ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2010 թվականի N 843-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 615 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի 124-րդ կետը, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի «Անվտանգության կանոնակարգեր» ԴՈԿ. 30-ի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 615 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով uահմանվում են քաղաքացիական ավիացիայի օդանավերով (այսուհետ` օդանավ) ուղևորների կողմից զենքի և փամփուշտների (այսուհետ` զենք) փոխադրման ընթացակարգերը:
2. Ուղևորն օդանավով զենք փոխադրելու համար պետք է ունենա «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված զենք ներկրելու կամ զենք արտահանելու թույլտվություն` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Ուղևորի կողմից զենքը կարող է օդանավով փոխադրվել այն` փոխադրման համար օդանավի անձնակազմին պահպանության կամ որպես ուղեբեռ հանձնելու միջոցով կամ օդանավի ուղևորային սրահում:
3. Օդանավով փոխադրման համար պահպանության հանձնված զենքն ընդունվում, համապատասխան փաստաթղթերը ձևակերպվում, մեկնման օդանավակայանում օդանավ տեղափոխվում ու ժամանման օդանավակայանում ուղևորին են վերադարձվում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության լիազորված աշխատողների կողմից: Այն օդանավակայաններում, աերոդրոմներում և ուղղաթիռների թռիչքադաշտերում, որտեղ չկան ավիացիոն անվտանգության ծառայություններ, փոխադրման համար պահպանության փոխանցված զենքի ընդունման, համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, օդանավ տեղափոխման և ժամանման օդանավակայանում ուղևորներին վերադարձման աշխատանքներն իրականացնում է օդանավի հրամանատարի կողմից զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամը:
4. Թռիչքի ընթացքում պահպանության հանձնված զենքի համար օդանավի բեռնախցիկի առանձնացված հատվածում պետք է տեղադրվի փականով փակվող` մետաղյա չհրկիզվող արկղ կամ պահարան:
II. ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Օդանավի անձնակազմին պահպանության հանձնվում է միայն կարճ ակոսափող հրազենը:
6. Ուղևորի կողմից զենքն օդանավով փոխադրելու համար պահպանության հանձնվելու դեպքում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագը (այսուհետ` խմբի ավագ) ստուգում է զենքի մաքսային ձևակերպման փաստը և դրա առկայության դեպքում ուղևորին` ներկայացված զենքի հետ միասին ուղեկցում օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ: Ոստիկանության գծային բաժնի համապատասխան ծառայողի կողմից ստուգվում է զենքը` այդ նպատակով հատկացված առանձնացված սենյակում, որի մասին գրանցում է կատարվում օդանավով փոխադրման ընդունված զենքի արձանագրության մեջ` համաձայն N 1 ձևի:
(6-րդ կետը փոփ. 03.08.17 N 919-Ն)
6.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններ ուղևորների կողմից զենքի փոխադրման դեպքերում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչը հաշվառման ժամանակ ուղևորի կողմից զենքի փոխադրման մասին հայտնելուց հետո անմիջապես տեղեկացնում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին տվյալ չվերթով զենքի փոխադրման մասին, որից հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ, որտեղ ստուգվում են ուղևորի անձը հաստատող փաստաթղթերը, ծառայողական զենքի դեպքում՝ գործուղման թերթիկը, իսկ քաղաքացիական զենքի դեպքում՝ տվյալ զենքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու թույլտվությունը։ Ոստիկանության ծառայողն ստուգում է նաև զենքը, դրա տեսակի, մոդելի, համարի համապատասխանությունը փաստաթղթերի մեջ նշված տվյալներին, որոնց մասին գրառում է կատարվում փոխադրվող զենքի ստուգման մատյանում (ձև N 5)։
(6.1-ին կետը լրաց. 03.08.17 N 919-Ն)
6.2. Զենքի և փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո ոստիկանության ծառայողը տվյալ ուղևորին փոխադրման ենթակա զենքի և փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություն, որտեղ ավիացիոն անվտանգության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագի հետ միասին կազմում են օդանավով փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն (ձև N 1 ):
(6.2-րդ կետը լրաց. 03.08.17 N 919-Ն)
7. Խմբի ավագը պահպանության հանձնված զենքի մասին ծառայողական կապի միջոցներով տեղեկացնում է օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչին, իսկ նրա բացակայության դեպքում` օդանավակայանի կենտրոնական կարգավարական ծառայությանը` օդանավի անձնակազմին տեղեկացնելու համար:
8. Պահպանության հանձնված զենքի մասին կազմվում է արձանագրություն (N 1 ձև) չորս օրինակից, որն ստորագրում են խմբի ավագը, սույն կանոնների 6-րդ կետում նշված ոստիկանության ծառայողը, ուղևորը և օդանավի հրամանատարի կողմից զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամը:
(8-րդ կետը փոփ. 03.08.17 N 919-Ն)
9. Արձանագրության կազմման ընթացքում խմբի ավագն ուղևորին ծանոթացնում է ժամանման օդանավակայանում զենքն ստանալու կարգին:
10. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է խմբի ավագին և պահվում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, իսկ մեկ օրինակը հանձնվում է ոստիկանության գծային բաժին:
11. Արձանագրության երկու օրինակները, որպես ուղեկցող փաստաթուղթ, փոխանցվում են օդանավի անձնակազմին: Մեկ օրինակը մնում է օդանավի անձնակազմի մոտ և կցվում չվերթի թռիչքային փաստաթղթերին: Ժամանման օդանավակայանում օդանավակայանի լիազորված անձն ստորագրում է արձանագրության օրինակները և զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամից ստանում փոխադրման ընդունված զենքը:
12. Ժամանման օդանավակայանում ուղևորին տրվում է արձանագրության օրինակը, որը հիմք է ուղևորի կողմից զենքն ստանալու համար:
13. Ուղևորի կողմից պահպանության հանձնված զենքը խմբի ավագի կողմից փաթեթավորվում է փամփշտակալից առանձին: Փափշտակալից առանձնացվում են նաև փամփուշտները և փաթեթավորվում առանձին: Փաթեթները դրվում են արկղի կամ պարկի մեջ: Փաթեթների վրա նշվում են երթուղին, չվերթի և արձանագրության համարները, զենքը փոխադրող անձի անունն ու ազգանունը:
14. Խմբի ավագը փոխադրման ընդունված զենքը տեղափոխում է օդանավ և հանձնում զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամին, ով այն տեղադրում է օդանավի բեռնային խցիկի համապատասխան արկղում, կնիքով կնքում է արկղը և համապատասխան նշում կատարում արձանագրության օրինակներում:
15. Թռիչքի ընթացքում օդանավի բեռնային խցիկում գտնվող արկղի բանալին պահվում է զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի մոտ:
16. Վայրէջքի միջանկյալ կետերում փոխադրման համար զենք ընդունելու դեպքում զենքի արկղը կամ պարկը զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի կողմից տեղադրվում է օդանավի բեռնային խցիկի համապատասխան արկղում և կնքում կնիքով:
17. Զենքի արկղը կամ պահարանը կնքելու համար նախատեսված կնիքն ամրագրվում է օդանավին և ստորագրությամբ փոխանցվում օդանավն ընդունող թռիչքային անձնակազմին:
18. Օտարերկրյա օդանավակայանից թռիչք կատարելիս` պահպանության համար հանձնված զենքն ընդունվում է օդանավ` սույն կանոնների և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի պահանջներին համապատասխան, օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի հսկողությամբ և օդանավակայանի գործադիր մարմնի համաձայնությամբ:
19. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից օտարերկրյա օդանավի թռիչքի դեպքում զենքն օդանավ հանձնվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, սույն կանոններով սահմանված կարգով` օտարերկրյա ավիաընկերության ներկայացուցչի համաձայնությամբ և հսկողությամբ:
III. ԺԱՄԱՆՄԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
20. Օդանավի հրամանատարը վայրէջքից 20 րոպե առաջ օդանավակայանի կենտրոնական կարգավարական ծառայությանը տեղեկացնում է օդանավում զենքի առկայության մասին:
21. Օդանավակայանի կենտրոնական կարգավարական ծառայությունը ժամանման օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը հաղորդում է օդանավում զենքի առկայության մասին:
22. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը դիմավորում է օդանավը, զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի հետ ստուգում կնիքի և զենքի առկայությունը, որից հետո ստորագրում է արձանագրության օրինակը` զենքն ստանալու համար:
23. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետն ուղևորի հետ զենքը և արձանագրության օրինակը ներկայացնում է օդանավակայանի մաքսային հսկողության կետ: Մաքսային ձևակերպում ստանալուց հետո զենքն արձանագրության օրինակի հետ միասին հանձնվում է ուղևորին:
23.1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններից Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ զենքի ներկրման դեպքում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը դիմավորում է օդանավը, զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի հետ ստուգում կնիքի և զենքի առկայությունը, որից հետո ստորագրում է արձանագրության օրինակը` զենքն ստանալու համար: Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը զենքը և արձանագրության օրինակն օդանավակայանի ժամանման սրահի զննման կետում հանձնում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի համապատասխան ծառայողին, որն ստորագրում է զենքի փոխադրման արձանագրության մեջ, ընդունում է ներկրված զենքը, ժամանած ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ՝ զենքի, ուղեկցող փաստաթղթերի ստուգում իրականացնելու նպատակով: Գործուղման նպատակով ժամանած ուղևորին զենքը հանձնվում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակում՝ գործուղման փաստաթղթերի համապատասխանության դեպքում, այլ նպատակով ներկրված զենքը պահվում է ոստիկանության գծային բաժնում մինչև համապատասխան լիազոր մարմնի կողմից ներկրման թույլտվությունն ուղևորի կողմից ներկայացնելը: Թույլտվության ներկայացումից հետո ներկրված զենքը ոստիկանության գծային բաժնից հանձնվում է ուղևորին:
(23.1-ին կետը լրաց. 03.08.17 N 919-Ն)
24. Ժամանման օդանավակայանում ուղևորի կողմից չպահանջված զենքն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը պահպանության է հանձնում օդանավակայանի ոստիկանության գծային բաժին` արձանագրության օրինակում կատարելով համապատասխան գրառում:
25. Օտարերկրյա օդանավակայանում վայրէջքից հետո զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամը զենքը հանձնում է այդ օդանավակայանի պատասխանատու աշխատողին, որն ստորագրում է արձանագրության օրինակը` զենքն ստանալու համար:
IV. ԶԵՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԲԵՌՆԱՅԻՆ ԽՑԻԿՆԵՐՈՒՄ` ՈՐՊԵՍ ՈՒՂԵԲԵՌ
26. Որպես ուղեբեռ փոխադրման կարող են հանձնվել քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային։
(26-րդ կետը փոփ. 03.08.17 N 919-Ն)
27. Զենքը որպես ուղեբեռ օդանավով փոխադրման հանձնելու դեպքում օդանավակայանի ուղևորների փոխադրման ծառայության հերթափոխի պետը կամ օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչն ստուգում է զենքի վերաբերյալ համապատասխան մաքսային հայտարարագրի առկայությունը, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններ ուղևորների կողմից որպես ուղեբեռ զենքի փոխադրման դեպքերում օդանավակայանի ուղևորների փոխադրման ծառայության հերթափոխի պետը կամ օդանավ շահագործողի ներկայացուցիչը զենքի փոխադրման մասին տեղեկացնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին տվյալ չվերթով զենքի փոխադրման մասին, որից հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ, որտեղ համապատասխան ծառայողի կողմից ստուգվում են ուղևորի անձը հաստատող փաստաթղթերը, ծառայողական զենքի դեպքում՝ գործուղման թերթիկը, իսկ քաղաքացիական զենքի դեպքում՝ տվյալ զենքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու թույլտվությունը։ Ծառայողն ստուգում է զենքը, դրա տեսակի, մոդելի, համարի համապատասխանությունը փաստաթղթերում նշված տվյալներին, որոնց մասին գրառում է կատարվում փոխադրվող զենքի ստուգման մատյանում։
(27-րդ կետը խմբ. 03.08.17 N 919-Ն)
27.1. Զենքի և փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին փոխադրման ենթակա զենքի և փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություն, որտեղ ավիացիոն անվտանգության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագի հետ միասին կազմում են օդանավով որպես ուղեբեռ փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն (ձև N 1): Արձանագրության կազմման և զենքը փոխադրման ընդունումից հետո իրականացվում են սույն կանոնների 2-րդ գլխով սահմանված միջոցառումները:
(27.1-ին կետը լրաց. 03.08.17 N 919-Ն)
28. Արձանագրության կազմումից հետո որպես ուղեբեռ փոխադրվող զենքն ու փամփուշտները փաթեթավորվում են, ընդ որում, զենքը փաթեթավորվում է փամփշտակալից և փամփուշտներից առանձին, որից հետո դրանք հաշվառվում և գրանցվում են որպես ուղեբեռ և ընդունվում են փոխադրման: Որպես ուղեբեռ փոխադրման ընդունված փաթեթավորված զենքն ու դրա փամփուշտներն օդանավով փոխադրվում են ուղևորների համար անհասանելի տեղում՝ օդանավի բեռնային խցիկներում:
(28-րդ կետը խմբ. 03.08.17 N 919-Ն)
29. Որպես ուղեբեռ փոխադրման ընդունված զենքը չպետք է գտնվի օդանավի անձնակազմի խցիկում կամ պահպանման հանձնվի օդանավի անձնակազմի անդամներից որևէ մեկին:
30. Որպես ուղեբեռ զենքի փոխադրման դեպքում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի կողմից լրացվում է օդանավի բեռնախցիկում զենքի փոխադրման պայմաններին ուղևորին ծանոթացնելու թերթիկ` համաձայն N 3 ձևի, չորս օրինակից, որոնցից մեկը մնում է ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդը պահվում է տվյալ չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդը տրվում է ուղևորին, իսկ չորրորդը հանձնվում է ոստիկանության գծային բաժին:
V. ԶԵՆՔ ԿՐԵԼԸ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ
31. Թռիչքի ընթացքում օդանավի ուղևորային սրահում կարող են զենք կրել և փոխադրել միայն այն պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողները, որոնց դա անհրաժեշտ է իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի N 722 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգին համապատասխան:
32. Օդանավի ուղևորային սրահում զենքի փոխադրման դեպքում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչն ստուգում է զենքի մաքսային ձևակերպման փաստը։ Ուղևորների նախաթռիչքային զննումից առաջ ուղևորին ծանոթացնում են օդանավի ուղևորային սրահում զենքի փոխադրման կանոններին: Զենք փոխադրող ուղևորն ստորագրում է օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրող անձանց հրահանգավորման թերթիկում` համաձայն N 2 ձևի, որը լրացվում է երեք օրինակից, որոնցից մեկը տրվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը, երկրորդը պահվում է տվյալ չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդը տրվում է զենք փոխադրող ուղևորին:
32.1. Իրավապահ մարմինների այն ծառայողները, որոնց հանձնարարված է օդանավով իրականացնել արգելանքի տակ գտնվող անձանց ուղեկցում, օդանավի սրահում չեն կարող կրել զենք: Նման դեպքերում նրանք պետք է զենքը հանձնեն օդանավի հրամանատարին, այն թռիչքի ընթացքում օդանավի անձնակազմի խցիկում գտնվող մետաղական պահարանում պահպանելու համար: Օդանավի հրամանատարի կողմից օդանավի անձնակազմի խցիկում զենքի փոխադրման ընդունման դեպքում կազմվում է օդանավի անձնակազմի խցիկում փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն՝ համաձայն N 4 ձևի, իսկ զենքի լիցքաթափումը և ստուգումն իրականացվում է իրավապահ մարմնի ծառայողի կողմից:
(32.1-ին կետը լրաց. 03.08.17 N 919-Ն)
33. Ուղևորների զննման և օդանավ նստեցման գործընթացի անվտանգության ապահովման համար պատասխանատու օդանավակայանի աշխատողները, ինչպես նաև օդանավակայանի տարածքում զինված ծառայություն իրականացնող ծառայություններն օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի կողմից պարտադիր տեղեկացվում են զինված անձի մասին:
34. Օդանավի հրամանատարը տեղեկացվում է օդանավում զինված անձի գտնվելու և նրա նստատեղի մասին: Եթե օդանավում գտնվում են մի քանի զինված անձինք, ապա նրանցից յուրաքանչյուրին ևս պետք է տեղեկացվի մյուս զինված անձանց նստատեղերի մասին:
35. Այն դեպքում, եթե զինված անձը տարանցիկ թռիչքի միջանկյալ կետում տեղափոխվում է օդանավից մեկ այլ օդանավ, առաջին օդանավի օդանավ շահագործողը կամ օդանավի անձնակազմը զինված անձի մասին տեղեկացնում է մյուս օդանավը շահագործողին կամ օդանավի անձնակազմին:
36. Եթե օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրող անձի երթուղին նախատեսում է թռիչք այն պետության օդանավով, որի քաղաքացին չէ նա, ապա թռիչքի ընթացքում օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրելը նախապես համաձայնեցվում է օդանավ շահագործողի հետ:
37. Թռիչքի ընթացքում արգելվում է օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրող անձին ոգելից խմիչքներ մատուցելը:
38. Ուղևորային սրահում զենք փոխադրող անձն օդանավ շահագործողների կողմից տեղեկացվում է այն մասին, որ նա պետք է ձեռնպահ մնա թռիչքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի լուծումից և չմիջամտի դրանց, եթե օդանավի հրամանատարը դրա մասին իրեն չի խնդրել:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____
ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
|
(ձևը խմբ. 03.08.17 N 919-Ն)
Ձև N 2
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ`
ՕԴԱՆԱՎԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ
ՓՈԽԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ
_________________________________ |
______________________________ (թույլատրող մարմնի անվանումը) |
Չվերթի համարը _______, երթուղին _______, նստատեղ ______ (ընդգծել հարկավորը)
□ Իրավապահ մարմինների զինված աշխատող
□ Զենք կրող (զինված) անձ
□ Զինված ուղեկցող
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՆՍՏԵՑՄԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ`
1. Եթե Ձեզ թույլատրված է օդանավի ուղևորասրահներում կրել զենք, ապա խնդրում ենք թռիչքի ամբողջ ընթացքում այն պահել այլ ուղևորներից քողարկված և անտեսանելի:
2. Օդանավի հրամանատարը, բորտուղեկցորդը և օդանավում գտնվող մյուս զինած ուղևորները (եթե այդպիսիք կան) պետք է տեղեկացված լինեն Ձեր զինված լինելու փաստի մասին:
3. Օդանավի օդաչուները և բորտուղեկցորդները գիտեն ինչպես գործել ուղևորների միջև անկարգությունների առաջացման ժամանակ` առանց այլ ուղևորներից օգնություն հայցելու, ուստի, չեն ակնկալում Ձեր օգնությունը: Օդանավում հրազենից արձակված կրակոցից առաջացած հետևանքները կարող են լինել ավելի ծանր, քան ուղևորների միջև անկարգությունները, այդ թվում` օդանավի զավթման դեպքերում: Օդաչուներին պատահաբար շարքից հանելու դեպքում թռիչքը կարող է հանգեցնել աղետի, օդանավի կողային վահանակների, հետևի, հատակի ներքևի և առաստաղի վերևի մասերով անցնում են բազմաթիվ էլեկտրասնուցման և ղեկավարման մալուխներ, վառելիքի և հիդրավլիկայի խողովակաշարեր, որոնք կարևոր նշանակություն ունեն թռիչքի անվտանգության համար, և կարող են վնասվել հրազենից պատահաբար արձակված ուղիղ կամ հետդարձված գնդակից:
4. Զենք կրող անձանց` օդանավում չեն կարող մատուցվել ալկոհոլային խմիչքներ:
5. Եթե Դուք ուղեկցում եք կալանավորի`
1) Դուք պետք է նաև ունենաք գործողությունները սահմանափակող հատուկ միջոցներ, որոնք հարկ եղած դեպքում անհրաժեշտ կլինի կիրառել կալանավորի գործողությունները վերահսկելու, ինչպես նաև շրջապատող անձանց անվտանգությունն ապահովելու համար.
2) Դուք պետք է օդանավ նստեք մնացած ուղևորներից առաջ։ Ձեզ պետք է հատկացվեն նստատեղեր օդանավի ուղևորասրահի հետին մասում (վերջնամասում): Ձեր նստատեղը պետք է գտնվի կալանավորի նստատեղի և միջանցքի արանքում.
3) Դուք պետք է ուղեկցեք կալանավորին նաև զուգարանից օգտվելու ժամանակ.
4) օդանավի վայրէջքից հետո Դուք պետք է մնաք ձեր տեղերում մինչև վերջին ուղևորի` օդանավը լքելը.
5) Ձեզ և Ձեր կողմից ուղեկցվող կալանավորին արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչքներ:
ՁԵՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՁԵԶ ՄՈՏ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ` ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԴՈՒՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՔ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ____________________________
____________________________________________ ՊԱՀԱՆՋՈՎ: (կազմակերպության անվանումը)
Ուղևոր ____________ _________________________________
(ստորագրությունը)
_____ _________ 201 թ.
Ավիաընկերության ներկայացուցիչ _____________ _______________
_____ _________ 201 թ. |
Լրացուցիչ` Ավիաընկերության ներկայացուցիչը լրացված և ստորագրված փաստաթղթի առաջին օրինակը տալիս է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը, երկրորդ օրինակը տեղադրում է չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդ օրինակը հանձնում է ուղևորին:
Բորտուղեկցորդը հավաքում է նստեցման կտրոնին կցված` լրացված և ստորագրված փաստաթղթերի օրինակները, ծանուցում օդանավի հրամանատարին և, առանց ավելորդ ուշադրություն գրավելու, օդանավում գտնվող զինված անձանց տեղեկացնում միմյանց գտնվելու տեղերի մասին:
Ձև N 3
ՕԴԱՆԱՎԻ ԲԵՌՆԱԽՑԻԿՈՒՄ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԵՆՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՈՒՂԵՎՈՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ
Ձեզ թույլատրվում է փոխադրել Ձեզ պատկանող զենքն օդանավի բեռնախցիկում գտնվող հաշվառված ուղեբեռով` պայմանով, որ`
1) օդանավ շահագործողն իրազեկված է փոխադրվող զենքի մասին.
2) զենքը գտնվում է պարպված (չլիցքավորված) և փամփուշտներից առանձին փաթեթավորված վիճակում.
3) օդանավի թռիչքի ընթացքում ուղևորների համար բեռնախցիկում փոխադրվող ուղեբեռները (զենքը) անհասանելի են.
4) ոչ մեծ քանակությամբ զինամթերք կարող է փոխադրման ընդունվել միայն վտանգավոր բեռների համար նախատեսված համապատասխան փաթեթավորումից հետո:
Զենքն ստուգված և փաթեթավորված է`
Ոստիկանության ներկայացուցիչ ___________________ ______________
_____ _________ 201 թ.
Ծանոթանալով զենքի փոխադրման պայմաններին` օդանավ շահագործողին խնդրում եմ ապահովել ___________________________________________________ փոխադրումը` (նշել զենքի տեսակը, զինամթերքի քանակը)
_______________________________________________________չվերթով:
Ուղևոր _____________________ _______________________________
_____ _________ 201 թ.
Ավիաընկերության
ներկայացուցիչ _____________________ __________________________
_____ _________ 201 թ. |
Լրացուցիչ` Օդանավի բեռնախցիկում փոխադրվող զենքի փոխադրման պայմաններին ուղևորին ծանոթացնելու թերթիկի առաջին օրինակը տրվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը, երկրորդ օրինակը պահվում է տվյալ չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդ օրինակը տրվում է ուղևորին, չորրորդ օրինակը` ոստիկանությանը:
Ձև N 4
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____
ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՑԻԿՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ
Իրավապահ մարմնի ծառայող
________________________________________________________________________
(նշել իրավապահ մարմնի անվանումը, ծառայողի պաշտոնը)
______________________________________________________________________________________
(կոչումը, անուն, ազգանունը)
Օդանավի հրամանատար
____________________________________________________________________________
(անուն, ազգանունը)
Չվերթ N ________________________________ երթուղին ______________________________________
Ստուգեցի և թռիչքի ընթացքում պահպանության հանձնեցի
______________________________________________
(նշել զենքի տեսակը, մոդելը,
________________________________________________________________________________________
տրամաչափը, համարը և փամփուշտների քանակը)
Հանձնեց _______________________________ _______________________ «_____» ______________ 201 թ․
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Ընդունեց _______________________________ _______________________ «_____» ______________ 201 թ․
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
(ձևը լրաց. 03.08.17 N 919-Ն)
Ձև N 5
Մ Ա Տ Յ Ա Ն
ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԵՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ
Սկսվել է « »_____20 թ. | |
Ավարտվել է « »_____20 թ. |
Ծանոթագրություն 1. Փոխադրվող զենքի ստուգման մատյանը համարակալվում, կարվում և կնքվում է ոստիկանության գծային բաժնի քարտուղարությունում։
|
|
(ձևը լրաց. 03.08.17 N 919-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 03.08.17 N 919-Ն)