է 3-րդ բանաձևով՝
Ն = Խ x Մ x Դ (3),
որտեղ՝
Խ-ն բերրի շերտի հանման խորությունն է (մ),
Մ-ն հողի հանվող բերրի շերտի հողային կոնտուրի մակերեսն է (մ2),
Դ-ն հողի բերրի շերտի խտությունն է (տ/մ3),
բ) հողային կոնտուրների խմբի դեպքում հաշվարկվում է 4-րդ բանաձևով՝
∑Նi = Խ1 x Մ1 x Դ1 + Խ2 x Մ2 x Դ2 +.... + Խi x Մi x Դi (4),
որտեղ՝
Խ1, Խ2... Խi-ն հողի բերրի շերտի հանման խորություններն են (մ),
Մ1, Մ2... Մi-ն հողի հանվող բերրի շերտի կոնտուրների մակերեսներն են (մ2),
Դ1, Դ2 ....Դi-ն հողի բերրի շերտի խտություններն են (տ/մ3):
IV. ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՀԱՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Գծային կառույցների, մելիորացիայի համար նախատեսվող օբյեկտների շինարարության դեպքում` հանված հողի բերրի շերտն օգտագործվում է առանց դրա պահպանման՝ շինարարության հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացման և դրանց հարող, ցածր բերրիություն ունեցող հանդակների բարելավման համար:
11. Ավազային մեխանիկական կազմ ունեցող հողերից պահպանման, ցածր արդյունավետություն ունեցող հանդակների հողայնացման և խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացման նպատակով բերրի շերտը հանվում է միայն մշակովի կամ մշակովի դարձված տարածքներից:
12. Հողի բերրի և հնարավոր բերրի շերտը հանվում է տարանջատված: Հողի հանված բերրի շերտն օգտագործվում է փոքր արդյունավետություն ունեցող հանդակները հողայնացնելու և խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացման համար, իսկ հնարավոր բերրի շերտը՝ միայն խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացիայի համար:
13. Հողային աշխատանքներ կատարելիս՝ հողի հնարավոր բերրի շերտը հանվում է հնարավոր բերրի ապարներից առանձին:
14. Հողի բերրի շերտը հանվում է տարվա տաք և չոր ժամանակաշրջանում: Նախքան բերրի շերտը հանելը` կատարվում են հողի մակերեսից կոճղերի, թփերի և խոշոր քարերի մաքրման նախապատրաստական աշխատանքներ:
V. ՀՈՂԻ ՀԱՆՎԱԾ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
15. Հողային աշխատանքների կատարման ընթացքում չօգտագործված հողի հանված բերրի շերտն անմիջապես դարսվում է լայնակույտերով:
16. Լայնակույտերի բարձրությունը և ձևը պետք է բացառի հողատարման գործընթացների զարգացումը:
17. Եթե հողի հանված բերրի շերտը նախատեսվում է պահել 2 տարին գերազանցող ժամկետով, ապա, ողողումը և հողմատարումը կանխելու համար, լայնակույտերի մակերևույթն ու թեքությունները ամրացվում են խոտացանքով կամ այլ եղանակներով: Թույլատրվում է լայնակույտի թեքությունների վրա ցանքսը կատարել հիդրոեղանակներով:
18. Հողի հանված բերրի շերտը լայնակույտերում կարող է պահվել մինչև 20 տարի:
19. Լայնակույտերը տեղադրվում են գյուղատնտեսության համար ոչ պիտանի տեղամասերում կամ ցածր արդյունավետություն ունեցող հանդակներում՝ բացառելով լայնակույտերի ջրածածկումը, աղակալումը, արդյունաբերական թափոններով և կոշտ առարկաներով, քարերով, խճով, ճալաքարով ու շինարարական աղբով աղտոտումը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարՎ. Ստեփանյան