ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2023 թվականի N 1355-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 167-րդ հոդվածի 2-րդ, 168-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերը» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ԱՏԳ ԱԱ 30 ապրանքային խմբում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ հաստատված բժշկական արտադրատեսակների ԱՏԳ ԱԱ խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.».
3) որոշման N 7 հավելվածի՝
ա. 1-ին կետում «դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք)» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 30 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ հաստատված բժշկական արտադրատեսակների» բառերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եզրակացություն ստանալու նպատակով հայտարարատուն փոստային առաքմամբ կամ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որին կցվում են՝
1) ոչնչացում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը.
2) ֆիզիկական անձանց կողմից բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար ոչնչացման ենթակա արտադրանքի ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները կամ ձեռքբերման փաստաթղթերը.
3) առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծում իրականացնելիս կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում ներմուծում իրականացնելու դեպքում կամ արտադրանքի պետական գրանցման, գիտաժողովների, ցուցահանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված նմուշները ներմուծելու դեպքում կամ արտադրանքի կլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշների ներմուծում իրականացնելու դեպքում՝ ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաև դեղագործական արտադրանքի տվյալ խմբաքանակի նմուշառման ակտը, փորձագիտական եզրակացությունը, դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիրը, կամ ներմուծման հավաստագրի բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված դեղերի ներմուծումը մերժելու մասին հրամանը (բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշառում չի իրականացվում, չի տրամադրվում փորձագիտական եզրակացություն և դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր).
4) ներմուծվող բժշկական արտադրատեսակների դեպքում` ոչնչացման ենթակա խմբաքանակի ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռքբերման փաստաթղթերը, ներմուծման հավաստագիրը կամ ներմուծման հավաստագրի բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված ներմուծումը մերժելու մասին հրամանը (բացառությամբ այն դեպքերի, երբ չի տրամադրվում ներմուծման հավաստագիր), բժշկական արտադրատեսակների կիրառման կամ շահագործման ձեռնարկները (եթե կիրառելի է), ոչնչացման կամ օգտահանման ուղեցույց տրված արտադրողի կողմից (առկայության դեպքում)։»,
գ. 7-րդ կետը «դեղերի» բառից հետո լրացնել «, բժշկական արտադրատեսակների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական: