ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «շենքերի» բառից հետո լրացնել «շքամուտքի մոտ կամ շենքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. | Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները |
1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
3. Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
4. Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
5. Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:
6. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) վերնագրի «Պատասխանատվությունը» բառը փոխարինել «Հսկողությունը և պատասխանատվությունը» բառերով.
2) 1-ին մասը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման հսկողությունն իրականացնում և պատասխանատվություն կիրառում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, եթե Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրված, ամրացված կամ բարձրացված է շենքերի և շինությունների վրա կամ դրանցից դուրս կամ դրանց արտաքին հատվածի վրա:»:
Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հանրային իշխանության մարմինները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձինք աշխատանքային կարգապահական ներքին կանոններով սահմանում են սույն օրենքով Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-266-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|