ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 43/19
ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի մարտի 8-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1959 թվականին ծնված և Երևանում բնակվող, Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Ղազարյանի և տկն Մ. Բաղդասարյանի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Սամվել Մայրապետյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի հունվարի 2-ին Դատարան ներկայացված (թիվ 43/19) գանգատը,
կալանքի տակ գտնվելիս դիմումատուի առողջական վիճակի վատթարացման, շտապ բուժում ստանալու նպատակով արտասահման մեկնելու համար թույլտվությունն իշխանությունների կողմից մերժելու, ինչպես նաև կալանավորման ընթացքում համապատասխան դեղամիջոցի և դիետիկ սննդի ենթադրյալ բացակայության դեմ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հիման վրա բերված բողոքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ պատասխանող Կառավարության նկատմամբ միջանկյալ միջոց սահմանելու մասին որոշումը և այդ միջանկյալ միջոցը կիրառելու փաստը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Դիմումատուն, որը հայտնի գործարար է, հայկական հեռուստաալիքի սեփականատեր և տնօրեն, գտնվում է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետ առնչվող քրեական գործով հետախուզման մեջ: 2018 թվականի հոկտեմբերի 6-ին նա կալանավորվել և ընդունվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
2. Դիմումատուն տառապում է, ի թիվս այլնի (inter alia), լեղաքարային հիվանդությամբ և քրոնիկ պանկրեատիտով: 2016 թվականի նոյեմբերին գտնվելով կրիտիկական վիճակում (որովայնի շրջանում սուր ցավեր, պանկրեատիտ և տոքսիկ շոկ)՝ նա Երևանում շտապ ենթարկվել է էնդոսկոպիկ վիրահատության։ Կարճ ժամանակ անց նա շնչառական անբավարարություն է ունեցել և ընկել է արհեստական կոմայի մեջ (միացված է եղել արհեստական շնչառության սարքին): Դիմումատուն շտապ տեղափոխվել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կլինիկա, որտեղ նա սեպսիսի և բազմաթիվ պանկրեատիկ թարախակույտերով նեկրոտիզացնող սուր պանկրեատիտի դեմ ստացել է ստացիոնար բուժում, այդ թվում՝ բուժում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա վերադարձել է Հայաստան 2017 թվականի մայիսին և իր բուժումը շարունակել է գերմանացի բժշկի հսկողության ներքո։
3. 2018 թվականի հոկտեմբերի 15-ին դիմումատուին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նույն օրը Հայաստանում դիմումատուին բուժող բժիշկ Մ-ն այցելել է նրան։ Բժիշկը նշել է այն բժշկական զննությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել, և նշանակել է երեք տեսակի դեղամիջոց։ Նա նաև նշել է, որ դիմումատուն պետք է հետևի իր սննդակարգին՝ հաճախակի ընդունելով փոքր քանակությամբ տաք սնունդ։ Նույն օրը դիմումատուն իր խցում սննդի տաքացուցիչ տեղադրելու թույլատրման պահանջով գրավոր դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա սնունդը պետք է ուտի փոքր չափաբաժիններով, և որ այն պետք է լինի միջին ջերմաստիճանի: Պահանջով դիմումը բավարարվել է։
4. Դիմումատուն 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ենթարկվել է ուլտրաձայնային հետազոտության, որը ցույց է տվել, ի թիվս այլնի (inter alia), լեղապարկում և երիկամի ստորին բևեռի գավաթում քարերի առկայություն։
5. 2018 թվականի դեկտեմբերի 25-ին դիմումատուն ընդունվել է մասնավոր կլինիկա, որտեղ մնացել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 28-ը։ Վերջին օրը, հիմք ընդունելով դիմումատուի հետազոտությունների արդյունքները, մի շարք վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի շրջանակներում, համատեղ կարծիք են հայտնել, որում եզրակացրել են, որ լեղապարկի քարը տեղաշարժվել է ընդհանուր լեղածորան, ինչը հանգեցրել է կրկնվող սուր պանկրեատիտի, և խորհուրդ են տվել լեղապարկի քարը հեռացնել ընդհանուր լեղածորանից ԷՌԽՊԳ-ի միջոցով (էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա): Այնուամենայնիվ, հաշվի առնելով դիմումատուի նախկինում տարած նեկրոտիկ պանկրեատիտը և նախկինում իրականացված ԷՌԽՊԳ-ի հետ կապված բարդությունները և պերիպանկրետային թարախակույտերի տրանսլյումինալ դրենավորման անհրաժեշտությունը՝ մեկ այլ էնդոսկոպիկ միջամտության վտանգը կարող էր հանգեցնել պանկրեատիտի սրացման՝ իր հետագա բարդությունների հետ միասին: Հետևաբար բժիշկների կոնսիլիումը խորհուրդ է տվել, որ դիմումատուն բուժում ստանա նույն արտասահմանյան կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել էր։
6. Միևնույն ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ դիմումատուին գրավի դիմաց ազատ է արձակել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
7. 2019 թվականի հունվարի 2-ին դիմումատուն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն միջնորդություն է ներկայացրել՝ հայցելով Դատարանին պատասխանող Կառավարությունից պահանջել վերադարձնելու իր անձնագիրը և թույլատրել իրեն մեկնել Գերմանիա՝ կյանքի ցուցումով բժշկական օգնություն ստանալու համար:
8. Պատասխանող Կառավարությունից տեղեկություն ստանալուց հետո և ի պատասխան դիմումատուի ներկայացրած փաստարկներին՝ 2019 թվականի հունվարի 17-ին Դատարանը (հերթապահ դատավորը) որոշել է 39-րդ կանոնի համաձայն պահանջել պատասխանող Կառավարությունից անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր (այն ժամանակ) ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով տրանսլյումինալ դրենավորում (տե՛ս ստորև 9-րդ պարբերությունը):
9. 2019 թվականի հունվարի 23-ին Առողջապահության նախարարի կողմից հրավիրված բժշկական կոնսիլիումի կողմից նշվել է, որ դիմումատուին ցուցված է ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դրենավորում, մինչդեռ Հայաստանում նման բժշկական միջամտություն չի կատարվում համապատասխան սարքավորումների և փորձի բացակայության պատճառով։ Կոնսիլիումի կողմից նաև նշել է, որ Հայաստանում չի կիրառվում պերիպանկրետային թարախակույտերը և նեկրոտիկ հյուսվածքները վերացնելու այնպիսի մեթոդներ, որոնք ունեն արդյունավետության և անվտանգության այնպիսի մակարդակ, որը համեմատելի կլինի տրանսլյումինալ դրենավորման հետ:
10. 2019 թվականի հունվարի 24-ին դիմումատուի խափանման միջոցը (գրավը) փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, և նրան թույլատրվել է բուժման նպատակով մեկնել Գերմանիա։
11. 2019 թվականի հունվարի 26-ին դիմումատուն մեկնել է Գերմանիա և ըստ ներկայացված բժշկական ապացույցների՝ ստացել է անհրաժեշտ բուժում։
12. 2019 թվականի օգոստոս և հոկտեմբեր ամիսներին դիմումատուի ներկայությունը քննչական մարմնում ապահովելուն ուղղված փորձերից հետո՝ 2020 թվականի մարտի 3-ին, քննիչը որոշել է վերացնել անձնական երաշխավորությունը և հայցել է դիմումատուին կալանավորելու վերաբերյալ դատարանի թույլտվությունը։
13. 2020 թվականի մարտի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել դիմումատուին կալանավորելու վերաբերյալ։ Դիմումատուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
14. 2021 թվականի մարտի 12-ի դրությամբ, երբ կողմերի միջև դիտարկումների փոխանակումն ավարտվել է, դիմումատուն չի վերադարձել Հայաստան։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
15. Դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին Կառավարության առարկությանը, քանի որ գանգատն ամեն դեպքում անընդունելի է ստորև ներկայացված պատճառներով։
16. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը տարածվում է ծանր հիվանդությամբ տառապող անձանց փաստարկների վրա այն դեպքում, երբ հանգամանքների համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն է կրում պետությունը (տե՛ս, օրինակ, «Էլ-Սի-Բի»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom] գործով վճիռը, 1998 թվականի հունիսի 9, §§ 36-41, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998‑III, որը վերաբերում է լեյկոզով տառապող դիմումատուին, «Ջի-Էն»-ը և այլք ընդդեմ Իտալիայի [G.N. and Others v. Italy] գործով վճիռը, թիվ 43134/05, §§ 69-70, 2009 թվականի դեկտեմբերի 1, որը վերաբերում է կյանքին սպառնացող պոտենցիալ հիվանդությամբ՝ հեպատիտով տառապող դիմումատուներին, Խրիստոզովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Hristozov and Others v. Bulgaria] գործով վճիռը, թիվ 47039/11 և 358/12, §§ 8 և 106-08, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ), որը վերաբերում է IV կլինիկական փուլում գտնվող քաղցկեղի տարբեր ձևերով տառապող դիմումատուներին)։ Ավելին, 2-րդ հոդվածի համաձայն կարող է խնդիր ծագել այն դեպքում, երբ ապացուցվում է, որ Պայմանավորվող պետության իշխանությունները վտանգի են ենթարկել անհատի կյանքը՝ մերժելով տրամադրել այն բժշկական օգնությունը, որը նրանք որպես կանոն հանձնառել են հասանելի դարձնել բնակչությանը (տե՛ս Լոպեշ դե Սոուզա Ֆերնանդեշն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]] գործով վճիռը, թիվ 56080/13, § 173, 2017 թվականի դեկտեմբերի 19):
17. Ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուն կալանքի տակ գտնվելիս ունեցել է կյանքին սպառնացող առողջական խնդիրներ։ Նա մինչև իր կալանավորումը տառապել է լեղաքարային հիվանդությամբ և քրոնիկ պանկրեատիտով և 2016 թվականի նոյեմբերին առողջական վիճակը կտրուկ վատթարանալուց հետո համապատասխան բուժում է ստացել Գերմանիայում (տե՛ս վերը նշված 2-րդ պարբերությունը)։ Թեև վերադառնալուց հետո դիմումատուն շարունակել է գտնվել բժշկի հսկողության տակ, այնուամենայնիվ, ոչինչ չի վկայում այն մասին, որ նրա առողջական վիճակն առնվազն իր կալանավորման պահին չի ենթադրել ավելին, քան պարբերաբար բժշկական զննություն և համապատասխան բժշկական ցուցումների կատարում: Գործի նյութերում առկա չէ որևէ այնպիսի տարր, որը կվկայի այն մասին, որ իշխանությունները, ունենալով դիմումատուի առողջական վիճակի մասին ցանկացած կոնկրետ տեղեկություն, վտանգել են նրա կյանքը (համեմատի՛ր և հակադրի՛ր Ավտանաշն ընդդեմ Ռումինիայի [Aftanache v. Romania] գործով վճիռը, թիվ 999/19, §§ 52 և 53, 2020 թվականի մայիսի 26): Ավելին, երբ պարզ է դարձել, որ դիմումատուի առողջական վիճակով պայմանավորված անհրաժեշտ է լրացուցիչ բժշկական միջամտություն իրականացնել, նա գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից՝ առողջական վիճակի հիմքով (տե՛ս վերևում 5-րդ և 6-րդ պարբերությունները), և Առողջապահության նախարարի կողմից հրավիրված բժշկական կոնսիլիումի կարծիքներն ստանալուց հետո (տե՛ս վերևում 9-րդ պարբերությունը) կիրառված միջանկյալ միջոցը վերացվել է, և դիմումատուին թույլատրվել է մեկնել Գերմանիա, որտեղ նա ստացել է անհրաժեշտ բուժում (տե՛ս վերևում 10-րդ և 11-րդ պարբերությունները):
18. Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ դիմումատուն այլևս չի կարող պնդել, որ ինքը այդ բողոքների առնչությամբ դարձել է 2-րդ հոդվածի խախտման զոհ, և գտնում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ratione personae (իրավախախտման սուբյեկտի գործոնի) անհամատեղելիության հիմքով:
19. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա բերված բողոքներին, ապա ազատությունից զրկված անձանց ցուցաբերվելիք բժշկական օգնության առնչությամբ համապատասխան սկզբունքներն ամփոփ ներկայացված են Բլոխինն ընդդեմ Ռուսաստանի ([ՄՊ][Blokhin v. Russia] ([GC], թիվ 47152/06, §§ 135-37, 2016 թվականի մարտի 23) գործով Դատարանի վճռում։
20. Գործում առկա նյութերի համաձայն՝ դիմումատուի կալանավորման ընթացքում, որը համեմատաբար կարճատև է եղել՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 27-ը, նա ունեցել է իր ընտրած բժիշկների ծառայությունների անսահմանափակ հասանելիություն և ընդունվել է քաղաքացիական հիվանդանոցներ, այդ թվում՝ մասնավոր կլինիկաներ՝ անհրաժեշտության դեպքում բժշկական զննություն անցնելու համար (տե՛ս վերևում 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերությունները): Հետևաբար ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուին համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել նրա կալանավորման ընթացքում (համեմատի՛ր և հակադրի՛ր Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Harutyunyan v. Armenia] գործով վճիռը, թիվ 34334/04, § 115, 2010 թվականի հունիսի15): Թեև կալանավորման տակ գտնվելու ընթացքում դիմումատուի առողջական վիճակը վատթարացել է, այնուամենայնիվ, առկա չեն բժշկական ապացույցներ այն մասին, որ դա պայմանավորված է եղել իշխանությունների կողմից նրան համապատասխան բժշկական օգնությամբ չապահովելով, այլ ոչ թե նրա հիվանդության բնականոն ընթացքով (տե՛ս վերևում 2-րդ պարբերությունը):
21. Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուին իր բուժող բժշկի կողմից նշանակված երեք դեղամիջոցներից միայն մեկն է հասանելի եղել քրեակատարողական ծառայության դեղատան պահեստում, և ընդունել է, որ դիմումատուն անհրաժեշտ դեղամիջոցն ստացել է իր հարազատների միջոցով։ Այնուամենայնիվ, Դատարանը համարել է, որ ինչ վերաբերում է կալանավորված անձանց բժշկական օգնություն տրամադրելուն, ապա պետությունները պարտավոր են իրենց միջոցների սահմաններում տրամադրել բժշկական օգնություն (տե՛ս Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի [Aleksanyan v. Russia] գործով վճիռը, թիվ 46468/06, §148, 2018 թվականի դեկտեմբերի 22): Մասնավորապես Դատարանը գտել է, որ այն հանգամանքներում, երբ դիմումատուին անհրաժեշտ դեղամիջոցը չի տրամադրվել քրեակատարողական հիմնարկի դեղատան պահեստից, այլ նրան հաջողվել է դա ստանալ իր հարազատների միջոցով, ինչպես նաև նկատի ունենալով այն փաստը, որ դիմումատուն չի պնդել, որ այդ դեղամիջոցների ձեռքբերումը չափազանց մեծ ֆինանսական բեռ է եղել իր կամ իր հարազատների համար, ուստի ազատազրկման վայրի դեղատանը համապատասխան դեղամիջոցի բացակայությունը, որպես այդպիսին, չի հակասում 3-րդ հոդվածին (տե՛ս նույն տեղում, § 149):
22. Այնքանով, որքանով դիմումատուն բողոքել է, որ ազատազրկման վայրի ղեկավարությունը չի տրամադրել իր սննդակարգին համապատասխան սնունդ, Դատարանը նշում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դիմումատուին այցելելիս նրա բուժող բժիշկը պարզապես նշել է, որ դիմումատուն պետք է փոքր չափաբաժիններով դիետիկ սնունդ ընդունի, և որ սնունդը պետք է լինի միջին ջերմաստիճանի: Սննդակարգի վերաբերյալ հատուկ ցուցումներ չեն տրվել: Իր հերթին դիմումատուն, նկատի ունենալով իր սննդակարգի անհրաժեշտությունը, խնդրել է, որ խցում տաքացուցիչ տեղադրվի՝ սնունդը տաքացնելու համար, ինչն անմիջապես տրամադրվել է (տե՛ս վերևում 3-րդ պարբերությունը): Այդ հանգամանքներում դիմումատուի պնդումն այն մասին, որ ինքը հատուկ սննդակարգի կարիք է ունեցել՝ հիմք ընդունելով նրա կնոջ գրավոր հայտարարությունը, համաձայն որի՝ վերջինս պարտավորվել է դիմումատուին ամեն օր ապահովել սնունդով, բավարար չէ եզրակացնելու, որ դիմումատուի համար բժշկի կողմից նշանակված հատուկ սննդակարգ ապահովելն առնվազն նրա կալանավորման ընթացքում չի իրականացվել իշխանությունների կողմից։ Ամեն դեպքում ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուն խնդրել է իրեն հատուկ սնունդ տրամադրել, և որ նրա խնդրանքը մերժվել է (համեմատի՛ր և հակադրի՛ր Էբեդին Աբին ընդդեմ Թուրքիայի [Ebedin Abi v. Turkey] գործով վճիռը, թիվ 10839/09, §§ 33 և 34, 2018 թվականի մարտի 13)։ Ինչպես նշվեց վերևում, նա պարզապես թույլտվություն է խնդրել ազատազրկման վայրի ղեկավարությունից սննդի տաքացուցիչ ունենալու համար, ինչը տրամադրվել է:
23. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 31-ին։
Իլզե Ֆրայվըրթ՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Յոլիեն Շուկինգ` Նախագահ |
