ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4056/05/09 |
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
ա. Բարսեղյանի | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մարտի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աիդա Շահվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Աիդա Շահվերդյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Կարեն Շխոյանի և Հրազդանի նոտարական տարածքի նոտարի` մասնակի՝ 11,76քմ մակերեսով միջանցիկ տարածքի մասով Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի 04.02.2008 թվականի «Գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին» թիվ 1 արձանագրությունը, Հրազդանի քաղաքապետարանի և Կարեն Շխոյանի միջև 03.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34 շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աիդա Շահվերդյանը պահանջել է մասնակի` 11,76քմ մակերեսով միջանցիկ տարածքի մասով, անվավեր ճանաչել Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի 04.02.2008 թվականի «Գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին» թիվ 1 արձանագրությունը, նույն տարածքի մասով Հրազդանի քաղաքապետարանի և Կարեն Շխոյանի միջև 03.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Շահվերդյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ, 476-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-26-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ հրապարակային սակարկություններով օտարվող բնակելի տարածքը ներառել է նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի միջանցիկ անցումային 11,76քմ մակերեսով նախամուտքը:
Դատարանն արձանագրել է, որ չի հիմնավորվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի 11,76քմ մակերեսով միջանցիկ տարածքի Աիդա Շահվերդյանի իրավունքներով ծանրաբեռնված լինելու հանգամանքը, մինչդեռ գործում առկա հատակագծով հիմնավորվում է, որ սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածք հնարավոր է մուտք գործել միայն միևնույն միջանցքից, որը ներկայումս ներառված է Կարեն Շխոյանին վաճառված ընդհանուր տարածքի մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 18.03.2008 թվականի թիվ 2517904 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Հրազդան, Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցվել է Աիդա Շահվերդյանի սեփականության իրավունքը (գ.թ. 27-28, 34-35):
2. Հրազդանի քաղաքային համայնքի ավագանու 14.10.2004 թվականի «Հրազդանի քաղաքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի և ոչ բնակելի տարածքների օտարման մասին» որոշմամբ թույլատրվել է քաղաքապետարանին աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ ոչ բնակելի տարածքները՝ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի առաջին հարկի ոչ բնակելի տարածքը 81,7 քմ մակերեսով՝ մեկնարկային գինը 164.000 ՀՀ դրամ (գ.թ.22):
3. Հրազդանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Դ. Գևորգյանի 28.07.2009 թվականի թիվ Կ-2141 գրության համաձայն` Աիդա Շահվերդյանին պատկանող ոչ բնակելի տարածքի մուտքը հնարավոր է ապահովել 11,76քմ մակերեսով միջանցիկ տարածքով (գ.թ.20):
4. Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքին կից շինության առաջին հարկի հատակագծից հետևում է, որ Աիդա Շահվերդյանին և Կարեն Շխոյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքներ հնարավոր է մուտք գործել միևնույն միջանցիկ հատվածով (գ.թ. 27):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետի համաձայն`անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով։
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Աիդա Շահվերդյանը չի ներկայացրել որևէ ապացույց և չի հիմնավորվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34-րդ շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի 11,76քմ մակերեսով միջանցիկ տարածքն իր իրավունքներով ծանրաբեռնված լինելու հանգամանքը:
Մինչդեռ, Դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է մերժում գործում առկա հետևյալ ապացույցները` Հրազդանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Դ. Գևորգյանի 28.07.2009 թվականի թիվ Կ-2141 գրությունը, ըստ որի` Աիդա Շահվերդյանին պատկանող ոչ բնակելի տարածքի մուտքը հնարավոր է ապահովել 11,76քմ մակերեսով միջանցիկ տարածքով, ինչպես նաև Կենտրոն թաղամասի 34-րդ շենքին կից շինության առաջին հարկի հատակագիծը, որից երևում է, որ Աիդա Շահվերդյանին և Կարեն Շխոյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքներ հնարավոր է մուտք գործել միևնույն միջանցիկ հատվածով:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կայացված դատական ակտը հիմնավորված չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
մ. Դրմեյան | |
|
Վ. Աբելյան | |
ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |