«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 592
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնակչության պատսպարման կարգը (կցվում է):
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վրա:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
բնակչության պատսպարման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են բնակչության պատսպարման կազմակերպման հիմնական պահանջները, պաշտպանական կառույցների տեսակները և դրանց պահպանման ու շահագործման կարգը:
2. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում մարդկանց կյանքի և գործունեության ապահովման հիմնական միջոցն է:
3. Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումն իրականացվում է հետևյալ պաշտպանական կառույցներում`
ա) ստորգետնյա հատուկ շինություններ` ապաստարաններ, թաքստոցներ (հակաճառագայթային, պարզագույն, նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ), մետրոպոլիտեն.
բ) բնակելի ֆոնդի տարածքներ (առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես հակաճառագայթային թաքստոցներ, նկուղներ, կիսանկուղներ):
4. Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`
ա) պաշտպանական կառույցների վաղօրոք շինարարությունը.
բ) պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստ վիճակում.
գ) պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.
դ) արագ կառուցվող ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:
5. Պաշտպանական կառույցների համակարգը, որն ապաստարանների և թաքստոցների ամբողջություն է, կախված պաշտպանական կառույցների տեղակայման վայրից և նշանակությունից, ապահովում է բնակչության պատսպարումը`
ա) ապաստարաններում`
Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Կապան քաղաքների կենսագործունեությունն ապահովող և պատերազմի ժամանակ իրենց գործունեությունը շարունակող կազմակերպություններում աշխատողներին և ծառայողներին.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարևորության և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին ու ծառայողներին` անկախ նրանց տեղակայման վայրից.
բ) հակաճառագայթային թաքստոցներում` Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետև` ՀԱԷԿ) 30 կիլոմետրանոց գոտում բնակվող բնակչությանը.
գ) նկուղային և այլ խորացված տարածքներում, մետրոպոլիտենում, հանքախորշերում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում` մնացած բնակչությանը:
6. Խաղաղ ժամանակ, պաշտպանական կառույցները, համաձայն քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների նորմերի պահանջների, կարող են օգտագործվել տնտեսական, կրթական, մարզական նպատակներով, որի ժամանակ պետք է ապահովվի շինությունների և կառուցվածքների պահպանությունն ավերածությունից ու խոնավությունից և պաշտպանական կառույցները պատսպարվողների ընդունման համար ժամանակին պատրաստականության բերումը:
Պաշտպանական կառույցների օգտագործումը տնտեսական, կրթական, մարզական նպատակով (բացառությամբ մետրոպոլիտենի) թույլատրելի է պաշտպանական կառույցների ծավալի 80 տոկոսի չափով՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 շինարարական նորմերի պահանջները, և ազատման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 6 ժամ:
(6-րդ կետը փոփ. 28.11.24 N 1862-Ն)
7. Պաշտպանական կառույցները տարբերվում են կառուցման ժամկետներով`
ա) խաղաղ ժամանակ կառուցվող ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ.
բ) պատերազմի սպառնալիքի ժամանակ կառուցվող պաշտպանական կառույցներ`
արագ կառուցվող ապաստարաններ,
արագ կառուցվող թաքստոցներ,
պարզագույն թաքստոցներ:
8. Արագ կառուցվող ապաստարանները և թաքստոցները կառուցվում են ամենասեղմ ժամկետներում` առավելագույնս օգտագործելով առկա հավաքովի կառուցվածքներն ու նյութերը, պարզեցված սարքավորումները:
9. Արագ կառուցվող պաշտպանական կառույցների տեղակայման վայրը և թիվը որոշվում են քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից` ելնելով խաղաղ ժամանակ դրանցով բնակչության փաստացի ապահովվածությունից:
10. Պարզագույն թաքստոցները կառուցվում են արտակարգ իրավիճակների ու պատերազմի սպառնալիքի ժամանակահատվածում բնակչության այն մասի համար, որն ապահովված չէ պաշտպանական կառույցներով, որոնց շինարարության պլաններն ու ժամանակացույցերը վաղօրոք մշակվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից:
Պարզագույն թաքստոցների կառուցման բոլոր աշխատանքները համապատասխանեցվում են արագ կառուցվող շինությունների շինարարության, ինչպես նաև բնակչության տարահանման պլաններին:
II. Բնակչության պատսպարման իրականացումը
11. Բնակչության կազմակերպված և ժամանակին պատսպարման համար պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունների ղեկավարներն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ անցկացնում են բնակչության, աշխատողների և ծառայողների պաշտպանական կառույցներին ամրագրման միջոցառումներ:
Պաշտպանական կառույցների մուտքի վրա կախվում են ցուցատախտակներ, իսկ դեպի պաշտպանական կառույցներ տանող շարժական երթուղիների վրա` ցուցանշաններ:
12. Պաշտպանական կառույցների սպասարկման և պատսպարման կազմակերպման նպատակով դրանց կից ստեղծվում են փրկարար ուժեր (սպասարկող խմբեր և օղակներ), որոնց անձնակազմը պարտավոր է`
ա) ապահովել պաշտպանական կառույցների նախապատրաստումը պատսպարվողների ընդունման համար.
բ) հետևել պաշտպանական կառույցները պատսպարվողներով լրացման և շահագործման ընթացքին.
գ) իմանալ շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնները պաշտպանական կառույցների բոլոր սարքավորումների շահագործման դեպքում.
դ) կազմակերպել պատսպարվող բնակչության սնումը, բժշկական ապահովումը:
Ապաստարանները և թաքստոցներն սպասարկող խմբերի և օղակների կազմում կարող են ներգրավվել բոլոր աշխատունակ մարդիկ:
13. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`
ա) շչակի ընդհատվող հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.
բ) շչակի անընդհատ հնչեցման դեպքում («Ուշադրություն բոլորին» ազդանշան) բնակչությանը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրա առաջացման և բնակչության գործողությունների մասին, ու գործում համաձայն այդ հաղորդագրությունների:
14. Համապատասխան ազդանշան ստանալով` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և, ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար:
15. Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:
16. Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված ամրագրման պլանների համաձայն:
17. Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների:
18. Հասարակական վայրերում գտնվող բնակչությունը պատսպարվում է ըստ գտնվելու վայրի` պաշտպանական կառույցներում օգտագործելով մետրոպոլիտենը, ստորգետնյա անցումները, շենքերի և այլ կառույցների առաջին հարկերը:
Պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությունը մասնակցում է պարզագույն թաքստոցների կառուցմանը, հետագայում դրանցում պատսպարվելու նպատակով` համաձայն պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից հաստատված պլանի:
19. Պաշտպանական կառույցները բերվում են պատրաստականության` պատսպարվողների ընդունման համար ազդանշան տալու պահից սկսած 12 ժամվա ընթացքում, իսկ ՀԱԷԿ-ում և քիմիական վտանգավոր օբյեկտներում, որոնք գտնվում են մշտական պատրաստականության վիճակում, անմիջապես:
20. Պաշտպանական կառույցներում տեղավորվում են կազմակերպված և արագ` կառույցի պարետի (ավագի) ցուցումով: Քաղաքացիական պաշտպանության ազդանշանից հետո համապատասխան մարմինների կողմից նախօրոք նշված ժամանակն սպառվելուն պես պաշտպանական կառույցներում մարդկանց տեղավորումը դադարեցվում է, դռները փակվում են:
21. Պաշտպանական կառույցներում անհրաժեշտ է խստորեն պահպանել սահմանված ռեժիմն ու կարգը: Պատսպարվողները պարտավոր են անվերապահորեն կատարել պարետի (ավագի) և հերթապահների բոլոր կարգադրությունները:
III. Բնակչության պատսպարման համար նախատեսվող ֆինանսավորումը ԵՎ նյութատեխնիկական ապահովումը
22. Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման ու շահագործման և վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
(կարգը փոփ. 28.11.24 N 1862-Ն)