Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-330-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.10.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.11.2023
Дата вступления в силу
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձարկումների կատարման կարգը

 

1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը կատարվում է Կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում և կարգով:

2. Սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումները կատարում են ապրանքը տնօրինողի ընտրած՝ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ Գնահատման մարմին):

3. Գնահատման մարմինը նմուշառումը կատարում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ և փորձարկման է ներկայացնում լիազոր մարմնի ուղեկցող նամակով:

4. Նմուշառման միջոցով խմբաքանակից առանձնացվում է պահեստային նմուշ, որը կապարակնքվում կամ դրոշմակնքվում և ի պահ է հանձնվում լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում:

5. Պահեստային նմուշը ուղեկցող նամակով փորձարկման է ներկայացնում լիազոր մարմինը:

6. Նմուշի տեղափոխման և փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:

7. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը լաբորատոր փորձարկումների արդյունքներին համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկում է այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն: Լաբորատոր փորձարկումների արդյունքների պատասխանը համարվում է վերջնական:

8. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:

9. Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության երկու դեպք արձանագրվելու դեպքում կասեցվում է Գնահատման մարմնի հավատարմագրումը, և, օրենսդրության համաձայն, իրականացվում են ստուգումներ:

10. Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում, օրենսդրության համաձայն, Գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է:

11. Ռեֆերենս լաբորատորիայի կատարած փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը:»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «պետական լաբորատորիա՝» բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիայում փորձարկում կատարելու վերաբերյալ իրավակարգավորումները գործում են մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը, որից հետո բողոքարկումն իրականացվում է ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայում:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16

Երևան

ՀՕ-330-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան