11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2020 թվականի N 1514-Ն
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ:
(1-ին կետը փոփ. 11.01.21 N 1-Ն, 09.07.21 N 1127-Ն)
(1-ին կետը 11.11.21 N 1834-Ն որոշման փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 20.12.2021 թվականին)
2․ Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:
3․ Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման |
ԿԱՐԱՆՏԻՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1.
ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ
1. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
2. Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ): Սերտիֆիկատ չի պահանջվում 0-ից մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։ Սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կոնտակտային տվյալները պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ սոցիալական ապահովության քարտի համարը կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը կամ Եվրոպական միության անդամ երկրներից ժամանող անձանց կողմից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում՝ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը: «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ունեցող երկրներից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատը (տեղեկանքը) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2194-Ն որոշմամբ սահմանված կարգով: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը, սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց տեղեկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նմուշառման մասին: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
(2-րդ կետը խմբ. 31.10.20 N 1756-Ն, լրաց. 11.01.21 N 1-Ն, 06.05.21 N 727-Ն, լրաց., փոփ. 27.08.21 N 1384-Ն, փոփ. 08.09.21 N 1454-Ն, 11.11.21 N 1834-Ն)
2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ): Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության անվանումը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարի կամ սոցիալական ապահովության քարտի համարը, կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը, կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը՝ Եվրոպական միության անդամ պետություններից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի) կամ պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով:
(2.1-ին կետը լրաց. 06.05.21 N 727-Ն, խմբ. 09.07.21 N 1127-Ն, փոփ. 27.08.21 N 1384-Ն)
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից, մյուս բոլոր դեպքերում ենթակա են ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը և ապահովում են անձի տվյալների մուտքագրումը և ինքնամեկուսացման գրանցումն ԱՐՄԵԴ համակարգ՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը՝ նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը և ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ: ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին:
(3-րդ կետը խմբ. 31.10.20 N 1756-Ն, փոփ. 06.05.21 N 727-Ն, խմբ. 11.11.21 N 1834-Ն)
4. ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
(4-րդ կետը խմբ. 31.10.20 N 1756-Ն)
5. Հայաստանի Հանրապետություն ժամանած անձը սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատը կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատը կամ նմուշառման փաստը հավաստող փաստաթուղթը՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին օդանավակայանի ելքի մոտ ներկայացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցներին։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունեցող և ՊՇՌ հետազոտության համար նմուշառման փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձանց տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո Ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։ Օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ արգելվում է։
(5-րդ կետը խմբ. 31.10.20 N 1756-Ն, լրաց. 06.05.21 N 727-Ն)
6․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2․1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու (չներկայացնելու) դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է։
(6-րդ կետը փոփ. 31.10.20 N 1756-Ն, լրաց. 06.05.21 N 727-Ն, խմբ. 11.11.21 N 1834-Ն)
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, սույն հավելվածի 2-րդ կետի հիմքով հոսպիտալացման կիրառման դեպքում, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ և ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ անձն ուղեկցվում է մինչև շտապ օգնության մեքենա և տեղափոխվում համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն, իսկ 3-րդ կետով սահմանված միջոցառման կիրառումից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։ Մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անունից` մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով` նշելով չկատարման համար ՀՀ օրենսդրական ակտերով սահմանված պատասխանատվության միջոցները: Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր:
(7-րդ կետը փոփ., լրաց. 31.10.20 N 1756-Ն, խմբ. 06.05.21 N 727-Ն)
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ՝ չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար։
9. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից և 3-րդ կետից բացառություն է արվում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամների և միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը) համար: Ընդ որում, վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները՝ հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ: (նախադասությունը հանվել է 09.07.21 N 1127-Ն)
(9-րդ կետը լրաց. 18.09.20 N 1548-Ն, փոփ. 31.10.20 N 1756-Ն, 11.01.21 N 1-Ն, լրաց., խմբ. 06.05.21 N 727-Ն, փոփ. 09.07.21 N 1127-Ն)
ԳԼՈՒԽ 2.
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
10. Անձին 14 օրացուցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման:
(10-րդ կետը փոփ. 31.10.20 N 1756-Ն, խմբ. 11.01.21 N 1-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
12. Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
13. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
13.1. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 4.
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
15. (կետն ուժը կորցրել է 18.02.21 N 204-Ն)
15.1. Քրեակատարողական հիմնարկներում թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում, անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ:
(15.1-ին կետը լրաց. 29.10.20 N 1743-Ն)
15.2. Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:
(15.2-րդ կետը լրաց. 11.11.21 N 1834-Ն)
16. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
17. (կետն ուժը կորցրել է 09.07.21 N 1127-Ն)
17.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
1) տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․
2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ ընտանիքի անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ 9-րդ մասով սահմանված, ինչպես նաև 11-րդ մասի համաձայն՝ 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձակուրդների):
(17.1-ին կետը լրաց. 11.11.21 N 1834-Ն)
ԳԼՈՒԽ 5.
ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
18. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:
19. Հանրային իշխանության մարմինները, տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:
(19-րդ կետը խմբ. 27.08.21 N 1384-Ն, փոփ. 16.09.21 N 1490-Ն)
20. Բոլոր ուսումնական հաստատություններում և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:
21. Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
22. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է: Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։
(22-րդ կետը լրաց. 29.10.20 N 1743-Ն)
ԳԼՈՒԽ. 6
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ
23. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ՝ առողջապահական կազմակերպություններ) Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրում իրենց հայտնի՝ ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվը, բուժում անցնելու վայրի հասցեն, հեռախոսահամարները, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը:
24. Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորը փոխանցում է Տեսչական մարմին և ոստիկանություն:
(հավելվածը լրաց. 18.09.20 N 1548-Ն, խմբ., լրաց. 29.10.20 N 1743-Ն, խմբ., փոփ., լրաց. 31.10.20 N 1756-Ն, 11.01.21 N 1-Ն, փոփ. 18.02.21 N 204-Ն, լրաց., փոփ., խմբ. 06.05.21 N 727-Ն, խմբ., փոփ. 09.07.21 N 1127-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.08.21 N 1384-Ն, փոփ. 08.09.21 N 1454-Ն, 16.09.21 N 1490-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.11.21 N 1834-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|