ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները:
Հոդված 2. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը |
1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) բարձրագույն մասնագիտական կրթություն` առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն.
2) բարձրագույն ուսումնական հաստատություն` կրթական հաստատություն, որն իրականացնում է բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրեր.
3) հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն.
4) լրացուցիչ կրթություն` մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն.
5) ուսանող՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն սահմանված կարգով ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձ.
6) դասախոս` բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի գիտամանկավարժական աշխատող, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին, սովորողներին և նպաստում է դրանց յուրացմանը.
7) ասպիրանտ՝ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան.
8) դոկտորանտ՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձ.
9) հայցորդ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը.
10) հեռավար (դիստանցիոն) ուսուցում՝ համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով.
11) դրսեկություն (էքստեռնատ)՝ ինքնակրթությամբ և գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձև.
12) պետական հավատարմագրում՝ պետության կողմից բուհի, կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչում.
13) ինքնավերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության և որակի ուսումնասիրություն, որը, կրթական չափորոշիչներին համապատասխան, իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատությունը.
14) ուսումնական հաստատության որակի գնահատում (ատեստավորում)՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության գնահատում.
15) որակի ապահովում՝ պետական կրթական չափորոշիչներին և հավատարմագրման չափանիշներին կրթության որակի համապատասխանության և բարելավման անընդհատ գործընթաց.
16) ակադեմիական կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտվող պայմանական միավոր.
17) կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական և անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, քննությունների նախապատրաստումը, գնահատումը և այլն.
18) կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ (ԿԿՓԵՀ)` համաեվրոպական կրեդիտային համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համեմատելիությունը և փոխանցելիությունը, դյուրացնում է ուսանողների շարժունակությունը ընդհանուր եվրոպական բարձրագույն կրթական տարածքում.
19) ուսանողական նպաստ՝ ուսանողի ուսման վարձի փոխհատուցում՝ պետական բյուջեի ֆինանսավորման, բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնադրամների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին։
(3-րդ հոդվածը լրաց. 02.10.07 ՀՕ-209-Ն)
Հոդված 4. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և պաշտպանությունը.
2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը.
3) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը.
4) մրցութայնությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը.
5) եվրոպական և օտարերկրյա այլ պետություններում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը և դիպլոմների, դրանց ներդիրների ճանաչելիությունն ապահովելը.
6) ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը.
7) բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը.
8) հայկական սփյուռքի համար, ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը և որակավորման բարձրացումը:
(4-րդ հոդվածը լրաց., խմբ. 02.10.07 ՀՕ-209-Ն)
Հոդված 5. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները |
1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`
1) բարձրագույն և հետբուհական կրթության որակի ապահովումը.
2) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում մասնագետների պատրաստմանն աջակցելը.
3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստելը.
4) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում.
5) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման և հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը.
6) հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը՝ անկախ սեփականության ձևից:
2. Պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով.
1) անցում բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգի.
2) հետբուհական կրթության համակարգի կատարելագործում.
3) կրթության զարգացման պետական ծրագրերի մշակում և իրականացում.
4) կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին.
5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.
6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).
7) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման և որակի գնահատման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ՝ կրեդիտային համակարգի ներդրում.
8) կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում` զարգացում ապահովելու նպատակով.
9) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության և կրթության ինտեգրման ապահովում, գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերպում:
3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով` իրենց ընտրությամբ:
Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:
Պետությունը սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 02.10.07 ՀՕ-209-Ն, լրաց. 23.06.10 ՀՕ-112-Ն, 28.10.10 ՀՕ-154-Ն, 08.02.11 ՀՕ-51-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-38-Ն)
Հոդված 6. | Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները |
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը`
1) իրականացնում է իր ինքնավարությունը ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով.
2) ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում.
3) ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.
4) իրավունք ունի օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝
1) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.
2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը.
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը.
4) ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների` աշխատողների տեղաբաշխումը.
5) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.
6) տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրերին մասնակցությունը և իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը.
7) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը.
8) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը.
9) ֆինանսների կառավարում, ներառյալ՝ աշխատավարձի, կրթաթոշակի վճարում, ուսման վարձի փոխհատուցում, ուսանողական նպաստների տրամադրում, բարձրագույն ուսումնական հաստատության պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.
10) հետբուհական կրթության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ՝ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանում է կրթաթոշակներ:
Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:
4. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի), Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:
Պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը։
Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձևավորման հարցում:
Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրեր:
6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը օտարերկրյա պետությունների կրթական կառավարման համապատասխան մարմինների հետ կնքած պայմանագրերով, համաձայնագրերով իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն, մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ինչպես նաև մասնագետների փոխանակում, համատեղ գիտական աշխատանքներ, ծրագրեր, օտարերկրյա պետություններում ստեղծում է մասնաճյուղեր, ստորաբաժանումներ և այլն:
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անհատի, հասարակության և պետության առջև:
Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), լիազորված մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:
(6-րդ հոդվածը լրաց. 02.10.07 ՀՕ-209-Ն, 07.10.09 ՀՕ-189-Ն, 08.02.11 ՀՕ-51-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-38-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 7. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգը |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.
2) լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունները և համապատասխան հետբուհական ու լրացուցիչ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունները.
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կառավարման մարմինները, ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները:
Հոդված 8. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը |
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակը.
2) եվրոպական և օտարերկրյա այլ պետությունների կրթական չափորոշիչների հետ համեմատելիության հնարավորությունները.
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը.
4) օտարերկրյա պետությունների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների և փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը:
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝
1) ընդհանուր պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ.
2) պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ՝ ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.
21) անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ.
3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները կամ անհրաժեշտ կրեդիտային միավորների քանակը.
4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:
3. Պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ (ռազմական, ոստիկանական և բժշկական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ համաձայնեցված):
4. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ հետևյալ կրթական ծրագրերով.
1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով`
- բակալավրի,
- մագիստրոսի (կլինիկական օրդինատորի),
- դիպլոմավորված մասնագետի.
2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով`
- հետազոտողի.
3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝
- վերապատրաստման,
- մասնագետների որակավորման բարձրացման:
5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում և հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրթական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:
(8-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-47-Ն, 10.09.08 ՀՕ-163-Ն)
Հոդված 9. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսուցման ժամկետները և ձևերը |
1. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ և (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների:
2. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ:
Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է`
1) առաջին աստիճանում` բակալավրի որակավորում.
2) երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում:
Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է նաև դիպլոմավորված մասնագետի որակավորումը:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագիտական կրթության` հետազոտողի որակավորման աստիճանը:
4. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է`
1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, ոստիկանական մասնագիտությունների համար` առնվազն 3 տարվա.
2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարվա, արվեստի և ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնվազն 4 տարվա.
3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարվա, բժշկական մասնագիտությունների համար` մինչև 4 տարվա.
4) հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 3 տարվա:
5. Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:
Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն:
6. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում:
Այն մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձևերով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված և (կամ) դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողները կարող են մասնակցել պետական և համապատասխան մասնագիտություններով հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ և (կամ) ամփոփիչ ատեստավորմանը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
7. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը խմբ. 28.10.10 ՀՕ-154-Ն)
Հոդված 10. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը |
1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով.
- բակալավրի դիպլոմ,
- մագիստրոսի դիպլոմ,
- բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ,
- հետազոտողի դիպլոմ:
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:
3. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):
Հոդված 11. | Բարձրագույն ուսումնական հաստատության խնդիրները |
Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝
1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.
2) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.
3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.
4) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
6) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:
Հոդված 12. | Բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակները և անվանումները |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.
1) համալսարան.
2) ինստիտուտ.
3) ակադեմիա.
4) կոնսերվատորիա և այլն:
Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների գործունեության կարգը սահմանվում է սույն և այլ օրենքներով։
Հոդված 13. | Բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը, լիցենզավորումը, հավատարմագրումը |
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բարձրագույն և հետբուհական կրթական գործունեության լիցենզավորումը՝
1) բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) կրթական գործունեության լիցենզիան ուսումնական հաստատությանը տալիս է լիազորված մարմինը: Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3) ուսումնական հաստատության լիցենզավորման համար հիմք են մանկավարժական և պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի, լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը:
3. Պետական հավատարմագրումը
1) անկախ մասնագիտական ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից` պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2) բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների, հետբուհական կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում.
3) բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների.
4) հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5) պետական հավատարմագրման նպատակն է ուսուցման և առանձին մասնագիտությունների գծով շրջանավարտների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումը, ինչպես նաև նպաստելը ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը.
6) պետական հավատարմագրման վկայականը հավաստում է ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին.
7) ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի.
8) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում պետական հավատարմագրման ենթակա են բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերը.
9) պետական հավատարմագրման վկայականը տրվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը ուսումնական հաստատության և դրա ուսանողների և երկու տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա, ինչպես նաև այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում.
10) ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր բուհի կազմում.
11) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ և լիցենզավորվում, հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.
12) բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:
4. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաև հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին և պահանջներին բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության մակարդակի համապատասխանության ճանաչումն է:
(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.05.11 ՀՕ-152-Ն)
Հոդված 13.1. | Բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառվող նախազգուշացումը, տուգանքը, տուգանքի չափերը և լիցենզիայի գործունեության դադարեցումը |
1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ տուգանք կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:
2. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բարձրագույն ուսումնական հաստատության թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու և այդ խախտման վերացման մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնին հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 օրից, որոշում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզավորման հանձնաժողովի առաջարկությամբ` հաշվի առնելով խախտման հետևանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը և խախտումը վերացնող բարձրագույն ուսումնական հաստատության հնարավորությունները:
3. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենքով սահմանված կարգով նախազգուշացնում է բարձրագույն ուսումնական հաստատությանը հետևյալ խախտումների հայտնաբերման դեպքում.
1) լիցենզավորման կարգով նախատեսված`
ա. հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում,
բ. ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում,
գ. ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում,
դ. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով կատարված խախտման դեպքում,
ե. ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի մասով կատարված խախտման դեպքում.
2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիայի գործողության ընթացքում կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.
3) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.
4) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.
5) լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:
4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է տուգանք հետևյալ դեպքերում և չափերով.
1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց` օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող` օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
3) բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացրած հայտի հիմքով իրեն հատկացված սովորողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թվի խախտման դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
4) մեկ ուսումնական տարվա ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով ոչ պակաս, քան երկու անգամ նախազգուշացման դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով.
5) սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ խախտման համար կիրառված նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելու դեպքում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
5. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը դադարեցնում է բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը`
1) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առնվազն երկու խախտման դեպքերի միաժամանակյա հայտնաբերման դեպքում.
2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման կարգով նախատեսված` կրթական ծրագրեր իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության պահանջի մասով խախտման դեպքում.
3) սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված տուգանքը չվճարելու, իսկ վճարելու դեպքում` նախազգուշացման հիմք հանդիսացած խախտումը չվերացնելու դեպքում.
4) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման հանձնելու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.
5) բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.
6) բարձրագույն ուսումնական հաստատության դիմումի համաձայն.
7) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
8) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում.
9) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում:
6. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ:
7. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումը կայացվում է խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15 օրվա ժամկետում:
8. Սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
9. Սույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձևով տեղեկացնում է լիցենզավորված անձին` տեղեկացմանը կից ուղարկելով նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման պատճենը:
10. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշումը:
(13.1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-348-Ն)
Հոդված 14. | Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում |
1. Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդներին:
Բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տևողությունը և տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:
Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն: Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:
Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը: Փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
5. Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:
6. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով, դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի և դոկտորական թեզի համար գիտական թեմայի առկայության հիման վրա:
(14-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-163-Ն, լրաց. 02.10.07 ՀՕ-209-Ն, խմբ., լրաց. 28.10.10 ՀՕ-154-Ն, լրաց. 08.02.11 ՀՕ-51-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-38-Ն)
Հոդված 15. | Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը |
1. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:
2. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:
Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից:
Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի:
Խորհրդի գործունեության մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկության ներկայացումը հիմնադրին:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան և լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները և բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
Գիտական խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
4. Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:
Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:
7. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:
8. Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի), ամբիոնի վարիչի պաշտոնները ընտրովի են, որոնց ընտրության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է վարչական և գիտամանկավարժական աշխատանք, ամբիոնի վարիչի գործունեությունը` գիտամանկավարժական:
9. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչև խորհրդի ձևավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
10. Բարձրագույն ուսումնական հաստատությունները մշակում և հաստատում են հնգամյա կրթական ռազմավարական ծրագրեր: Ռազմավարական ծրագրով սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական նպատակները, դրանց հասնելու միջոցառումների ցանկը: Ռազմավարական ծրագիրը հաստատում է խորհուրդը:
Ռազմավարական ծրագիրը լիազորված մարմնի կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմնական ծրագրային փաստաթուղթն է:
(15-րդ հոդվածը փոփ. 02.10.07 ՀՕ-209-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ-15-Ն)
Հոդված 16. | Հասարակական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում |
Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հոդված 17. | Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողները |
1. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը բարձրագույն (հետբուհական) կրթության սուբյեկտ է:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, ասպիրանտները (այսուհետ՝ սովորողներ) կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը և ուսուցման ձևը, տեղափոխվել բարձրագույն ուսումնական այլ հաստատություն (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան՝ լիիրավ մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի՝
1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.
2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.
3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
4) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` նախատեսված օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ.
5) անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին.
6) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
7) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
9) ծանոթանալու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր բարձրագույն ուսումնական հաստատության հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.
10) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
11) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.
12) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ.
13) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.
14) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով:
4. Կրթությունը ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները, բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով:
Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 02.10.07 ՀՕ-209-Ն, փոփ. 10.09.08 ՀՕ-163-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ-14-Ն, 28.10.10 ՀՕ-154-Ն)
Հոդված 18. | Ասպիրանտները, դոկտորանտները և հայցորդները |
1. Ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետները պարտավոր են առնվազն երեք տարի աշխատել բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում՝ ելնելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից։
Մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաև գործուղումների իրավունքից:
(18-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն)
Հոդված 19. | Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները |
1. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու և դրանք իրենց ընտրած մեթոդներով իրականացնելու:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են վարչական և գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան:
4. Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գիտական խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողն իրավունք ունի՝
1) բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
2) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
3) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից՝ բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.
4) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
5) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեության համար:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողները պարտավոր են՝
1) ապահովել կրթական և գիտական գործընթացների արդյունավետությունը.
2) պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.
4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.
5) ոչ պակաս, քան 5 տարին մեկ, սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում։
7. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով:
(19-րդ հոդվածը փոփ. 02.10.07 ՀՕ-209-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-15-Ն, 28.10.10 ՀՕ-154-Ն)
Հոդված 20. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված միջպետական, միջկառավարական պայմանագրերով, համաձայնագրերով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21. | Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում |
1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝
1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգի հաստատումը.
3) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.
4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը.
5) ըստ հիմնական կրթական ծրագրերի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի հաստատումը.
6) հաստատում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում իրականացվող մասնագիտությունների ցանկը.
7) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը.
8) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը.
9) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների և հայցորդների ձևակերպման կարգի հաստատումը.
91) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.
92) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը.
10) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ընդհանրական բնութագրերի և ցանկերի հաստատումը, փոփոխությունների և լրացումների կատարումը.
11) հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը.
12) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.
13) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների գրանցումը, դրանցում լրացումների և փոփոխությունների կատարումը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
2. Լիազորված մարմնի իրավասությունն է՝
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի մշակումն ու հաստատումը՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.
2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը.
3) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգերի մշակումը.
4) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծության կատարումը և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության վերաբերյալ առաջարկների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.
5) մասնագետների պատրաստման, աշխատողների և գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ներկայացումը.
6) բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի հաստատումը.
7) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը.
8) առկա, հեռակա ձևերով ուսուցման կարգերի հաստատումը.
9) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության և գիտելիքների գնահատման միասնական համակարգի ու սկզբունքների մշակումը.
10) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի հաստատումը.
11) բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության և մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգերի հաստատումը:
Լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ իրավասություններ:
(21-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն, լրաց., փոփ. 04.02.10 ՀՕ-21-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-154-Ն)
Հոդված 22. | Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովումը և դրա նկատմամբ պետական վերահսկողությունը |
1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի և այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ, ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:
3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակել որակի գնահատման և (կամ) հավատարմագրման չափանիշները, ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները, ինչպես նաև որակի գնահատման ընթացիկ արդյունքները:
4. Բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատում է լիազորված մարմինը։
5. Բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում որակի ապահովման գործընթացների սկզբունքներն են գնահատման օբյեկտիվությունը, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը:
(22-րդ հոդվածը լրաց. 02.10.07 ՀՕ-209-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 23. | Սեփականության հարաբերությունները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում |
1. Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) բարձրագույն ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին հիմնադիրը (հիմնադիրները) գույքը տրամադրում է անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ և հողամասեր:
Հոդված 24. | Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը |
Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 25. | Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի վարձատրությունը |
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած և աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձևը և համակարգը, լրավճարների, հավելումների, պարգևատրումների և նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաև բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը` առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափեր սահմանելու:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառական պարտականությունների և աշխատանքների կատարման համար:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույն ձևավորում են աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. | Անցումային դրույթներ |
1. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` կապված բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրման հետ, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է միայն բակալավրի կրթական ծրագրով: Արվեստի բարձրագույն ուսումնական հաստատություններում առանձին մասնագիտությունների գծով ուսուցում կարող է իրականացվել դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով:
2. Ներառյալ 2009-2010 թվականների ուսումնական տարին գործում է նաև միաստիճան որակավորման համակարգ` դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ:
3. Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:
4. Դիպլոմավորված մասնագետի ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությունն սկսած ուսանողը բանակ զորակոչվելուց կամ հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելուց հետո, եթե վերականգնվում է երկաստիճան կրթական համակարգում, հնարավորություն է ստանում սովորելու մագիստրատուրայում: Եթե մագիստրատուրան երկու տարով է, ապա բարձրագույն ուսումնական հաստատության ֆինանսավորման հաշվին ազատվում է մեկ տարվա ուսման վարձից:
5. Բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի պարտադիր ներդրումը սկսվում է 2007-2008 թվականների ուսումնական տարվանից:
6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2005-2006 թվականների ուսումնական տարվանից:
(26-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-163-Ն, 02.10.07 ՀՕ-209-Ն, 28.10.10 ՀՕ-154-Ն)
Հոդված 27. | Եզրափակիչ դրույթ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|