«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 մարտի 2016 թ.
թիվ 36-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ավանդատուներին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը համապատասխանեցնել օրենսդրական փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի «Ավանդատուներին ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին» ծանուցման մեջ (այսուհետ` Ծանուցում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Ծանուցման մեջ «Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը» վերնագրի ներքո.
ա. 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:»,
բ. «Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և պարտավորության դրական տարբերության հիման վրա՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:» պարբերությունը փոխարինել հետևյալ պարբերությամբ.
«Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի»,
2) Ծանուցման մեջ «Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները» վերնագրից հետո առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|