ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 20-ին
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) և Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ` կապալառու) միջև կնքված կապալի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) շրջանակներում պատվիրատուի և Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման զարգացման բանկի (այսուհետ` բանկ) միջև կնքված ֆինանսական համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր), պատվիրատուի և կապալառուի դուստր՝ «ՍԱՆԻՐ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՖԶԵ» ընկերության (փոխատուի) միջև կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների (այսուհետ` ծրագիր) նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնությունների սահմանման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում`
1) ծախսված միջոցների հաշվին կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ պատվիրատուն ազատվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն առաջացող՝ այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու պարտավորություններից.
2) ծախսված միջոցների հաշվին կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.
3) բանկը, փոխատուն և Իրանի Արտահանման Երաշխավորման Հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) ազատվում են համաձայնագրով և փոխառության պայմանագրով պատվիրատուի կողմից վճարվող՝ վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների գծով առաջացող շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով և փոխառության պայմանագրով բանկին, փոխատուին և հիմնադրամին վճարվող՝ վարկի և փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների և ապահովագրական վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.
4) պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից:
Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա:
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից, և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված և չվճարված հարկային և մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը, ինչպես նաև դրանց գծով տույժերը և տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:
Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը, ներառյալ` արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն), սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-83-Ն |