Գլխավոր տեղեկություն
Համար
N 1460-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2018-01.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.21/93(1451).1 Հոդ.1283.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1460-Ն

 

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետության տարածքում և Արցախի Հանրապետություն գործուղվող աշխատողների օրապահիկի համար նշված չափին, իսկ այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության), աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածում օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար նշված չափին: Պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում այն համարվում է նաև առավելագույն չափ.

2) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման գումարի վճարման կարգը` համաձայն հավելվածի.

3) որ դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին գործատուի կողմից (նաև պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում) տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում հատուցվում են նաև աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգով և չափերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» N 711-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը (բացառությամբ տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի)` դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության)՝ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 30 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օրապահիկի ծախսի չափ նախատեսված լինելու դեպքում՝ այդ գումարը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է.»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 
2018 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1460-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման (այսուհետ` հատուցում) գումարի վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով`

1) դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի` մինչև վեց ամիս ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական կամ սեյսմաբանական, կամ տեղագրագեոդեզիական, կամ նախագծահետազոտական, կամ արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, կամ հնագիտական, կամ հիգիենիկ, կամ համաճարակաբանական, կամ կենդանամակաբուծաբանական, կամ միջատաբանական, կամ գյուղատնտեսական, կամ բնապահպանական հետազոտությունը, կամ պատմության կամ մշակույթի անշարժ հուշարձանների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, կամ հնագիտական պեղումները, կամ գիտական արշավները, ինչպես նաև այլ աշխատանքներ, եթե դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնակավայրերից դուրս.

2) տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատողների աշխատավայրերի հաճախակի վերատեղաբաշխմամբ կատարվող էներգետիկայի կամ կապի, կամ ճանապարհաշինության, կամ խմելու, կամ ոռոգման ջրի համակարգերի սպասարկման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողությունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում աշխատողը մեկնել է հիմնական աշխատավայրից:

3. Աշխատողները դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների են մեկնում` համաձայն գործատուի ընդունած անհատական իրավական ակտի:

4. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում հատուցման գումարը վճարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված աշխատանքներում ընդգրկված աշխատողներին` գործատուի կողմից հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված առաջադրանքների կատարման համար աշխատողի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը հատուցելու նպատակով:

5. Հատուցման գումարը վճարվում է դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնելուց առնվազն մեկ օր առաջ` մեկնելու օրվանից մինչև հիմնական աշխատանքի վայրը վերադառնալու բոլոր օրացուցային օրերի համար:

6. Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա հատուցման գումարը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:

7. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության) տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների կատարման դեպքում աշխատողներին տրվող հատուցման գումարի հաշվարկները կատարվում են տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքների մեկնելու մասին գործատուի ընդունած անհատական իրավական ակտի ընդունման օրը, իսկ վերջնահաշվարկը՝ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներից հիմնական աշխատանքի վայր վերադառնալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով:

8. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնած աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը, համաձայն գործատուի ընդունած անհատական իրավական ակտի, հետ է կանչվում դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներից, և աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

9. Դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներից ժամանակավոր անաշխատունակության, ինչպես նաև այլ դեպքերում սահմանված կարգով աշխատողին հետ կանչելու դեպքում` չաշխատած օրերի համար վճարված լրացուցիչ ծախսերի հատուցման գումարը չաշխատած օրերին համամասնորեն հետ է գանձվում հիմնական աշխատանքի վայրը վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2022, N 439-Ն 01.05.2022, N 1460-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան