Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 11.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 36-Լ

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-726-27.11.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-726-27.11.2023-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում է հետևյալը․

I. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծով և փաթեթում ընդգրկված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով Հաշվեքննիչ պալատում ծառայությունը սահմանել որպես պետական ծառայության առանձին տեսակ: Ելնելով նշված առաջարկության հիմքում դրված նպատակադրումներից՝ անհրաժեշտ է նախագծով հստակ սահմանել, որ քաղաքացիական ծառայություն չի իրականացվում բացառապես Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող (աուդիտորական ծառայություն) կառուցվածքային ստորաբաժանումներում, պալատի գլխավոր քարտուղարը, աջակցող մասնագիտական և հաշվեքննություն չիրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Ընդ որում, ելնելով քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի առանձնահատկությունների և գործառույթների շարունակականության ապահովան անհրաժեշտությունից՝ առաջարկում ենք նախագծի անցումային դրույթներում նախատեսել, որ հաշվեքննություն իրականացնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Հաշվեքննիչ պալատում նոր ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը և օրենքով սահմանված կարգով նոր ծառայության պաշտոնների համալրումը:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում Կենտրոնական բանկին վերաբերող ձևակերպումը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենտրոնական բանկի վարչական և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ հաստատված ՀՀ Ազգային ժողովի կողմից»՝ Կենտրոնական բանկում հաշվեքննության առարկա դիտարկելով միայն Ազգային ժողովի կողմից հաստատված ծախսերի շրջանակում իրականացվող գործունեությունը: Ընդ որում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծի 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի պաշտոնավարող ծառայողների աուդիտորների որակավորման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու 2028 թվականի հունվարի 1-ին, առաջարկում ենք Հաշվեքննիչ պալատի կողմից Կենտրոնական բանկի՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված վարչական և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակի վերաբերյալ հաշվեքննություն իրականացնելու իրավասությունը ևս ուժի մեջ մտցնել 2028 թվականի հունվարի 1-ից, քանի որ թե օրենսդիրը, թե Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանել են որակավորման բարձր պահանջներ Կենտրոնական բանկի արտաքին աուդիտորի նկատմամբ, որոնք առնվազն պետք է պահպանվեն Կենտրոնական բանկի գործունեությունը հաշվեքննության ենթարկող ցանկացած անձի նկատմամբ:

3․ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Հաշվեքննիչ պալատ պետական մարմինը ներառում է Հաշվեքննիչ պալատը և Հաշվեքննիչ պալատ պետական հիմնարկը։

ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածը նախատեսում է, որ Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ:

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 199-րդ հոդվածը նախատեսում է դրույթներ կապված Հաշվեքննիչ պալատի կազմի և կազմավորման կարգի հետ:

Վերոգրյալը նկատի ունենալով՝ գտնում ենք, որ սույն պայմաններում Հաշվեքննիչ պալատի նախագահից և վեց անդամներից բաղկացած պալատի ու Հաշվեքննիչ պալատի՝ որպես պետական հիմնարկի, աշխատակազմի նույնացման տեսական հնարավորությունը բացակայում է։

Իսկ ինչ վերաբերում է «հաշվեքննիչ պալատ պետական հիմնարկին», ապա ենթադրվում է, որ դրա նպատակը հաշվեքննիչ պալատի աշխատակազմի գործունեության վերաբերյալ կարգավորումների նախատեսումն է, ինչի կապակցությամբ առաջարկում ենք որպես օրինակ նկատի ունենալ մյուս անկախ մարմինների հետ կապված կարգավորումները՝ հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի դրույթները:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով նախատեսվում է, որ Հաշվեքննիչ պալատի ծառայողը Հաշվեքննիչ պալատում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն է, հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, աշխատողը:

Ստացվում է, որ բոլոր ծառայողները (աշխատողները) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք են համարվելու, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է: Տարընկալումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է վերանայել շաղկապների կիրառումը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջները:

5․ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով «միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպություն»-ը սահմանվում է որպես աուդիտորական կազմակերպությունների վարկանշմամբ զբաղվող միջազգային ճանաչում ունեցող համացանցային կայքերում գրանցված կամ վարկանշված, համընդհանուր միջազգային ճանաչում ունեցող 10 խոշորագույն անկախ աուդիտորական կազմակերպություններից մեկը:

Վերոգրյալի հետ կապված հայտնում ենք, որ ՀՀ-ում աուդիտորական ծառայություններ կարող են մատուցել միայն «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում գրանցված կազմակերպությունները: Հետևաբար, այլ երկրներում գրանցված աուդիտորական կազմակերպությունները ՀՀ-ում չեն կարող մատուցել աուդիտորական ծառայություններ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ «միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպություն» հասկացության սահմանումը ենթակա է վերանայման:

Հստակ չէ նաև, թե ինչ համացանցային կայքերի միջոցով են որոշվելու խոշորագույն 10 աուդիտորական կազմակերպությունները:

6. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում են Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) լիազորությունները դադարելու և դադարեցնելու հետ կապված դրույթներ, իսկ նախագծի 47-րդ հոդվածով՝ հաշվեքննիչ պալատի ծառայողի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դրույթներ: Նկատի ունենալով, որ նախագծի 39-րդ հոդվածի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի ծառայողներ են հանդիսանում նաև Հաշվեքննիչ պալատի նախագահը, անդամները՝ գտնում ենք, որ նախատեսված կարգավորումները կարող են տարընկալում առաջացնել: Նշված դիտարկումը վերաբերում է նաև նախագծով նախատեսված համանման այլ կարգավորումներին, ուստի հիշյալ կարգավորումներն անհրաժեշտ է վերանայել:

7․ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատն ստուգում է իրականացնում իրավաբանական անձի մոտ, եթե իրավաբանական անձն իրավական ակտով կամ պայմանագրով պետական կամ համայնքային աջակցության որևէ եղանակով ստացել է միջոցներ (ներառյալ հարկային արտոնությունները)՝ միայն այդ իրավական ակտերի կամ պայմանագրի պահանջների կատարումն ստուգելու նպատակով։

Ելնելով մասնավոր գործերին միջամտության համաչափության ապահովման անհրաժեշտությունից՝ առաջարկում ենք նախագծում որոշակիացնել «հարկային արտոնությունները» եզրույթը՝ ստուգումների շրջանակը սահմանափակելով անհատական, կոնկրետ սուբյեկտներին տրամադրված հարկային արտոնություններով, բացառելով ստուգումները տնտեսության առանձին ոլորտների (օրինակ՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ) համար սահմանվող հարկային արտոնությունների դեպքերում։

8. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ Հաշվեքննիչ պալատի նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ամիսը մեկ անգամ:

Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ Հաշվեքննիչ պալատի նիստը հրավիրվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից:

Առաջարկում ենք «որպես կանոն» բառերը փոխարինել «առնվազն» բառով, իսկ, նիստերի հրավիրման պարբերականության հարցն առաջարկում ենք դիտարկել նաև հերթական և արտահերթ նիստերի հրավիրման շրջանակում:

9. Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը հաստատում է հաշվեքննողներին աշխատանքի ընդունման չափորոշիչները, սակայն, նկատի ունենալով, որ նախագծով արդեն իսկ սահմանվում են հաշվեքննիչ պալատի ծառայողներին ներկայացվող պահանջները և նշանակելու պայմանները, գտնում ենք, որ նշված դրույթի սահմանման նպատակահարմարությունը բացակայում է:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Ընդ որում, նույն հոդվածով սահմանվում է, որ հանրային ծառայության անցնելու իրավունքի մանրամասները սահմանվում են օրենքով, ուստի Հաշվեքննիչ պալատի իրավական ակտով աշխատանքի ընդունման չափորոշիչների սահմանումը խնդրահարույց է նաև սահմանադրական հիշյալ կարգավորման տեսանկյունից:

10․ Նախագծի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվություններին կից հրապարակվում է դրանց վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Սակայն, նախագծով ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ժամկետներ սահմանված չեն, ինչը կարող է ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը դարձնել ինքնանպատակ, իսկ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները՝ ժամանակավրեպ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք որպես ֆինանսական հաշվետվությունների հրապարակման վերջնաժամկետ սահմանել հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ «աուդիտորական կազմակերպության եզրակացությունը» բառերը փոխարինել «աուդիտորական եզրակացությունը» բառերով:

11. Նախագծի 25-րդ և 29-րդ հոդվածների միջև առկա է որոշակի տարակարծություն: Մասնավորապես 29-րդ հոդվածի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը հաստատվելուց հետո այն ներկայացնում է Կառավարություն և Ազգային ժողով, իսկ ընթացիկ եզրակացությունը ներկայացվում է հաշվեքննության օբյեկտի ղեկավարին: Այնինչ, 25-րդ հոդվածի համաձայն՝ եռամսյակային հաշվեքննության իրականացման արդյունքում կազմվում է հաշվեքննության միջանկյալ հաշվետվություն՝ ընթացիկ եզրակացություն, որը ներկայացվում է Ազգային ժողովին, Կառավարությանը, ինչպես նաև վերաբերելի մասով հաշվեքննության օբյեկտներին:

12. Առաջարկում ենք քննարկել նախագծի 27-րդ հոդվածով պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության և ընթացիկ եզրակացության նախագծերը Կառավարություն ներկայացնելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:

13․ Նախագծի 33-րդ հոդվածի համաձայն՝ հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են հաշվեքննողի առաջարկած ժամկետում, որը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրից, տրամադրել հաշվեքննության առարկայի վերաբերյալ առկա և հասանելի ամբողջական տեղեկատվություն և փաստաթղթեր։

Առաջարկում ենք նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել դրույթ, որի համաձայն՝ հաշվեքննության օբյեկտի գործառնությունների ծավալի և տարեկան բյուջետային հատկացումների մեծությունը հաշվի առնելով՝ հաշվեքննողը պարտավոր է ողջամիտ ժամկետ տրամադրել հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց՝ անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր տրամադրելու համար։

14․ Նախագծի 35-րդ հոդվածով սահմանվում են Հաշվեքննիչ պալատի գործունեությունն ապահովող ֆինանսական երաշխիքները (ֆինանսավորման գործընթացը): Միաժամանակ, նույն հոդվածի 3-5-րդ մասերի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով և Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը), որը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ անփոփոխ ներկայացվում է Ազգային ժողով: Ընդ որում, Կառավարությունն Ազգային ժողով և Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում նաև բյուջետային հայտի վերաբերյալ իր փոփոխությունների հիմնավորումը:

Այս համատեքստում առաջին հերթին անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտի կազմման հետ կապված հարաբերությունների կարգավորումը Հաշվեքննիչ պալատի կողմից խնդրահարույց է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ամրագրված միասնականության սկզբունքի տեսանկյունից, բացի այդ, գտնում ենք, որ Հաշվեքննիչ պալատի կողմից ներկայացված բյուջետային հայտի վերաբերյալ Կառավարության առարկության առկայության դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ անփոփոխ Ազգային ժողով ներկայացնելու պահանջն անհասկանալի կարգավորում է և Հաշվեքննիչ պալատի ֆինանսավորման գործընթացին առնչվող փոփոխությունների նպատակը հստակ բացահայտված չէ:

15. Նախագծի 35-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա, սույն օրենքով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող Հաշվեքննիչ պալատի ծառայողների համար պետք է ապահովվի Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետությունում գործող՝ միջազգային խմբի անդամ հանդիսացող և միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների՝ ըստ համադրելի պաշտոնների միջին վարձատրությանը համապատասխան աշխատանքի վարձատրություն: Սույն մասում նշված՝ հարկային մարմնում առկա տեղեկատվությունը, Հաշվեքննիչ պալատի պահանջով, պահանջի ներկայացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի կողմից ներկայացվում է Հաշվեքննիչ պալատին:»:

Միաժամանակ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում նախատեսվում է, որ Հաշվեքննիչ պալատը հաստատում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան Հաշվեքննիչ պալատի անդամների և այլ աշխատողների աշխատանքի վարձատրությունը:

Առաջարկվող կարգավորումը պարունակում է զգալի ռիսկեր, քանի որ բացահայտված չէ թե Հարկային մարմինն ինչ ժամանակահատվածի (ամիս, եռամսյակ, տարի կամ մի քանի տարի) համար է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում գործող՝ միջազգային խմբի անդամ աուդիտորական կազմակերպությունների միջին վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը: Արդյունքում հնարավոր է, որ Հարկային մարմնի կողմից ներկայացված ցուցանիշներում ներառվի որևէ աուդիտորական կազմակերպություն, որի միջին վարձատրությունը բազմիցս գերազանցի ՀՀ-ում գործող՝ միջազգային խմբի անդամ մյուս աուդիտորական կազմակերպությունների միջին վարձատրությանը, որն իր հերթին հիմք է հանդիսանալու Հաշվեքննիչ պալատի անդամների և այլ աշխատողների աշխատանքի վարձատրությունը որոշելու համար, ինչը կարող է առաջարկվող սկզբունքով հաշվարկելու դեպքում խեղաթյուրել միջինացված աշխատավարձի ցուցանիշը: Բացի այդ հարց է ծագում, թե, արդյոք, որպես հաշվարկային հիմք ընդունված աուդիտորական կազմակերպությունների միջին վարձատրության չափի նվազման միտում գրանցվելու դեպքում, Հաշվեքննիչ պալատի համար աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները նույնպես պետք է վերահաշվարկվեն:

Հարկ է նշել, որ նախագծի 35-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պահպանվում են նաև Հաշվեքննիչ պալատի աշխատակիցների գործող սոցիալական երաշխիքները, որոնք մասնավորապես սահմանված են պետական ծառայողների պարգևատրման աղբյուրների և չափերի մասով: Սա նույնպես քննարկման հարց է, քանի որ նախագծով նախատեսվող կարգավորումների համաձայն Հաշվեքննիչ պալատը չի ենթարկվում նույն կանոններին ինչպես մյուս պետական մարմինները, որոնց համար սոցիալական երաշխիքների ներդրումը հանդիսանում է համեմատաբար ցածր աշխատավարձերի փոխհատուցման միջոց:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախագծին կից հիմնավորման մեջ ներկայացված չէ տեղեկատվություն՝ վերոնշված կարգավորումներին առնչվող միջազգային փորձի ուսումնասիրության և վերլուծության արդյունքների վերաբերյալ:

Բացի այդ, այս նախագծերի փաթեթում ներառված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նոր դրույթ, համաձայն որի Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությունը սահմանում է Հաշվեքննիչ պալատը՝ հիմք ընդունելով «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները» և ուժը կորցրած են ճանաչվում գործող օրենքի 1-ին հավելվածում սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի և Հաշվեքննիչ պալատի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները:

Հաշվեքննիչ պալատի ծառայողների վարձատրությանը վերաբերող առաջարկությունը ընդունելի չէ, քանի որ իրավաչափ չենք համարում ՀՀ պետական բյուջեի մաս կազմող և ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող պետական մարմնի աշխատակիցների վարձատրությունը հավասարեցնել միջազգային խմբի անդամ շահույթ հետապնդող մասնավոր աուդիտորական կազմակերպությունների աշխատակիցների միջին վարձատրությանը: Նշված առաջարկության կապակցությամբ կրկին ուշադրություն ենք հրավիրում Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու իրավունքի մանրամասներն օրենքով սահմանելու պահանջին:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ ՀՀ Սահմանադրությամբ անկախությամբ օժտված մյուս մարմինների (օրինակ՝ ՄԻՊ, ԲԴԽ, ինքնավար մարմիններ և այլն) դեպքում ևս վարձատրության նմանօրինակ կարգավորումներ նախատեսված չեն։ Ընդ որում, աշխատանքի վարձատրության առաջարկվող կարգավորման նախադեպ չլինելու հանգամանքից բացի, դրա նախատեսումը կարող է հանգեցնել նաև մյուս մարմինների կողմից վարձատրության համապատասխան մեխանիզմի ներդրման ակնկալիքի կամ պահանջի ձևավորման, ինչը, բնականաբար, կհանգեցնի հանրային իշխանության բոլոր մարմինների համար վարձատրության քաղաքականության հարցում կիրառվող միասնական սկզբունքի շեղման։

Վերոնշվածով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով, որ հարկատուների կողմից վճարվող հարկերի հաշվին միայն առանձին պետական մարմնի աշխատակիցների աշխատանքի վարձատրության առաջարկվող կարգավորումը հակասում է նաև հանրային իշխանության բոլոր մարմինների համար վարձատրության քաղաքականության հարցում կիրառվող միասնական սկզբունքին, ուստի առաջարկում ենք աշխատանքի վարձատրության կարգավորումների հարցը դիտարկել ընդհանուր վարձատրության քաղաքականության համատեքստում՝ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակներում:

Բացի այդ, հայտնում ենք նաև, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում նշված անձանց կենսաթոշակի իրացման համար հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը, ուստի «Հաշվեքննիչ պալատի նախագահի» և «Հաշվեքննիչ պալատի անդամի» գործակիցների տողերն ուժը կորցրած ճանաչելը կարող է հնարավոր խոչընդոտ հանդիսանալ, վերջիններիս կենսաթոշակի իրավունքն իրացնելիս։

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար, չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով, նախատեսվում է Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է պետական բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի երկու տոկոսին (գործող օրենքով այն հաշվարկվում է Հաշվեքննիչ պալատի համար նախատեսված ծախսերի /առանց աշխատակիցների խրախուսման և համակարգի զարգացման նպատակային ֆոնդի գծով ծախսերի/ ընդհանուր գումարի երկու տոկոսի չափով):

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորումների պարագայում Հաշվեքննիչ պալատի համար պահուստային ֆոնդի առկայությունն արդարացված չէ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պալատի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ բյուջետավորվում են, իսկ այլ ծախսերի մասով պահուստային ֆոնդի նախատեսումը չունի օբյեկտիվ հիմնավորում:

Վերոգրյալով պայմանավորված հայտնում ենք, որ նախագծի նշված դրույթների ընդունումը և առաջարկվող տարբերակով Հաշվեքննիչ պալատի բյուջեի ձևավորումը կարող է առաջացնել անկառավարելի ֆիսկալ ռիսկեր, որը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով, ուստի առաջարկում ենք Հաշվեքննիչ պալատում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորել բացառապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

16․ Նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշվեքննիչ պալատին անհատույց և ազատ կերպով առցանց հասանելի են Հայաստանի Հանրապետության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների կողմից վարվող թղթային և էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններն ու համակարգերը, տեղեկություններն ու փաստաթղթերը։ Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ Հաշվեքննիչ պալատի գործառույթներն իրականացնելիս Հաշվեքննիչ պալատի համար ապահովվում է, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հիման վրա տվյալների մշակողների կողմից շտեմարանների, ինչպես նաև օրենքով պահպանվող գաղտնիքի հասանելիությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կարծում ենք, որ առանց անձի համաձայնության վերջինիս անձնական տվյալներին (բժշկական, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններին) Հաշվեքննիչ պալատի, ըստ էության, անսահմանափակ հասանելիությունը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում ամրագրված սկզբունքներին, ուստի գտնում ենք, որ հասանելիությունն անձնական տվյալներին կարող է ապահովվել բացառապես, երբ անձը, օրինակ, բժշկական օգնությունը կամ համապատասխան ծրագրի (օրինակ որևէ գյուղատնտեսական ծրագրի) շրջանակներում վարկային միջոցներն ստացել է պետական ֆինանսավորմամբ (հանրային ռեսուրսի օգտագործմամբ) և բացառապես կոնկրետ հաշվեքննության առաջադրանքի շրջանակներում, այլ ոչ թե մշտական հիմունքներով, ուստի առաջարկում ենք համապատասխան լրացումները կատարել ոլորտային օրենքներում՝ չշեղվելով վերը նշած սկզբունքներից: Միևնույն ժամանակ, առաջարկում ենք նախագծում հստակեցնել, որ կոնկրետ հաշվեքննության շրջանակներում համապատասխան տեղեկատվական համակարգերին Հաշվեքննիչ պալատի հասանելիությունն ապահովվում է տեղեկատվական անվտանգության առնվազն ISO/IEC 27001 ստանդարտին Հաշվեքննիչ պալատի համապատասխանության դեպքում:

17․ Նախագծի 41-րդ հոդվածով սահմանվում են Հաշվեքննիչ պալատում պաշտոնի նշանակվելու պայմանները, այդ թվում` աշխատանքային փորձի հետ կապված: Մասնավորապես, հաշվեքննություն իրականացնող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման՝ վարչության պետի և տեղակալի, հաշվեքննության ավագ կառավարչի, առաջին և երկրորդ դասի ավագ հաշվեքննողի համար պարտադիր է Հաշվեքննիչ պալատում աշխատանքային փորձի առկայությունը:

Այս առումով՝ հայտնում ենք, որ անհասկանալի է վերը նշված պաշտոնների համար Հաշվեքննիչ պալատում պարտադիր աշխատանքային փորձի առկայության պահանջի սահմանումն այն դեպքում, երբ մյուս բոլոր պաշտոնների պարագայում (այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամների) սահմանված են աշխատանքային փորձի այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ աուդիտորական կազմակերպություններում աշխատանքը:

Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված պաշտոնների համար Հաշվեքննիչ պալատում պարտադիր աշխատանքային փորձի առկայության պահանջի սահմանումը խնդրահարույց է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիության սկզբունքից։

18. Առաջարկում ենք նախագծի 41-րդ հոդվածի 4-րդ մասում «աուդիտորական կազմակերպությունում ղեկավարի» բառերը փոխարինել «աուդիտորական կազմակերպությունում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի» բառերով:

19. Հաշվի առնելով, որ օրենսդրությամբ «սկսնակ աուդիտոր» հասկացություն սահմանված չէ, հետևաբար, նախագծի 41-րդ հոդվածի 10-րդ մասը ենթակա է վերանայման:

20․ Նախագծի 47-րդ հոդվածը վերաբերում է Հաշվեքննիչ պալատի ծառայողին պաշտոնից ազատելուն, մինչդեռ 2-րդ մասով նախատեսվում է լիազորության դադարման հիմք: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անհրաժեշտ է նախագծում առանձին տարբերակել լիազորության դադարման և պաշտոնից ազատման հիմքերը:

II․ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․

Նախագծով առաջարկվում է «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված արտաքին գնահատման պահանջը չկիրառել Հաշվեքննիչ պալատի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների նկատմամբ:

Վերը նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ մասնագիտացված կառույցն իրականացնում է հսկողություն իր անդամ աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման պահանջների պահպանման նկատմամբ, ինչպես նաև իրականացնում է իր անդամ աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների կողմից մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում:

Միաժամանակ, Հաշվեքննիչ պալատն օրենքի իմաստով չի հանդիսանում աուդիտորական կազմակերպություն և օրենքի իմաստով չի մատուցում աուդիտորական ծառայություններ, հետևաբար, օրենքով սահմանված արտաքին գնահատման չի կարող ենթարկվել:

Հայտնում ենք նաև, որ նախագծով Հաշվեքննիչ պալատի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամների և հաշվեքննողների նկատմամբ սահմանված է աուդիտորի որակավորում ունենալու, այլ ոչ թե մասնագիտացված կառույցին անդամակցելու պահանջ: Իսկ արտաքին գնահատման ենթակա են միայն մասնագիտացված կառույցի անդամները:

Այնուամենայնիվ, եթե Հաշվեքննիչ պալատի նախագահը, Հաշվեքննիչ պալատի անդամները և հաշվեքննողներն անդամակցեն մասնագիտացված կառույցին, նրանք պետք է ապահովեն օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման պահանջները, որոնց պահպանման նկատմամբ մասնագիտացված կառույցն օրենքի համաձայն պետք է իրականացնի հսկողություն: Ընդ որում, նման հսկողության բացառումն անհասկանալի է և հակասում է աուդիտորական գործունեության ոլորտում կատարված բարեփոխումների նպատակներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

III․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 182.3-րդ հոդվածով, մինչդեռ օրենսգրքում արդեն իսկ առկա է 182.3-րդ հոդված, ուստի նախագիծն անհրաժեշտ է վերանայել:

Միաժամանակ, առաջարկվում է վերանայել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 182․3-րդ հոդվածի դիսպոզիցիան՝ տարանջատելով վարչական իրավախախտումների տեսակները և վարչական տույժերը սահմանելով համաչափորեն։

IV․ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծով նախատեսվում է օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 17-րդ կետով: Նախ հարկ է նշել, որ օրենսդրական ակտերի հոդվածները բաժանվում են մասերի, այլ ոչ՝ կետերի, բացի այդ, եթե նախագծով նախատեսվում է 9-րդ հոդվածը լրացնել 17-րդ մասով, ապա հարկ է նշել, որ օրենքի 9-րդ հոդվածում արդեն իսկ առկա է 17-րդ մաս:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ օրենքի 9-րդ հոդվածով կարգավորված են օրենքի անցումային դրույթները, որոնք արդեն իսկ ուժի մեջ մտած և իրագործված կարգավորումներ են պարունակում, ուստի հայտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումը չի կարող լրացվել անցումային դրույթներում՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան