ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա. Մաթևոսյան |
ԵԴ/0653/01/20 |
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի | ||
|
|
Ս. ՕՀԱՆՅԱՆԻ |
19 հուլիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Կարեն Գրիգորի Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ և 137-րդ հոդվածների հատկանիշներով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա․Գևորգյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հիշյալ որոշումը վերացվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10202219 քրեական գործը։
2019 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցվել է թիվ 09851219 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ թիվ 10202219 քրեական գործը միացվել է թիվ 09851219 քրեական գործին։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Կարեն Գրիգորի Սիմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա որոշմամբ Կ.Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2020 թվականի հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12152920 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ թիվ 12152920 քրեական գործը միացվել է թիվ 09851219 քրեական գործին։
2020 թվականի մայիսի 8-ին մեղադրյալ Կ․Սիմոնյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականնի մայիսի 8-ի որոշումներով Կ.Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մայիսի 9-ի որոշմամբ Կ․Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
2020 թվականնի հունիսի 26-ին թիվ 09851219 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Կ.Սիմոնյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը փոփոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ գրավի չափ սահմանելով 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը։
2021 թվականի հունիսի 11-ին Կ․Սիմոնյանն ազատվել է արգելանքից։
2.1. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճռով Կ.Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և երկու դրվագ՝ 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, 185-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն դատավճռով Կ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 2021 թվականի հունիսի 11-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը և Կ.Սիմոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով։
3. Դատախազ Հ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի հունիսի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Կ.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի չի առնվել, որ նա ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող վնաս: Բացի այդ, հաշվի չի առնվել այն, որ Կ․Սիմոնյանը գիտակցել է սեռով պայմանավորված ֆիզիկական ուժերի անհավասարության պայմաններում անօգնական վիճակում հատակին ընկած և դիմադրություն չցուցաբերող տուժողի կենսական կարևոր օրգանին՝ գլխին (դեմքին) իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով հարվածներ հասցնելը, հարվածների քանակը, դրանց բնույթը և տեղակայումը, հանցանքին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում Կ.Սիմոնյանի վարքագիծը, մասնավորապես այն, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 7-ին տուժող Լիանա Նիկողոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ 2019 թվականի հոկտեմբերի 6-ին, ծեծել է վերջինիս և սպանության սպառնալիք տվել, 2020 թվականի դեկտեմբերի 7-ին ոստիկանություն զանգահարելը կանխելու նպատակով Լիանա Նիկողոսյանի ձեռքից վերցրել է վերջինիս հեռախոսը և գետնին հարվածելով՝ կոտրել՝ պատճառելով 127.000 ՀՀ դրամի գույքային վնաս, իսկ քրեական գործի նախաքննության ընթացքում պարբերաբար զանգել է Լիանա Նիկողոսյանին, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ տվել՝ պահանջելով ոստիկանությունից հետ վերցնել իր դեմ ներկայացված բողոքը։
Բողոքաբերը որպես Կ.Սիմոնյանի անձի հանրային վտանգավորությունը բնութագրող հանգամանքներ կարևորել է նաև այն, որ Կ.Սիմոնյանին մեղսագրված է եղել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, երկու դրվագ` 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարում, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով, իսկ 185-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձի վիճակը բարելավող նորմի ընդունմամբ պայմանավորված։
5.1․ Բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկին, որ Կ.Սիմոնյանի կողմից հանցագործությունը կատարելիս զենք, սուր կտրող ծակող գործիք կամ այլ առարկա չի օգտագործվել, նշել է, որ հանցանքի կատարման եղանակը յուրաքանչյուր դեպքով պետք է գնահատվի՝ ելնելով գործի ամբողջական փաստական հանգամանքների առանձնահատկություններից, հաշվի առնելով նաև՝ հարվածների քանակը, բնույթը, տեղակայումը:
5.2. Բողոքաբերն արձանագրել է նաև, որ Կ.Սիմոնյանը նախկինում դատապարտվելով անձի նկատմամբ բռնության կիրառմամբ կատարված ծանր հանցագործության համար (2016 թվականի հունիսի 22-ի թիվ ԿԴ2/0052/01/15 դատավճռով Կ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 տարի ժամկետով) 2018 թվականի նոյեմբերի 6-ին համաներման ակտի կիրառմամբ պատիժը կրելուց ազատ արձակվելով՝ մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, կրկին կատարել է անձի նկատմամբ բռնության կիրառմամբ ծանր հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
5.3. Բողոքաբերը, արձանագրելով, որ առկա փաստական տվյալների համաձայն՝ Կ․Սիմոնյանի մոտ ախտորոշվել են դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա, ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, ճողվածքներ, գլխուղեղի անոթային բնույթի փոփոխություններ, նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման չեն ենթարկել և առանց որևէ հիմքի հիվանդությունը գնահատել են որպես ծանր հիվանդություն, մինչդեռ հիվանդության ծանրության աստիճանը բժշկական կատեգորիա է և կարող է հաստատվել բացառապես նշված բնագավառի բավարար գիտելիքներ ունեցող մասնագետի (փորձագետի կողմից)։
5.4. Ամփոփելով վերոգրյալը` բողոքաբերը նշել է, որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերը նշված հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը: Հետևաբար, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Կ.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալը (հիվանդ լինելը), պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, չեն կարող բավարար լինել պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար։
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 8-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով Կ.Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճռով հաստատված է համարել հետևյալը. «(…) Կարեն Գրիգորի Սիմոնյանը ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել է Լիանա Նիկողոսյանի հետ: 2018թ․ նոյեմբերի 1-ին Կարեն Սիմոնյանը պատժի կրումից ազատ արձակվելուց հետո շարունակել է շփումը Լիանա Նիկողոսյանի հետ, ում հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Երևան քաղաքի տարբեր հասցեներում: Համատեղ կյանքում ունեցել են տարաձայնություններ, ինչի պաճառով 2019թ․ հոկտեմբեր ամսից Լիանա Նիկողոսյանը տեղափոխվել է իր հայրական տուն, սակայն Կարեն Սիմոնյանի հետ շարունակել են պարբերաբար հանդիպել:
Կարեն Սիմոնյանն իրենց անձնական փոխհարաբերությունների շուրջ զրուցելու նպատակով Լիանա Նիկողոսյանին 2016 թվականի հոկտեմբերի 6-ին հրավիրել է իր կողմից վարձակալած Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցք 7-րդ շենք 7-րդ հասցեում գտնվող բնակարան։
Բնակարանում գտնվելու ժամանակ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Լիանա Նիկողոսյանի հետ, որի ընթացքում քաշել է նրա մազերից, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Լիանա Նիկողոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է աջ դաստակի 5-րդ մատի շրջանի արյունազեղման ձևով վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Տուժող Լիանա Նիկողոսյանն իրական է ընդունել նաև ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի կողմից հնչեցված սպանության սպառնալիքները։ Դրանից հետո Կարեն Սիմոնյանը և Լիանա Նիկողոսյանը հետագայում շարունակել են հանդիպել և շփվել։
2019թ․ դեկտեմբերի 07-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Կարեն Սիմոնյանը Լիանա Նիկողոսյանի հետ գտնվել է Երևան քաղաքի Ա.Ահարոնյան փողոց 1/5 հասցեում գտնվող «Լույս Աղբյուր հյուրանոցային համալիրի 9-րդ սենյակում, որտեղ վիճաբանել է վերջինիս հետ, ինչի պատճառով Լիանա Նիկողոսյանը ցանկացել է ահազանգել ոստիկանություն, սակայն Կարեն Սիմոնյանը, վրդովվելով նրա վարքագծից, վերջինիս ձեռքից վերցրել է նրան պատկանող՝ C76SDXU2HG7K գործարանային համարով Այֆոն 7 տեսակի, A1778 մոդելի բջջային հեռախոսը, այն հարվածել է գետնին և կոտրել՝ Լիանա Նիկողոսյանին պատճառելով՝ 127.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Դրանից հետո, Կարեն Սիմոնյանը, բռնելով Լիանա Նիկողոսյանի ձեռքից, գցել է «Լույս Աղբյուր» հյուրանոցային համալիրի 9-րդ սենյակում տեղադրված ապակե սեղանի վրա, ինչի արդյունքում այն կոտրվել է, որից հետո, շարունակելով Լիանա Նիկողոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությանն ուղղված իր գործողությունները, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել հատակին ընկած Լիանա Նիկողոսյանի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ձախ ճակատգագաթաքունքային, աջ և ձախ ակնակապճային, քթի, կրծքավանդակի, ձախ գոտկային, աջ բազկի, աջ դաստակի շրջանների՝ քերծվածքների, արյունազեղումների, ենթամաշկային և ներծոցային արյունահավաքների, սալջարդ վերքի, գանգուղեղային վնասվածքի, ձախ նախաբազկի, ձախ գոտկային շրջանների՝ կտրած վերքերի, քթոսկրերի, ձախ ակնակապճի պատերի (սեպոսկրի), մաղոսկրի խորշիկների, ճակատոսկրի՝ ներհրված կոտրվածքների ձևով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Կարեն Սիմոնյանը, 2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 02-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար զանգահարել է Լիանա Նիկողոսյանին և կայացած հեռախոսազրույցների ընթացքում վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ՝ պահանջելով ոստիկանությունից հետ վերցնել իր դեմ ներկայացված բողոքը, ինչը Լիանա Նիկողոսյանն իրական է ընդունել, սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգացել և դրա հետևանքով նրա մոտ առաջացրել է վախի ու տագնապի զգացողություն (…)»1:
7.1. Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով վերոգրյալ փաստական հանգամանքները, գտել է, որ. «(…) Կարեն Գրիգորի Սիմոնյանի արարքները համապատասխանում են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով, երկու դրվագ 137-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, սակայն ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը պատասխանատվության և պատժի ենթակա է միայն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար։
(…)
Դատարանը, հետազոտելով քրեական գործը, գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը վատառողջ է, ըստ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի ախտորոշվել է դիսցիրկուլյատոր էնցեֆալոպատիա, ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների դեգեներատիվ փոփոխություններ, ճողվածքներ, գլխուղեղի անոթային բնույթի փոփոխություններ:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական կարգավորումը, որպես Կարեն Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում նաև այն, որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։
Դատարանն ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է արձանագրում հանցագործությունների ռեցիդիվը։
Մասնավորապես, Կարեն Սիմոնյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հունիսի 22-ի դատավճռով դատապարտվել էր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով ազատազրկման՝ 6 (վեց) տարի ժամկետով, 2018 թվականի նոյեմբերի 06-ին Համաներման ակտի կիրառմամբ ազատ էր արձակվել պատժի կրումից։ Այսինքն, դատվածություն ունենալով դիտավորյալ հանցագործության կատարման համար՝ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը կրկին կատարել է դիտավորյալ հանցանք:
(…)
Դատարանը գտնում է, որ Կարեն Սիմոնյանի անձը բնութագրող տվյալների՝ ծանր հիվանդությամբ տառապելը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների` առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, կոնկրետ համակցությունը, բավարար է նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։
Միևնույն ժամանակ, դատարանը ցանկանում է արձանագրել, որ Կ.Սիմոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունն ինքնին չի կարող արգելք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։
Ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև հանցագործության կատարման եղանակը։
Սույն քրեական գործի քննությամբ հաստատվել է, որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը տուժող Լիանա Նիկողոսյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն իրականացնելիս՝ առողջությանը ծանր վնաս պատճառելիս զենք, դանակ կամ այլ սուր կտրող-ծակող գործիք, կամ առհասարակ այլ առարկա չի օգտագործել, ինչը դատարանի գնահատմամբ վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել նվազ աստիճանի մասին:
Այսպիսով, հաշվի առնելով քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատիժն nւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ դատարանը հանգում է հետևության, որ Կ.Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հնարավոր է պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով (…)»2։
8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը․ «(…) Սույն գործով Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին, հաշվի առնելով վերջինիս անձը բնութագրող տվյալները՝ ծանր հիվանդությամբ տառապելը (վերջինիս մոտ ախտորոշվել է դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա, ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ, ճողվածքներ, գլխուղեղի անոթային բնույթի փոփոխություններ), պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, եկել է հիմնավոր հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը՝ սահմանելով փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն իրավաչափ կերպով արձանագրել է, որ Կ.Սիմոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի՝ հանցագործությունների ռեցիդիվի առկայությունն ինքնին չի կարող արգելք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
Ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նաև հանցագործության կատարման եղանակը, մասնավորապես, այն, որ քրեական գործի քննությամբ հաստատվել է, որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը տուժող Լիանա Նիկողոսյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն իրականացնելիս՝ առողջությանը ծանր վնաս պատճառելիս զենք, դանակ կամ այլ սուր կտրող-ծակող գործիք, կամ առհասարակ այլ առարկա չի օգտագործել, ինչը դատարանի գնահատմամբ վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության՝ առավել նվազ աստիճանի մասին:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ պայմանական դատապարտում կիրառելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։
Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում վերաքննիչ բողոքի այն պնդումը, թե․ «(...) մեղադրյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները, մասնավորապես՝ Կարեն Սիմոնյանի անձի հանրային բարձր վտանգավորությունը, որի մասին է վկայում նաև դիտավորությամբ կատարած հանցանքի համար դատվածություն ունենալով՝ նոր քննարկվող դիտավորյալ հանցանքները կատարելը (...)»։
(…)
Սույն պարագայում, Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի առնելով վերջինիս անձը բնութագրող վերոնշյալ տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների կոնկրետ համակցությունը, եկել է հիմնավոր հետևության, որ դրանք բավարար են ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
Այսինքն, Կարեն Սիմոնյանի կողմից դիտավորությամբ կատարած հանցանքի համար դատվածություն ունենալով՝ նոր դիտավորյալ հանցանքը կատարելը տվյալ պարագայում չի կարող արգելք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
Հիմնավորված չէ նաև վերաքննիչ բողոքի այն պնդումը, թե «(...) դատարանը անհրաժեշտ կերպով չի անդրադարձել ամբաստանյալին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանին՝ արդյունքում կայացնելով չպատճառաբանված դատական ակտ՝ նշանակված պատժի կրման ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ, մասնավորապես, դատարանի կողմից անտեսվել են այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են տուժողին ուղղակի դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելն այն պայմաններում, երբ վերջինը գտնվել է գետնին ընկած վիճակում և որևէ դիմադրություն չի ցուցաբերել»։
Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված հանգամանքները հանդիսանում են ամբաստանյալ Կարեն Սիմոնյանին վերագրվող հանցակազմի տարրեր և դրանք կարևոր են այնքանով, որքանով որ օրենսդիրը նաև դրանց հիման վրա տվյալ արարքը դասել է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքների շարքին։ Հենց դիտավորությամբ հասցված հարվածների արդյունքում է, որ տուժողին պատճառվել է կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։ Բացի այդ, չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական, քրեաբանական և քրեաիրավական, ֆիզիկական հատկությունների համակցությունը (ընտանեկան դրությունը, վարքագիծը աշխատանքում և կենցաղում, աշխատունակությունը, առողջական վիճակը, տարիքը, սեռը, դատվածությունը և այլն) (...)»3:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Կ.Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է Կ․Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Կ․Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը սխալ հաշվարկված լինելու հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք։
10.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ նշանակված պատժին հաշվակցելով 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 2021 թվականի հունիսի 11-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը և Կ.Սիմոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կ.Սիմոնյանը փաստացի անազատության մեջ է գտնվել 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն, նշանակված 4 (չորս)տարի ժամկետով ազատազրկմանը պետք է հաշվակցել 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական թողնել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք Կարեն Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում4:
13. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն5:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ Կարեն Սիմոնյանը Լույս Աղբյուր հյուրանոցային համալիրի 9-րդ սենյակում վիճաբանել է տուժող Լիանա Նիկողոսյանի հետ, ինչի պատճառով վերջինս ցանկացել է ահազանգել ոստիկանություն, սակայն Կ.Սիմոնյանը, վրդովվելով նրա վարքագծից, վերջինիս ձեռքից վերցրել է «Այֆոն 7» բջջային հեռախոսը, հարվածել է գետնին և կոտրել: Դրանից հետո, Կ.Սիմոնյանը, բռնելով Լ.Նիկողոսյանի ձեռքից, գցել է սենյակում տեղադրված ապակե սեղանի վրա, ինչի արդյունքում այն կոտրվել է, որից հետո, շարունակելով Լ.Նիկողոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությանն ուղղված իր գործողությունները, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել հատակին ընկած Լ.Նիկողոսյանի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ձախ ճակատգագաթաքունքային, աջ և ձախ ակնակապճային, քթի, կրծքավանդակի, ձախ գոտկային, աջ բազկի, աջ դաստակի շրջանների՝ քերծվածքների, արյունազեղումների, ենթամաշկային և ներծոցային արյունահավաքների, սալջարդ վերքի, գանգուղեղային վնասվածքի, ձախ նախաբազկի, ձախ գոտկային շրջանների՝ կտրած վերքերի, քթոսկրերի, ձախ ակնակապճի պատերի (սեպոսկրի), մաղոսկրի խորշիկների, ճակատոսկրի՝ ներհրված կոտրվածքների ձևով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս6:
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատիժն nւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ հանգել է հետևության, որ Կ.Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հնարավոր է պայմանականորեն չկիրառել7:
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռը՝ համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ8:
15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել Կ․Սիմոնյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.
- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ Կ.Սիմոնյանը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
- հանցագործության եղանակը և իրադրությունը՝ Կ.Սիմոնյանը, բռնելով Լ.Նիկողոսյանի ձեռքից, գցել է սենյակում տեղադրված ապակե սեղանի վրա, ինչի արդյունքում այն կոտրվել է, որից հետո, շարունակելով Լ.Նիկողոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությանն ուղղված իր գործողությունները, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել հատակին ընկած Լ.Նիկողոսյանի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին,
- հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ Լ.Նիկողոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է գանգուղեղային վնասվածքի, քթոսկրերի, ձախ ակնակապճի պատերի (սեպոսկրի), մաղոսկրի խորշիկների, ճակատոսկրի՝ ներհրված կոտրվածքների, ձախ նախաբազկի, ձախ գոտկային շրջանների՝ կտրած վերքերի, ձախ ճակատգագաթաքունքային, աջ և ձախ ակնակապճային, քթի, կրծքավանդակի, ձախ գոտկային, աջ բազկի, աջ դաստակի շրջանների՝ քերծվածքների, արյունազեղումների, ենթամաշկային և ներծոցային արյունահավաքների, սալջարդ վերքի ձևով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս,
- Առաջին ատյանի դատարանը թեև դատավճռով Կ.Սիմոնյանին մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այնուամենայնիվ Կ.Սիմոնյանի կողմից նրան մեղսագրված մյուս արարքների կատարման փաստը հաստատված է համարել: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքաբերի այն մոտեցումը, որ վերոգրյալ հանգամանքները կարևոր են Կ.Սիմոնյանի անձի հանրային վտանգավորությունը բնութագրելիս։
- ռեցիդիվի առկայությունը, մասնավորապես այն, որ Կ․Սիմոնյանը դատապարտված լինելով ազատազրկման և դատվածություն ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման համար (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Հատկանշական է, որ Կ.Սիմոնյանը, բռնի արարքի համար ազատազրկման ձևով նշանակված պատժից ազատվելով՝ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտի՝ համաներման կիրառմամբ, կրկին կատարել է բռնի արարք։
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում անձը, իր նախկին հակաօրինական գործունեությանը պետության կողմից տրված բացասական գնահատականի պայմաններում նոր հանցանք կատարելով, արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ, որով և դրսևորվում է նրա՝ հանրային բարձր վտանգավորությունը9:
16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհամաձայնություն է արտահայտում ստորադաս դատարանների՝ հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության նվազ վտանգավորությունը հիմնավորող այն փաստարկին, որ Կարեն Սիմոնյանի կողմից հանցագործությունը կատարելիս զենք, սուր կտրող-ծակող գործիք կամ այլ առարկա չի օգտագործվել։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որևէ զենք, սուր կտրող-ծակող գործիք կամ այլ առարկայի օգտագործումը թեև էական նշանակություն ունի արարքի հանրային վտանգավորության գնահատման գործում, այնուամենայնիվ դա պետք է գնահատվի այնպիսի հանգամանքների հետ համակցության մեջ, ինչպիսիք են՝ անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն։ Այլ կերպ, զենքի, սուր կտրող-ծակող գործիքի կամ այլ առարկայի չօգտագործումն արարքի հանրային վտանգավորության գնահատման միակ չափանիշը չէ, ուստի ինքնին չի վկայում հանրային վտանգավորության նվազ լինելու մասին։
17. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ տուժողին ուղղակի դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելն այն պայմաններում, երբ վերջինը գտնվել է գետնին ընկած վիճակում և որևէ դիմադրություն չի ցուցաբերել, հանդիսանում են Կ.Սիմոնյանին վերագրվող հանցակազմի տարրեր և դրանք կարևոր են այնքանով, որքանով որ օրենսդիրը նաև դրանց հիման վրա տվյալ արարքը դասել է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքների շարքին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները չեն հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի պարտադիր տարրեր (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կարող է կատարվել նաև անուղղակի դիտավորությամբ, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք կարող է պատճառվել մեկ հարվածի արդյունքում, նման մարմնական վնասվածք կարող է պատճառվել նաև, երբ տուժողը չի գտնվում գետնին ընկած վիճակում կամ դիմադրություն է ցուցաբերում)։ Հետևաբար, վերոնշյալ հանգամանքները ստորադաս դատարանների կողմից ենթակա էին գնահատման մյուս հանգամանքների հետ համակցության մեջ։
18. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Սիմոնյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Կ.Սիմոնյանի և նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Կարեն Սիմոնյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները չեն կարող բավարար համարվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
19. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար։ Արդյունքում, անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն, Կ․Սիմոնյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը հաշվակցել 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր անազատության մեջ գտնվելու ժամկետը: Միևնույն ժամանակ, Կ․Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Կ․Սիմոնյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Կարեն Գրիգորի Սիմոնյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 8-ի որոշումը փոփոխել։
Կարեն Գրիգորի Սիմոնյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկմանը, նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա, հաշվակցել 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական թողնել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։
Կարեն Գրիգորի Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել։
Պատժի կրման սկիզբը հաշվել Կարեն Գրիգորի Սիմոնյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
2․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
_______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 106-114։
2 Տե՛ս նույն տեղում։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 46-59։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հարությունյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՍԴ/0204/01/13 որոշման 16-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ա. Պողոսյան | |
Ս. ՕՀԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:
