«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015134
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 ապրիլի 2015 թ. |
թիվ 79-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
Նպատակ ունենալով
սահմանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի (տուգանքների) դիմաց վճարումների ընդունման ժամանակ այդ տույժերի (տուգանքների) հետ կապված տվյալները պարտադիր ստուգելու և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի տեղեկատվական շտեմարանից մի շարք տվյալներ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպություններին հասանելի դարձնելու գործընթացը,
հիմք ընդունելով
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը,
ղեկավարվելով
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգը և պայմանները» (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
(1-ին կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամիս ժամկետով հայտարարվում է Կարգով սահմանված գործընթացը ապահովող ավտոմատացված համակարգի թեստավորման ժամանակաշրջան, որից հետո Կարգով սահմանված պահանջների կիրառումը պարտադիր է ոստիկանության վարչական տույժերի վճարումների ընդունման և կատարման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի ապրիլի 8-ի թիվ 79-Ն որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կարգը սահմանում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տույժերի, տուգանքների վերաբերյալ սահմանված տվյալները վճարումների ընդունման ժամանակ Ֆինանսական կազմակերպությանը հասանելի դարձնելու, ինչպես նաև վճարումների ընդունման հետ կապված «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալները պարտադիր ստուգելու մասին պահանջները:
(1-ին կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
2. Սույն կարգը տարածվում է այն Ֆինանսական կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների ընդունումը և կատարումը:
(2-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
ԳԼՈՒԽ 2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Ստորև նշված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.
1) Բանկ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկ, ինչպես նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղ:
2) Վճարահաշվարկային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն լիցենզավորված վճարահաշվարկային կազմակերպություն:
3) Ֆինանսական կազմակերպություն՝ Բանկը և Վճարահաշվարկային կազմակերպությունը:
4) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (ՃՈ)՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված մարմին:
5) Հաճախորդ՝ Ֆինանսական կազմակերպության կողմից սպասարկվող անձ, որը իրականացնում է գանձապետարան ուղղված Պարտապանի վճարումները կանխիկ դրամական միջոցներով կամ անկանխիկ եղանակով՝ վճարային գործիքների կիրառման միջոցով (այդ թվում՝ էլեկտրոնային փողերով):
6) Պարտապան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տույժերի, տուգանքների գծով՝ չվճարված, չմարված պարտավորություն ունեցող անձ:
7) Չվճարված պարտավորություն՝ օրենքով սահմանված դեպքերում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վերահսկվող եկամուտների՝ այդ թվում՝ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետ կապված տույժերի, տուգանքների, ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դիմաց նշանակված տուգանքների գծով (որոնց դասակարգումը նշված է Կարգի 4-րդ կետով) Պարտապանի կողմից դեռևս չվճարված պարտավորություն:
8) Հաճախորդի կողմից վճարված, սակայն ՃՈ հաշվին չմուտքագրված գումար (ՃՈ հաշվին դեռ չմուտքագրված գումար)՝ Չվճարված պարտավորության դիմաց Հաճախորդի կողմից վճարված գումար, որը դեռ չի մուտքագրվել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան գանձապետական հաշվին:
9) Մարված պարտավորության գումար՝ Հաճախորդի կողմից վճարված գումար, որը մուտքագրվել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան գանձապետական հաշվին:
10) Վարչական տույժի որոշման համարը՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից Վարչական տույժ (տուգանք) նշանակելու մասին ընդունված որոշման համարը, ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու հետ կապված տուգանքի համարը, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանի կողմից տուգանված վարորդին կամ հետիոտնին տրված (դուրս գրված) Ակտի համարը:
11) Վճարման ընդունման (կատարման) մասին հաստատում՝ Ֆինանսական կազմակերպության կողմից տեղեկատվության տրամադրում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը՝ կապված Պարտապանի չվճարված պարտավորությունների դիմաց Հաճախորդից փաստացի ընդունված վճարումների վերաբերյալ:
12) Անդորրագիր՝ Հաճախորդից վճարումը ընդունող ֆինանսական կազմակերպության կողմից ձևավորված վճարահաշվարկային փաստաթուղթ, որը տրամադրվել (ուղարկվել) է հաճախորդին, և (կամ) հաճախորդի հանձնարարականի հետ կապված ֆինանսական կազմակերպության էլեկտրոնային համակարգում կատարված համապատասխան էլեկտրոնային գրառում, որը հավաստում է Հաճախորդի կողմից կանխիկ միջոցներով կամ անկանխիկ եղանակով վճարման կատարումը և ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի նկատմամբ հանձնարարականի կատարման պարտավորության ստանձնումը:
13) Կենտրոնական բանկի միջնորդություն՝ սույն կարգի իմաստով Կենտրոնական բանկի կողմից համապատասխան Էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման ապահովումը՝ Ֆինանսական կազմակերպությունների և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև: Կենտրոնական բանկի միջնորդությունը չի կարող նշանակել կամ որևէ կերպ մեկնաբանվել, որ Կենտրոնական բանկի վրա կարող է դրվել սույն ենթակետով չնախատեսված որևէ այլ գործառույթ: Կենտրոնական բանկի միջնորդության հետ կապված Կենտրոնական բանկը իրականացնում է.
ա) Սույն կարգով սահմանված հաղորդագրություններին համապատասխան տեղեկատվության փոխանցումը՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթի միջոցով,
բ) Կենտրոնական բանկի կողմից տրամադրված և շահագործվող տեխնիկածրագրային տիրույթի բնականոն աշխատանքի ապահովում:
14) Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայություն (service)՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեխնիկածրագրային տիրույթ, որի միջոցով իրականացվում է սույն կարգով սահմանված տեղեկատվության փոխանակումը ֆինանսական կազմակերպությունների և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև:
15) Հաղորդագրություն` տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր:
16) Վարչական տույժերի հաշվառման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգ»), Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատկանող կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որտեղ գրանցվում, հաշվառվում և վարվում են վարչական տույժերը, տուգանքները:
17) Ավտոմատացված համակարգ՝ կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն (Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայությունը և «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգը»), որն ապահովում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական շտեմարանից համապատասխան տվյալների ստացումը՝ Ֆինանսական կազմակերպության կողմից Պարտապանից վճարումների ընդունման և կատարման գործընթացների իրականացման համար:
18) Վճարային հաղորդագրություն՝ Կենտրոնական բանկի «Էլեկտրոնային վճարումների համակարգի» կանոններով դրամական միջոցների փոխանցման համար սահմանված էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրություններ, որոնց ձևավորման և կիրառման կարգը սահմանված է Կենտրոնական բանկի կողմից:
(3-րդ կետը փոփ., լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
ԳԼՈՒԽ 3. «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
4. Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառվող վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների ընդունումը պետք է իրականացնի Ավտոմատացված համակարգով՝ սույն կարգով սահմանված գործընթացի համաձայն: Ընդ որում, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղղված վճարումների հետ կապված վարչական տույժերը, տուգանքները դասակարգվում են ըստ նշված տեսակների.
ա) Ճանապարհային տեսախցիկների միջոցով արձանագրված խախտումների դիմաց տույժեր, տուգանքներ,
բ) Ճանապարհային ոստիկանի կողմից վարորդի նկատմամբ արձանագրված խախտումների դիմաց տույժեր, տուգանքներ (որոնց դիմաց տրվում է Ճանապարհային ոստիկանի լրացված ակտը),
գ) ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դիմաց նշանակված վարչական տույժեր, տուգանքներ,
դ) Օտարերկրյա տրանսպորտային միջոցների նկատմամբ նշանակված տույժեր, տուգանքներ,
ե) Ճանապարհային ոստիկանի կողմից հետիոտնի նկատմամբ նշանակված վարչական տույժեր, տուգանքներ,
զ) Այլ տույժեր, որոնք իրավական ակտերով սահմանված կարգով գրանցվում են «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում»:
(4-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
5. «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառված տույժերի, տուգանքների դիմաց վճարումը ընդունվում և կատարվում է սույն կարգով նշված սկզբունքների համաձայն: Ընդ որում.
1) Հաճախորդի կողմից «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղղված վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների կատարման համար պահանջվում է նշանակված Վարչական տույժի, տուգանքի որոշման համարը կամ այլ համապատասխան տվյալներ, ըստ սույն Կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետի (թիվ 1 հաղորդագրության հարցվող տվյալի): Սույն տվյալները Հաճախորդը.
ա) տրամադրում է իրեն սպասարկող Ֆինանսական կազմակերպությանը, երբ սպասարկվում է վերջինիս մասնաճյուղում, կամ
բ) մուտքագրում է Ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող համակարգի համապատասխան դաշտում, երբ Հաճախորդի սպասարկումը կատարվում է հեռահար սպասարկման համակարգով կամ ավտոմատ ինքնասպասարկման տերմինալով:
Ֆինանսական կազմակերպությունը կարող է սահմանել հարցում կատարելու համար հաճախորդի կողմից տվյալների ներկայացման ընթացակարգ:
2) Ֆինանսական կազմակերպությունը, մինչև Հաճախորդից՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղղված վճարային կարգադրության ընդունումը և կատարումը իրականացնում է վարչական տույժի, տուգանքի հետ կապված տվյալների ստուգում՝ ուղարկելով սույն կարգով սահմանված «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» (այսուհետ՝ թիվ 1) հարցումային հաղորդագրությունը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին»: Ընդ որում, յուրաքանչյուր հարցումային հաղորդագրություն կատարվում է առցանց սկզբունքով:
3) «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգը» ստացված (թիվ 1) հարցումային հաղորդագրության մեջ նշված տվյալները համակարգում առկա տվյալների հետ ստուգվելու արդյունքում,
ա) Տվյալների համապատասխանության դեպքում, ի պատասխան, Ֆինանսական կազմակերպությանը ուղարկվում է «Վճարման ենթակա վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» (այսուհետ՝ թիվ 2) հաղորդագրությունը, որը պարունակում է վարչական տույժի, տուգանքի հետ կապված մի շարք տվյալներ, այդ թվում՝ չվճարված պարտավորության գումարը (թիվ 1 հաղորդագրության ստացման պահին): «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության յուրաքանչյուր վարչական տույժի, տուգանքի դիմաց ուղարկվում է առանձին թիվ 2 հաղորդագրությունը:
բ) Եթե Պարտապանի պարտավորությունը լրիվ վճարված է և (կամ) մարված, ապա ի պատասխան հարցումային հաղորդագրության, «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» կողմից հարցում ներկայացնող Ֆինանսական կազմակերպությանը ուղարկվում է համապատասխան (թիվ 2) հաղորդագրություն, որտեղ նշվում է վճարված և (կամ) մարված պարտավորության մասին:
գ) Հարցումը ճիշտ չձևակերպվելու կամ հաղորդագրությունների ուղարկումը անհնարին լինելու դեպքում, կամ տվյալների բացակայության դեպքում համակարգի կողմից այդ մասին էլեկտրոնային եղանակով ձևավորվում և տրամադրվում է համապատասխան տեղեկացում՝ նշելով վերջինիս պատճառը:
դ) Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համապատասխան որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներկայացված լինելու դեպքում, Ֆինանսական կազմակերպության հարցմանը ի պատասխան՝ ուղարկվում է տեղեկացում այդ մասին:
4) Ֆինանսական կազմակերպությունների և «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» միջև հարցումների կատարումը և դրանց ի պատասխան համապատասխան հաղորդագրությունների փոխանցումը իրականացվում է միայն Կենտրոնական բանկի Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով:
5) Ֆինանսական կազմակերպությունը, սույն կարգով սահմանված ծառայությունը մատուցելու դեպքում՝ իր կողմից շահագործվող համապատասխան տեխնիկածրագրային համակարգերում, այդ թվում՝ վճարային տերմինալներում, պետք է ապահովի հարցում կատարելու համար կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետով նշված բոլոր տարբերակների կիրառման հնարավորությունը:
(5-րդ կետը փոփ., լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
6. Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվում են այն վարչական տույժի, տուգանքի վերաբերյալ համապատասխան տվյալները (ըստ թիվ 2 հաղորդագրության), որոնց հետ կապված «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առկա է գրառում (չվճարված, չմարված պարտավորության, ինչպես նաև Հարկադիր կատարումը ապահովող ծառայությանը ուղարկված կամ մարված պարտավորության մասին): Յուրաքանչյուր Վարչական տույժի որոշման վերաբերյալ համապատասխան տվյալները Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվում են առանձին (թիվ 2 հաղորդագրություն):
(6-րդ կետը լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
7. Ֆինանսական կազմակերպությունը Հաճախորդից ընդունում և կատարում է Չվճարված պարտավորության դիմաց վճարումը՝ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղարկված հարցման արդյունքում ստացված թիվ 2 պատասխան հաղորդագրության տվյալների համաձայն:
8. Ֆինանսական կազմակերպությունը հեռահար սպասարկման համակարգերով կամ ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով Հաճախորդների սպասարկման ժամանակ կարող է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգից» ստացված թիվ 2 պատասխան հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը հասանելի դարձնել Հաճախորդին, վերջինիս կողմից վճարում կատարելու համար:
9. Ֆինանսական կազմակերպությունը, յուրաքանչյուր վճարված տույժի, տուգանքի դիմաց ընդունում է Հաճախորդի ներկայացված վճարային կարգադրությունը (կանխիկ կամ անկանխիկ եղանակով) ըստ վճարվող գումարի և ձևավորում է համապատասխան Անդորրագիր:
9.1 Ֆինանսական կազմակերպությունը չի կրում պատասխանատվություն հաճախորդի կողմից տրամադրված սխալ կոնտակտային տվյալների՝ բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի տվյալների համար, որը տրամադրվելու է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին»։ Միևնույն ժամանակ, ֆինանսական կազմակերպությունը պատասխանատու չէ հաճախորդի կողմից տրամադրված այդ կոնտակտային տվյալներին տեղեկատվության ուղարկման գործընթացի համար։ Ընդ որում.
ա. Ֆինանսական կազմակերպությունը այդ մասին տեղեկացնում է հաճախորդին՝ առերես սպասարկման ժամանակ, իսկ
բ. Հաճախորդին՝ հեռահար սպասարկման ժամանակ, այդ թվում՝ տերմինալներով հաճախորդի սպասարկման դեպքում, կոնտակտային տվյալների մասին նշված զգուշացումը կատարվում է Ֆինանսական կազմակերպության համար նախընտրելի տեխնիկածրագրային միջոցներով։
(9.1-ին կետը լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
10. Ֆինանսական կազմակերպությունը, առանց հարցում կատարելու և թիվ 2 հաղորդագրությունը ստանալու, Հաճախորդից վճարում չպետք է ընդունի:
11. Ֆինանսական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» հարցում կատարելու անհնարինության հետևանքով Հաճախորդի վճարումը չընդունելու և չկատարելու համար: Ինչպես նաև, ստացված թիվ 2 հաղորդագրության տվյալների անճշտության դեպքում հաճախորդից վճարումը չընդունելու համար:
12. Ֆինանսական կազմակերպությունը Հաճախորդից վճարումը ընդունելուց (Անդորրագիրը ձևավորելուց) անմիջապես հետո սակայն ոչ ուշ, քան հաջորդ գործառնական օրը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» պետք է ուղարկի վճարման ընդունման մասին հաստատումը՝ «Վճարման ընդունման վերաբերյալ» (այսուհետ՝ թիվ 3) հաղորդագրության միջոցով: Ֆինանսական կազմակերպությունը թիվ 3 հաղորդագրությունը ուղարկում է միայն առցանց հարցում կատարելու արդյունքում, ըստ ստացված թիվ 2 հաղորդագրության տվյալների, վճարումը ընդունելուց հետո։
(12-րդ կետը լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
12.1 Թիվ 1 հաղորդագրության կիրառմամբ Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» հարցում կատարելու անհնարինության կամ թիվ 2 պատասխան հաղորդագրությունը չստանալու դեպքում, այդ մասին Ավտոմատացված համակարգի կողմից ի պատասխան Ֆինանսական կազմակերպությանը տրվում է համապատասխան տեղեկացում սխալի մասին, նշելով հարցում կատարելու անհնարինության պատճառը, (ըստ անհրաժեշտության, պատճառները նշելու համար կարող են կիրառվել համապատասխան կոդեր): Ընդ որում, սույն տեղեկացումը Ֆինանսական կազմակերպությանը տրվում է Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով, ըստ վերջինիս գործունեության ընթացակարգի: Միաժամանակ, Ավտոմատացված համակարգի կողմից պետք է ապահովվի սխալի մասին տրամադրվող տեղեկացման մեջ համապատասխան կապը՝ թիվ 1 հաղորդագրության մեջ ֆինանսական կազմակերպության կողմից նշված բացառիկ համարին։
(12.1-ին կետը լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
13. Հաճախորդի հանձնարարությամբ Ֆինանսական կազմակերպությունը չի կարող իրականացնել ընդունված վճարման հետ կանչում կամ վճարման տվյալների ճշգրտում, եթե «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղարկել է վճարման ընդունման մասին թիվ 3 հաստատումը:
Սույն դրույթը ապահովելու համար Ֆինանսական կազմակերպությունը Հաճախորդի սպասարկման և վճարման ընդունման ժամանակ պետք է ապահովի և ստանա Հաճախորդի համաձայնությունը ««ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղղված վճարումը չի կարող հետ կանչվել» պայմանի ընդունման վերաբերյալ:
13.1 Ֆինանսական կազմակերպության կողմից թիվ 3 հաղորդագրության ուղարկման հետ կապված իրականացվում են նաև հետևյալ գործընթացները.
1) «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» կողմից թիվ 3 հաղորդագրության ընդունման դեպքում, վերջինիս կողմից Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվում է հաստատում (տեղեկացում) այդ մասին։
2) Այն դեպքում, երբ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» կողմից թիվ 3 հաղորդագրությունը չի ընդունվել կամ Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայություն կողմից այն չի ուղարկվել ՃՈ-ին, ապա համակարգի կողմից ի պատասխան` Ֆինանսական կազմակերպությանը տրվում է տեղեկացում այդ մասին։
3) Այն դեպքում, երբ Ֆինանսական կազմակերպությունը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգից» չի ստացել հաստատում (տեղեկացում) թիվ 3 հաղորդագրության ընդունման մասին, ապա ոչ ուշ, քան հաջորդ գործառնական օրը Ֆինանսական կազմակերպությունը պետք է ապահովի թիվ 3 հաղորդագրության կրկնակի ուղարկումը։ Ընդ որում՝ պետք է ապահովի որպեսզի կրկնակի ուղարկվող հաղորդագրության բացառիկ համարը լինի չկրկնվող։
(13.1-ին կետը լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
14. Բանկը ապահովում է Վարչական տույժերի, տուգանքների դիմաց ընդունված վճարումների փոխանցումը Կենտրոնական գանձապետարանի կողմից սպասարկվող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան գանձապետական հաշիվներին՝ ըստ յուրաքանչյուր տույժի, որոնք հավաքագրվել են.
1) Տվյալ Բանկի կողմից՝ իր Հաճախորդների սպասարկման և վճարումների ընդունման արդյունքում,
2) Վճարահաշվարկային կազմակերպության կողմից՝ Հաճախորդների սպասարկման և վճարումների ընդունման արդյունքում: Վերջիններիս հետ կապված Վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է իրեն սպասարկող Բանկին ներկայացնի համապատասխան կարգադրություն՝ Հաճախորդներից ընդունված միջոցները համապատասխան գանձապետական հաշիվներին փոխանցելու համար (տրամադրելով յուրաքանչյուր տույժի տվյալները):
(14-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
15. Բանկը չի իրականացնում Վճարահաշվարկային կազմակերպության կողմից սպասարկված Հաճախորդներից «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի դիմաց ընդունված վճարային տվյալների ստուգումը և դրանց հետ կապված «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղղված համապատասխան հաղորդագրությունների ուղարկումը:
(15-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
16. «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան գանձապետական հաշիվներին միջոցները փոխանցելիս Բանկը.
1) իրականացնում է փոխանցումը Կենտրոնական բանկի կողմից հաստատված «ֆինանսական արտաքին Էլեկտրոնային հաղորդագրությունների նկարագրության» պահանջներին համապատասխանող էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների միջոցով՝ ըստ յուրաքանչյուր տույժի, տուգանքի,
2) միջոցների փոխանցումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված՝ միջոցների փոխանցման առավելագույն ժամկետների համաձայն,
3) Վարչական տույժերի, տուգանքների հետ կապված՝ սպասարկված Հաճախորդից ընդունված վճարման վերաբերյալ համապատասխան տվյալները լրացնում է կիրառվող էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրություններում:
(16-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
17. Հաճախորդին սպասարկող յուրաքանչյուր Վճարահաշվարկային կազմակերպություն պետք է ապահովի սույն կարգով սահմանված պահանջների համաձայն՝ Վարչական տույժի, տուգանքի դիմաց Հաճախորդներից ընդունված վճարումների հետ կապված համապատասխան տվյալների տրամադրումը Բանկին: Ընդ որում.
1) Բանկին տրամադրվում են միայն «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» հարցում կատարելու և սույն կարգով սահմանված պահանջների համաձայն սպասարկված Հաճախորդից ընդունված վճարումների հետ կապված տվյալները՝ ըստ յուրաքանչյուր վարչական տույժի, տուգանքի:
2) Վճարահաշվարկային կազմակերպությունը ապահովում է իր կողմից սպասարկված Հաճախորդների դրամական միջոցները գանձապետարան փոխանցելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից սահմանված Ֆինանսական Էլեկտրոնային հաղորդագրությունների լրացման (ձևավորման) համար անհրաժեշտ բոլոր տվյալների տրամադրումը իրեն սպասարկող Բանկին:
18. Համապատասխան գանձապետական հաշիվներին դրամական միջոցների փաստացի մուտքագրման արդյունքում «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» անհրաժեշտ գրառումները, այդ թվում՝ համապատասխան վարչական տույժի, տուգանքի դիմաց պարտավորության մարման հետ կապված, կատարվում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից սահմանված ընթացակարգով:
(18-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
19. «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառվող վարչական տույժերի, տուգանքների հետ կապված պարտավորությունները մարելու նպատակով Հաճախորդները կարող են չվճարված պարտավորությունների դիմաց վճարումը կատարել մաս-մաս, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետում:
20. Պարտապանի չվճարված պարտավորության դիմաց արտասահմանից իրականացված վճարումների ժամանակ արտասահմանից ստացվող վճարային հաղորդագրության մեջ պետք է առկա լինեն վարչական տույժի հետ կապված պահանջվող տվյալները: Դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Բանկը սույն կարգով սահմանված պահանջների համաձայն իրականացնում է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» հետ տվյալների ստուգումը, վճարման ընդունումը և դրա փոխանցումը դեպի գանձապետարան: Ընդ որում.
եթե Բանկի կողմից արտասահմանից ստացված հաղորդագրության մեջ բացակայում են վարչական տույժի հետ կապված համապատասխան տվյալները, կամ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առկա չէ համապատասխան գրառում, ապա Բանկը մերժում է արտասահմանից ստացված վճարման կատարումը:
21. Ֆինանսական կազմակերպությունը երրորդ անձի կամ այլ համակարգի միջոցով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի, տուգանքների դիմաց վճարումների ընդունման դեպքում պետք է ապահովի սույն կարգով սահմանված պահանջների կատարումը:
(21-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
22. «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առկա տվյալները Ֆինանսական կազմակերպություններին տրամադրվում են ըստ թիվ 2 հաղորդագրության համար սահմանված տվյալների:
(22-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
ԳԼՈՒԽ 4. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
23. «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տույժերի, տուգանքների տվյալների ստուգման և այդ տույժերի դիմաց վճարումների ընդունման գործընթացի հետ կապված՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և Ֆինանսական կազմակերպության (այսուհետ՝ Կողմեր) միջև տեղեկատվության փոխանցումը կատարվում է.
1) Էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնք ձևավորվում են՝ համաձայն դրանց կիրառման համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջների:
2) Էլեկտրոնային հաղորդագրությունները փոխանցվում են Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով, Կենտրոնական բանկի միջնորդությամբ:
(23-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
24. Էլեկտրոնային հաղորդագրությունները ձևավորվում և ուղարկվում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված իրավական ակտերի համաձայն և ապահովում են սույն Կարգով սահմանված՝ Հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը: Սույն կետով նշված Էլեկտրոնային հաղորդագրությունները չեն հանդիսանում ֆինանսական վճարային հաղորդագրություններ:
25. Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով Հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է Կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցով:
26. «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից Ֆինանսական կազմակերպությանը փոխանցվում է հետևյալ հաղորդագրությունը.
«Վճարման ենթական վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» (թիվ 2) պատասխան հաղորդագրություն:
(26-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
27. Ֆինանսական կազմակերպության կողմից նախաձեռնվում և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն են փոխանցվում հետևյալ հաղորդագրությունները.
1) «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ, ըստ տրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալների» (թիվ 1) հաղորդագրությունը,
2) «Վճարման ընդունման վերաբերյալ» (թիվ 3) հաղորդագրությունը (հաստատումը):
(27-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
ԳԼՈՒԽ 5. «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՆԴՈՐՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
28. «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» (թիվ 1) հաղորդագրությունը իրենից ներկայացնում է ֆինանսական կազմակերպության կողմից «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» ուղղված հարցում՝ նշանակված տույժերի, տուգանքների մասին: Թիվ 1 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմին նույնականացնող տվյալներ,
ա) (պարբերությունն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
բ) Ուղարկող Ֆինանսական կազմակերպության կոդը,
4) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
5) Հարցում կատարելու համար պահանջվող տվյալները, ըստ «ա» կամ «բ» կամ «գ» ենթակետերի դասակարգման.
ա. Տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ ՏՄ) նույնականացնող տվյալները (միաժամանակ պետք է լրացվեն ա1 և ա2-ով նշված բոլոր տվյալները).
ա1. ՏՄ-ի պետական համարանիշը և
ա2. ՏՄ-ի տեխնիկական անձնագրի համարը,
բ. Վարչական տույժ, տուգանք նշանակելու մասին որոշման համարը (հարցման սույն տարբերակը կիրառվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից նշանակվող վարչական տույժի, տուգանքի, այդ թվում հետիոտնի տուգանքի, տվյալների ստացման նպատակով),
գ. Վարչական տույժ, տուգանք նշանակելու մասին որոշման համաձայն տուգանված անձի (այսուհետ՝ քաղաքացի) անձը հաստատող փաստաթղթի կամ Հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ-ի) հետ կապված տվյալները: Սույն տարբերակներից որևէ մեկը կարող է կիրառվել հարցում կատարելու ժամանակ՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից (վարորդի, հետիոտնի նկատմամբ) նշանակվող վարչական տույժերի, տուգանքների տվյալների ստացման նպատակով։ Ընդ որում.
գ1. ՀՀ քաղաքացու (անձի) տույժի, տուգանքի նույնականացման համար կարող են կիրառվել անձը հաստատող հետևյալ տեսակի փաստաթղթերի տվյալները՝ դրանց առկայության դեպքում (կիրառվում է նշված փաստաթղթերից որևէ մեկը, ինչպես նաև համապատասխան կոդով տարանջատվում են այդ փաստաթղթերի տեսակները).
գ1.1. Անձնագրի տվյալները (անձնագրի սերիան և համարը), կամ
գ1.2. Բիոմետրիկ անձնագրի տվյալները (անձնագրի սերիան և համարը), կամ
գ1.3. Նույնականացման քարտի համարը,
գ2. ՀՀ քաղաքացու (անձի) տույժի, տուգանքի նույնականացման համար կարող է կիրառվել ՀԾՀ-ի վերաբերյալ հետևյալ տվյալներից մեկը (առկայության դեպքում)
գ2.1. Հանրային ծառայությունների համարանիշը, կամ
գ2.2. ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ3. Օտարերկրյա քաղաքացու (անձի) տուգանքի, տույժի նույնականացման համար կարող են կիրառվել վերջինիս անձնագրի տվյալները (անձնագրի սերիան և համարը),
6) թիվ 1 հաղորդագրության բացառիկ համարը, որը ձևավորվում է Ֆինանսական կազմակերպության կողմից, յուրաքանչյուր հարցումը ուղարկելու համար։ Հաղորդագրության բացառիկ համարը ձևավորվում է հետևյալ սկզբունքով.
ա. հաղորդագրության բացառիկ համարը կարող է ունենալ մինչև 35 նիշ երկարություն,
բ. առաջին հինգ նիշը բնութագրում է Կենտրոնական բանկի կողմից Ֆինանսական կազմակերպությանը տրամադրված նույնականացման կոդը՝ 5 նիշ,
գ. թիվ 1 հաղորդագրության ձևավորման ամսաթիվը՝ 6 նիշ (օր, ամիս, տարի),
դ. բացառիկ համարում 12-ից մինչև 35-րդ նիշերը հանդիսանում են Ֆինանսական կազմակերպության կողմից լրացվող հերթական համարը կամ կարող են հանդիսանալ այդ կազմակերպության կողմից կիրառվող սկզբունքով սահմանված նիշեր՝ ապահովելով դրանց բացառիկությունը:
(28-րդ կետը փոփ. 21.06.16 թիվ 105-Ն, խմբ., լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
29. «Վճարման ենթակա վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» պատասխան հաղորդագրություն (թիվ 2), որը պարունակում է տեղեկացում՝ Պարտապանի նկատմամբ նշանակված վարչական տույժերի (տուգանքների) վերաբերյալ, որոնք ենթակա են վճարման: Թիվ 2 հաղորդագրությունը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
4) Հաղորդագրությունը ստացող (հասցեատեր) կողմին նույնականացնող տվյալներ.
ա) (պարբերությունն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
բ) Ստացող Ֆինանսական կազմակերպության կոդը:
5) Տրանսպորտային Միջոցի կամ Հետիոտնի նույնականացման համար նշվող տվյալներ (Հետիոտնի տույժի վճարման համար սույն ենթակետի տվյալները չեն նշվում, բացառությամբ գ) ենթակետի, որտեղ նշվում է Հետիոտնի անուն-ազգանունը).
ա) ՏՄ պետական համարանիշը,
բ) ՏՄ տեխնիկական անձնագրի համարը,
գ) ՏՄ սեփականատիրոջ անուն-ազգանունը/անվանումը կամ տուգանված անձի/Հետիոտնի անուն-ազգանունը (Հիմնական պարտապան),
դ) ՏՄ մակնիշը:
6) Վարչական տույժի (տուգանքի) նույնականացման համար նշվում են հետևյալ տվյալները (նշված տվյալներից բոլորը միաժամանակ պետք է լրացվեն), որտեղ յուրաքանչյուր հաղորդագրության մեջ նշվում են մեկ վարչական տույժի, տուգանքի վերաբերյալ տվյալները՝ ըստ համապատասխան դաշտերի.
ա) Վարչական տույժ նշանակելու մասին Որոշման համարը,
բ) Որոշման ամսաթիվը,
գ) Որոշման համաձայն ընդհանուր պարտավորության գումարը՝ ՀՀ դրամ,
գ1) (պարբերությունն ուժը կորցրել է 31.05.22 թիվ 86-Ն)
գ2) (պարբերությունն ուժը կորցրել է 31.05.22 թիվ 86-Ն)
դ) (պարբերությունն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
ե) Վճարման ենթակա փաստացի պարտավորության գումարը, ՀՀ դրամ (այդ պահին դեռ Չվճարված պարտավորության գումարը, կապված տվյալ որոշման հետ),
զ) Մարված (մասնակի մարված) պարտավորության գումարը և ՃՈ հաշվին դեռ չմուտքագրված գումարը, ըստ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» վերջինիս համար կիրառված սկզբունքի, ՀՀ դրամ (ըստ նշված որոշման),
է) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գանձապետական հաշվի համարը (որին պետք է փոխանցվի գումարը):
7) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում:
8) Վճարումը ընդունելու գործառույթի հետ կապված՝ Ֆինանսական կազմակերպությանը, ինչպես նաև Հաճախորդին ուղղված տեղեկատվություն: Ընդ որում, լրացնում է սույն ենթակեում նշված գործընթացներից որևէ մեկը, որոնցից յուրաքանչյուրի համար կիրառվում են առանձին դաշտեր (անհրաժեշտության դեպքում՝ սույն ենթակեում նշված յուրաքանչյուր գործընթացի նկարագրության հետ կապված, վերջինիս նույնականացման համար կարող է կիրառվել համապատասխան կոդ).
ա. Սույն որոշման դիմաց վճարումը պետք է կատարվի նշված «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գանձապետական հաշվին (հաճախորդի վճարումը կարող է ընդունվել), կամ
բ. Սույն որոշումը ուղարկվել է Հարկադիր կատարումը ապահովող ծառայություն, ուստի վճարումը չի կարող փոխանցվել Ճանապարհային ոստիկանություն ծառայության գանձապետական հաշվին: Ընդ որում՝ սույն տարբերակի լրացման դեպքում, ձևավորվող թիվ 2 հաղորդագրության մեջ Գանձապետական հաշվեհամարի, ինչպես նաև Վճարման ենթակա փաստացի պարտավորության վերաբերյալ դաշտերում համապատասխան տվյալների փոխարեն լրացվում է զրո, կամ
գ. Սույն որոշման դիմաց պարտավորությունը մարված է։
(29-րդ կետը փոփ., լրաց. 21.06.16 թիվ 105-Ն, փոփ., լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
30. «Վճարման ընդունման վերաբերյալ» թիվ 3 հաղորդագրությունը պարունակում է հաստատում այն մասին, որ Ֆինանսական կազմակերպությունը ընդունել է Տրանսպորտային միջոցի/Հետիոտնի նկատմամբ նշանակված վարչական տույժի (տուգանքի) հետ կապված տվյալ վճարումը: Թիվ 3 հաղորդագրությունը ուղարկվում է վճարումը ընդունող Ֆինանսական կազմակերպության կողմից յուրաքանչյուր ընդունված վճարման համար, որտեղ յուրաքանչյուր հաղորդագրության մեջ նշվում են մեկ վարչական տույժի, տուգանքի հետ կապված տվյալներ, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) Հաղորդագրության ունիկալ համարը,
2) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
3) Հաղորդագրությունը ձևավորող և ուղարկող կողմին նույնականացնող տվյալներ,
ա) (պարբերությունն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
բ) Ուղարկող Ֆինանսական կազմակերպության կոդը:
4) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 21.06.16 թիվ 105-Ն)
6) Ընդունված Վարչական տույժի (տուգանքի) վճարման մանրամասների հետ կապված պարտադիր նշվում են հետևյալ տվյալները (նշվում է յուրաքանչյուր ընդունված վճարման համար).
ա) Պարտավորության դիմաց Վճարված փաստացի գումարը, ՀՀ դրամ (որը փոխանցվելու է գանձապետական հաշվին),
բ) Հաճախորդին սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից Վճարման ընդունման ամսաթիվը, ժամը (ժամ, րոպե),
գ) Անդորրագրի ունիկալ համարը (նույնականացուցիչը):
7) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում», ըստ թիվ 2 հաղորդագրության: Այս դաշտում լրացվում է.
Հարցմանն ի պատասխան, Ճանապարհային ոստիկանությունից ստացված թիվ 2 էլեկտրոնային հաղորդագրության մեջ նշված խախտման ունիկալ իդենտիֆիկատորը:
8) Վարչական տույժի (տուգանքի) նույնականացման համար նշվում են հետևյալ տվյալները (նշված տվյալներից բոլորը միաժամանակ պետք է լրացվեն), ըստ համապատասխան դաշտերի.
ա) Վարչական տույժ նշանակելու մասին Որոշման համարը,
բ) Որոշման ամսաթիվը:
9) Հաճախորդի կողմից տրամադրված՝ մեկ կոնտակտային տվյալը, ըստ ստորև նշված տեսակների, որի միջոցով ցանկանում է Ճանապարհային ոստիկանությունից ստանալ տեղեկացում՝ «Հաճախորդի նախաձեռնած վճարումը Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից մշակվելու մասին»։ (Ճանապարհային ոստիկանությունը սույն տեղեկացումը կոնտակտային տվյալին ուղարկում է իր համակարգում այդ ծառայությունը մատուցելու դեպքում։) Հաճախորդի կողմից կոնտակտային տվյալների տրամադրման դեպքում, այս դաշտում լրացվում է.
ա. Հաճախորդի կողմից նշված (տրամադրված) բջջային հեռախոսահամարը (այդ թվում՝ երկրի միջազգային կոդը), կամ
բ. Հաճախորդի կողմից նշված (տրամադրված) ինտերնետ-էլեկտրոնային փոստի հասցեն:
(30-րդ կետը խմբ., փոփ. 21.06.16 թիվ 105-Ն, լրաց., խմբ. 31.05.22 թիվ 86-Ն)
30.1 Սույն կարգով սահմանված հաղորդագրություններում կարող են կիրառվել համապատասխան նույնացուցիչներ՝ ստորև նշված տարանջատումը իրականացնելու համար (կարող են կիրառվել համապատասխան կոդեր, ըստ դրանց անհրաժեշտության), ընդ որում.
1) Սույն կարգի 4-րդ կետով նշված տուգանքների տեսակների նույնականացում։
2) Նշանակված տուգանքների տարանջատված նույնականացում՝ ըստ հետիոտնի, վարորդի։
(30.1-ին կետը լրաց. 31.05.22 թիվ 86-Ն)
31. Սույն կարգով սահմանված Վարչական տույժերի, տուգանքների դիմաց ընդունված վճարումները գանձապետարանի համապատասխան հաշվին փոխանցելու համար Բանկի կողմից ձևավորվող էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրության մեջ պարտադիր լրացվում են հետևյալ տվյալները՝ ստորև նշված կանոնների համաձայն.
1) Վարչական տույժերի, տուգանքի որոշման համարի և ամսաթվի տվյալները լրացվում են վճարային հաղորդագրության համապատասխան դաշտում կիրառվող «PDD/» կոդի միջոցով, ըստ Էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների լրացման պահանջների:
2) Եթե Հաճախորդից վճարումը ընդունվել է Վճարահաշվարկային կազմակերպության կողմից, ապա պարտադիր նշվում են վերջինիս նույնականացման տվյալները:
3) Անդորրագրի ունիկալ համարը պարտադիր լրացվում է (նշվում է) վճարային հաղորդագրության համապատասխան դաշտում և նշվում է «CPՕ/» կոդի միջոցով՝ ըստ հաղորդագրության լրացման կարգի:
4) Հաճախորդի կողմից փաստացի վճարված գումարի, Հիմնական պարտապանի և (կամ) վճարողի, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվի, Անդորրագրում նշված վճարման ընդունման ամսաթվի հետ կապված համապատասխան պահանջվող տվյալները լրացվում են ըստ Կենտրոնական բանկի կողմից Էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների լրացման համար սահմանված պահանջների:
(31-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
32. Անդորրագրում պետք է լրացվեն առնվազն ստորև նշված տվյալները՝ սահմանված պահանջներին համապատասխան: Ընդ որում.
1) Վարչական տույժի, տուգանքի որոշման նույնականացման համար պարտադիր նշվում են.
ա) Վարչական տույժի, տուգանքի որոշման համարը,
բ) Վարչական տույժի, տուգանքի որոշման ամսաթիվը,
գ) Հիմնական պարտապանի անվանումը կամ անուն-ազգանունը:
2) Վարչական տույժի դիմաց պարտավորությունների հետ կապված կարող է ըստ ստացված պատասխան հաղորդագրության (թիվ 2) տվյալների, Ֆինանսական կազմակերպության հայեցողությամբ նշվել.
ա) Չվճարված պարտավորության գումարը (կապված միևնույն որոշման հետ), որից նվազեցված են այն վճարումները, որոնք դեռ չեն մուտքագրվել ՃՈ հաշվին,
բ) Որոշման համաձայն ընդհանուր պարտավորության գումարը,
գ) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը ոստիկանության համակարգում:
3) Պարտադիր նշվում է Հաճախորդի վճարումը հավաստող վճարային փաստաթղթի՝ Անդորրագրի ունիկալ համարը:
4) Ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վճարային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների վերաբերյալ իրավական ակտով սահմանված այլ տվյալներ:
(32-րդ կետը լրաց., խմբ. 21.06.16 թիվ 105-Ն)
33. «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տույժերի, տուգանքների համակարգում առկա տվյալների հետ իրականացվող ստուգումների, ինչպես նաև վճարումների ընդունման գործընթացի ավտոմատացման հետ կապված սույն Կարգի համաձայն՝ ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը նշված է կարգի Հավելված 1-ում:
(33-րդ կետը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
34. Սույն կարգում նշված հաղորդագրություններին համապատասխան Էլեկտրոնային հաղորդագրությունների դաշտերը, դրանց տեխնիկածրագրային նկարագրությունը և լրացման կանոնները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից: Էլեկտրոնային հաղորդագրությունը՝ սույն կարգի իմաստով, հանդիսանում է Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջավայրում համապատասխան տեխնիկածրագրային լուծումների կիրառմամբ տեղեկատվության փոխանակման միջոց: Ընդ որում, Էլեկտրոնային հաղորդագրությունների նկարագրության կանոններով կարող է սահմանվել, որ սույն Կարգով նշված հաղորդագրություններով փոխանցվող նվազագույն տեղեկատվությունից բացի, Էլեկտրոնային հաղորդագրությունները կարող են պարունակել նաև այլ տվյալներ, ըստ դրանց համապատասխան դաշտերի, ինչպես նաև կարող են սահմանվել համակարգում կիրառվող ներքին տեղեկատվական հաղորդագրություններ:
34.1 «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» հաղորդագրության մեջ (Կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետում) պարտապանի Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը առանձին դաշտով կարող է ավելացվել` հարցում կատարելու համար և կիրառվել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից այդ տվյալի մշակման հնարավորության ապահովման դեպքում:
(34.1-ին կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն, փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
34.2 Հաղորդագրությունների մեջ` քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տեսակը նշելու համար կարող են կիրառվել Կենտրոնական բանկի կողմից Էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրությունների լրացման կարգով այդ փաստաթղթերի տվյալների համար սահմանված համապատասխան կոդերը:
(34.2-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն, փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
34.3 Հաղորդագրության մեջ համապատասխան դաշտերում կիրառվող` «Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը», ինչպես նաև «Տուգանքի, տույժի որոշման համարը» ձևավորվում և կիրառվում է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» դրանց համար սահմանված կառուցվածքի և սկզբունքի համաձայն:
(34.3-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)
34.4 Յուրաքանչյուր ֆինանսական կազմակերպություն պետք է ապահովի Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով իր կողմից կատարված հարցումների և դրանց հետ կապված իր կողմից ստացված, տրամադրված տեղեկատվության պահպանումը` նվազագույնը 5 տարի ժամկետով:
(34.4-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)
35. Սույն կարգում հաղորդագրություններին տրված համարները պայմանական են և կարող են տարբերվել տեխնիկածրագրային միջավայրում դրանց համապատասխանող Էլեկտրոնային հաղորդագրությունների կիրառման համար սահմանվող կոդերից:
35.1 Տեղեկատվության փոխանցման համար կիրառվող տեխնիկածրագրային լուծումները պետք է ապահովեն սույն կետով սահմանված տվյալների վերաբերյալ էլեկտրոնային գրառումների առկայությունը, որոնք առանձին դաշտով կարող են առկա չլինել հաղորդագրության կառուցվածքում.
1) հաղորդագրության ունիկալությունը ապահովող տվյալներ (ունիկալ համարը),
2) հաղորդագրության ուղարկման ամսաթիվը, ժամը,
3) ուղարկող կողմին նույնականացնող տվյալները,
4) ստացող կողմին նույնականացնող տվյալները:
(35.1-ին կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն)
35.2 Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայությունը իրականացնում է նաև վերջինիս միջոցով փոխանցված հարցումների և դրանց ի պատասխան տրամադրված (փոխանցված) ամբողջ տեղեկատվության պահպանումը (այսուհետ` «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյանում» պահպանվող տեղեկատվություն) նվազագույնը 5 տարի ժամկետով: Ընդ որում.
1) Հաղորդագրությունների վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյանում» պահպանված տեղեկատվությունը հիմք է ընդունվում և կիրառվում է հետևյալ դեպքերում.
ա) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և (կամ) Ֆինանսական կազմակերպությունների միջև վեճերի առաջացման դեպքում, որպես ապացույց ներկայացնելու համար, որոնք կապված են փոխանցվող հարցումների և դրանց ի պատասխան ստացված և տրամադրված տվյալների հետ:
բ) Կենտրոնական բանկի կողմից, սույն կարգով սահմանված գործընթացի հետ կապված Ֆինանսական կազմակերպությունների իրականացրած գործողությունների ստուգման համար, այդ թվում հաճախորդների բողոքների ստուգման դեպքում:
(35.2-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն, փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
35.3 «Իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյանից» տվյալների ստացման և կիրառման նպատակով, Ֆինանսական կազմակերպությունը և (կամ) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան դիմում, որտեղ պետք է նշվի.
1) Դիմող կողմի (Ֆինանսական կազմակերպություն կամ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն) անվանումը, տվյալները։
2) «Իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյանից» տվյալների ստացման պատճառը (հիմքը)։
3) Վճարում ընդունելու ժամանակ հարցում կատարելու նպատակով կիրառված տվյալները, ըստ Կարգի 28-րդ կետի, որոնց հետ կապված անհրաժեշտ է դիտարկել ուղարկված և ստացված հաղորդագրությունները:
4) Այն ժամանակահատվածը (ամսաթիվը և ժամը), որի ընթացքում փոխանցվել են նշված որոշման հետ կապված հաղորդագրությունները:
5) Կարող են նշվել փոխանցված հաղորդագրությունների վերաբերյալ դիմող Ֆինանսական կազմակերպությանը («Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը) հայտնի այլ տվյալներ, որոնք կնպաստեն հաղորդագրությունների որոնմանը:
(35.3-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն, փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
35.4 Յուրաքանչյուր Ֆինանսական կազմակերպություն կամ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը կարող է ստանալ միայն իր կողմից ուղարկված և ստացված Հաղորդագրություններում պարունակվող տվյալների վերաբերյալ տեղեկատվություն:
(35.4-րդ կետը լրաց. 21.06.16 թիվ 105-Ն, փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
ԳԼՈՒԽ 6. ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
(վերնագիրը խմբ. 31.05.22 թիվ 86-Ն)
(գլուխը խմբ. 31.05.22 թիվ 86-Ն)
36. Հաճախորդի կողմից Վարչական տույժի որոշման համարը և ամսաթիվը ներկայացվելու դեպքում Ֆինանսական կազմակերպությունը կարող է ընդունել վճարումը և փոխանցել դեպի գանձապետարան, առանց «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» հետ սույն կարգով սահմանված ստուգումները կատարելու և հաղորդագրություններն ուղարկելու, եթե անհնար է Ավտոմատացված համակարգով հաղորդագրությունների ուղարկումը և ստացումը՝ առաջացած տեխնիկածրագրային խափանման պատճառով, որտեղ.
Տեխնիկածրագրային խափանումը կապված է Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության և (կամ) «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առաջացած խնդիրների հետ: Միաժամանակ պետք է հիմնավորվի, որ տվյալ խափանումը կապված չէ Ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող (շահագործվող) տեխնիկածրագրային միջոցների խափանման հետ։
37. Սույն կարգով սահմանված Ավտոմատացված համակարգով հարցում կատարելու և տեղեկատվություն ստանալու հետ կապված (այդ թվում, կարգի 36-րդ կետի դեպքում).
1) Ֆինանսական կազմակերպության մոտ պետք է առկա լինի Ավտոմատացված համակարգի «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյան»։
2) Ֆինանսական կազմակերպությունը «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյանում» ապահովում է Ավտոմատացված համակարգով ուղարկված և դրանց ի պատասխան ստացված հաղորդագրությունների (տեղեկացումների) վերաբերյալ գրառումների վարումը, այդ թվում՝ դրանց ուղարկումը և ստացումը փաստող գրառումները, ինչպես նաև բովանդակությունը։
38. Սույն Կարգի 4-րդ կետի «բ»-ից «զ» ենթակետերի՝ իրավական ակտերով սահմանված տուգանքների, տույժերի դիմաց տեղեկատվությունը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառվելու (գրանցվելու) արդյունքում՝ դրանց դիմաց վճարումների ընդունումը իրականացվում է սույն կարգի դրույթների համաձայն, այն ամսաթվից, որը համաձայնեցվում է Կենտրոնական բանկի և Ճանապարհային ոստիկանության ծառայության միջև: Նշված ամսաթվի վերաբերյալ Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպություններին ներկայացնում է համապատասխան պաշտոնական գրություն:
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 21.06.16 թիվ 105-Ն, 31.05.22 թիվ 86-Ն)
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգի և պայմանների |
(գլխագիրը փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)
Սույն կարգով սահմանված «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգից» տեղեկատվության տրամադրման և վճարման ընդունման հետ կապված կողմերի միջև ավտոմատացված եղանակով ուղարկվող հաղորդագրությունների փոխկապվածությունը
1. Հաղորդագրություն 1 |
2. Հաղորդագրություն 2 |
3. Հաղորդագրություն 3 |
1) «Հարցում առկա վարչական տույժերի վերաբերյալ» |
1) «Վճարման ենթակա վարչական տույժի (տուգանքի) վերաբերյալ» պատասխան |
1) «Վճարման ընդունման վերաբերյալ» Ուղարկող: Ֆինանսական կազմակերպություն 2) ուղարկվում է հիմք ընդունելով Հաղորդագրություն 2-ը, հաճախորդի վճարումը ընդունվում է կատարման Ֆինանսական կազմակերպության կողմից |
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 21.06.16 թիվ 105-Ն, փոփ. 31.05.22 թիվ 86-Ն)