ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1912-Ն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը` համաձայն N 1 հավելվածի.
2) մասնագիտական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը և չափը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, իսկ 2-րդ ենթակետը և միջնակարգ կրթության երրորդ մակարդակին համապատասխան առարկայական ծրագիր վարող մանկավարժական աշխատողի տարակարգի հավելավճարի տրամադրումը՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1912-Ն որոշման |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման իրավահարաբերությունները։
2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի N 07-Ն հրամանի 2-րդ հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ ատեստավորման կարգ) 40-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը, իսկ 40-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված արդյունքը ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար՝ առանց հավելավճարի տրամադրման:
3. Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին հավելավճար սահմանվում է ատեստավորման կարգի 40-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով, հետևյալ տրամաբանությամբ՝
1) ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 50 % հավելավճար՝ մանկավարժի աշխատավարձի նկատմամբ.
2) ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 40 % հավելավճար՝ մանկավարժի աշխատավարձի նկատմամբ.
3) ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 30 % հավելավճար՝ մանկավարժի աշխատավարձի նկատմամբ.
4) հավելավճարը հաշվարկվում է միայն ատեստավորված ուղղությամբ բոլոր հաստատություններում փաստացի դասավանդող ժամերին համապատասխան հաշվարկվող մանկավարժական աշխատավարձի նկատմամբ։
4. Մեկ հաստատությունից մանկավարժական աշխատողի այլ հաստատություն տեղափոխման արդյունքում հավելավճարը պահպանվում է:
5. Ատեստավորման կարգի 40-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցների հաշվին երկրորդ անգամ դիմել ու մասնակցել նախարարության կողմից իր ուղղությամբ հաջորդ կազմակերպվելիք երաշխավորած կազմակերպության վերապատրաստման դասընթացին և ատեստավորման գործընթացին`
1) նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի հավելավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.
2) ատեստավորման կարգի 40-րդ կետի 2-3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.
3) նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված չափով և ժամկետով։
6. Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողը ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, որոնց հանրագումարային ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը: Յուրաքանչյուր աշխատավայրում հավելավճարը հաշվարկվում է նախարարի հրամանով հաստատված ուղղության ոլորտին առնչվող և մանկավարժական աշխատողի կողմից դասավանդվող մոդուլների ժամաքանակների հանրագումարի հաշվարկով և այդ ժամերին համապատասխան հաշվարկվող մանկավարժական աշխատավարձի նկատմամբ:
7. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված հավելավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1912-Ն որոշման |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ
1. Սույն կարգով սահմանվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած դասախոսի, վարպետի և հրահանգչի (այսուհետ՝ մանկավարժ) հավելավճար սահմանելու կարգը:
2. Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժներին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին սահմանվում է հավելավճար երեք տարի ժամկետով՝
1) երրորդ աստիճանի տարակարգի համար` մանկավարժական աշխատավարձի նկատմամբ 50 տոկոսի չափով.
2) երկրորդ աստիճանի տարակարգի համար` մանկավարժական աշխատավարձի նկատմամբ 30 տոկոսի չափով.
3) առաջին աստիճանի տարակարգի համար` մանկավարժական աշխատավարձի նկատմամբ 20 տոկոսի չափով:
3. Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած մանկավարժական աշխատողի հասանելիք հավելավճարը սահմանվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին:
4. Համատեղությամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական այլ ուսումնական հաստատությունում դասավանդելու դեպքում տարակարգ ստացած մանկավարժին հավելավճար տրամադրվում է նաև տվյալ հաստատությունում:
5. Հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի մանկավարժական աշխատողը կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին ՄՈՒՀ-ի կամ սեփական և այլ ֆինանսական միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|