ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2017 թվականի N 347-Ն
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԵՏՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 14.05.20 N 750-Ն)
1. Սահմանել զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 393-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն որոշման դրույթները տարածվում են մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրը ծագած հարաբերությունների վրա:»:
(2-րդ կետը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԵՏՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ
(վերնագիրը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են զինծառայողներին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի (այսուհետ` օրենքով սահմանված տուժանք) կիրառման, տուժանքի չափերի հաշվարկման և զինծառայողին ներկայացման, տուժանքը զինծառայողի կողմից վճարելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
2. Սույն կարգի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված տուժանք կիրառվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում սահմանված հիմքերով (այսուհետ` օրենքով սահմանված հիմք) հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս, եթե զինծառայողը չունի պարտադիր զինվորական ծառայության` օրենքով սահմանված չծառայած ժամկետ:
(2-րդ կետը փոփ. 14.05.20 N 750-Ն, լրաց. 03.08.23 N 1312-Ն)
3. Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված տուժանքը հաշվարկվում է հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա յուրաքանչյուր լրիվ չծառայած տարիների և օրենքով սահմանված տուժանքի չափի արտադրյալով` հետևյալ բանաձևով. ԸՏ = ՈԼՏ X ՏՉ, որտեղ`
ԸՏ-ն (ընդհանուր տուժանք)` տուժանքի ընդհանուր գումարն է,
ՈԼՏ-ն (ոչ լրիվ տարիներ)` լրիվ չծառայած տարիների հանրագումարն է,
ՏՉ-ն (տուժանքի չափ)` յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց օրենքով սահմանված տուժանքի չափն է:
(3-րդ կետը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
4. Սույն կարգի 3-րդ կետի կիրառման իմաստով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության լրիվ ծառայած տարի է համարվում համապատասխան հաստատությունը (դասընթացը, կրթությունը, ուսումնառությունը) ավարտելու օրվան (ավարտական քննության, ավարտական ստուգարքի կամ ուսումնառության ավարտ հանդիսացող այլ հանգամանքի օրը) հաջորդող 365-րդ օրը լրացած ժամանակահատվածը` ըստ առաջին տասը տարիների հաջորդականության:
(4-րդ կետը փոփ. 14.05.20 N 750-Ն, լրաց. 03.08.23 N 1312-Ն)
5. Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա ընթացքում օրենքով սահմանված հիմքով զինվորական ծառայությունից արձակվելու ցանկություն ունեցող զինծառայողը զեկուցագիր է ներկայացնում իր ծառայության առաջին տասը տարվա վայրի զորամասի հրամանատարին (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին), իսկ պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողը` կադրային ստորաբաժանման ղեկավարին, որում նշվում է զինվորական ծառայությունից արձակելու հիմքը: Զինծառայողի զեկուցագիրն ստացած հրամանատարը պարտավոր է ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիրը` կից գրությամբ, ուղարկել պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանում: Պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը զորամասից ստացված փաստաթղթերը կադրային մարմնում մուտք լինելու կամ պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողի զեկուցագիրը կադրային մարմնում մուտք լինելու կամ զինվորական ծառայությունից արձակումն առանց զինծառայողի համաձայնության իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված հիմքի ծագման, օրվանից հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում զինծառայողի ծառայությունից արձակումը համաձայնեցնում է պետական լիազոր մարմնի շահագրգիռ ստորաբաժանումների հետ և օրենքով սահմանված տուժանքի ընդհանուր գումարի չափի ու գումարը վճարելու բանկային հաշվի համարի վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր ներկայացնում է զինծառայողին:
(5-րդ կետը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
6. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն օրենքով սահմանված տուժանքի ընդհանուր գումարի չափի վերաբերյալ զինծառայողի կողմից առարկություն չլինելու դեպքում զինծառայողը գումարը 10-օրյա ժամկետում վճարում է համապատասխան բանկային հաշվի համարին, և վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը ներկայացնում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանում, որը դրանք կցելով զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանի նախագծին` 3-օրյա ժամկետում ներկայացնում է զինծառայողին ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող հրամանատարին (պետին)` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով ու ժամկետում զինծառայողի արձակումն իրականացնելու համար:
(6-րդ կետը փոփ. 14.05.20 N 750-Ն)
7. Օրենքով սահմանված տուժանքի ընդհանուր գումարի չափի հետ համաձայն չլինելու դեպքում զինծառայողը կադրային ստորաբաժանման ղեկավարի անունով ներկայացնում է զեկուցագիր, որում նշվում է գումարի չափի վերաբերյալ առարկության հիմնավորումը: Եթե առարկությունը հիմնավոր է, ապա գումարի չափը ենթակա է փոփոխման, որի վերաբերյալ զինծառայողին տեղեկացումը և զինծառայողի կողմից գումարի վճարումն իրականացվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն:
8. Օրենքով սահմանված հիմքով զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողի կողմից օրենքով սահմանված տուժանքը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում չվճարելու կամ վճարելուց հրաժարվելու դեպքում, ինչպես նաև եթե զինծառայողը ցանկություն չի հայտնել շարունակելու զինվորական ծառայությունը, պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրականացնում է զինծառայողի արձակումը զինվորական ծառայությունից և արձակման մասին հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում զինծառայողի և տուժանքի ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է պետական լիազոր մարմնի իրավաբանական ստորաբաժանում` օրենքով սահմանված տուժանքը դատական կարգով բռնագանձելու համար:
9. Սույն կարգի համաձայն իրականացվում է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված այլ պետական մարմին հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխված և տուժանքի վճարման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողին համապատասխան պետական մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում տուժանք վճարելու պահանջ ներկայացնելու գործընթացը:
(9-րդ կետը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
10. Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, ով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար և այդ ժամկետում նրա հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաև վճարված տուժանքի չափը և նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաև մինչև այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին:
(10-րդ կետը լրաց. 03.08.23 N 1312-Ն)
(հավելվածը փոփ. 14.05.20 N 750-Ն, լրաց. 03.08.23 N 1312-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |