ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին
«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ու գույք ձեռք բերելու և ծառայությունների ստացման գործարքների գծով հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման և դրանց կիրառության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքի կիրառության իմաստով`
1) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիր (այսուհետ` ծրագիր) է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` առնվազն 40 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրմամբ Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի կառուցումն ու շահագործումը.
2) ծրագիր իրականացնող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություններ) են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված այն ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են ծրագիրը:
Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների շրջանակը, ըստ յուրաքանչյուր կազմակերպության, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կազմակերպությունների կողմից նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող՝ գործարքների ու գործառնությունների ծրագրերի հիման վրա:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` գործարքների ու գործառնությունների ծրագրերը նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատելու պահանջը չի տարածվում 2013 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարված գործարքներին ու գործառնություններին վերաբերող ծրագրերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերի հետ միասին:
Ծրագրի իրականացման շրջանակներում`
1) կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից.
2) կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից.
3) կազմակերպությունների զուտ շահույթը` մինչև հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից.
4) կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից.
5) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հող ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից:
Հոդված 4. Ծրագիրը չկատարելու դեպքում կազմակերպություններին առաջադրվում են լրացուցիչ պարտավորություններ` հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարված՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների ու գործառնությունների մասով կատարվում է հարկային և մաքսային վճարների գծով պարտավորությունների վերահաշվարկ, և յուրաքանչյուր կազմակերպության կողմից նշյալ գործարքների ու գործառնությունների մասով նախկինում վճարված հարկերի ու մաքսային վճարների գումարներն ուղղվում են տվյալ կազմակերպության` ապագայում առաջացող հարկային պարտավորությունների մարմանը:
2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվների վրա «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-73-Ն |