ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1638/05/192022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/1638/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Հ. Բեդևյան Լ. Հակոբյան
2022 թվականի օգոստոսի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի բերած վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Գևորգյանի օրինական ներկայացուցիչ Էռնեստ Գևորգյանի ընդդեմ ՀՀ նախագահի, երրորդ անձինք ՀՀ վարչապետ, ՀՀ ոստիկանություն, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ պատասխանողին Տիգրան Էռնեստի Գևորգյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տիգրան Գևորգյանի օրինական ներկայացուցիչ Էռնեստ Գևորգյանը պահանջել է պատասխանողին պարտավորեցնել ընդունել Տիգրան Էռնեստի Գևորգյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 13.11.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.04.2021 թվականի որոշմամբ ՀՀ նախագահի, երրորդ անձինք ՀՀ վարչապետի և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, և ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 13.11.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ նախագահը (ներկայացուցիչ՝ Անի Մուրադյան) և ՀՀ վարչապետն ու Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (ներկայացուցիչներ՝ Անահիտ Անտոնյան, Արաքս Սուքիասյան):
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
2. ՀՀ նախագահի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի կողմից կայացված վճռում ներկայացված օրենսդրական մեկնաբանություններն ու դրանց հիման վրա Դատարանի վճիռն անփոփոխ թողնելը կարող է նախադեպ և հնարավորություն (սողանք) հանդիսանալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունները չկատարելու (շրջանցելու) համար՝ դրանով իսկ վտանգելով երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը։
Վերաքննիչ դատարանի կողմից հիմնովին հերքվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հստակ ամրագրված վարչական ակտի ընդունման համար անհերքելի իրավական հիմքի՝ ՀՀ վարչապետի առաջարկության առկայությունը, որպիսի իրավական հիմքը, ըստ Վերաքննիչ դատարանի, դիտարկվում է դատարանի վճիռը:
Հանրապետության նախագահն իրավասություն չունի առանց համապատասխան իրավական հիմքերի փոփոխել կամ ուժը կորցրած ճանաչել վիճարկվող հրամանագիրը։
Բացի այդ, միևնույն դատարանում համանման փաստական հանգամանքներով և կիրառման ենթակա նույն օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում կան տարբեր դիրքորոշումներ, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի մեկնաբանման, ապա նաև կիրառման տեսանկյունից, ուստի բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը էական նշանակություն կունենա նույնաբովանդակ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. ՀՀ վարչապետի և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 134-րդ և 139-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ, 27-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, խախտել է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասը, 47-րդ հոդվածի 6-րդ մասը, 123-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 24-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները, չի կիրառել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը, 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասի 1-ին կետը, 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, սխալ է մեկնաբանել և կիրառել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Նախագահն իրավասու է քաղաքացիության դադարեցման կամ շնորհման հարցի ըստ էության լուծման փուլում բացառապես կատարելու ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածով նախատեսված գործողությունները: Նշված կարգավորման պայմաններում, երբ օրենքով սահմանվել է քաղաքացիության դադարեցման հարցերի լուծման կարգը, փաստացի ՀՀ նախագահը քաղաքացիության հարցի լուծմանը «մասնակցում է» այնքանով, որքանով ունի ընդամենը ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ թվով գործողություններ կատարելու իրավունք։ Փաստորեն Նախագահը վարույթի եզրափակիչ ակտն ընդունում է՝ սահմանափակվելով վարչարարությանը մասնակցող այլ իրավասու մարմնի առաջարկով:
Այսինքն՝ ՀՀ նախագահն իրավասություն չունի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և դադարեցնելու հետ կապված հարցերը դրանց վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությանն ու կից ներկայացվող հրամանագրի նախագծին հակառակ հրամանագիր ընդունելու միջոցով: Եվ եթե տվյալ դեպքում հայցվող հրամանագրի իրավական հիմք հանդիսանա դատարանի որոշումը, միևնույն է կստացվի, որ Նախագահի վրա դրվում է իրեն վերապահված իրավասությունների շրջանակից դուրս գործողություն կատարելու լրացուցիչ պարտականություն, որն օրինականության սկզբունքից ելնելով անթույլատրելի է:
Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել, որ վիճարկվող հրամանագրի համար իրավական հիմք հանդիսացած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հայցվորի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով քաղաքացիության դադարեցման սուբյեկտ հանդիսացող անձանց քաղաքացիությունը դադարեցվում է նույն օրենքով նախատեսված քաղաքացիության դադարեցման ընդհանուր կարգով, իսկ ընդհանուր կարգը սահմանված է օրենքի 4-րդ գլխով, որով կարգավորված են նաև քաղաքացիությունից դուրս գալու համար ներկայացված դիմումի մերժման հիմքերը:
Հայցվորը քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու պահին ունեցել է զինվորական հաշվառման կանգնելու արդեն իսկ ծագած պարտականություն՝ տվյալ տարում իր 16 տարին լրանալու հիմքով, ինչի հաշվառմամբ էլ վերջինիս դիմումը բավարարելու կապակցությամբ տրվել է բացասական եզրակացություն:
Դատարանները սխալ և անհիմն եզրահանգման են եկել նաև այն հարցի շուրջ, որ Տիգրան Գևորգյանը քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը ներկայացնելու պահին չի ունեցել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով չկատարված պարտականություն:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշումը կայացրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, չի իրականացրել գործի բազմակողմանի քննություն, ինչի արդյունքում կայացրել է սխալ դատական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման 20.05.2002 թվականի թիվ 334887 ծննդյան վկայականի համաձայն՝ Տիգրան Էռնեստի Գևորգյանը ծնվել է 18.05.2002 թվականին ՀՀ քաղաք Վանաձորում (հատոր 1-ին, գ.թ. 12)․
2) Էռնեստ Գևորգյանը 29.03.2018 թվականին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին ուղղված դիմումով խնդրել է ընդունել իր երեխայի՝ Տիգրան Գևորգյանի փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար, քանի որ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն (հատոր 1-ին, գ.թ. 68)․
3) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը 02.05.2018 թվականին ՀՀ զինվորական կոմիսարին ուղղված թիվ 22-32796 գրությամբ հայտնել է, որ ՀՀ քաղաքացի Տիգրան Էռնեստի Գևորգյանը դիմել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու խնդրանքով: Անձի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված և չկատարված պարտականության առկայությունը պարզելու նպատակով խնդրել է վերջինիս հանձնարարականը համապատասխան ծառայությանը (հատոր 1-ին, գ.թ. 83)․
4) ՀՀ զինվորական կոմիսարը 18.05.2018 թվականին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին ուղղված թիվ 2/3590 գրությամբ հայտնել է, որ 02.05.2018 թվականի թիվ 22-32796 գրությունը՝ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանի կողմից պետության հանդեպ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված և չկատարված պարտավորություն ունենալու վերաբերյալ, ուսումնասիրվել է: Համաձայն ՀՀ Վանաձորի զինվորական կոմիսարի զեկուցագրի՝ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանը Վանաձորի զինվորական կոմիսարիատում հաշվառված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնել է, որ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանն ունի զինվորական հաշվառման կանգնելու չկատարված պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 84)․
5) ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության պետի 04.06.2018 թվականի «Տիգրան Էռնեստի Գևորգյանի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի կապակցությամբ կազմված նյութերի վերաբերյալ» եզրակացության համաձայն՝ 29.03.2018 թվականին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի Էռնեստ Գեորգիի Գևորգյանը, իր անչափահաս որդու՝ Տիգրան Էռնեստի Գևորգյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու խնդրանքով: ԱՎՎ քաղաքացիության բաժնի առաջատար մասնագետը, քննության առնելով Էռնեստ Գեորգիի Գևորգյանի դիմումը՝ իր որդու՝ Տիգրան Էռնեստի Գևորգյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, պարզել է, որ Տիգրան Էռնեստի Գևորգյանը ծնվել է 18.05.2002 թվականին, Հայաստանում: Ազգությամբ հայ է, հանդիսանում է ՀՀ և ՌԴ քաղաքացի: Հայրը՝ Էռնեստ Գեորգիի Գևորգյանը՝ ծնված 28.02.1978 թվականին, հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ՀՀ Նախագահի՝ 15.03.2018 թվականի թիվ 173-Ա հրամանագրով դադարեցվել է վերջինիս քաղաքացիությունը: Մայրը՝ Քրիստինա Տիգրանի Պապանյանը՝ ծնված 10.08.1979 թվականին, հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Ծնողները և Տիգրան Էռնեստի Գևորգյանը տվել են իրենց գրավոր համաձայնությունները՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: Ըստ ՀՀ ՊՆ հանրապետական զինկոմիսարիատի 18.05.2018 թվականի թիվ 2/3590 գրության՝ համաձայն ՀՀ Վանաձորի զինվորական կոմիսարի զեկուցագրի՝ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանը Վանաձորի զինվորական կոմիսարիատում հաշվառված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնել են, որ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանը, համաձայն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ունի զինվորական հաշվառման կանգնելու չկատարված պարտավորություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ գտել են, որ Էռնեստ Գեորգիի Գևորգյանի դիմումը՝ իր որդու՝ Տիգրան Էռնեստի Գևորգյանի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, հնարավոր չէ բավարարել (հատոր 1-ին, գ.թ. 85)․
6) ՀՀ Նախագահի 08.10.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-436-Ա հրամանագրի համաձայն՝ հիմք ընդունելով Վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 134-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 26-րդ հոդվածի՝ մերժվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ հետևյալ անձանց դիմումները՝ Տիգրան Գևորգյանի՝ ծնված 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում (հատոր 1-ին, գ.թ. 90):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/2968/05/19 գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
ա) արդյո՞ք ՀՀ նախագահի վրա պարտավորեցման հայցի շրջանակներում կարող է դրվել պարտականություն ընդունելու անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությանը հակասող բարենպաստ վարչական ակտ։
բ) որո՞նք են այն հանգամանքները, որոնց առկայությունը պարտադիր է անձի դիմումի հիման վրա 14-18 տարեկան անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար։
ա) Վճռաբեկ դատարանը վերոգրյալ առաջին հարցադրման շրջանակներում նախ հարկ է համարում անդրադառնալ ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունների հարցին։ Այսպես.
ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
ՀՀ Սահմանադրության 134-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, (...) սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ ենթարկվել է էական փոփոխությունների, ինչն առաջին հերթին պայմանավորված է կիսանախագահական կառավարման ձևից դեպի խորհրդարանական կառավարման ձև անցում կատարելու հանգամանքով։ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը մի շարք լիազորություններ իրականացնում էր ինքնուրույն, առանց որևէ այլ մարմնի միջամտության։ Մինչդեռ փոփոխված Սահմանադրությամբ նախատեսվել է, որ Հանրապետության նախագահն այդ լիազորություններն իրականացնում է համապատասխան իրավասու մարմնի առաջարկությամբ։
Հանրապետության նախագահի լիազորությունների նման փոփոխություններ նախատեսվելուց զատ ընդգծվել է նաև վերջինիս այնպիսի կարևորագույն սահմանադրաիրավական առաքելությունը, ինչպիսին Սահմանադրության պահպանմանը հետևելն է։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է նույն օրենքով (...):
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և նույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:
Վերոգրյալ հոդվածների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախագահը, ունենալով ՀՀ քաղաքացիության հարցերի լուծման սահմանադրական լիազորություն, այն իրականացնում է համապատասխան հրամանագիր ընդունելու միջոցով, որին նախորդում է որոշակի փուլերից բաղկացած գործընթաց, որն էլ հիմք է հանդիսանում՝ ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիր ընդունելու համար։
Այսպես, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ ներկայացված դիմումի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո քննարկում է այն հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և ՀՀ ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում ՀՀ վարչապետին։ Այնուհետև ՀՀ վարչապետը հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ՀՀ Նախագահին է ներկայացնում քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի դիմումը մերժելու կամ բավարարելու մասին առաջարկություն՝ կցելով ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխան գործընթացն անցնելուց հետո է միայն ՀՀ նախագահն ստորագրում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից ներկայացված հրամանագրի նախագիծը, իսկ ներկայացված առաջարկության և նախագծի հետ համաձայն չլինելու դեպքում կարող է այն իր առարկություններով եռօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետին, որոնք վերջինիս կողմից չընդունվելու դեպքում ՀՀ նախագահին մնում է միայն իրեն վերապահված երկու լիազորություն, ՀՀ նախագահը՝
- կա՛մ ստորագրում է հրամանագիրը,
- կա՛մ դիմում է ՀՀ սահմանադրական դատարան:
Եթե նախագահը չի կատարում վերը նշված գործողությունները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ գործընթացում ընդգրկված վարչական մարմինները թեև տարբեր փուլերում իրականացնում են առանձին գործառույթներ, սակայն դրանք փոխկապակցված են միմյանց հետ և յուրաքանչյուր նոր փուլը հանդիսանում է նախորդի շարունակությունը, իսկ նման շղթայում որևէ վարչական մարմին գործն ըստ էության եզրափակող վարչական ակտ չի կայացնում, այլ ընդունում է ընթացակարգային, օժանդակ բնույթ կրող ակտեր, որոնց ամբողջության հիման վրա ընդունվում է համապատասխան հրամանագիրը: Հանրապետության նախագահը համապատասխան հրամանագիր ընդունելու միջոցով ավարտում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ այն դադարեցնելու հարցը լուծելու համար հարուցված վարչական վարույթը։
Այն հանգամանքը, որ ՀՀ նախագահն իրավասու է առարկություններով հետ տալ վարչապետի առաջարկությունը՝ առաջարկության հետ համաձայն չլինելու դեպքում, իսկ առարկությունները վերջինիս կողմից չընդունվելու դեպքում՝ չստորագրել հրամանագիրն ու դիմել ՀՀ սահմանադրական դատարան, վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիություն շնորհելու հարցի լուծման գործընթացում ՀՀ նախագահին՝ որպես տվյալ գործընթացը եզրափակող վարչական ակտ ընդունելու իրավասությամբ օժտված սահմանադրական մարմնի, վերապահված է ակտիվ դերակատարություն՝ հաշվի առնելով, որ առարկություններ ներկայացնելու, առարկությունները չընդունելու դեպքում՝ հրամանագիրը չստորագրելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու լիազորություններն օբյեկտիվորեն կարող են իրացվել միայն տվյալ գործի փաստական հանգամանքների ըստ էության քննության և գնահատման արդյունքում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գևորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանրապետության նախագահի սահմանադրաիրավական լիազորությունների այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահը սույն վարույթում «որոշող» մարմին չէ և տվյալ դեպքում որևէ հարց որոշելու համապատասխան լիազորություն չունի, չափազանց ձևականացված է։
Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանման իր կարևորագույն առաքելությունը սույն վարույթում իրականացնում է ոչ միայն պարտադիր կերպով հրամանագիրը ստորագրելով, այլ նաև առարկություններով նախագիծը ՀՀ վարչապետին վերադարձնելու, իսկ դրանք վերջինիս կողմից չընդունվելու և նախագիծը նույն կերպ ներկայացվելու դեպքում ՀՀ սահմանադրական դատարան դիմելու լիազորությունների իրականացման միջոցով։
Վերոգրյալ առաջին հարցադրման շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ նաև հայցվորի կողմից ընտրված հայցատեսակի՝ պարտավորեցման հայցի՝ սույն գործով պատշաճ հայցատեսակ լինելու հարցի պարզաբանմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով թիվ ՎԴ/2968/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20․12․2019 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/2968/05/19 վարչական գործով ըստ հայցի Արամ Կարապետյանի (օրինական ներկայացուցիչներ՝ Արա Կարապետյան, Ամարա Պետրոսյան) ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 27.02.2019 թվականի թիվ ՆՀ-50-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու և Արամ Արայի Կարապետյանի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր ընդունելուն Հայաստանի Հանրապետության նախագահին պարտավորեցնելու պահանջի մասին գործով կայացված դատական ակտում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20․12․2019 թվականի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերով համապատասխան առաջարկությունն ու դրա վերաբերյալ հրամանագրի նախագիծը ներկայացված լինելու պայմաններում Հանրապետության նախագահն իրավասու չէ ընդունելու ՀՀ վարչապետի առաջարկությամբ նշված և կից հրամանագրի նախագծում արտացոլված՝ հիշյալ հարցերի հետ կապված լուծմանը հակառակ լուծում տվող հրամանագիր, քանի որ նման հրամանագրի ընդունումը չի բխում Հանրապետության նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով հստակ ամրագրված լիազորությունների շրջանակից, այլ կերպ ասած՝ Հանրապետության նախագահն իրավասություն չունի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարցերը դրանց վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությանն ու կից ներկայացվող հրամանագրի նախագծին հակառակ հրամանագիր ընդունելու միջոցով:
Իրացնելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին։ Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակն անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած՝ անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունք միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ, կայացված չլինելու դեպքում, անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
Ընդ որում, քաղաքացիության հետ կապված հարցերով անձը դիմում է համապատասխան մարմինների՝ քաղաքացիությունը դադարեցնելու կամ շնորհելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունման համար։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ սույն վարույթի իրականացման վերջնարդյունքում ՀՀ նախագահի կողմից ընդունված հրամանագրի միջոցով մերժվում է անձի դիմումը՝ քաղաքացիությունը դադարեցնելու կամ շնորհելու վերաբերյալ, անձի մոտ ծագում է իր ենթադրյալ խախտված իրավունքը պաշտպանելու նպատակով դատարան դիմելու իրավունք։
Նշված հարցի կապակցությամբ դատարան դիմելիս անձի հիմնական նպատակն իր դիմումի համաձայն բարենպաստ վարչական ակտի ընդունմանը, իր վեճի լուծմանը հասնելն է, ինչը կարող է իրականացվել պարտավորեցման հայցի բավարարման արդյունքում պատասխանողի վրա դրվող պարտականության կատարմամբ։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ սույն գործի փաստական հանգամանքներին համանման իրավիճակներում պարտավորեցման հայցը քաղաքացիությունը դադարեցնելու կամ շնորհելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դատարան ներկայացվող պատշաճ հայցատեսակ է, քանի որ ՀՀ նախագահին ուղղված պահանջը համապատասխանում է պարտավորեցման հայցին բնորոշ հատկանիշներին: Մասնավորապես՝
1) հայցապահանջն ուղղված է ՀՀ նախագահի դեմ, ով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով, համարվում է վարչական մարմին,
2) ՀՀ նախագահի հրամանագիրը վարչական ակտ է, որով լուծվում է անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ այն դադարեցնելու հարցը,
3) անձը դիմել է վարչական մարմնին՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, որպիսի պահանջը ՀՀ նախագահի հրամանագրով մերժվել է, այսինքն՝ առկա է միջամտող վարչական ակտ, որով մերժվել է բարենպաստ վարչական ակտի ընդունումը,
4) անձի պահանջն ուղղված է վերջինիս համար բարենպաստ հանդիսացող, իր՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագիր ընդունելուն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ է նաև վարչական այլ մարմինների թույլտվությունը կամ համաձայնությունը, ապա դրանք հայցելու և ստանալու համար անհրաժեշտ գործողությունները, ներառյալ` լրացուցիչ փաստաթղթեր հավաքելը, իրականացնում է վարչական վարույթ հարուցած վարչական մարմինը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով վարչական մարմնի ստացած թույլտվությունները և համաձայնություններն առանձին բողոքարկման ենթակա չեն. դրանք կարող են բողոքարկվել վարչական ակտի հետ միասին:
Նշված հոդվածով սահմանված կարգավորման և սույն գործով առկա վարչական վարույթի միջև համեմատական անցկացնելու արդյունքում եզրահանգում ենք, որ տվյալ դեպքում ևս կազմվում են մի շարք եզրակացություններ, որոնք, սակայն, առանձին-առանձին բողոքարկման ենթակա չեն և ենթակա են վերանայման վարչական ակտի՝ ՀՀ նախագահի հրամանագրի բողոքարկման շրջանակներում։ Որքան էլ որ սույն վարչական վարույթի շրջանակներում որոշիչ նշանակություն ունենա ՀՀ վարչապետի առաջարկությունը, այն ենթակա չէ առանձին բողոքարկման, այլ պետք է վերանայվի հրամանագրի բողոքարկման արդյունքում։
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով հայցը կարող է ներկայացվել վարույթը եզրափակող մարմնի՝ տվյալ դեպքում ՀՀ նախագահի՝ այդ վարչական վարույթը եզրափակող իրավասու սուբյեկտի դեմ, ում վարչական ակտով՝ հրամանագրով, ամփոփվում են մի քանի վարչական մարմինների կողմից իրականացված տարբեր ընթացիկ փուլերում իրականացված գործողությունները:
ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-247 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցին՝ այնքանով, որքանով այն չի կարգավորում ՀՀ նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգը, գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիության դադարեցումը մերժելու վերաբերյալ Հանրապետության նախագահի ակտը կոնկրետ հայցատեսակի սահմաններում Վարչական դատարանում վիճարկելու և դրա արդյունքում խախտված իրավունքների վերականգնմանը հասնելու օրենսդրական հնարավորությունների վերաբերյալ հարցը գտնվում է դատական մարմինների իրավասության տիրույթում, որոնք համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորմամբ պետք է հասնեն տվյալ հարցով արդարադատության իրականացմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ: Ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը)։
Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքներով բարձրացվել է այն հարցը, որ Հանրապետության նախագահի վրա դատական ակտով չի կարող դրվել քաղաքացիության վերաբերյալ հարցերով ՀՀ վարչապետի առաջարկությանը հակառակ հրամանագիր ընդունելու պարտականություն։
Վճռաբեկ դատարանը, վերոշարադրյալ իրավական նորմերի և վերլուծությունների հիման վրա, անդրադառնալով սույն հարցադրմանը, և հաշվի առնելով նաև դրա կապակցությամբ ՀՀ դատական համակարգում առկա հակասական մեկնաբանությունները, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության ստուգման արդյունքում հայցը բավարարելու և համապատասխան վարչական ակտն ընդունելուն վարչական մարմնին պարտավորեցնող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման այն վարչական մարմնի կողմից, ում հասցեագրված է այդ ակտը: Ինչ վերաբերում է վարչական ակտի ընդունման համար օրենսդրությամբ նախատեսված հատուկ ընթացակարգերի պահպանմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ընթացակարգերն ուղղված են հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հիմնավորող հանգամանքների բացահայտմանը, ուստի բոլոր այն դեպքերում, երբ այդ վարչական ակտի իրավաչափությունը, հանդիսանալով դատական վերահսկողության առարկա, ստուգվել է դատարանի կողմից, նման պայմաններում կրկնակի վարչարարության անհրաժեշտությունը բացակայում է, և դատարանի կայացրած, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բավարար է վարչական մարմնի համար՝ այդ դատական ակտով իր վրա դրված պարտականությունը կատարելու համար:
բ) Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված երկրորդ հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածը, անդրադառնալով ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխայի քաղաքացիությանը, սահմանում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Վերոնշյալ 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առկայության դեպքում, եթե չունի պետության հանդեպ չկատարված՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտավորություններ:
Վերոնշյալ 2-րդ մասով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետևանքով` ծնողի ներկայացրած դիմումի հիման վրա` նույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված ընդհանուր հիմունքներով:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 24-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե` (…) 4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում արտահայտած դիրքորոշմամբ անդրադառնալով քաղաքացիության դադարմանը, արձանագրել է, որ քաղաքացիության դադարումն անձի իրավական կապի կորուստն է Հայաստանի Հանրապետության հետ, որը հնարավոր է օրենքով նախատեսված հիմքերով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ի թիվս այլ հիմքերի, սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է նաև նույն օրենքով նախատեսված այլ հիմքերով: Այսպես՝ նույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված իրավանորմը մինչև 14 տարեկան երեխայի քաղաքացիության կորուստը կապում է նրա ծնողների կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հետ:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի ընդհանուր դրույթների համաձայն՝ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով։ Այսինքն՝ օրենքը քաղաքացիության կորուստը պայմանավորել է քաղաքացիության դադարեցմամբ, հետևաբար, առանց քաղաքացիության դադարեցման խոսք չի կարող լինել քաղաքացիության կորստի մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քաղաքացիության դադարեցման իրավական ընթացակարգը կիրառելի է նաև նույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքում, երբ ծնողների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու և երեխայի այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում մինչև 14 տարեկան երեխան կորցնում է քաղաքացիությունը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը քաղաքացիության հետ կապված հարցերի լուծումը վերապահել է օրենքով սահմանված համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ քաղաքացիության դադարեցման հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության նախագահն իր հրամանագրով (տե՛ս, Ալբերտ Եդիգարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/2279/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):
Վերոգրյալից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելը, ինքնին, չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն, քանի որ անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը հնարավոր է այն դադարեցնելու հետևանքով: Այլ կերպ ասած՝ քաղաքացիության կորուստը դրա դադարեցման հետևանքն է: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է քաղաքացիությունը դադարեցնելու երկու տեսակի կարգավորում, որոնցից մեկը նախատեսված է օրենքի 17-րդ հոդվածով, որը վերաբերում է երեխայի (14-18 տարեկան անձի) քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերին, իսկ մյուսը նախատեսված է օրենքի 24-րդ հոդվածով և վերաբերում է 18 տարին լրացած չափահաս անձի քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերին: Այսինքն՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով տարբերակվում են 14-18 տարեկան երեխայի և 18 տարին լրացած անձի քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերը: Վերոնշյալ եզրահանգումը հիմնվում է նաև այն փաստի վրա, որ օրենսդրի կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի՝ 14-18 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերը սահմանող 17-րդ հոդվածն ընդգրկված է օրենքի՝ «Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ երեխայի որդեգրման դեպքերում» վերտառությամբ 3-րդ գլխում, իսկ 18 տարին լրացած անձի քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերը սահմանող 24-րդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը» վերտառությամբ 4-րդ գլխում:
Նման իրավակարգավորումների պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 18 տարին չլրացած անձի քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածը երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու կապակցությամբ ծագող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ: Այսինքն՝ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում պետք է առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով:
Այսպես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-3-րդ մասերի հիմքով 14-18 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
1. երեխայի ծնողներից մեկը կորցրել է ՀՀ քաղաքացիությունը,
2. երեխայի մյուս ծնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է,
3. երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ առկա է ծնողների համաձայնությունը, կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու դեպքում առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը,
4. երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ առկա է վերջինիս համաձայնությունը,
5. երեխան ձեռք է բերում կամ ունի այլ պետության քաղաքացիություն,
6. երեխան չունի պետության հանդեպ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չկատարված պարտավորություններ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է վերոնշյալ 6 պայմանների միաժամանակյա առկայությունը՝ 14-18 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար։ Ընդ որում, հատկանշական է, որ 14-18 տարեկան երեխայի համար սահմանվում է քաղաքացիությունը դադարեցնելու արգելք այն դեպքում, երբ վերջինս ունի «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չկատարված պարտավորություններ, ի տարբերություն որի՝ չափահաս անձի դեպքում վերջինիս քաղաքացիությունը դադարեցնելու արգելք է համարվում պետության հանդեպ չկատարված պարտավորությունների առկայությունը: Այլ կերպ ասած՝ չափահաս անձի դեպքում օրենսդրի կողմից սահմանվել է պետության հանդեպ չկատարված պարտավորությունների ավելի լայն շրջանակ, մինչդեռ 14-18 տարեկան երեխայի դեպքում իրավասու մարմնի կողմից ստուգվում է միայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չկատարված պարտավորությունների առկայությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «չկատարած պարտավորություններ» եզրույթը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ անձի համար արդեն իսկ ծագել են օրենքով սահմանված կոնկրետ պարտավորություններ, և այդ պարտավորությունները դեռևս կատարված չեն: Չափահաս անձի դեպքում դրանք կարող են լինել, օրինակ պետության հանդեպ չկատարված հարկային պարտավորությունները, որպիսի կարգավորման նպատակն այն է, որպեսզի արգելվի քաղաքացիության դադարեցումը բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի դիմում է ներկայացրել այն անձը, որը պետության հանդեպ ունի օրենքով սահմանված չկատարված պարտավորություններ։ Մինչդեռ 14-18 տարեկան երեխայի դեպքում օրենքում հղում է կատարվում միայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին, որի համապատասխան կարգավորումները կորցրել են իրենց իրավաբանական ուժը։
Ստացվում է մի իրավիճակ, երբ օրենքը, որպես պարտադիր պահանջ, սահմանում է ստուգել՝ արդյոք անձն ունի օրենքով սահմանված չկատարված պարտավորություն, և որպես ստուգման ենթակա օրենք հղում է կատարում այդ օրենքի այլևս իրավաբանական ուժ չունեցող նորմին։
ՀՀ սահմանադրական դատարանը 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշմամբ արձանագրել է, որ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:
ՀՀ սահմանադրական դատարանը 08.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1143 որոշմամբ նշել է, որ օրենսդրական բացը չի կարող մեխանիկորեն նույնացվել սոսկ այս կամ այն եզրույթի օրենսդրորեն ամրագրված սահմանման բացակայության հետ: Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` թիվ ՍԴՈ-864, թիվ ՍԴՈ-914 և թիվ ՍԴՈ-933 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումը հանդիսանում է օրենսդիր իշխանության իրավասությունը: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:
Վկայակոչված իրավադրույթներից և իրավական դիրքորոշումից հետևում է, որ օրենքի անալոգիան համարվում է օրենսդրական բացի, այն է՝ օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում այն հաղթահարելու միջոցը, սակայն իրավակիրառողը չի կարող, առանց բացառության, բոլոր դեպքերում, երբ առկա է օրենսդրական բաց, դիմել օրենքի անալոգիայի կիրառմանը և պարտավոր է հաշվի առնել օրենքի անալոգիայի կիրառման սահմանափակումները, իսկ օրենսդրական բացի հաղթահարումն ընդգրկվում է օրենսդիր մարմնի իրավասությունների շրջանակում:
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բացահայտման է ենթակա պետության նկատմամբ անձի՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չկատարված պարտավորությունների առկայությունը, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նույնիսկ օրենքի անալոգիայի միջոցով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի փոխարեն անձի համար պարտականություններ սահմանող այլ իրավական ակտեր կիրառվել չեն կարող՝ հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով սահմանված այն դրույթը, ըստ որի՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Այսպիսով, համակարգային վերլուծության ենթարկելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-3-րդ մասերը և 24-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, որպես քաղաքացիության դադարեցման մերժման հիմք, նախատեսել էր պետության հանդեպ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտավորություններ չկատարելը, մինչդեռ ՀՀ Նախագահի 08.10.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-436-Ա հրամանագիրն ընդունելու պահին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի՝ հայցվորին վերագրվող պարտավորությունն ամրագրող նորմն ուժը կորցրել էր և որևէ նշանակություն չէր կարող ունենալ նույնաբովանդակ պարտավորությունն այլ օրենքով սահմանված լինելու կամ չլինելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Էռնեստ Գևորգյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին ուղղված 29.03.2018 թվականի դիմումով խնդրել է ընդունել իր երեխայի՝ Տիգրան Գևորգյանի փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար, քանի որ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։
ՀՀ զինվորական կոմիսարը 18.05.2018 թվականին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին ուղղված թիվ 2/3590 գրությամբ հայտնել է, որ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանի կողմից պետության հանդեպ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված և չկատարված պարտավորություն ունենալու վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն։ Համաձայն ՀՀ Վանաձորի զինվորական կոմիսարի զեկուցագրի՝ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանը Վանաձորի զինվորական կոմիսարիատում հաշվառված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ 18.05.2002 թվականին ծնված Տիգրան Էռնեստի Գևորգյանն ունի զինվորական հաշվառման կանգնելու չկատարված պարտավորություն։
ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության պետի 04.06.2018 թվականի «Տիգրան Էռնեստի Գևորգյանի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի կապակցությամբ կազմված նյութերի վերաբերյալ» եզրակացության համաձայն, ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, Էռնեստ Գեորգիի Գևորգյանի դիմումը՝ իր որդու՝ Տիգրան Էռնեստի Գևորգյանի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, գտել են, որ հնարավոր չէ բավարարել։
ՀՀ ոստիկանության պետի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված 21.06.2018 թվականի թիվ 22-47971 գրությամբ, ՀՀ կառավարության 23.11.2007 թվականի թիվ 1390-Ն որոշման համաձայն, ուղարկվել են ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմած անձանց գործերը՝ ԱՎ վարչության կողմից կազմված ցուցակով: Միաժամանակ հայտնվել է, որ ԱՎ վարչությունը գտնում է, որ վերը նշված անձանց դիմումները հնարավոր չէ բավարարել։
ՀՀ Նախագահի 08.10.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-436-Ա հրամանագրի համաձայն՝ հիմք ընդունելով Վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 134-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 26-րդ հոդվածի՝ մերժվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ հետևյալ անձանց դիմումները՝ Տիգրան Գևորգյանի՝ ծնված 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում։
Տիգրան Գևորգյանի օրինական ներկայացուցիչ Էռնեստ Գևորգյանը դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել պատասխանողին ընդունել Տիգրան Էռնեստի Գևորգյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ։
Դատարանը 13.11.2020 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ Տիգրան Գևորգյանի նկատմամբ կիրառելի չէ վիճարկվող ՀՀ Նախագահի 08.10.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-436-Ա հրամանագրի իրավական հիմք հանդիսացած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, այլ հայցվորի նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի նորմը, քանի որ հայցվոր Տիգրան Գևորգյանի 18 տարին չէր լրացել ո՛չ 29.03.2018 թվականին ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին դիմում ներկայացնելու, ո՛չ էլ ՀՀ Նախագահի 08.10.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-436-Ա հրամանագիրը կայացնելու պահի դրությամբ: Դատարանն արձանագրել է նաև, որ վարչական մարմինները պետք է պարզեին հայցվոր Տիգրան Գևորգյանի՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պարտավորությունների առկայությունը, որպիսի օրենքով սահմանված պարտավորություն հայցվոր Տիգրան Գևորգյանը չուներ, քանի որ չէր հանդիսանում 18-27 տարեկան զորակոչիկ: Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ ՀՀ Նախագահը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը բավարարող հրամանագիրն ընդունում է ի կատարում Դատարանի՝ պարտավորեցման հայցը բավարարող վճռի, պատասխանողի կողմից հայցվորի կողմից հայցված բարենպաստ վարչական ակտի կայացման հիմքն այլևս ՀՀ վարչապետի առաջարկությունը չէ, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Ըստ այդմ՝ դատական ակտը կատարելու համար այլևս ՀՀ վարչապետի համարժեք առաջարկություն չի պահանջվում: Նման պայմաններում Դատարանն արձանագրել է, որ ՀՀ Նախագահի 08.10.2018 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-436-Ա հրամանագիրն ընդունվել է օրենքի սխալ կիրառմամբ, ուստի մասնակի՝ Տիգրան Գևորգյանի մասով ենթակա է անվավեր ճանաչման:
Վերաքննիչ դատարանը 06.04.2021 թվականի որոշմամբ ՀՀ նախագահի, երրորդ անձինք ՀՀ վարչապետի և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, և ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ գործն ըստ էության ճիշտ լուծված լինելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում կատարված գործողությունների իրավաչափության գնահատման պայմաններում բացակայում է բարենպաստ վարչական ակտի ընդունմանն ուղղված լրացուցիչ վարչարարություն իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ որպես բարենպաստ վարչական ակտի ընդունման և/կամ տրամադրման իրավական հիմք հանդիսանում է Դատարանի կողմից կայացված դատական ակտը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նաև այն հարցին, թե հայցվորն արդյոք ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություն, արձանագրել է, որ անձը զինվորական հաշվառման կանգնելու չկատարված պարտավորություն կարող է ունենալ 16 տարին լրանալուց հետո:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով ՀՀ նախագահի կողմից ընդունված հրամանագրով հայցվորի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը մերժվել է այն հիմքով, որ վերջինս պետության հանդեպ ունի չկատարված պարտավորություն՝ որպես իրավական հիմք վկայակոչելով Սահմանադրության 134-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 26-րդ հոդվածը։
Հայցվորը, դիմելով Դատարան, ներկայացրել է պարտավորեցման հայց՝ պատասխանողին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Անդրադառնալով ներկայացված հայցատեսակին և ՀՀ նախագահի կողմից դատական ակտի հիման վրա վարչապետի առաջարկությանը հակասող բարենպաստ վարչական ակտ ընդունելու իրավասությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Քննարկվող հարցի կապակցությամբ ներկայացված պարտավորեցման հայցը, սույն որոշման պատճառաբանությունների հաշվառմամբ, համարվում է պատշաճ հայցատեսակ, իսկ դատարանի կողմից հայցը բավարարելու դեպքում Հանրապետության նախագահը պարտավորված է ընդունելու իր սահմանադրաիրավական լիազորությունների շրջանակներում հայցվող բարենպաստ վարչական ակտը։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից հրամանագրի հիմքում դրված իրավական հիմքի իրավաչափության և հայցվորի կողմից պետության հանդեպ չկատարված պարտավորությունների առկայության վերաբերյալ վերլուծություններին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով դիմում է ներկայացվել՝ դադարեցնելու 16 տարին չլրացած անձի ՀՀ քաղաքացիությունը։ Քաղաքացիության դադարեցման 6 պարտադիր պայմաններից 5-ի առկայությունն անվիճելի է։ Այն է՝
1. Տիգրան Գևորգյանի հայրը՝ Էռնեստ Գեորգիի Գևորգյանը՝ հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ՀՀ Նախագահի՝ 15.03.2018 թվականի թիվ 173-Ա հրամանագրով դադարեցվել է վերջինիս քաղաքացիությունը,
2. մայրը՝ Քրիստինա Տիգրանի Պապանյանը՝ հանդիսանում է ՀՀ քաղաքացի,
3. երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը,
4. առկա է Տիգրան Էռնեստի Գևորգյանի գրավոր համաձայնությունը,
5. Տիգրան Էռնեստի Գևորգյանը հանդիսանում է ՀՀ և ՌԴ քաղաքացի:
Ինչ վերաբերում է 6-րդ պարտադիր պայմանին, ապա պետք է ստուգվի, թե արդյո՞ք Տիգրան Գևորգյանն ունի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկատարված պարտավորություն։
Տվյալ դեպքում հայցվորի դիմումը մերժելու հիմք է հանդիսացել հայցվորի՝ զինվորական հաշվառման կանգնելու չկատարված պարտավորություն ունենալու հանգամանքը:
Հիմք ընդունելով սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական հաշվառման կանգնելու ենթադրյալ պարտավորությունը չկատարելը չի կարող հայցվորի դիմումը մերժելու հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ զինվորական հաշվառման կանգնելու պարտավորությունը սահմանող իրավական նորմն իրավաբանական ուժը կորցրած նորմ է: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորը չունի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չկատարված պարտավորություն:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից պետության հանդեպ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չկատարված պարտավորություն առկա չլինելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներն իրավաչափ են, ինչի արդյունքում Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է մնա անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ստորադաս դատարանի թերի կամ սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը՝ սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, և առկա ապացույցները և հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել։
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերաբերյալ սույն որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքների հիմքերը բավարար չեն կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքները ենթակա են մերժման՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի ու Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքները ենթակա են մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Հ. ԲԵԴևՅԱՆ Լ. հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: