ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության գործ թիվ ԵԱԴԴ/0009/11/10 |
ԵԱԴԴ/0009/11/10 |
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի Հ. Ասատրյանի Հ. Ղուկասյանի Ա. Պողոսյանի Ս. Օհանյանի Մ. Պետրոսյանի Հ. Մելքոնյանի
քարտուղարությամբ
մասնակցությամբ դիմող
2011 թվականի փետրվարի 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ դատախազ Ա.Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2005 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16212105 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Սերյոժա ու Հռիփսիմե Մելքոնյանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և վերջիններիս մահվան հիմքերով, իսկ Գոհար Մելքոնյանի և Խաչատուր Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության հիմքով:
Վերոհիշյալ որոշումը բողոքարկվել է դիմող Հայկ Մելքոնյանի կողմից: Բողոքարկման արդյունքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Լ.Հովհաննիսյանը 2010 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ նշված բողոքը մերժել է:
Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ դիմող Հ.Մելքոնյանի բողոքը մերժվել է:
2. 2010 թվականի սեպտեմբերի 30-ին դիմող Հ.Մելքոնյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ դիմող Հ.Մելքոնյանի բողոքը մերժվել է:
3. Դիմող Հ.Մելքոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, այն է՝ բեկանել է դիմող Հ.Մելքոնյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը և գործը վերադարձրել նույն դատարան` նոր քննության` բողոքում բերված հարցերն ըստ էության քննության առնելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Մաթևոսյանը:
2011 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձրել է` թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանելով 10-օրյա ժամկետ:
Դատախազ Ա.Մաթևոսյանը 2011 թվականի փետրվարի 8-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակից` դիմող Հ.Մելքոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել դատախազ Ա.Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը կամ կայացնել նոր դատական ակտ` վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի օգոստոսի 10-ի որոշումը` Գոհար Մելքոնյանի և Խաչատուր Շահինյանի մասով նախաքննություն կատարելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը վերնագրել է հետևյալ կերպ. «Քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը քննելու վերաբերյալ որոշում» (տե´ս նյութեր, էջ 68):
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Այսպիսով, դատարանը գտնում է, որ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված Հ.Մելքոնյանի բողոքը` 2010 թվականի օգոստոսի 10-ի քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ, ենթակա է մերժման» (տե´ս նյութեր, 71-72 էջեր):
7. Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ընդհանուր իրավասության դատարանը չնայած որոշում է կայացրել ներկայացված բողոքը քննելու վերաբերյալ, բայց ըստ էության այն քննարկման առարկա չի դարձրել և բողոքը մերժել է` ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բերված բողոքը քննելու վերաբերյալ, բայց ըստ էության քննության չի առել, այլ որոշել է այն մերժել` ժամկետանց լինելու պատճառով, ինչը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածների պահանջներից» (տե´ս նյութեր, էջ 97):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշման հետևությունները և հիմնավորումները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ, 263-րդ և 290-րդ հոդվածների պահանջներից:
Ի հիմնավորումն իր պնդման՝ բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրության նշված դրույթների իմաստով Առաջին ատյանի դատարանն իրավասու չէ ըստ էության քննության առնել Հ.Մելքոնյանի ժամկետանց բողոքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա մեկնաբանություններից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը կարող է դուրս գալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի ժամանակային շրջանակներից և քննության առնել ժամկետանց բողոք:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, իր ակտը վերնագրելով «Քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը քննելու վերաբերյալ որոշում», պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմող Հ.Մելքոնյանի բողոքը, այլ ոչ թե ժամկետանց լինելու հիմքով մերժել այն:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին (…): Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝
«1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների (...) կողմից (...) կարող է բողոքարկվել վերադաս դատախազին։
2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան՝ այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում։
(...)»:
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (…)»:
Մեջբերված դրույթներից բխում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը հստակ սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկան, այսինքն` մինչդատական վարույթն իրականացնող մարմինների այն որոշումների և գործողությունների (անգործության) շրջանակը, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով: Բացի այդ, սահմանվում են վերջիններիս բողոքարկման կարգը և այն ժամկետները, որոնց ընթացքում դատավարությանը մասնակցող անձինք կարող են դիմել դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար:
12. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե`
ա) բողոքարկված որոշումը կամ գործողությունը (անգործությունը) մտնու՞մ են արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ,
բ) բողոքաբերի կողմից պահպանվե՞լ են արդյոք այդ որոշման կամ գործողության (անգործության) բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը,
գ) բողոքաբերի կողմից պահպանվե՞լ են արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի ժամանակային սահմանները,
դ) բողոքաբերն արդյո՞ք ուներ բողոք բերելու իրավասություն,
ե) առկա՞ է արդյոք բողոքին կցվող նյութերի ցանկը (դատավարական փաստաթղթերի պատճեններ, փորձագետի եզրակացություն, տեղեկանք և այլն),
զ) ստորագրվա՞ծ է արդյոք բողոքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները պարզելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին, այն է` բողոքարկող անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան դրույթներով հիմնավորված փաստարկներին: Ուստի, եթե դատարանը պարզում է, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերոնշյալ պահանջները, ապա, առանց անդրադառնալու բողոքի հիմքերին, դատարանը պետք է մերժի այն:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի որոշման դեմ Հ.Մելքոնյանի բողոքը մերժել է դրա ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):
Բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, կայացնելով ներկայացված բողոքը քննելու վերաբերյալ որոշում, ըստ էության այն քննարկման առարկա չի դարձրել և բողոքը մերժել է` ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
14. Սույն որոշման 11-12-րդ կետում շարադրված վերլուծությունը համադրելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, իր ակտը վերնագրելով «Քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը քննելու վերաբերյալ որոշում» և պահպանելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի ժամանակային շրջանակները, իրավացիորեն մերժել է այն` առանց ըստ էության անդրադառնալու բողոքի հիմքերին:
Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Իրավական ակտի (…) վերնագիրը չի կարող օգտագործվել իրավական ակտի (…) մեկնաբանման համար»:
15. Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, իր ակտը վերնագրելով «Քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը քննելու վերաբերյալ որոշում», պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմող Հ.Մելքոնյանի բողոքը, այլ ոչ թե ժամկետանց լինելու հիմքով մերժել այն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է ըստ էության ճիշտ դատական ակտ, որը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանվել է միայն ձևական նկատառումներով:
16. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմանը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Հայկ Մելքոնյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Դատավորներ` |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ | |
Հ. Ասատրյան | ||
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | ||
Ս. ՕՀԱՆՅԱՆ |