ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ5/0163/05/192022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ5/0163/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի ապրիլի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «ԱՆԻ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի՝ 25.10.2019 թվականի թիվ 399Ա որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել 25.10.2019 թվականի թիվ 399Ա որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 09.07.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.12.2020 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գ. Բաղրամյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ՝ Ս. Բաբայան, Ա. Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջները.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հանձնաժողովը, երկարաձգելով վարույթի ժամկետը, նպատակ է ունեցել ընդունել հիմնավորված վարչական ակտ՝ վերջնական առումով նպաստելով հենց Ընկերության իրավունքների ու շահերի պաշտպանությանը։
Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել վարչական վարույթի երկարաձգման նպատակներին և որևէ կերպ չի հիմնավորել, որ այդ երկարաձգումները եղել են անհարկի ու գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար ոչ անհրաժեշտ։ Այն է՝ չի հիմնավորել վարույթի շրջանակում Հանձնաժողովի կողմից առանցքային համարվող փաստի՝ պատվարի պատկանելության հարցի պարզմանն ուղղված գործողությունների ոչ անհրաժեշտ կամ ձգձգող լինելը։ Տվյալ դեպքում նման բացթողումը հատկապես ընդգծվում է գործի հանգամանքների համատեքստում, ըստ որոնց՝ փոխօգնության կարգով վարչական մարմինների կողմից ստացված պատասխաններով հաստատվում է վիճարկվող վարչական ակտի հիմքում դրված խախտման փաստի առկայությունը։
Նման անդրադարձի փորձի դեպքում Վերաքննիչ դատարանի համար առավել քան ակնհայտ կլիներ, որ վարչական վարույթի ժամկետի երկարաձգումներն ուղղված են եղել գործի բոլոր՝ այդ թվում ընկերության օգտին առկա փաստական հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանն ու արդյունքում հիմնավորված վարչական ակտի ընդունմանը։ Հանձնաժողովի գնահատմամբ հենց այս հարցի ճիշտ գնահատումից է կախված նաև այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք ճիշտ են իրացվել վարչական մարմնի կողմից իր լիազորությունները։
Հանձնաժողովը նշել է, որ տվյալ դեպքում վերջինս, պահպանելով վարչական վարույթի ժամկետի երկարաձգման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները, երկարաձգելու գործողության իրացման ձևի մասով պարզապես կիրառել է Հանձնաժողովի գործունեությունը կարգավորող ակտերով նախատեսված կանոնները, ինչը բխում է նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից և դրա տեսական ու իրավակիրառ պրակտիկայից։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի արձանագրումը վարչական վարույթի ժամկետի երկարաձգված չլինելու վերաբերյալ չի բխում Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավակարգավորումներից՝ լինելով չափազանց նեղ ու սխալ մեկնաբանության արդյունք։
Ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող վիճարկվող վարչական ակտը անվավեր ճանաչվել, քանի դեռ ընթացակարգային նորմերի «խախտման» արդյունքում չէր հաստատվել նաև վիճարկվող որոշման նյութական իրավաչափության կամ ընկերության հիմնական իրավունքների խախտման փաստը։ Մինչդեռ, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չեն հիմնավորել Ընկերության որևէ հիմնական իրավունքի կամ վիճարկվող որոշման նյութական իրավաչափության խախտման փաստը։ Հանձնաժողովի գնահատմամբ նման փաստ չէր էլ կարող արձանագրվել, քանի որ ողջամիտ ժամկետում գործի քննությունը որպես պատշաճ վարչարարության սահմանադրական սկզբունքի օրենսդրական երաշխիք ամրագրելով վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը, բնականաբար, նկատի է ունեցել վարչական գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար ոչ անհրաժեշտ և վարույթի ընթացքը արհեստականորեն ձգձգող գործողությունների կատարման անթույլատրելիությունը։ Մինչդեռ, տվյալ դեպքում վարչական վարույթի երկարաձգման յուրաքանչյուր կոնկրետ դեպք միտված է եղել գործի լուծման համար առանցքային համարվող փաստի պարզմանը, ինչը չի հերքվել ոչ միայն դատարանների, այլև իր իսկ Ընկերության կողմից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Դատարան՝ նոր քննության։
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի հիմնավորումները
Ընկերությունը չի ծանուցվել վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից ընդունված որևէ որոշման մասին։ Ավելին նման որոշում առհասարակ չի ընդունվել։
Օրենքով հանձնաժողովի անդամին վերապահված չէ լիազորություն հետաձգելու վարչական վարույթը: Հետևաբար որպես կոլեգիալ մարմին առանց նիստ հրավիրելու հանձնաժողովի անդամը միանձնյա չէր կարող վարչական վարույթի հետաձգման վերաբերյալ որոշում ընդունել: Ակնառու է, որ Հանձնաժողովի կողմից խախտվել է վարչական վարույթ իրականացնելու օրենքով սահմանված պահանջը, օրենքով սահմանված կարգով ընդունված որոշման բացակայության պայմաններում կամայական երկարաձգվել են վարույթի ժամկետները:
Հանձնաժողովը, որպես պետական մարմին, օժտված է կազմակերպչական, մարդկային և տեխնիկական այնպիսի հնարավորություններով, ինչը թույլ կտա օրենքով նախատեսված ժամկետներում ու կարգով իրականացնելու իր պարտականությունները: Տվյալ դեպքում, վարույթի շրջանակում քննվող հարցերից մեկը եղել է պատվարի պատկանելիության հարցը: Սակայն Հանձնաժողովը հինգ անգամ՝ ընդհանուր 120 օրով երկարաձգելով վարչական վարույթի ժամկետները այդպես էլ չի հիմնավորել պատասխանատվության ենթարկելու համար հիմքի առկայությունը: Ընկերությունը, անդրադառնալով վարույթի երկարաձգման պատճառների վերաբերյալ կատարված այն դատողությանը, որ երկարաձգումները կատարվել են նաև վերջինիս օգտին առկա հանգամանքները պարզելու համար, նշել է, որ եթե ամբողջ վարույթի ընթացքի տրամաբանությունը գնահատենք, ապա կստացվի հակառակը՝ բողոքաբերն ամեն կերպ ցանկացել է Ընկերության նկատմամբ կայացնել ոչ բարենպաստ որոշում, ինչը որ արդյունքում կատարել է: Այս մոտեցումն արդարացի չէ քանզի տվյալ դեպքում խախտվում են այն անձի իրավունքները, ով ակնկալում է իր նկատմամբ, օրենքով նախատեսված սեղմ ժամկետներում վարչական վարույթի իրականացում, միաժամանակ դրանց սահմանազանցման դեպքում վարչական վարույթի կարճման հնարավորություն:
Հանձնաժողովի երկարաձգումներն իրականացվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերի հիմքով: Տվյալ դեպքում և այդ իրավական կարգավորման պայմաններում նա իրավասու չէր երեք անգամ երեսունական օրով և երկու անգամ տասական օրով երկարաձգելու վարչական վարույթը: Նման իրավական հնարավորություն օրենսդիրն ուղղակի չի վերապահել Հանձնաժողովին, որպեսզի պայմաններում վերջինս խախտել է վարչական վարույթի իրականացման ժամկետը, ինչն էլ իր հերթին աներկբա հանգեցնում է վարչական ակտի անվավերության:
Վերոգրյալ պատճառաբանություններով Ընկերության ներկայացուցիչը պնդել է, որ Հանձնաժողովի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և խնդրել է այն մերժել։
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1․ Հանձնաժողովի 15.07.2009 թվականի թիվ 375Ա որոշմամբ Ընկերությանը 15 տարի ժամկետով տրվել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության թիվ 0322 լիցենզիան (հատոր 1-ին, գ. թ. 30)։
2․ Ընկերությանը պատկանող «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կողմից (2017 թվական) արտադրված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը միտված` Հանձնաժողովին ներկայացված, փաստաթղթերում (առերևույթ) անճշտությունների, ենթադրյալ խեղաթյուրված տեղեկությունների մասով վարչական վարույթ հարուցելու համար «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 19.06.2019 թվականին դիմում են ներկայացրել Հանձնաժողով: «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն հարուցվել է վարչական վարույթ (հատոր 4-րդ, գ.թ. 90-91):
3․ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 17.07.2019 թվականի թիվ ՍՇ/2.2-21/1616-19 գրության համաձայն՝ Հանձնաժողովը 10 օրով երկարաձգել է Ընկերության նկատմամբ 19.06.2019 թվականին հարուցված վարույթի ժամկետը (հատոր 4-րդ, գ.թ. 5):
4․ Հանձնաժողովի 29.07.2019 թվականի նիստի թիվ 50 արձանագրության համաձայն՝ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանը առաջարկել է փոխօգնության կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե` ճշգրտելու կադաստրի վկայականի նիշերը ներառում են արդյոք գոյություն ունեցող պատվարը, թե ոչ: Առաջարկը դրվել է քվեարկության և ընդունվել միաձայն: Հարցի քննարկումը հետաձգվել է 30 օրով (հատոր 3-րդ, գ.թ. 96-101):
5․ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 29.07.2019 թվականի թիվ ՍՇ/23-71/1765-19 գրության համաձայն՝ Հանձնաժողովը «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19․06․2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում առկա փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով փոխօգնության կարգով դիմել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և 30 օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը (հատոր 3-րդ, գ.թ. 92): Թիվ AG013510585AM փոստային հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն՝ գրությունը 06.08.2019 թվականին փոստային առաքմամբ հանձնվել է Ընկերությանը (հատոր 3-րդ, գ.թ. 90)։
6․ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 28.08.2019 թվականի թիվ ՍՇ/22-21/2180-19 գրության համաձայն՝ Հանձնաժողովի կողմից «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19․06․2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում ընկերությունները, ի լրումն նշված դիմումի, նույն թվականի օգոստոսի 22-ին հանձնաժողով մուտքագրված գրությամբ խնդրել են երկարաձգել վարչական վարույթի ժամկետը` վարչական վարույթի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու և ներկայացնելու համար: Հաշվի առնելով նշվածը և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և 2-րդ մասը՝ Հանձնաժողովը 10 օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը (հատոր 3-րդ, գ.թ. 20):
7․ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 09.09.2019 թվականի թիվ ՍՇ/34.1-Մ2-5/2443-19 գրության համաձայն՝ «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19․06․2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում առկա փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով փոխօգնության կարգով լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Հանձնաժողովը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, Հայաստանի Հանրապետության ջրային պետական կոմիտե և ևս 30 օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 103): Թիվ AG017946668AM փոստային հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն՝ գրությունը 16.09.2019 թվականին փոստային առաքմամբ հանձնվել է Ընկերությանը (հատոր 2-րդ, գ.թ. 101):
8․ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 09.10.2019 թվականի թիվ ՍՇ/34.1-Մ2-5/2840-19 գրության համաձայն՝ «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19․06․2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում առկա փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի նույն թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 01/06/4295-19 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը հստակեցնելու համար Հանձնաժողովը փոխօգնության կարգով ևս մեկ անգամ դիմել է Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտե և 30 օրով երկարաձգել վարչական վարույթի ժամկետը (հատոր 2-րդ, գ.թ. 65): Թիվ AG013394893AM փոստային հետադարձ ծանուցման անդորրագրի համաձայն՝ գրությունը 14.10.2019 թվականին փոստային առաքմամբ հանձնվել է Ընկերությանը (հատոր 2-րդ, գ.թ. 63):
9․ Հանձնաժողովի 25.10.2019 թվականի ««ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15․07․2009 թվականի թիվ 375-Ա և 29․05․2019 թվականի թիվ 160-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված ավել վճարումների վերադարձի մասին» թիվ 399Ա որոշման համաձայն՝ թիվ 0322 լիցենզիայի պայմանների 03․05․2017 թվականի դրությամբ գործող խմբագրությամբ 6.15 կետի խախտման հիմքով «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությունը տուգանվել է 1.000.000 դրամ գումարի չափով, Հանձնաժողովի 15․07․2009 թվականի «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությանը «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին թիվ 375Ա որոշման 1-ին կետում «Ախուրյան գետի վրա կառուցված «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանում (բնական ջրահոսք)» բառերը փոխարինվել է «Ախուրյան գետի աջ ափին գտնվող ոռոգման ջրանցքի վրա կառուցված «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանում (ոռոգման համակարգ)» բառերով, իսկ որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 5-րդ կետում «Ախուրյանի գետի վրա (բնական ջրահոսք)» բառերը՝ «Ախուրյան գետի աջ ափին գտնվող ոռոգման ջրանցքի վրա (ոռոգման համակարգ)» բառերով, 29․05․2019 թվականի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին» թիվ 160Ա որոշման 1-ին կետի 133-րդ ենթակետում «24.276» թիվը փոխարինվել է «16.181» թվով, իսկ «29.131» թիվը՝ «19.417» թվով, «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում կատարել կայանից 17․06․2017 թվականից մինչև 01․11․2019 թվականն առաքված էլեկտրական էներգիայի դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությանը կատարված վճարումների վերահաշվարկ՝ կիրառելով ոռոգման համակարգի վրա գործող փոքր հիդրոէլեկտրակայանների (որպիսին հանդիսանում է «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությունը) համար նախատեսված սակագները՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների և ներկայացնել «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը և «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությանը՝ ըստ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման 3-րդ կետի համաձայն կատարված վերահաշվարկի՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը կազմել «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարման ժամանակացույց՝ մինչև 01․02․2021 թվականը գործողության ժամկետով՝ պատճենը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն կատարված վերահաշվարկին համապատասխան՝ ապահովել համապատասխան գումարների վերադարձը և դրանց ստացումը՝ սույն որոշման 4-րդ կետում նշված ժամանակացույցով սահմանված ժամկետներում և չափերով: (...): (հատոր 2-րդ, գ.թ. 17-26):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական վարույթի ժամկետի, կոլեգիալ վարչական մարմնի կողմից դրա երկարաձգման վերաբերյալ որոշման էությանն ու նպատակին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.(…):
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Արդարացի վարչարարության պահանջը տարածվում է վարչական մարմինների գործունեության բոլոր կողմերի վրա, այն ունի համընդգրկուն բնույթ, պատշաճ վարչարարության իրավունքի մյուս բոլոր բաղադրատարրերի հիմքն է և առաջին հերթին ենթադրում է, որ վարչական մարմինների կողմից իրականացրած վարչական վարույթը՝ որպես ամբողջական ընթացակարգ, պետք է համապատասխանի վարչարարության հիմնարար սկզբունքներին, կոնկրետ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառման ենթակա օրենսդրական (նյութաիրավական և ընթացակարգային) պահանջներին: Պատշաճ վարչարարության իրավունքի բովանդակության մեջ ընդգրկվում է նաև վարչական մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց առնչվող գործերի՝ ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը՝ որպես իրավական երաշխիք, նպատակաուղղված է պաշտպանելու վարչական վարույթի մասնակիցներին ընթացակարգային անհարկի ձգձգումներից և գործում է վարչական վարույթի հարուցման պահից մինչև գործի վերջնական լուծումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`
ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.
բ) փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.
գ) փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը.
դ) վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ:
Նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը:
Նույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթի ժամկետի երկարաձգման համար առաջացել են նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի հիմքեր, ապա վարչական մարմինը կիրառում է դրանցից միայն մեկը, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում վարույթն արագ և արդյունավետ իրականացնելու և ըստ էության որոշում ընդունելու համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող վարչական մարմինն ընդունում է որոշում, որի մասին սահմանված կարգով պետք է ծանուցի վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև վարույթին մասնակցող այլ անձանց:
Վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է, որը բաղկացած է վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից և եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ: Օրենսդիրը հստակ սահմանել է վարչական վարույթի առավելագույն ժամկետ՝ 30 օր տևողությամբ, սակայն օրենքով կարող են սահմանվել 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Միաժամանակ օրենսդիրը սպառիչ թվարկել է վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու հիմքերը և երկարաձգման առավելագույն ժամկետները: Մասնավորապես՝
- եթե գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել, ապա վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով: Այդ դեպքում թույլատրվում է մինչև երկու անգամ երկարաձգում` հիշյալ ժամկետի պահպանմամբ,
- եթե փորձագիտական եզրակացություն տալու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը, ապա վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը,
- եթե փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը, ապա վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով,
- եթե վարչական ակտի ընդունմանը մասնակցում են մի քանի վարչական մարմիններ, ապա վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պարագայում, երբ առաջացել են վարչական վարույթի ժամկետի երկարաձգման համար մեկից ավելի հիմքեր, ապա վարչական մարմինը կիրառում է դրանցից միայն մեկը, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում վարույթն արագ և արդյունավետ իրականացնելու և ըստ էության որոշում ընդունելու համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում, այսինքն՝ 30-օրյա կամ օրենքով սահմանված ավելի կարճ կամ երկար ժամկետն առավելագույնն է, որի ընթացքում վարչական մարմինը պետք է ընդունի համապատասխան վարչական ակտը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարչական վարույթը կարող է երկարաձգվել բացառապես վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան որոշման ընդունմամբ, որի մասին ծանուցվում են վարույթի մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև վարույթին մասնակցող այլ անձինք: Այսինքն վարույթն իրականացնող մարմնի կողմից վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու միակ իրավական հիմքը վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումն է, որի բացակայության պայմաններում վարույթի ժամկետները երկարաձգումը չի կարող համարվել իրավաչափ:
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որը գործում է նույն օրենքով, ճյուղային օրենքներով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների հիման վրա և ինքնուրույն է իր իրավասությունների շրջանակում:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտեր: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, և այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ նույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
Նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովը հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնող մարմին է, որը ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական կամ ներքին իրավական ակտեր: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստերի միջոցով՝ բաց քվեարկությամբ: Ընդ որում որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վարչական մարմնի կողմից կայացված վարչական վարույթը երկարաձգելու վերաբերյալ որոշումը ընթացակարգային բնույթի ակտ է և դրանով գործը չի կարգավորվում վերջնականապես, այնուամենայնիվ վարչական մարմնի կողմից վարչական վարույթը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող վարչական մարմնին։ Այսինքն, այն դեպքերում, երբ վարչական մարմնի դերում հանդես է գալիս կոլեգիալ մարմին, որին վերապահված իրավասությունների շրջանակում որոշումներն ընդունվում են կոլեգիալ կազմով, կոլեգիալ մարմնի անդամի կողմից կայացված որոշումը չի կարող համարվել կոլեգիալ մարմնի կողմից ընդունված, քանի որ վերջինս չի հանդիսանում վարույթ իրականացնող վարչական մարմին:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հանձնաժողովի 15.07.2009 թվականի թիվ 375Ա որոշմամբ Ընկերությանը 15 տարի ժամկետով տրվել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության թիվ 0322 լիցենզիան: «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 19.06.2019 թվականին դիմում են ներկայացրել Հանձնաժողով՝ Ընկերությանը պատկանող «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կողմից (2017 թվական) արտադրված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը միտված` Հանձնաժողովին ներկայացված, փաստաթղթերում (առերևույթ) անճշտությունների, ենթադրյալ խեղաթյուրված տեղեկությունների մասով վարչական վարույթ հարուցելու համար: Վերոհիշյալ դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 17.07.2019 թվականի թիվ ՍՇ/2.2-21/1616-19 գրության համաձայն՝ Հանձնաժողովը 10 օրով երկարաձգել է Ընկերության նկատմամբ 19.06.2019 թվականին հարուցված վարույթի ժամկետը: Հանձնաժողովի 29.07.2019 թվականի նիստի թիվ 50 արձանագրության համաձայն՝ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանն առաջարկել է փոխօգնության կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե` ճշգրտելու կադաստրի վկայականի նիշերը ներառում են արդյոք գոյություն ունեցող պատվարը, թե ոչ: Առաջարկը դրվել է քվեարկության և ընդունվել միաձայն: Հարցի քննարկումը հետաձգվել է 30 օրով:
Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 29.07.2019 թվականի թիվ ՍՇ/23-71/1765-19 գրության համաձայն՝ Հանձնաժողովը «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19.06.2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում առկա փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով փոխօգնության կարգով դիմել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և 30 օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը: Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 28.08.2019 թվականի թիվ ՍՇ/22-21/2180-19 գրության համաձայն՝ Հանձնաժողովի կողմից «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19.06.2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում ընկերությունները, ի լրումն նշված դիմումի, նույն թվականի օգոստոսի 22-ին հանձնաժողով մուտքագրված գրությամբ խնդրել են երկարաձգել վարչական վարույթի ժամկետը` վարչական վարույթի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու և ներկայացնելու համար: Հաշվի առնելով նշվածը Հանձնաժողովը 10 օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը:
Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 09.09.2019 թվականի թիվ ՍՇ/34.1-Մ2-5/2443-19 գրության համաձայն՝ «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19.06.2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում առկա փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով փոխօգնության կարգով լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Հանձնաժողովը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, Հայաստանի Հանրապետության ջրային պետական կոմիտե և ևս 30 օրով երկարաձգել է վարչական վարույթի ժամկետը:
Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի 09.10.2019 թվականի թիվ ՍՇ/34.1-Մ2-5/2840-19 գրության համաձայն՝ «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 19.06.2019 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում առկա փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի նույն թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 01/06/4295-19 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը հստակեցնելու համար Հանձնաժողովը փոխօգնության կարգով ևս մեկ անգամ դիմել է Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտե և 30 օրով երկարաձգել վարչական վարույթի ժամկետը:
Հանձնաժողովի կողմից 25.10.2019 թվականին կայացվել է ««ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15․07․2009 թվականի թիվ 375-Ա և 29․05․2019 թվականի թիվ 160-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված ավել վճարումների վերադարձի մասին» թիվ 399Ա որոշումը:
Դատարանը 09.07.2020 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա կայացված որոշումների բացակայության պայմաններում վարչական մարմնի կողմից վարչական վարույթի ժամկետները երկարաձգելն ոչ իրավաչափ է, հետևաբար 19.06.2019 թվականին հարուցված վարչական վարույթի իրականացման օրենքով սահմանված առավելագույն 30-օրյա ժամկետը սպառվել է 19.07.2019 թվականին, այսինքն՝ վարչական մարմինը թույլ է տվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական վարույթի առավելագույն 30-օրյա ժամկետի ակնհայտ խախտում, ինչը հանգեցրել է վիճարկվող որոշումն օրենքով հստակ սահմանված վարչական վարույթի ժամկետից դուրս ընդունելուն»:
Վերաքննիչ դատարանը մերժել է Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը՝ հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումները:
Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից հետևում է, որ Հանձնաժողովի կողմից Ընկերության նկատմամբ 19․06․2019 թվականին հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է հինգ անգամ՝ Հանձնաժողովի անդամ Ս. Շահինյանի՝ 17.07.2019 թվականի թիվ ՍՇ/2.2-21/1616-19, 29.07.2019 թվականի թիվ ՍՇ/23-71/1765-19, 28.08.2019 թվականի թիվ ՍՇ/22-21/2180-19, 09.09.2019 թվականի թիվ ՍՇ/34.1-Մ2-5/2443-19, 09.10.2019 թվականի թիվ ՍՇ/34.1-Մ2-5/2840-19 գրություններով՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքով՝ 30-օրյա ժամկետով: Այսինքն ստացվում է, որ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթը երկարաձգվել է 90-օրյա ժամկետով։
Սույն վարչական գործի նյութերում առկա է միայն Հանձնաժողովի 29.07.2019 թվականի նիստի թիվ 50 արձանագրային որոշումը, տվյալ որոշմամբ իրականացվել է վարչական վարույթի ժամկետի երկարաձգումը։ Մնացած երկարաձգումների վերաբերյալ համապատասխան որոշումների բացակայության պայմաններում՝ անկախ դրա իրավական անհրաժեշտությունից վարչական վարույթի ժամկետը չի կարող համարվել երկարաձգված։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոլեգիալ վարչական մարմնի կողմից իրականացվող վարչարարությունում, եթե այլ բան օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չէ, ապա վարչարարության ընթացքում բոլոր որոշումները կայացվում են այդ մարմնի գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան։ Այսպիսով, Հանձնաժողովի կողմից չի պահպանվել վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան որոշում ընդունելու օրենսդրական պահանջը:
Անդրադառնալով Հանձնաժողովի՝ որպես կոլեգիալ ինքնավար մարմնի գործունեության հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վարչական մարմնի կողմից վարչական վարույթը երկարաձգելու վերաբերյալ որոշումն ընթացակարգային բնույթի ակտ է և դրանով գործը չի կարգավորվում վերջնականապես, այնուամենայնիվ վարույթը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող վարչական մարմնին, տվյալ դեպքում Հանձնաժողովին, ինչը ենթադրում է, որ սույն դեպքում վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու որոշումն ընդունվում է կոլեգիալ կազմով, հետևաբար կոլեգիալ մարմնի անդամի կողմից կայացված որոշումը չի կարող համարվել կոլեգիալ մարմնի կողմից ընդունված, քանի որ վերջինս չի հանդիսանում վարույթ իրականացնող վարչական մարմին:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Հանձնաժողովի կողմից 19.06.2019 թվականին հարուցված վարչական վարույթի իրականացման օրենքով սահմանված առավելագույն 30-օրյա ժամկետը սպառվել է 19.07.2019 թվականին, ուստի վերջինիս կողմից հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելը ոչ իրավաչափ է։ Հետևաբար Հանձնաժողովի կողմից 19.06.2019 թվականին վարչական վարույթը երկարաձգելիս խախտվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով սահմանված պահանջները։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից 25.10.2019 թվականի թիվ 399Ա որոշումը կայացնելիս չեն պահպանվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար վերոհիշյալ որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր 25.10.2019 թվականի թիվ 399Ա որոշումն անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
2․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: