Գլխավոր տեղեկություն
Համար
N 729-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.825
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 729-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության  ընդերքի մասին օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը «սահմաններում» բառից հետո լրացնել «և նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների շահագործման (արդյունահանման), այդ թվում` արտադրանքի բաժանման հիմունքներով տրամադրելու լիազորությունների, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը՝ սույն որոշման 21-րդ կետով նախատեսված իրավասությունների սահմաններում» բառերով.

բ) որոշման 2-րդ կետը «որոշման» բառից հետո լրացնել «21-րդ և» բառերով, իսկ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով.

գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների շահագործման (արդյունահանման), այդ թվում` արտադրանքի բաժանման հիմունքներով ոլորտում լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը».

դ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 21-րդ կետերով սահմանված` լիազորված մարմիններն ընդերքի օգտագործման ու պահպանության բնագավառում ապահովում են հետևյալ գործառույթների իրականացումը՝

ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը՝

հանքարդյունաբերության զարգացման քաղաքականության (ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում` բացառությամբ սույն որոշման 5-րդ կետի «գ» ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված իրավասությունների,

կայունացման և կոնցեսիոն պայմանագրերի կնքում,

լեռնահատկացման ակտի և պայթեցման աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրում,

օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և դրանց արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի տեխնիկական ու տեխնոլոգիական փորձաքննություն,

լեռնային աշխատանքների կատարման, անվտանգության կանոնների պահպանման, օգտակար հանածոների կորուստների և աղքատացման, լեռնային փորվածքների, հորատանցքերի ու պոչամբարների լուծման և սառեցման (կոնսերվացման) աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողություն,

իր իրավասության սահմաններում հանքարդյունաբերության զարգացման բնագավառում միջազգային համագործակցություն.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝

ընդերքի պահպանության և օգտագործման քաղաքականության (հանքահումքային հենքի զարգացման ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում,

երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքօգտագործման, ինչպես նաև պահուստային հանքավայրերի մակերեսների կառուցապատման իրավունքի՝ թույլտվությունների (լիցենզիաների, համաձայնությունների) տրամադրում, այդ թվում` երկրաբանական հատկացումների տրամադրում, պետական գրանցում և պայմանագրերի կնքում,

ընդհանուր տարածում ու ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկերի մշակում,

օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատում, օգտակար հանածոների պաշարների հաստատում,

ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննություն,

ընդերքօգտագործման պետական ֆոնդերի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրների վարում,

ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման (ջրօգտագործման) թույլտվությունների տրամադրում և ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիների համաձայնեցում,

ընդերքօգտագործման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննություն,

իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցություն.

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը`

 նավթի, գազի բնապաշարների և երկրաջերմային էներգետիկայի ոլորտների զարգացման քաղաքականության (ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում,

 նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների երկրաբանական հետախուզման և շահագործման (արդյունահանման), այդ թվում` արտադրանքի բաժանման պայմանագրերի կնքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ,

 իր իրավասության սահմաններում նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների օգտագործման  միջազգային համագործակցություն»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 15
Երևան

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան