ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵՄԴ/0184/04/16 2023 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ԵՄԴ/0184/04/16 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Ալբերտ Կարսեկինին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ալբերտ Կարսեկինի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ալբերտ Կարսեկինին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.06.2020 թվականի որոշմամբ Դատարանի 12.12.2019 թվականի վճռի դեմ Ալբերտ Կարսեկինի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալբերտ Կարսեկինը (ներկայացուցիչ Լիդա Հակոբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը նշել է, որ վերաքննիչ բողոքը չի պարունակում ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու միջնորդություն, մինչդեռ վերաքննիչ բողոքը պարունակում է բողոք բերելու դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու միջնորդություն: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքի բովանդակությունը, որով էլ Ալբերտ Կարսեկինին զրկել է դատական պաշտպանության իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`միջնորդություններ անելու, (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերը, ի թիվս այլնի, իրավասու են ներկայացնել օրենքով սահմանված միջնորդություններ, որոնք ենթակա են լուծման դատարանի կողմից համապատասխան դատական ակտի՝ որոշման կայացման միջոցով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանի 12.12.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հավելված 1-ին, գ.թ. 44-49):
Ալբերտ Կարսեկինը 19.03.2020 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հավելված 2-րդ, գ․թ․ 4-11)։
Վերաքննիչ դատարանը 04.05.2020 թվականի որոշմամբ Ալբերտ Կարսեկինի վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է 12․12․2019 թվականի վճռի դեմ, բողոքը բերողը բաց է թողել բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը և չի միջնորդել հարգելի համարել բաց թողնված ժամկետը և վերականգնել այն (հավելված 2-րդ, գ․թ․ 12)։
Ալբերտ Կարսեկինը 04.06.2020 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը (հավելված 2-րդ, գ․թ․ 25-44)։
Վերաքննիչ դատարանը, 19.06.2020 թվականի որոշմամբ մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ կրկին ներկայացված բողոքը ևս չի պարունակում ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն, բողոք բերողն ուղղակի բողոքին կցել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 22.12.2000 թվականի դատական ակտերը բողոքարկելու ժամկետների վերաբերյալ օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի մասին թիվ 36 որոշումը, մինչդեռ դա չի կարող համարվել բողոքարկման ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն (հավելված 2-րդ, գ․թ․ 45)։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սպառիչ սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը և ըստ այդմ էլ՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը պետք է իր մեջ բովանդակի վերաքննիչ բողոքը մերժելու յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը: Այլ կերպ ասած՝ այն պետք է պարունակի դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացնում է այդ որոշումը: Ընդ որում, դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանեն դատարանի առջև բարձրացրած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը:
Տվյալ դեպքում Ալբերտ Կարսեկինը կրկին բերված վերաքննիչ բողոքում ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն, մինչդեռ Վերաքննիչ դատարանը 19.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ նշել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը չի պարունակում ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդություն, այսինքն՝ չի անդրադարձել ներկայացված միջնորդությանը, ինչի արդյունքում սահմանափակել է Ալբերտ Կարսեկինի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալբերտ Կարսեկինի` վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը, սահմանափակել է Ալբերտ Կարսեկինի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ս. Անտոնյան Գ. Հակոբյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|