Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3111/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3111/02/17

Նախագահող դատավոր՝  Ն Բարսեղյան

Դատավորներ՝

 Ա Խառատյան

 Ս Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի նոյեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Տիգրան Զալինյանի (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Արսուգրիգ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ձեռնարկատիրոջ` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ձեռնարկատիրոջ ընդդեմ Ընկերության` 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 13.299.320 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ձեռնարկատերը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2019 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը (ներկայացուցիչ Կարինե Լալաբեկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 866-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ, 53-րդ, 132-րդ հոդվածները, 09022018 թվականին ընդունված և 09042018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 27.07.2017 թվականի ակտում նշված «վարորդ Խաչատուրյան»-ը չի հանդիսանում Ձեռնարկատիրոջ աշխատակիցը և վերջինս չի իրականացրել բեռնափոխադրումը: Բացի այդ, ապրանքի անհամապատասխանության ակտը ստորագրած անձինք գործել են վերալիազորման կարգով տրված լիազորագրի հիման վրա, որը նոտարական վավերացում չի ունեցել: Գործում առկա է ապրանքի անհամապատասխանության ակտի երկու օրինակ, որոնցից մեկը կնքված է, իսկ մյուսը` ոչ, հետևաբար այն չի կարող արժանահավատ ապացույց որակվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել թվով 5 լուսանկարներ, որտեղ լոլիկները գտնվում են դեղին պլաստմասե արկղերում, մինչդեռ գործում առկա են այլ ապացույցներ, որ լոլիկները գտնվել են դարչնագույն ստվարաթղթե արկղերում։ Ավելին, Դատարանը չի անդրադարձել այն հարցին, որ եթե անգամ այդ լուսանկարներում պատկերված լոլիկը հանդիսանում է առաքված խմբաքանակի մաս, ապա արդյոք այդ լուսանկարները կարող են վկայել, որ առաքված լոլիկի 20,78 տոկոսը խոտանված է եղել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ձեռնարկատիրոջ կողմից Դատարան է ներկայացվել «Տերմոգրաֆ» սարքը, որը ֆիքսում է ջերմային և խոնավության տվյալները և եթե սարքի տեղադրման վայրում խախտվում է ջերմային կամ խոնավության ռեժիմը, ապա սարքն անմիջապես ազդանշաններ է ուղարկում։ Մինչդեռ եթե Դատարանի կողմից գնահատվեր նշված ապացույցը, ապա Դատարանը կարող էր հանգել հետևության, որ առաքված ապրանքը տեղափոխելու ընթացքում այդ ապրանքի տեղափոխման և ռեժիմի հետ կապվածորևէ խախտում տեղի չի ունեցել։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ պատասխանողը պարտավոր էր ներկայացնել, սակայն չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ ապրանքը հասցվել է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ` փոխադրման պայմանագրով նշանակետ, պատշաճ վիճակում, որ փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5%-ը։ Ընդ որում, նույնիսկ վերջին փաստի հաշվառմամբփոխադրողի մեղքը դրանում բացակայել է։ Մինչդեռ ապացուցման նման պարտականություն դնելով պատասխանողի վրա՝ Դատարանը խախտել է իր իսկ կողմից 27.09.2018 թվականին կայացված ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշումը: Մասնավորապես, ըստ այդ որոշման, ոչ թե պատասխանողը պետք է ապացուցեր, որ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ հասցնելու պահին լոլիկը եղել է պատշաճ վիճակում, այլ հայցվորը պետքէ ապացուցի, որ «պատասխանողը չի կատարել փոխադրման իր պայմանագրային պարտականությունները և բեռը չի հանձնել ստացողին պայմանագրով և օրենքով սահմանված կարգով»: Այսինքն՝ ոչ թե պատասխանողը պետք է ապացուցեր, որ փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5%-ը, այլ հայցվորը պետք է ապացուցեր, որ «փոխադրողի կողմից «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ ապրանքը հանձնելու պահին (20,78%) եղել է վնասված և որակազրկված»:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2019 թվականի որոշումը և հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով անվիճելի է, որ կողմերի միջև կնքված բեռնափոխադրման պայմանագրով հայցվորը պատասխանողին է հանձնել կոնկրետ քանակի և արժեքի բեռ, որը պետք է փոխադրվեր և հանձնվեր «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին, մինչդեռ վերջինս չի ընդունել այն՝ պատճառաբանելով, որ բեռի 20,78 տոկոսը խոտանված է։ Ստորադաս դատարաններն իրավացիորեն չեն կարևորել այն հարցը, թե 27.07.2017 թվականի ակտը ստորագրած վարորդը Խաչատուրյանն է, թե Վարդանյանը, քանի որ Վարդանյանի կողմից ակտը ստորագրած լինելը կամ չլինելը էական նշանակություն չունի սույն գործի լուծման համար։ Վարորդի կողմից ստորագրած լինելը կարող էր զուտ վկայել այն մասին, որ վերջինս ընդունում է ակտում նշված հանգամանքները, որն իր հերթին կվկայեր կողմերի միջև վեճի բացակայության մասին:Բողոք բերած անձը վիճարկում է ապրանքի անհամապատասխանության ակտը ստորագրած անձանց լիազորություննները՝ անտեսելով այն հանգամանքը, որ հենց ինքը պետք է հիմնավորեր իր պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու հանգամանքը, այն է՝ բեռը հենց ստացողին հանձնելու հանգամանքը: Բողոք բերած անձը պնդում է, որ այդ անձինք լիազորված չէին ստուգելու ապրանքի ամբողջականությունը և ընդունելու այն, հետևաբար, եթե բողոք բերած անձն այդ անձանց չի հանձնել իրեն վստահված ապրանքը, հարց է առաջանում, թե ում է հանձնել և ինչ ճակատագրի է այն արժանացել: Անդրադառնալով գործում առկա՝ ապրանքի անհամապատասխանության ակտի չկնքված օրինակին՝ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ դա որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել այն պայմաններում, երբ ակտի մյուս օրինակի վրա առկա է կնիք: Ավելին, դատաքննության ընթացքում հայցվոր կողմի այն հարցին, թե արդյոք ընդունում է, որ Ընկերության կողմից ուղարկված փաստաթղթերը հավաստի են և իրականում կազմվել են հենց այդ ընկերության կողմից, պատասխանող կողմի ներկայացուցիչը դրական պատասխան է տվել:

Ինչ վերաբերում է տերմոգրաֆ սարք տեղադրված լինելու հանգամանքին, ապա պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ այդ սարքը տեղադրված է եղել, գործարկվել է, հայցվորը հնարավորություն է ունեցել տեղեկանալու դրանում առկա ջերմաստիճանի մասին: Բացի այդ, պատասխանողը պետք է ապացուցեր` ոչ թե ինչ պատճառով բեռը չէր կարող տեղ հասնել, այլ այն, որ բեռի վնասը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով ապացուցման բեռի բաշխման հարցում Ձեռնարկատիրոջ եզրահանգմանը, նշել է, որ այդտեղ որևէ հակասություն առկա չէ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության (Մատակարար) և «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն (Գնորդ) միջև 15.05.2017 թվականին կնքված մրգերի և բանջարեղենների մատակարարման թիվ 138/2017 պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Մատակարարը պարտավորվել է վաճառել, իսկ Գնորդը վճարել և ընդունել պտղաբանջարեղենային արտադրանքը՝ Գնորդի կողմից հայտը ներկայացնելու ժամանակ կողմերի միջև համաձայնեցված և պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող բեռնագրերում նշված (СМР) մինչև 1000000 դոլար արժողությամբ տեսականիով, քանակով և գնով: Պայմանագրի 2.5 կետի համաձայն` գնորդին փոխանցվող ապրանքի որակը պետք է ճշգրտորեն համապատասխանի ապրանքին ուղեկցող փաստաթղթերում նշված քանակին:

Պայմանագրի 4.2 կետի համաձայն` Գնորդի կամ լիազորագրի հիման վրա գործող նրա ներկայացուցչի կողմից բեռնագրի ստորագրումը հանդիսանում է նրան ապրանքը փոխանցելու ապացույց, ինչպես նաև գնորդի համաձայնությունը ամեն առանձին Ապրանքի խմբաքանակի անվանման և քանակի հետ: Մատակարարը ընդունման պահին չհայտնաբերված ապրանքի թաքնված խոտանի նկատմամբ պահանջը ընդունում է Գնորդի կողմից նրա պահեստում ապրանքը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում: Ընդ որում, եթե Գնորդի կողմից ապրանքը ստանալու պահին կհայտնաբերվի անորակ ապրանքի ընդհանուր քանակի ավելի քան 5%, Գնորդն իրավունք ունի հրաժարվել ապրանքի ողջ խմբաքանակից, իսկ Մատակարարը պարտավոր է կարճ ժամկետներում դուրս բերել ողջ տվյալ ապրանքի խմբաքանակը Գնորդի պահեստից կամ փոխհատուցել Գնորդին ապրանքի օգտահանման հետ կապված նրա ծախսերը (հատոր 2-րդ, գ.թ. 27-35)։

2) Ընկերության (Պատվիրատու) և Ձեռնարկատիրոջ (Փոխադրող) միջև 17.07.2017 թվականին կնքված միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման թիվ 10/2017 պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Փոխադրողը պարտավորվել է Պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռը առաքել և հանձնել պայմանագրի 1.4 կետում նշված՝ բեռի ստացման վստահված անձին, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել բեռի փոխադրման համար պայմանագրով սահմանված վճարը:

Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վրա բեռի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 20.000 կգ:

Պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ բեռի ստացման համար լիազորված անձ է հանդիսանում բեռ ստացողի ներկայացուցիչը: Ստացողի լիազորությունները հաստատվում են Փոխադրողին ներկայացվող հետևյալ փաստաթղթերով.

-բեռը նույնականացնող փաստաթղթերի բնօրինակների լրիվ փաթեթը,

- անձնագիրը կամ ծառայողական վկայականը:

Պայմանագրի 2.1.6 կետերի համաձայն` Փոխադրողի պարտականությունները համարվում են կատարված Պատվիրատուին CMR ավտոտրանսպորտային վերադիրների պատճենների փոխանցումից հետո, որոնք պարտադիր կերպով հաստատված են բեռի ընդունում-հանձնումը հաստատող ստացողի ստորագրությամբ և կնիքով:

Պայմանագրի 3.2 կետի համաձայն` փոխադրման արժեքը վճարվում է փոխանցմամբ, Փոխադրողի կողմից Պատվիրատուին նշված հաշվին հետևյալ կերպ. 100% բեռը ստացողին նշանակման կետ հանձնելուց 3 բանկային օրվա ընթացքում:

Պայմանագրի 5.1 կետի համաձայն` նույն պայմանագրով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կողմերը փոխադարձ նյութական պատասխանատվություն են կրում:

Պայմանագրի 5.2 կետի համաձայն` Փոխադրողը պատասխանատվություն է կրում ճանապարհին փոխադրվող Բեռի ամբողջականության խախտման պատճառով Պատվիրատուի կրած վնասների համար, CMR կոնվենցիային համաձայն (հատոր 2-րդ, գ.թ. 8-12)։

3) 17.07.2017 թվականի թիվ 12/2017 բեռնափոխադրման հայտի համաձայն՝ հայտ ուղարկողն (պատվիրատու) է Ընկերություն, հայտ ընդունողն (կատարող) է Ձեռնարկատեր, վարորդ` Վարդանյան Վարդան (անձ. AR 0240371, տրվել է 21.03.2017թ., 013-ի կողմից), տրանսպորտի տեսակը՝ DAF 35 QT 160 / 02 L 311, տրանսպորտային միջոցների քանակը՝ 1 սառնարանային մեքենա, երթուղին՝ ՀՀ ք. Երևան-ՌԴ ք. Նովոսիբիրսկ, բեռի անվանումը՝ լոլիկ, բեռի քաշը, զբաղեցրած ծավալը, փաթեթավորումը` 20.000 կգ, բեռնման ամսաթիվը և ժամը՝ 17.07.2017 թվական, առաքման ժամկետը (բեռնափոխադրման ժամանակը) 7 աշխատանքային օր, հատուկ պայմաններ` 2 աշխատանքային օր բարձման և 3 աշխատանքային օր բեռնաթափման համար, բեռնափոխադրման հայտը երկկողմանի ստորագրելուց հետո, առաջացած խնդիրները լուծվում են երկկողմանի համաձայնության արդյունքում, բեռնափոխադրման արժեքը` 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (կանխիկ), 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (փոխանցում), վճարման պայմանները՝ բեռը տեղ հասնելու պես բեռնաթափելուց հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում (հատոր 2-րդ, գ.թ.13)։

4) 27.07.2017 թվականի արտադրանքի անհամապատասխանության մասին ակտի համաձայն՝ մատակարարն է Ընկերությունը, մեքենայի համարը՝ QT34160, արտադրանքի խմբաքանակը` լոլիկներ, խոտանված են` 20.78% փտած, գերհասունացած պտուղներ, խմբաքանակի ընդհանուր ծավալը` 18.415 կգ, արտադրանքը ժամանել է չկապարակնքված, հանձնաժողովի կազմը՝ հսկիչ 1՝ Յա. Շեվչենկո, հսկիչ 2՝ Վ.Ա. Կոնյուխով, մուտքային հսկողության տեխնոլոգ՝ Ե.Ն. Վեբեր վարորդ՝ Խաչատուրյան (հատոր 2, գ.թ. 1-3)։

5) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 18.07.2017 թվականի թիվ 0065700 և թիվ 0067301 բուսասանիտարական հավաստագրերի համաձայն՝ Ընկերությունը 34 QT160 02 Լ 311 փոխադրամիջոցով «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին է ուղարկել 2538 արկղ` 18 415 կգ (զտաքաշ) և 26 հատ (дер.поддоны)բուսասանիտարական պահանջներին համապատասխան լոլիկ (հատոր 2, գ.թ. 15-16)։

6) Միջազգային ապրանքատրանսպորտային թիվ 180717 բեռնագրի համաձայն՝ ուղարկողը՝ Ընկերությունն է, ստացողը՝ «Կամելոտ-Ա» ՍՊԸ, Փոխադրողը՝ Ձեռնարկատերը, փաթեթների քանակը նշված է 2538, որպես փաթեթավորման տեսակ նշված է ստվարաթղթե արկղեր,քարշակ/կիսակցորդ նշված է՝ 34QT160/02L311 (հատոր 2, գ.թ. 17-19)։

7) 18.07.2017 թվականի հաշիվ-ապրանքագրի համաձայն` վաճառող՝ Ընկերությունը գնորդ՝ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին ուղարկել է թարմ լոլիկներ, 2.538 արկղ, 18.415 կգ (զտաքաշ), 20.022 (ընդհանուր քաշ),25.781 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, ստվարաթղթե արկղերով, մեքենայի համար 34QT160/02L311(հատոր 2, գ.թ. 20-22)։

8) Ի պատասխան Տիգրան Զալինյանի 18.12.2017 թվականի գրության՝ «Գլոբալգիս» ՍՊԸ-ի տնօրեն Տավրոս Բաբայանը նշել է, որ ներկայացված սարքը (Xsense-systeem) օգտագործվում է հիմնականում գյուղմթերքների, սննդի և դեղագործական արտադրությամբ և/կամ պահպանմամբ, նաև տեղափոխմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։ (...) Շուտ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում կարող եք սարքի մեջ մուտքագրել անհրաժեշտ ջերմային ռեժիմի դիապազոնը և այդ ռեժիմի սահմանների խախտման դեպքում օգտատերը միանգամից նախազգուշական ազդանշան է ստանում իր մոնիտորին, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս արագորեն տեղեկանալ ջերմային ռեժիմի խախտման մասին (հատոր 3, գ.թ. 24)։

9) Դատարանը 27.09.2018 թվականի որոշմամբ կատարել է ապացուցման բեռի բաշխում (հատոր 3, գ.թ. 37-38)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 866-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացուցման բեռի բաշխմանը՝ միաժամանակ վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները` գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման խնդրի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528–րդ հոդվածի 1–ին կետի համաձայն` գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում: Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 529-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գնորդը, առանցօրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարիցչիընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունքունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանքընդունի:Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նաև պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին: Բացի այդ, ապրանքի համար վճարելու պահանջի իրավունքը մատակարարի մոտ առաջանում է այն դեպքում, երբ գնորդը, առանցօրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարիցչիընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց: Տվյալ դեպքում գնորդի կողմից ապրանքից հրաժարվելը պետք է արտահայտվի հստակ և լինի որոշակի: Այսինքն` գնորդը պետք է կատարի այնպիսի գործողություններ կամ դրսևորի այնպիսի անգործություն, որոնք օբյեկտիվորեն վկայում են ապրանքը չընդունելու կամ այն ընդունելուց հրաժարվելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 854-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 863-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը հատուցում է`

1) բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.

2) բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով.

3) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` դրա հայտարարված արժեքի չափով:

Բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվում կամ պայմանագրում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում` այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բեռի կամ ուղեբեռի պահպանված չլինելու պատճառների մասին փոխադրողի կազմած միակողմանի փաստաթղթերը (առևտրային ակտ, ընդհանուր ձևի ակտ և այլն) վեճի դեպքում, դատարանի կողմից ենթակա են գնահատման այդ հանգամանքները վկայող այլ փաստաթղթերի հետ միասին, որոնք կարող են հիմք ծառայել բեռ կամ ուղեբեռ փոխադրողի, առաքողի կամ ստացողի պատասխանատվության համար։

Նշված նորմերի վերլուծությունից նաև բխում է, որ բեռի կամ ուղեբեռի վնասվածքի համար փոխադրողը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, երբ վնասվածքը տեղի է ունեցել բեռը կամ ուղեբեռը փոխադրման համար ընդունելուց հետո մինչև այն ստացողին, նրա լիազորած անձին կամ այն ստանալու համար լիազորված անձին հանձնելը: Ընդ որում, այդ վնասվածքը պետք է տեղի ունեցած լինի այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը կարող էր կանխել, և այդ վնասվածքի վերացումը կախված է եղել իրենից:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:

Վերոգրյալ իրավադրույթների լույսի ներքո հարկ է արձանագրել, որ համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկիում կայացրած որոշմամբ անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից: Ապացուցման պարտականությունը բաշխելու նորմերը կազմված են ընդհանուր և հատուկ կանոններից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ձևակերպված է Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետում, որի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Բացի նշված ընդհանուր կանոնից, գոյություն ունեն նաև ապացուցման պարտականությունը բաշխելու հատուկ կանոններ, որոնք սահմանված են նյութական և դատավարական օրենսդրության նորմերով: Ընդ որում, ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքից և իր տրամաբանությամբ հանգում է հետևյալին. քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Արսուգրիգ» ՍՊԸ-ի (Մատակարար) և «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի (Գնորդ) միջև 15.05.2017 թվականի մրգերի և բանջարեղենների մատակարարման թիվ 138/2017 պայմանագիրը։ Պայմանագրի 2.5 կետի համաձայն` գնորդին փոխանցվող ապրանքի որակը պետք է ճշգրտորեն համապատասխանի ապրանքին ուղեկցող փաստաթղթերում նշված քանակին: Պայմանագրի 4.2 կետի համաձայն` Գնորդի կամ լիազորագրի հիման վրա գործող նրա ներկայացուցչի կողմից բեռնագրի ստորագրումը հանդիսանում է նրան ապրանքը փոխանցելու ապացույց, ինչպես նաև գնորդի համաձայնությունը ամեն առանձին Ապրանքի խմբաքանակի անվանման և քանակի հետ: Մատակարարն ընդունման պահին չհայտնաբերված ապրանքի թաքնված խոտանի նկատմամբ պահանջն ընդունում է Գնորդի կողմից նրա պահեստում ապրանքը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում: Ընդ որում, եթե Գնորդի կողմից ապրանքը ստանալու պահին կհայտնաբերվի անորակ ապրանքի ընդհանուր քանակի ավելի քան 5%, Գնորդն իրավունք ունի հրաժարվել ապրանքի ողջ խմբաքանակից, իսկ Մատակարարը պարտավոր է կարճ ժամկետներում դուրս բերել ողջ տվյալ ապրանքի խմբաքանակը Գնորդի պահեստից կամ փոխհատուցել Գնորդին ապրանքի օգտահանման հետ կապված նրա ծախսերը։

«Արսուգրիգ» ՍՊԸ-ի (Պատվիրատու) և Ա/Ձ Տիգրան Զալինյանի (Փոխադրող) միջև 17.07.2017 թվականին կնքված միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման թիվ 10/2017 պայմանագրի համաձայն՝ Փոխադրողը պարտավորվել է Պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռը, այն է՝ մինչև 20.000 կգ լոլիկն ավտոտրանսպորտային միջոցներով առաքել ստացողին:

Պայմանագրի 2.1.6 կետերի համաձայն` Փոխադրողի պարտականությունները համարվում են կատարված Պատվիրատուին CMR ավտոտրանսպորտային վերադիրների պատճենների փոխանցումից հետո, որոնք պարտադիր կերպով հաստատված են բեռի ընդունում-հանձնումը հաստատող ստացողի ստորագրությամբ և կնիքով: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` փոխադրման արժեքը վճարվում է փոխանցմամբ, Փոխադրողի կողմից Պատվիրատուին նշված հաշվին հետևյալ կերպ. 100% բեռը ստացողին նշանակման կետ հանձնելուց 3 բանկային օրվա ընթացքում: Պայմանագրի 5.1 կետի համաձայն` նույն պայմանագրով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կողմերը փոխադարձ նյութական պատասխանատվություն են կրում։

17.07.2017 թվականի թիվ 12/2017 բեռնափոխադրման հայտի համաձայն՝ հայտ ուղարկողն է «Արսուգրիգ» ՍՊԸ(պատվիրատու), հայտ ընդունողն է Ա/Ձ Տիգրան Զալինյանը (կատարող), վարորդ` Վարդանյան Վարդան (անձ. ARO 240371, տրվել է 21.03.2017 թվականին, 013-ի կողմից), երթուղին ՀՀ ք. Երևան-ՌԴ ք. Նովոսիբիրսկ, բեռի անվանումը՝ լոլիկ, բեռի քաշը, զբաղեցրած ծավալը, փաթեթավորումը` 20.000 կգ, բեռնման ամսաթիվը և ժամը՝ 17.07.2017 թվական, 7 աշխատանքային օր, հատուկ պայմաններ` 2 աշխատանքային օր բարձման և 3 աշխատանքային օր բեռնաթափման համար, բեռնափոխադրման հայտը երկկողմանի ստորագրելուց հետո, առաջացած խնդիրները լուծվում են երկկողմանի համաձայնության արդյունքում, բեռնափոխադրման արժեքը` 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (կանխիկ), 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (փոխանցում), վճարման պայմանները՝ բեռը տեղ հասնելու պես բեռնաթափելուց հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում։

27.07.2017 թվականի արտադրանքի անհամապատասխանության մասին ակտի համաձայն՝ մատակարարն է «Արսուգրիգ» ՍՊԸ, արտադրանքի խմբաքանակը` լոլիկներ, խոտանված են` 20.78% փտած, գերհասունացած պտուղներ, խմբաքանակի ընդհանուր ծավալը` 18.415 կգ, արտադրանքը ժամանել է չկապարակնքված, վարորդ՝ Խաչատրյան։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերիքի անվտանգության պետական ծառայության 18.07.2017 թվականի թիվ 0065700 և թիվ 0067301 բուսասանիտարական հավաստագրերի համաձայն՝ «Արսուգրիգ» ՍՊԸ-ն «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին է ուղարկել բուսասանիտարական պահանջներին համապատասխան բեռ։

Միջազգային ապրանքատրանսպորտային թիվ 180717 բեռնագրի համաձայն՝ որպես փաթեթավորման տեսակ նշված է ստվարաթղթե արկղեր։

18.07.2017 թվականի հաշիվ-ապրանքագրի համաձայն` վաճառող «Արսուգրիգ» ՍՊԸ-ն գնորդ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին ուղարկել է թարմ լոլիկներ, 2.538 արկղ, 18.415 կգ, 25.781 ԱՄՆ դոլար արժողությամբ, ստվարաթղթե արկղերով։

Տիգրան Զալինյանի 18.12.2017 թվականի գրության ի պատասխան՝ «Գլոբալգիս» ՍՊԸ-ի տնօրեն Տավրոս Բաբայանը նշել է, որ ներկայացված սարքը (Xsense-systeem) օգտագործվում է գյուղմթերքների, սննդի և դեղագործական արտադրությամբ և/կամ պահպանմամբ, նաև տեղափոխմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։ (...) Շուտ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում կարող եք սարքի մեջ մուտքագրել անհրաժեշտ ջերմային ռեժիմի դիապազոնը և այդ ռեժիմի սահմանների խախտման դեպքում օգտատերը միանգամից նախազգուշական ազդանշան է ստանում իր մոնիտորին, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս արագորեն տեղեկանալ ջերմային ռեժիմի խախտման մասին։

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ 15.05.2017 թվականի փոխադրման պայմանագրով Ձեռնարկատիրոջը հանձնվել է պայմանագրով համապատասխան քանակությամբ թարմ լոլիկ, մինչդեռ համաձայն 27.07.2017 թվականի ակտի՝ապրանքը նշված վայր է հասել գերհասունացած վիճակում, որից 20.78 տոկոսը եղել է փտած։

Ինչ վերաբերում է փոխադրող վարորդի անձին, Դատարանն արձանագրել է, որ անկախ նրանից, թե վարորդը հանդիսացել է Խաչատուրյանը, թե Վարդանյանը, բոլոր դեպքերում փոխադրումն իրականացրած վարորդը հանդես է եկել Ձեռնարկատիրոջ կողմից։

Ավելին, Դատարանը նշել է, որ Ընկերությանը տրամադրվել են նեխած պտուղներով արկղերի լուսանկարներ:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Ձեռնարկատիրոջ կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ ապրանքը հասցվել է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ` փոխադրման պայմանագրով նշանակետ, պատշաճ վիճակում, փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5 տոկոսը, և նույնիսկ եթե դա այդպես է, ապա փոխադրողի մեղքը դրանում բացակայել է։

Դատարանը, հակընդդեմ հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Ընկերությունն ուներ պարտավորություն Ձեռնարկատիրոջը վճարելու ամբողջ գումարը՝ 100 տոկոս բեռը ստացողին հանձնելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում, մինչդեռ փոխադրողը բեռը չի հանձնել ստացողին, որի հիմքով և Ընկերության մոտ գումարը փոխադրողին վճարելու մասով չի ծագել պարտավորություն:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանը սույն գործի լուծման համար հանգել է իրավացի հետևության, կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Դատարանը 27.09.2018 թվականի որոշմամբ կատարել է ապացուցման բեռի բաշխում։ Մասնավորապես՝ ապացուցման բեռը բաշխվել է հետևյալ կերպ

Ընկերությունը պետք է ապացուցեր, որ բեռը հանձնվել է փոխադրողին պայմանագրի հիմքով, պայմանագրով սահմանված կարգով և այնպիսի որակական տվյալներով, որոնք թույլ են տվել բեռնափոխադրում իրականացնել պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում` իր մատնանշած ընկերությանը, Ձեռնարկատերը չի կատարել փոխադրման իր պայմանագրային պարտավորությունները և բեռը չի հանձնել ստացողին պայմանագրով և օրենքով սահմանված կարգով և դրանում բացակայում է Ընկերության մեղքը, պետք է ապացուցեր վնասի առկայությունը, վնասի և ձեռնարկատիրոջ մեղքի պատճառահետևանքային կապը և Ձեռնարկատիրոջ մեղքը վնասի առաջացման հարցում, որ փոխադրողի կողմից «Կամելոտ Ա» ՍՊԸ-ն ապրանքը հանձնելու պահին (մի մասով՝ 18.415 կգ` 20.78%) եղել է վնասված և որակազրկված, ինչպես նաև ակտ ստորագրած անձանց իրավասությունը։

Ձեռնարկատերը պետք է ապացուցեր, որ իր մեղքը պայմանագրային պարտավորությունների չկատարման հարցում բացակայում է, փոխադրողը հանձնել է պայմանագրով սահմանված բեռը` սկզբնական հայցով հայցվորի մատնանշած ընկերությանը, սկզբնական հայցվորն ի սկզբանե հանձնել է փոխառուին գերհասած վիճակում, այն է` վնասված բեռ և փոխադրման ընթացքում ապրանքի որակազրկման հարցում իր մեղքը բացակայում է, բեռը հասցվել է նշանակման կետ, բեռնաթափվել և հանձնվել է սկզբնական հայցով մատնանշված «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին, որը հրաժարվել է բեռն ընդունելուց, որի մասին պատշաճ տեղեկացվել է Ընկերությունը և չի տրամադրել այլ տվյալներ` բեռն իրեն կամ այլ անձի հանձնելու նպատակով, Ընկերությունը հետևել է բեռի փոխադրմանը փոխադրման ամբողջ ժամանակահատվածում և տեղյակ է եղել բեռի որակազրկման մասին, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել հնարավոր վնասը կանխելու ուղղությամբ:

Վճռաբեկ դատարանը, սույն գործով ապացուցման բեռի բաշխման համատեքստում անդրադառնալով Դատարանի կողմից կայացված վճռի պատճառաբանություններին և վերլուծություններին, գտնում է, որ Դատարանը սույն գործով սխալ է բաշխել ապացուցման բեռը կողմերի միջև, մասնավորապես՝ Ընկերության վրա չէր կարող դրվել վնասի առաջացման հարցում ձեռնարկատիրոջ մեղքն ապացուցելու պարտականություն, այլ ընդհակառակը՝ Ձեռնարկատիրոջ վրա պետք է դրվեր այն փաստի ապացուցման պարտականությունը, որ բեռի վնասվածքը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել և որը վերացնելն իրենից կախված չէր:

Բացի այդ, ապացուցման բեռը բաշխելիս Դատարանն ի սկզբանե Ընկերության վրա է դրել լոլիկները պահեստ հանձնելու պահին վնասված և որակազրկված լինելու հանգամանքն ապացուցելու պարտականությունը, մինչդեռ վճռով դրա բացասական հետևանքները թողել է Ձեռնարկատիրոջ վրա։

Միաժամանակ Դատարանի վճռի եզրահանգումները հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ու գնահատման վրա։

Վերը շարադրվածի համատեքստում անդրադառնալով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության ու գնահատման դատավարական գործողությունների կարևորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլիներ երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերում առկա են ապացույցներ, մասնավորապես՝ լոլիկներով արկղերի լուսանկարներ (հատոր 1, գ.թ. 23, հատոր 3-րդ, 22-23), որոնք էականորեն տարբերվում են միմյանցից, «Տերմոգրաֆ» սարքը, որը ֆիքսում է ջերմային և խոնավության տվյալները, 17.07.2017 թվականի թիվ 12/2017 բեռնափոխադրման հայտը, համաձայն որի՝ Ձեռնարկատիրոջ վարորդը եղել է Վարդանյան Վարդանը, իսկ 27.07.2017 թվականի ակտը ստորագրած վարորդը Խաչատուրյանն է, 27.07.2017 թվականի ակտը ստորագրած անձանցից Յա Շևչենկոն և Վ Ա Կոնյուխովը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից լիազորություն չեն ունեցել ակտը ստորագրելու, քանի որ վերջիններիս լիազորագիր տվել է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ժ Ա Շչուկինան, որին «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն լիազորագիր է տվել առանց վերալիազորման իրավունքի, 27.07.2017 թվականի ակտը ստորագրել է նաև Ե Ն Վեբերը, որի վերաբերյալ սույն գործում բացակայում է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից տրված լիազորագիրը։ Վերը նշված ապացույցները ստորադաս դատարանների կողմից չեն գնահատվել դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից, մինչդեռ դրանք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործով վեճի լուծման համար։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում նշված ապացույցների գնահատումը պետք է իրականացվեր իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նշված հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոգրյալ դիրքորոշումները: Այլ կերպ ասած՝ վերը նշված ապացույցները պետք է գնահատվեին գործում առկա այլ ապացույցների համատեքստում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացման բեռը սխալ է բաշխվել կողմերի միջև, ինչպես նաև ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով 2021 թվականի նոյեմբերի 19-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

19․11․2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի նոյեմբերի 19-ին գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Տիգրան Զալինյանի (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Արսուգրիգ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ձեռնարկատիրոջ` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ձեռնարկատիրոջ ընդդեմ Ընկերության` 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․04.2019 թվականի որոշումը և գործը ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս և Ա Մկրտչյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 13.299.320 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ձեռնարկատերը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2019 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը (ներկայացուցիչ Կարինե Լալաբեկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 866-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ, 53-րդ, 132-րդ հոդվածները, 09022018 թվականին ընդունված և 09042018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 27.07.2017 թվականի ակտում նշված «վարորդ Խաչատուրյան»-ը չի հանդիսանում Ձեռնարկատիրոջ աշխատակիցը և վերջինս չի իրականացրել բեռնափոխադրումը: Բացի այդ, ապրանքի անհամապատասխանության ակտը ստորագրած անձինք գործել են վերալիազորման կարգով տրված լիազորագրի հիման վրա, որը նոտարական վավերացում չի ունեցել: Գործում առկա է ապրանքի անհամապատասխանության ակտի երկու օրինակ, որոնցից մեկը կնքված է, իսկ մյուսը` ոչ, հետևաբար այն չի կարող արժանահավատ ապացույց որակվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել թվով 5 լուսանկարներ, որտեղ լոլիկները գտնվում են դեղին պլաստմասե արկղերում, մինչդեռ գործում առկա են այլ ապացույցներ, որ լոլիկները գտնվել են դարչնագույն ստվարաթղթե արկղերում։ Ավելին, Դատարանը չի անդրադարձել այն հարցին, որ եթե անգամ այդ լուսանկարներում պատկերված լոլիկը հանդիսանում է առաքված խմբաքանակի մաս, ապա արդյոք այդ լուսանկարները կարող են վկայել, որ առաքված լոլիկի 20,78 տոկոսը խոտանված է եղել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ձեռնարկատիրոջ կողմից Դատարան է ներկայացվել «Տերմոգրաֆ» սարքը, որը ֆիքսում է ջերմային և խոնավության տվյալները և եթե սարքի տեղադրման վայրում խախտվում է ջերմային կամ խոնավության ռեժիմը, ապա սարքն անմիջապես ազդանշաններ է ուղարկում։ Մինչդեռ եթե Դատարանի կողմից գնահատվեր նշված ապացույցը, ապա Դատարանը կարող էր հանգել հետևության, որ առաքված ապրանքը տեղափոխելու ընթացքում այդ ապրանքի տեղափոխման և ռեժիմի հետ կապվածորևէ խախտում տեղի չի ունեցել։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ պատասխանողը պարտավոր էր ներկայացնել, սակայն չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ ապրանքը հասցվել է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ` փոխադրման պայմանագրով նշանակետ, պատշաճ վիճակում, որ փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5%-ը։ Ընդ որում, նույնիսկ վերջին փաստի հաշվառմամբփոխադրողի մեղքը դրանում բացակայել է։ Մինչդեռ ապացուցման նման պարտականություն դնելով պատասխանողի վրա՝ Դատարանը խախտել է իր իսկ կողմից 27.09.2018 թվականին կայացված ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշումը: Մասնավորապես, ըստ այդ որոշման, ոչ թե պատասխանողը պետք է ապացուցեր, որ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ հասցնելու պահին լոլիկը եղել է պատշաճ վիճակում, այլ հայցվորը պետքէ ապացուցի, որ «պատասխանողը չի կատարել փոխադրման իր պայմանագրային պարտականությունները և բեռը չի հանձնել ստացողին պայմանագրով և օրենքով սահմանված կարգով»: Այսինքն՝ ոչ թե պատասխանողը պետք է ապացուցեր, որ փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5%-ը, այլ հայցվորը պետք է ապացուցեր, որ «փոխադրողի կողմից «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ ապրանքը հանձնելու պահին (20,78%) եղել է վնասված և որակազրկված»:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2019 թվականի որոշումը և հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով անվիճելի է, որ կողմերի միջև կնքված բեռնափոխադրման պայմանագրով հայցվորը պատասխանողին է հանձնել կոնկրետ քանակի և արժեքի բեռ, որը պետք է փոխադրվեր և հանձնվեր «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին, մինչդեռ վերջինս չի ընդունել այն՝ պատճառաբանելով, որ բեռի 20,78 տոկոսը խոտանված է։ Ստորադաս դատարաններն իրավացիորեն չեն կարևորել այն հարցը, թե 27.07.2017 թվականի ակտը ստորագրած վարորդը Խաչատուրյանն է, թե Վարդանյանը, քանի որ Վարդանյանի կողմից ակտը ստորագրած լինելը կամ չլինելը էական նշանակություն չունի սույն գործի լուծման համար։ Վարորդի կողմից ստորագրած լինելը կարող էր զուտ վկայել այն մասին, որ վերջինս ընդունում է ակտում նշված հանգամանքները, որն իր հերթին կվկայեր կողմերի միջև վեճի բացակայության մասին:

Բողոք բերած անձը վիճարկում է ապրանքի անհամապատասխանության ակտը ստորագրած անձանց լիազորություննները՝ անտեսելով այն հանգամանքը, որ հենց ինքը պետք է հիմնավորեր իր պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու հանգամանքը, այն է՝ բեռը հենց ստացողին հանձնելու հանգամանքը: Բողոք բերած անձը պնդում է, որ այդ անձինք լիազորված չէին ստուգելու ապրանքի ամբողջականությունը և ընդունելու այն, հետևաբար, եթե բողոք բերած անձն այդ անձանց չի հանձնել իրեն վստահված ապրանքը, հարց է առաջանում, թե ում է հանձնել և ինչ ճակատագրի է այն արժանացել: Անդրադառնալով գործում առկա՝ ապրանքի անհամապատասխանության ակտի չկնքված օրինակին՝ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ դա որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել այն պայմաններում, երբ ակտի մյուս օրինակի վրա առկա է կնիք: Ավելին, դատաքննության ընթացքում հայցվոր կողմի այն հարցին, թե արդյոք ընդունում է, որ Ընկերության կողմից ուղարկված փաստաթղթերը հավաստի են և իրականում կազմվել են հենց այդ ընկերության կողմից, պատասխանող կողմի ներկայացուցիչը դրական պատասխան է տվել:

Ինչ վերաբերում է տերմոգրաֆ սարք տեղադրված լինելու հանգամանքին, ապա պատասխանողի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց այն մասին, որ այդ սարքը տեղադրված է եղել, գործարկվել է, հայցվորը հնարավորություն է ունեցել տեղեկանալու դրանում առկա ջերմաստիճանի մասին: Բացի այդ, պատասխանողը պետք է ապացուցեր` ոչ թե ինչ պատճառով բեռը չէր կարող տեղ հասնել, այլ այն, որ բեռի վնասը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով ապացուցման բեռի բաշխման հարցում Ձեռնարկատիրոջ եզրահանգմանը, նշել է, որ այդտեղ որևէ հակասություն առկա չէ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության (Մատակարար) և «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն (Գնորդ) միջև 15.05.2017 թվականին կնքված մրգերի և բանջարեղենների մատակարարման թիվ 138/2017 պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Մատակարարը պարտավորվել է վաճառել, իսկ Գնորդը վճարել և ընդունել պտղաբանջարեղենային արտադրանքը՝ Գնորդի կողմից հայտը ներկայացնելու ժամանակ կողմերի միջև համաձայնեցված և պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող բեռնագրերում նշված (СМР) մինչև 1000000 դոլար արժողությամբ տեսականիով, քանակով և գնով: Պայմանագրի 2.5 կետի համաձայն` գնորդին փոխանցվող ապրանքի որակը պետք է ճշգրտորեն համապատասխանի ապրանքին ուղեկցող փաստաթղթերում նշված քանակին:

Պայմանագրի 4.2 կետի համաձայն` Գնորդի կամ լիազորագրի հիման վրա գործող նրա ներկայացուցչի կողմից բեռնագրի ստորագրումը հանդիսանում է նրան ապրանքը փոխանցելու ապացույց, ինչպես նաև գնորդի համաձայնությունը ամեն առանձին Ապրանքի խմբաքանակի անվանման և քանակի հետ: Մատակարարը ընդունման պահին չհայտնաբերված ապրանքի թաքնված խոտանի նկատմամբ պահանջը ընդունում է Գնորդի կողմից նրա պահեստում ապրանքը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում: Ընդ որում, եթե Գնորդի կողմից ապրանքը ստանալու պահին կհայտնաբերվի անորակ ապրանքի ընդհանուր քանակի ավելի քան 5%, Գնորդն իրավունք ունի հրաժարվել ապրանքի ողջ խմբաքանակից, իսկ Մատակարարը պարտավոր է կարճ ժամկետներում դուրս բերել ողջ տվյալ ապրանքի խմբաքանակը Գնորդի պահեստից կամ փոխհատուցել Գնորդին ապրանքի օգտահանման հետ կապված նրա ծախսերը (հատոր 2-րդ, գ.թ. 27-35)։

2) Ընկերության (Պատվիրատու) և Ձեռնարկատիրոջ (Փոխադրող) միջև 17.07.2017 թվականին կնքված միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման թիվ 10/2017 պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Փոխադրողը պարտավորվել է Պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռը առաքել և հանձնել պայմանագրի 1.4 կետում նշված՝ բեռի ստացման վստահված անձին, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել բեռի փոխադրման համար պայմանագրով սահմանված վճարը:

Պայմանագրի 1.2. կետի համաձայն՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վրա բեռի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 20.000 կգ:

Պայմանագրի 1.4 կետի համաձայն՝ բեռի ստացման համար լիազորված անձ է հանդիսանում բեռ ստացողի ներկայացուցիչը: Ստացողի լիազորությունները հաստատվում են Փոխադրողին ներկայացվող հետևյալ փաստաթղթերով.

-բեռը նույնականացնող փաստաթղթերի բնօրինակների լրիվ փաթեթը,

- անձնագիրը կամ ծառայողական վկայականը:

Պայմանագրի 2.1.6 կետերի համաձայն` Փոխադրողի պարտականությունները համարվում են կատարված Պատվիրատուին CMR ավտոտրանսպորտային վերադիրների պատճենների փոխանցումից հետո, որոնք պարտադիր կերպով հաստատված են բեռի ընդունում-հանձնումը հաստատող ստացողի ստորագրությամբ և կնիքով:

Պայմանագրի 3.2 կետի համաձայն` փոխադրման արժեքը վճարվում է փոխանցմամբ, Փոխադրողի կողմից Պատվիրատուին նշված հաշվին հետևյալ կերպ. 100% բեռը ստացողին նշանակման կետ հանձնելուց 3 բանկային օրվա ընթացքում:

Պայմանագրի 5.1 կետի համաձայն` նույն պայմանագրով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում կողմերը փոխադարձ նյութական պատասխանատվություն են կրում:

Պայմանագրի 5.2 կետի համաձայն` Փոխադրողը պատասխանատվություն է կրում ճանապարհին փոխադրվող Բեռի ամբողջականության խախտման պատճառով Պատվիրատուի կրած վնասների համար, CMR կոնվենցիային համաձայն (հատոր 2-րդ, գ.թ. 8-12)։

3) 17.07.2017 թվականի թիվ 12/2017 բեռնափոխադրման հայտի համաձայն՝ հայտ ուղարկողն (պատվիրատու) է Ընկերություն, հայտ ընդունողն (կատարող) է Ձեռնարկատեր, վարորդ` Վարդանյան Վարդան (անձ. AR 0240371, տրվել է 21.03.2017թ., 013-ի կողմից), տրանսպորտի տեսակը՝ DAF 35 QT 160 / 02 L 311, տրանսպորտային միջոցների քանակը՝ 1 սառնարանային մեքենա, երթուղին՝ ՀՀ ք. Երևան-ՌԴ ք. Նովոսիբիրսկ, բեռի անվանումը՝ լոլիկ, բեռի քաշը, զբաղեցրած ծավալը, փաթեթավորումը` 20.000 կգ, բեռնման ամսաթիվը և ժամը՝ 17.07.2017 թվական, առաքման ժամկետը (բեռնափոխադրման ժամանակը) 7 աշխատանքային օր, հատուկ պայմաններ` 2 աշխատանքային օր բարձման և 3 աշխատանքային օր բեռնաթափման համար, բեռնափոխադրման հայտը երկկողմանի ստորագրելուց հետո, առաջացած խնդիրները լուծվում են երկկողմանի համաձայնության արդյունքում, բեռնափոխադրման արժեքը` 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (կանխիկ), 4500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (փոխանցում), վճարման պայմանները՝ բեռը տեղ հասնելու պես բեռնաթափելուց հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում (հատոր 2-րդ, գ.թ.13)։

4) 27.07.2017 թվականի արտադրանքի անհամապատասխանության մասին ակտի համաձայն՝ մատակարարն է Ընկերությունը, մեքենայի համարը՝ QT34160, արտադրանքի խմբաքանակը` լոլիկներ, խոտանված են` 20.78% փտած, գերհասունացած պտուղներ, խմբաքանակի ընդհանուր ծավալը` 18.415 կգ, արտադրանքը ժամանել է չկապարակնքված, հանձնաժողովի կազմը՝ հսկիչ 1՝ Յա. Շեվչենկո, հսկիչ 2՝ Վ.Ա. Կոնյուխով, մուտքային հսկողության տեխնոլոգ՝ Ե.Ն. Վեբեր վարորդ՝ Խաչատուրյան (հատոր 2, գ.թ. 1-3)։

5) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 18.07.2017 թվականի թիվ 0065700 և թիվ 0067301 բուսասանիտարական հավաստագրերի համաձայն՝ Ընկերությունը 34 QT160 02 Լ 311 փոխադրամիջոցով «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին է ուղարկել 2538 արկղ` 18 415 կգ (զտաքաշ) և 26 հատ (дер.поддоны)բուսասանիտարական պահանջներին համապատասխան լոլիկ (հատոր 2, գ.թ. 15-16)։

6) Միջազգային ապրանքատրանսպորտային թիվ 180717 բեռնագրի համաձայն՝ ուղարկողը՝ Ընկերությունն է, ստացողը՝ «Կամելոտ-Ա» ՍՊԸ, Փոխադրողը՝ Ձեռնարկատերը, փաթեթների քանակը նշված է 2538, որպես փաթեթավորման տեսակ նշված է ստվարաթղթե արկղեր,քարշակ/կիսակցորդ նշված է՝ 34QT160/02L311 (հատոր 2, գ.թ. 17-19)։

7) 18.07.2017 թվականի հաշիվ-ապրանքագրի համաձայն` վաճառող՝ Ընկերությունը գնորդ՝ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին ուղարկել է թարմ լոլիկներ, 2.538 արկղ, 18.415 կգ (զտաքաշ), 20.022 (ընդհանուր քաշ),25.781 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, ստվարաթղթե արկղերով, մեքենայի համար 34QT160/02L311(հատոր 2, գ.թ. 20-22)։

8) Ի պատասխան Տիգրան Զալինյանի 18.12.2017 թվականի գրության՝ «Գլոբալգիս» ՍՊԸ-ի տնօրեն Տավրոս Բաբայանը նշել է, որ ներկայացված սարքը (Xsense-systeem) օգտագործվում է հիմնականում գյուղմթերքների, սննդի և դեղագործական արտադրությամբ և/կամ պահպանմամբ, նաև տեղափոխմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։ (...) Շուտ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող ապրանքների դեպքում կարող եք սարքի մեջ մուտքագրել անհրաժեշտ ջերմային ռեժիմի դիապազոնը և այդ ռեժիմի սահմանների խախտման դեպքում օգտատերը միանգամից նախազգուշական ազդանշան է ստանում իր մոնիտորին, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս արագորեն տեղեկանալ ջերմային ռեժիմի խախտման մասին (հատոր 3, գ.թ. 24)։

9) Դատարանը 27.09.2018 թվականի որոշմամբ կատարել է ապացուցման բեռի բաշխում (հատոր 3, գ.թ. 37-38)։

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

 

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ 15.05.2017 թվականի փոխադրման պայմանագրով Ձեռնարկատիրոջը հանձնվել է պայմանագրով համապատասխան քանակությամբ թարմ լոլիկ, մինչդեռ համաձայն 27.07.2017 թվականի ակտի՝ապրանքը նշված վայր է հասել գերհասունացած վիճակում, որից 20.78 տոկոսը եղել է փտած։

Ինչ վերաբերում է փոխադրող վարորդի անձին, Դատարանն արձանագրել է, որ անկախ նրանից, թե վարորդը հանդիսացել է Խաչատուրյանը, թե Վարդանյանը, բոլոր դեպքերում փոխադրումն իրականացրած վարորդը հանդես է եկել Ձեռնարկատիրոջ կողմից։

Դատարանը նշել է, որ Ընկերությանը տրամադրվել են նեխած պտուղներով արկղերի լուսանկարներ:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Ձեռնարկատիրոջ կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ ապրանքը հասցվել է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի պահեստ` փոխադրման պայմանագրով նշանակետ, պատշաճ վիճակում, փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5 տոկոսը, և նույնիսկ եթե դա այդպես է, ապա փոխադրողի մեղքը դրանում բացակայել է։

Դատարանը, հակընդդեմ հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Ընկերությունն ուներ պարտավորություն Ձեռնարկատիրոջը վճարելու ամբողջ գումարը՝ 100 տոկոս բեռը ստացողին հանձնելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում, մինչդեռ փոխադրողը բեռը չի հանձնել ստացողին, որի հիմքով և Ընկերության մոտ գումարը փոխադրողին վճարելու մասով չի ծագել պարտավորություն:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանը սույն գործի լուծման համար հանգել է իրավացի հետևության, կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում հնարավոր կլիներ երաշխավորել կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործի նյութերում առկա են ապացույցներ, մասնավորապես՝ լոլիկներով արկղերի լուսանկարներ (հատոր 1, գ.թ. 23, հատոր 3-րդ, 22-23), որոնք էականորեն տարբերվում են միմյանցից, «Տերմոգրաֆ» սարքը, որը ֆիքսում է ջերմային և խոնավության տվյալները, 17.07.2017 թվականի թիվ 12/2017 բեռնափոխադրման հայտը, համաձայն որի՝ Ձեռնարկատիրոջ վարորդը եղել է Վարդանյան Վարդանը, իսկ 27.07.2017 թվականի ակտը ստորագրած վարորդը Խաչատուրյանն է, 27.07.2017 թվականի ակտը ստորագրած անձանցից Յա Շևչենկոն և Վ Ա Կոնյուխովը «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից լիազորություն չեն ունեցել ակտը ստորագրելու, քանի որ վերջիններիս լիազորագիր տվել է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ժ Ա Շչուկինան, որին «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն լիազորագիր է տվել առանց վերալիազորման իրավունքի, 27.07.2017 թվականի ակտը ստորագրել է նաև Ե Ն Վեբերը, որի վերաբերյալ սույն գործում բացակայում է «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից տրված լիազորագիրը։ Վերը նշված ապացույցները ստորադաս դատարանների կողմից չեն գնահատվել դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից, մինչդեռ դրանք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործով վեճի լուծման համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով ապացման բեռը սխալ է բաշխվել կողմերի միջև, ինչպես նաև ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս և Ա Մկրտչյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 854-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 855-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 863-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին հանձնելը, պատասխանատվություն է կրումփոխադրողը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում»համատիրություննընդդեմՄասիսՂազանչյանիթիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն` «Արսուգրիգ» ՍՊԸ-ի /Մատակարար/ և «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն /Գնորդ/ միջև 15.05.2017 թվականին կնքվել է մրգերի և բանջարեղենների մատակարարման թիվ 138/2017 պայմանագիրը, որով մատակարարը պարտավորվել է վաճառել, իսկ գնորդը վճարել և ընդունել պտղաբանջարեղենային արտադրանքը (այսուհետ «Ապրանք»), ծագման երկիրը Հայաստան, Իրան, Գնորդի կողմից հայտը ներկայացնելու ժամանակ կողմերի միջև համաձայնեցված և սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող բեռնագրերում նշված (СМР) մինչև 1 000 000 դոլար արժողությամբ տեսականիով, քանակով և գնով: Հայտը ներկայացվում է Գնորդի կողմից և համաձայնեցվում է Մատակարարի հետ էլեկտրոնային փոստի կիրառմամբ: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` պայմանագրի ընդհանուր գումարը բաղկացած է հայտերի մեջ նշված (СМР) բոլոր ապրանքների արժեքից, ըստ որի կկատարվի ապրանքի փաստացի մատակարարումը, բայց ոչ ավել այն գումարից, որը նշված է սույն Պայմանագրի 1.1. կետում: Պայմանագրի 2.4 կետի համաձայն` մատակարարը պարտավոր է ապրանքը մատակարարել գնորդին Մաքսային միության գործող նորմատիվ ակտերի և սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան: Մատակարարվող ապրանքի որակը և կոմպլեկտավորումը պետք է համապատասխանի ԳՕՍՏ-ի բոլոր պահանջներին, ՏՊ տեխնիկական կանոնակարգերի և Գնորդի երկրում նման տեսակի ապրանքի համար սահմանված որակի այլ պարտադիր ստանդարտներին և պահանջներին, այդ թվում նաև պիտանելիության ժամկետին, ինչը ապահովում է կյանքի անվտանգությունը և սպառողների առողջությունը: Պայմանագրի 2.5 կետի համաձայն` գնորդին փոխանցվող ապրանքի որակը պետք է ճշգրտորեն համապատասխանի ապրանքին ուղեկցող փաստաթղթերում նշված քանակին: Պայմանագրի 4.2 կետի համաձայն` գնորդի կամ լիազորագրի հիման վրա գործող նրա ներկայացուցչի կողմից բեռնագրի ստորագրումը հանդիսանում է նրան ապրանքը փոխանցելու ապացույց, ինչպես նաև գնորդի համաձայնությունը ամեն առանձին Ապրանքի խմբաքանակի անվանման և քանակի հետ: Մատակարարը ընդունման պահին չհայտնաբերված Ապրանքի թաքնված խոտանի նկատմամբ պահանջը ընդունում է Գնորդի կողմից նրա պահեստում ապրանքը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում: Ընդ որում, եթե գնորդի կողմից ապրանքը ստանալու պահին կհայտնաբերվի անորակ ապրանքի ընդհանուր քանակի ավելի քան 5%, գնորդն իրավունք ունի հրաժարվել Ապրանքի ողջ խմբաքանակից, իսկ մատակարարը պարտավոր է կարճ ժամկետներում դուրս բերել ողջ տվյալ ապրանքի խմբաքանակը Գնորդի պահեստից կամ փոխհատուցել Գնորդին ապրանքի օգտահանման հետ կապված նրա ծախսերը:

Ի կատարումն 15.05.2017 թվականի սկզբնական հայցով հայցվորի և «Կամելոտ-Ա» ընկերության միջև կնքված մրգերի և բանջարեղենների մատակարարման թիվ 138/2017 պայմանագրի` «Արսուգրիգ» ՍՊԸ-ի /Պատվիրատու/ և Ա/Ձ Տիգրան Զալինյանի, /Փոխադրող/ միջև 17.07.2017 թվականին կնքվել է միջազգային հաղորդակցությամբ բեռների տեղափոխման թիվ 10/2017 պայմանագիրը, որով Փոխադրողը պարտավորվել է առաքել ավտոտրանսպորտային միջոցներով Պատվիրատուի կողմից իրեն վստահված սույն Պայմանագրի 1.2 կետում նշված բեռը և հանձնել սույն Պայմանագրի 1.4. կետում նշված Բեռի ստացման վստահված անձին, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել բեռի, փոխադրման համար սույն Պայմանագրի 3-րդ գլխում նշված վճարը: Պայմանագրի 1.2-1.5 կետերի համաձայն` սույն Պայմանագրում բեռի, այսուհետ «Բեռ», հասկացվում է փոխադրողին փոխանցված բոլոր ապրանքները: Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վրա Բեռի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 20 000 կգ: Սույն Պայմանագրով նշանակման կետ է, այսուհետ` «Կետ» համարվում Պատվիրատուի կողմից նշված կետը սույն Պայմանագրին կից համաձայնագրում և Բեռի տվյալ խմբաքանակի համար ապրանքն ուղեկցող փաստաթղթերում: Բեռի ստացման համար լիազորված անձ է այսուհետ` «Ստացող» հանդիսանում բեռ ստացողի ներկայացուցիչը: Ստացողի լիազորությունները հաստատվում են Փոխադրողին ներկայացվող հետևյալ փաստաթղթերով. 1. Բեռը նույնացնող փաստաթղթերի բնօրինակների լրիվ փաթեթը: 2. Անձնագիրը կամ ծառայողական վկայականը: Փոխադրողին Պատվիրատուի կողմից Բեռի փոխանցման վայրը այսուհետ` «Փոխանցման վայր», որոշվում է Պատվիրատուի կողմից տրանսպորտային միջոցների հայտի ներկայացման ժամանակ: Պայմանագրի 2.1.3-2.1.6 կետերի համաձայն` փոխադրողը պարտավոր է Բեռը հասցնել Նշանակման կետ` կրելով բոլոր ճանապարհային և այլ տուրքերի գանձումների, շարասյան մեջ ուղեկցման և այլն ծախսերը: Փոխադրողը պարտավոր է երրորդ անձանց մեղքով ամբողջականության խախտման դեպքում անմիջապես տեղեկացնել Պատվիրատուին, միաժամանակ ձեռնարկելով բոլոր հնարավոր միջոցները վնասի չափի փոքրացման համար և փաստաթղթերն արձանագրել կապարակնիքների վնասման փաստը: Փոխադրողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Պատվիրատուին ճանապարհին ուշացման, վթարների դեպքերի և Բեռի ժամանակին հասցնելուն խոչընդոտող այլ չնախատեսված հանգամանքների վերաբերյալ: Տվյալ փոխադրման Փոխադրողի պարտականությունները համարվում են կատարված Պատվիրատուին CMR ավտոտրանսպորտային վերադիրների պատճենների փոխանցումից հետո, որոնք պարտադիր կերպով հաստատված են Բեռի ընդունում-հանձնումը հաստատող Ստացողի ստորագրությամբ և կնիքով: Պայմանագրի 2.2.2 կետի համաձայն` Պատվիրատուն պարտավոր է իր ուժերով և իր հաշվին իրականացնել բեռնումը /բեռնաթափումը/, մաքսային ձևակերպումը և բեռների մաքսային զննումը (մաքսայնացում և մաքսազերծում) 72 ժամվա ընթացքում՝ Փոխանցման վայր Փոխադրողի կողմից տրանսպորտային միջոցի տրամադրման պահից համաձայն 2.1.1 կետում նշված պայմանների և նշանակման կետ տրանսպորտային միջոցի ժամանման պահից: Պայմանագրի 2.2.4-2.2.5 կետերի համաձայն` Պատվիրատուն պարտավոր է վճարել փոխադրման արժեքը սույն Պայմանագրի 3.2 կետում և համապատասխան համաձայնագրում նշված պայմաններով: Փոխադրողը ջերմաստիճանի տատանման հետևանքով ապրանքի որակազրկման դեպքում կրում է ամբողջ ֆինանսական պատասխանատվությունը: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` յուրաքանչյուր տրանսպորտային միջոցով փոխադրման արժեքը, ինչպես նաև կոնկրետ Բեռի անվանումը և երթուղին, նշվում են սույն Պայմանագրին կից համաձայնագրերում, որոնք կազմվում են յուրաքանչյուր փոխադրման համար և հանդիսանում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` Փոխադրման արժեքը վճարվում է փոխանցմամբ, Փոխադրողի կողմից Պատվիրատուին նշված հաշվին հետևյալ կերպ. 100% Բեռը Ստացողին Նշանակման կետ հանձնելուց 3 բանկային օրվա ընթացքում: Պայմանագրի 4.1-4.4 կետերի համաձայն` սույն պայմանագրով ցանկացած կողմի պարտավորությունների լրիվ կամ մասնակի կատարման անհնարինության հանգամանքների, առաջացման դեպքում, այսինքն, հրդեհ, տարերային աղետ, պատերազմ, բոլոր տեսակի ռազմական գործողություններ, ընթացիկ օրենսդրության փոփոխություն և անհաղթահարելի ուժի այլ հնարավոր հանգամանքներ, որոնք կախված չեն Կողմերից, պարտավորությունների կատարման ժամկետը հետաձգվում է այդպիսի հանգամանքների գործողության ժամանակահատվածով: Եթե այդ հանգամանքները կշարունակվեն ավելի քան 60 օր, Կողմերից ցանկացածը իրավունք ունի հրաժարվել սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումից, ընդ որում Կողմերից ոչ մեկը իրավունք չի ունենա հնարավոր վնասների մյուս կողմի փոխհատուցման համար: Կողմը, որի համար ստեղծվել է սույն Պայմանագրով պարտավորությունների կատարման անհնարինությունը, պարտավորությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքների առաջացման և դադարեցման վերաբերյալ, պետք է անմիջապես տեղեկացնի մյուս Կողմին: Տվյալ հանգամանքների և դրանց շարունակականության պատշաճ ապացույց կծառայեն ՀՀ Առևտրա-Արդյունաբերական Պալատի կողմից տրվող տեղեկանքները: Պայմանագրի 5.1-5.7 կետերի համաձայն` սույն պայմանագրով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Կողմերը փոխադարձ նյութական պատասխանատվություն են կրում: Փոխադրողը պատասխանատվություն է կրում ճանապարհին փոխադրվող Բեռի ամբողջականության խախտման պատճառով Պատվիրատուի կրած վնասների համար, CMR կոնվենցիային համաձայն: Բեռնափոխադրման հայտերով կամ համաձայնագրերով բեռնափոխադրման ժամկետները խախտելու դեպքում, Փոխադրողը Պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի կետանցի յուրաքանչյուր օրվա համար 50 000 ՀՀ դրամի չափով: Լաստանավային փոխադրման հետ կապված կամ լաստանավի կործանման հետևանքով փոխադրվող Բեռի ուշացման կամ կորստի դեպքում, փոխադրողը նյութական պատասխանատվություն չի կրում: Պատվիրատուն պատասխանատվություն է կրում փոխադրման համապատասխան Համաձայնագրում և սույն Պայմանագրի 3.2 կետում նշված պայմանների խախտման պատճառով նախատեսված արժեքը ժամանակին չվճարելու համար և ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` ուշացված գումարի 0.1% չափով: Պատվիրատուն պատասխանատվություն է կրում 2.2.2. կետում սահմանված 72 ժամյա ժամկետից ավել տրանսպորտային միջոցի) պարապուրդի համար և տուգանք է վճարում յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ հանգստյան (շաբաթ, կիրակի) և ոչ աշխատանքային օրերի, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Սույն Պայմանագրով չկարգավորված մնացած այլ դեպքերում, ներառյալ Կողմերի պատասխանատվությունը, կիրառվում են գործող օրենսդրության նորմերը:

Գործում առկա 17.07.2017 թվականի թիվ 12/2017 բեռնափոխադրման հայտի համաձայն` հայտ ուղարկողն է (պատվիրատու)- «Արսուգրիգ» ՍՊԸ, հայտ ընդունողը՝ կատարող)- Տիգրան Ժորայի Զալինյան, Տրանսպորտային տեսակը` DAF 35 QT 160/02(31), Վարորդ` Վարդանյան Վարդան անձ. ARO 240371, տրվել է 21.03.2017 թվականի, 013-ի կողմի, երթուղին` ՀՀ, ք. Երևան-ՌԴ, ք. Նովոսիբիրսկ, Բեռի անվանումը` լոլիկ, Բեռի քաշը, զբաղեցրած ծավալը, փաթեթավորումը` 20 000 կգ, Բեռնման ամսաթիվը և ժամը` 17.07.2017 թվական, Բարձման վայրը ՝ հասցե, կոնտակտային անձ, հեռ)- ՀՀ, ք. Երևան, Բեռը ստացող երկիր, հասցե)- ՀՀ, ք. Երևան- ՌԴ, ք. Նովոսիբիրսկ, Առաքման ժամկետը (բեռնափոխադրման ժամանակը)- 7 աշխատանքային օր, հատուկ պայմաններ` 2 աշխատանքային օր բարձման և 3 աշխատանքային օր բեռնաթափման համար, բեռնափոխադրման հայտը երկկողմանի ստորագրելուց հետո, առաջացած խնդիրները լուծվում են երկկողմանի համաձայնության արդյունքում, Բեռնափոխադրման արժեքը` 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ /կանխիկ/, 4500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ /փոխանցում/, վճարման պայմանները` Բեռը տեղ հասնելու պես, բեռնաթափելուց հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում, նշում` Մեքենան պետք է լինի բարձման հասցեում 17.07.2017 թվականին:

Համաձայն 18.07.2017 թվականին կազմված հաշիվ-ապրանքագրի՝ վաճառող «Արսուգրիգ» ՍՊԸ-ն գնորդ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին 15.05.2017 թվականի թիվ 138/2017 արտաքին առևտրի պայմանագրի համաձայն ուղարկել է թարմ լոլիկներ` 2 538 արկղ, 18 415 կգ, 25 781 ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք: Նույն օրը տրված թիվ 0065700 բուսասանիտարական հավաստագրի համաձայն` «Արսուգրիգ» ՍՊԸ-ն 34 QT160 02 Լ 311 փոխադրամիջոցով «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ին է ուղարկել 2538 արկղ` 18 415 կգ, իսկ թիվ 0067301 բուսասանիտարական հավաստագրի համաձայն` 26 հատ թարմ լոլիկներ:

Այսինքն՝ 15.05.2017 թվականի փոխադրման պայմանագրով Տիգրան Զալինյան ԱՁ-ին հանձնվել է պայմանագրով համապատասխան քանակությամբ թարմ լոլիկ: Այնուհետև լոլիկը բեռնվել և հասցվել է Նովոսիբիրսկ քաղաք պայմանագրով նախատեսված ժամկետում` 17.07.2017 թվականին:

Արտադրանքի անհամապատասխանության մասին սահմանված անհամապատասխանության վերաբերյալ 27.07.2017 թվականի ակտի համաձայն` մատակարարն է «Արսուգրիգ» ՍՊԸ, Բեռը ուղարկողը` ԱՏԲ թիվ և տեղափոխման ամսաթիվը` CMR 180717 առ 18.07.17, Մեքենայի համարը` QT 34160, ակտի կազմման վայրը` Նովոսիբիրսկի մարզ, Նովոսիբիրսկի շրջան, Մոշչինենսկի գյուղխորհուրդ, Կարյեր Մոչիշչե, Կուբովայա փ., տուն 68, Մոսկվայի մարզ, Նոգինսկի շրջան, ավան Օբուխովո, Կուդինովսկի խճուղի, տուն 4, «Ատլանտ-Պարկ» ԱՊՀ տարածք, «Կամելոտ-Ա» պահեստ: Հանձնաժողովի կազմն ընդգրկել է Հսկիչ 1` Յու. Շեվչենկո, Հսկիչ 2` Վ. Կոնյուխով, Մուտքային հսկողության տեխնոլոգ` Ե. Ն. Վեբեր, վարորդ` Խաչատուրյան: Կազմվել է ակտ առ այն, որ արտադրանքի խմբաքանակը` լոլիկներ, խոտանված են` 20.78% փտած, գերհասունացած պտուղներ, խմբաքանակի ընդհանուր ծավալը` 18415 կգ է, արտադրանքը ժամանել է չկապարակնքված: Վարորդի և Հանձնաժողովի անդամների անվան դիմաց առկա են ստորագրություններ, ինչպես նաև կնիք` ընդունելուց հրաժարվելու մասին։

Վերոգրյանի հիման վրա գտնում ենք, որ գործում առկա ապացույցներով հաստատվել է, որ ապրանքը հանձնվել է ԱՁ Տիգրան Զալինյանին, հանձնվել է որակական չափանիշներին համապատասխան, բեռնվել և փոխադրվել է Տիգրան Զալինյան ԱՁ-ի կողմից ժամկետում և հասել է նշանակետին` Նովոսիբիրսկ քաղաք «Կամելոտ-Ա» ՍՊ ընկերության նախատեսված պահեստ, Արտադրանքի անհամապատասխանության մասին սահմանված անհամապատասխանության վերաբերյալ 27.07.2017 թվականի ակտը կազմվել է փոխադրող ԱՁ Տիգրան Զալինյանի վարորդի ներկայությամբ և բեռը ստացողը ֆիքսել է ընդհանուր ապրանքից 20.78% ապրանքի անհամապատասխանությունը «Կամելոտ-Ա» ՍՊ ընկերության հետ կնքված թիվ 10/2017 պայմանագրով նախատեսված ապրանքի որակական չափանիշներից, այն է` ակտով արձանագրվել է ընդհանուր ապրանքի 20.78 %-ի խոտան` փտած, գերհասունացած պտուղների վիճակը, իսկ ԱՁ Տիգրան Զալինյանի կողմից իր հերթին չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, առ այն, որ ապրանքը հասցվել է «Կամելոտ-Ա» ՍՊ ընկերության պահեստ` փոխադրման պայմանագրով նշանակետ, պատշաճ վիճակում, որ փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5%-ը։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի փաստարկներին այն մասին, որ ստորադաս դատարանները չեն անդրադարձել նշված ակտը ստորագրած անձանց ինքնության և լիազորությունների կապակցությամբ իր առարկություններին, այն մասով, որ որպես «Կամելոտ-Ա» ընկերության ներկայացուցիչներ ակտը ստորագրած Ե. Վեբերի լիազորությունները որևէ կերպ չեն հաստատվում, իսկ Յ. Շեվչենկոն և Վ. Կոնյուխովը գործել են Ժաննա Շչուկինայի կողմից տրված վերալիազորագրերի հիման վրա, որոնք վավերացված չեն նոտարական կարգով, հետևաբար առոչինչ են, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ բողոք բերած անձի վերը նշված փաստարկներն անհիմն են, քանի որ հայցվորը, ի հավաստումն «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից ակտը ստորագրած անձանց լիազորությունների, ներկայացրել է 02.04.2017 թվականի «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի, ի դեմս Ժաննա Ալեքսանդրի Շչուկինայի կողմից Վլադիսլավ Ալեքսանդրի Կոնյուխովին և Յարոսլավ Շեվչենկոյին տրված լիազորագրեր, համաձայն որոնց` վերջիններս լիազորվել են ներկայացնել Ընկերության շահերը բոլոր ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հումքի, նյութերի, արտադրանքի մատակարարների հետ հարաբերություններում բեռ ստանալու կապակցությամբ, որոնք ժամանել են Ընկերության հասցեին և իրավունք է տալիս ստորագրել բեռի ստացումը հաստատող փաստաթղթերը, այդ թվում նաև` ապրանքային բեռնագրերը, ապրանքատրանսպորտային բեռնագրերը, նյութի ընդունման ակտերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ներկայացնել Ընկերության շահերը բոլոր ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող գնորդների հետ հարաբերություններում և իրավունք է տալիս ստորագրել բեռի տեղափոխումը հաստատող փաստաթղթերը, այդ թվում նաև` ապրանքային բեռնագրերը, ապրանքատրանսպորտային բեռնագրերը, նյութի ընդունման ակտերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել սույն հանձնարարությունը կատարելու հետ անուղղակիորեն կապված այլ գործողություններ: Լիազորագրերը տրվել են մեկ տարի ժամկետով առանց վերալիազորման իրավունքի:

Նշված լիազորագրերի առնչությամբ ստորադաս դատարաներնարձանագրել են, որ այն ստորագրվել է «Կամելոտ-Ա» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ժ.Ա.Շչուկինայի կողմից և վավերացվել կնիքով, բացի այդ, 27.07.2017 թվականի ապրանքի անհամապատասխանության մասին ակտով մատակարար, տեղափոխման ամսաթիվը, մեքենայի համարը, ԱՏԲ համարը, ապրանքի տեսակը և քանակությունը նշված և վավերացված է «Կամելոտ-Ա» ՍՊ ընկերության կնիքով, որպիսի պայմաններում իրավացիորեն հաստատված են դիտել, այյն հանգամանքը,, որ 27.07.2017 թվականի ապրանքի անհամապատասխանության ակտը կազմվել է «Կամելոտ-Ա» ՍՊ ընկերության թիվ 10/2017 փոխադրման պայմանագրով ստացողի կողմից:

Տվյալ դեպքում, կողմերի միջև 17.07.2017 թվականին կնքված միջազգային հաղորդակցությամբ բեռների փոխադրման թիվ 10/2017 պայմանագրի 5.2 կետի համաձայն` Փոխադրողը պատասխանատվություն է կրում ճանապարհին փոխադրվող Բեռի ամբողջականության խախտման պատճառով Պատվիրատուի կրած վնասների համար, CMR կոնվենցիային համաձայն:

Գործում առկա արտադրանքի անհամապատասխանության վերաբերյալ 27.07.2017 թվականի ակտով հիմնավորվել է, որ «Կամելոտ-Ա» ՍՊԸ պահեստ առաքված լոլիկների խմբաքանակի 20.78% -ը եղել է խոտանված` փտած, խմբաքանակի ընդհանուր ծավալը կազմել է 18 415 կգ է, իսկ արտադրանքը ժամանել է չկապարակնքված, ինչի հետևանքով Գնորդ «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ն հրաժարվել է ապրանքն ընդունելուց: Ըստ որում, հիշյալ ակտի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում նշված բեռնափոխադրման ռեկվիզիտներն ըստ էության համընկնում են պատվիրատու «Արսուգրիգ» ՍՊԸ-ի և հայտ ընդունող (կատարող) Ա/Ձ Տիգրան Ժորայի Զալինյանի կողմից կազմված 12/2017, առ 17.07.2017 թվականի թիվ 12/2017 բեռնափոխադրման հայտում նշված ռեկվիզիտներին, մասնավորապես համընկնում է մատակարարի անվանումը, բեռնափոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, բեռ ստացողի հասցեն, բեռի անվանումը, իսկ այն հանգամանքը, որ ապրանքը հասցվել է «Կամելոտ-Ա» ՍՊ ընկերության պահեստ` փոխադրման պայմանագրով նշանակետ, պատշաճ վիճակում, որ փոխադրվող ապրանքի խոտանը կազմել է մի քանի արկղ, որը չի գերազանցել ընդհանուր ապրանքի քանակի 5%-ը, և որ փոխադրողի մեղքը դրանում բացակայել է, որևէ կերպ սույն գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել:

Ինչ վերաբերում է տերմոգրաֆ սարքի, հայցվորի կողմից ստորագրված ու կնքված 18.07.2017 թվականի «Փաթեթավորման թերթի» և «Գլոբալգիս» ՍՊԸ-ն 19.12.2018 թվականի տեղեկանքին և վերջինիս փաստարկներին, որ դրանցով հիմնավորվում է առաքված ապրանքն իր կողմից տեղափոխելու ընթացքում այդ ապրանքի տեղափոխման ու պահպանման ռեժիմի հետ կապված որևէ խախտում թույլ չտալուն, ապա հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից բխում է, որ փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը` անկախ մեղքից: Վերջինս ազատվում է պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե ապացուցում է, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ 27.09.2018 թվականին կայացված` ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշումը դատարանի կողմից խախտելու և դրանով չնախատեսված հանգամանքների ապացուցման բեռ պատասխանողի վրա դնելու առնչությամբ բողոք բերած անձի փաստարկներն անհիմն են և դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չեն կարող, նկատի ունենալով, որ սկզբնական հայցվորի կողմից կատարվել է Դատարանի ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ 27.09.2018 թվականի որոշմամբ սահմանված ապացուցման պարտականությունը, այն է` հիմնավորվել է, որ պատասխանողը չի կատարել փոխադրման` իր պայմանագրային պարտականությունները և բեռը չի հանձնել ստացողին պայմանագրով և օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն, որ փոխադրողի կողմից «Կամելոտ-Ա» ՍՊԸ-ի կողմից ապրանքը հանձնելու պահին եղել է վնասված և որակազրկված: Իր հերթին պատասխանողի կողմից չի կատարվել իր համար վերը նշված որոշմամբ սահմանված հանգամանքերի ապացուցման պարտականությունը, ինչն էլ հիմք ընդունելով` Դատարանն իրավացիորեն բավարարել է սկզբնական հայցը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ Դատարանի հետևությունները համարել է իրավաչափ:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի վերլուծությունները բխում են սույն գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է:

 

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքըմերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2019 թվականիորոշումնը բեկանելու հիմքեր առկա չեն:

 

Դատավորներ`

Էդ. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան