Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՎԴ/0056/01/17

ԱՎԴ/0056/01/17

Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան

Դատավորներ՝

Ն. Հովակիմյան

Ա. Ազարյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

 

 մասնակցությամբ դատախազ՝

Տ. ՊՈՂՈՍՅԱՆԻ

պաշտպան`

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արայիկ Արթուրի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 1. 2016 թվականի հուլիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 27112816 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հուլիսի 25-ի որոշումներով Արայիկ Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նույն օրը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

2016 թվականի դեկտեմբերի 17-ին Ա.Հայրապետյանը ձերբակալվել է։ Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Ա.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված` 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը վերահաստատվել է:

2017 թվականի մայիսի 31-ին թիվ 27112816 քրեական գործից Ա.Հայրապետյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, որին շնորհվել է 27112816/2 համարը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի օգոստոսի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ պաշտպանի միջնորդությունը բավարարվել է, և Ա.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կ.Պողոսյանի և Ա.Սարգսյանի անձնական երաշխավորությամբ:

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Ա.Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հայրապետյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` Ա.Հայրապետյանին վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա Ա.Հայրապետյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ա.Հայրապետյանի պաշտպան Վ.Դանիելյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով ներկայացված բողոքը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը Արայիկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել հետևյալ արարքի համար. «(...) 2016 թվականի հուլիսի 14-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում` ժամը 23:00-ի սահմաններում, իր ընկեր Վահե Բագրադյանի վարած ավտոմեքենայով ընթանալիս տեսել է փողոցով քայլող նույն քաղաքի բնակիչ Քլայդ Հովհաննիսյանին, որի՝ իրեն ուղղված խոժոռ նայվածքը նրան դուր չի եկել և նշված հանգամանքը պարզելու համար մեքենան կանգնեցրել, իջել է ու, մոտենալով Քլայդ Հովհաննիսյանին, նրա հետ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում էլ պայմանավորվել են այդ հարցի շուրջ պարզաբանում կատարելու համար երեկոյան հանդիպել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 154 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրենց պատկանող շինության բակում: Մի քանի ժամ անց՝ հուլիսի 15-ին` ժամը 24:00-ի սահմաններում, Արայիկ Հայրապետյանն իր ընկերների հետ գնացել է իրենց պատկանող շինության բակ, որի ընթացքում իր ընկեր Լևոն Թովմասյանին հանձնարարել է Վիրայր Գրիգորյանին տանել նրանց շենքի բակում գտնվող ավտոտնակի մոտ: Վերջինս նրան տարել է նշված վայրը, իջեցրել Վիրայր Գրիգորյանին, որից հետո, շուրջ 15 րոպե անց վերադարձել է նույն վայրը, որտեղից Վիրայր Գրիգորյանն ինչ-որ շորով փաթեթավորված իր է դրել իր ավտոմեքենայի հետևի նստատեղին, և նրանք միասին գնացել են Արայիկ Հայրապետյանի մոտ, որտեղ եղել են նաև Արայիկ Հայրապետյանի այլ ընկերներ: Քիչ անց՝ ժամը 24:00-ի սահմաններում, նշված վայր է եկել Քլայդ Հովհաննիսյանն իր եղբոր` Նազարեթ Հովհաննիսյանի և մի քանի իր ընկերների հետ: Երբ նրանք մոտեցել են Արայիկ Հայրապետյանին և մյուսներին, Արայիկ Հայրապետյանն անհայտ տեսակի ինքնաձիգը ձեռքին ընդառաջ է եկել Քլայդ Հովհաննիսյանին ու նրա ընկերներին և չնչին առիթով սկսել է վիճաբանել Քլայդ Հովհաննիսյանի և նրա հետ եկած ընկերների հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և ապօրինի կերպով հրազեն հանդիսացող անհայտ տեսակի ինքնաձիգի գործադրմամբ` անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև ուրիշի գույքը վնասելով, այն է` վերջիններիս հրապարակայնորեն պատժելու մոլուցքով դրդված, շուրջ 10 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որի ընթացքում Քլայդ Հովհաննիսյանի ընկեր Վաղարշակ Մկրտչյանն Արայիկ Հայրապետյանին ասել է. «Զենքով ինչ կապիկություն ես անում», ի պատասխան՝ Արայիկ Հայրապետյանը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, եսամոլության ու սանձարձակ վարքագծի դրսևորմամբ, բռունցքով հարվածել է Վաղարշակ Մկրտչյանի դեմքին, որից հետո Քլայդն ու նրա ընկերները սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել Արայիկ Հայրապետյանին, ինչից նա վայր է ընկել, և սկսվել են հայհոյանքներ ու խառը ծեծկռտուք երկու կողմերի անձանց միջև: Այդ ընթացքում անհայտ անձը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ դանակով հարվածել է Վաղարշակ Մկրտչյանին և վերջինիս առողջությանը պատճառել ծանր մարմնական վնասվածք` կյանքին վտանգ սպառնացող: Հավաքված անձանցից մի քանիսը փորձել են բաժանել կռվողներին ու կարգի հրավիրել նրանց, սակայն շարունակվող ծեծկռտուքի ժամանակ Արայիկ Հայրապետյանն իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող անհայտ տեսակի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից արձակել է անկանոն կրակոցներ, որի արդյունքում գնդակներից մեկը դիպել է Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցով դեպի Երևան-Երասխ ավտոճանապարհի ուղղությամբ ընթացող Սուրեն Խաչատուրի Մկրտչյանի վարած «LEXUS RX 300» մակնիշի 20 US 455հ/հ ավտոմեքենային, որում նստած են եղել Խաչատուր, Հասմիկ, Սենիկ ու Խաչիկ Մկրտչյանները, իսկ արձակված գնդակներից մյուսը դիպել է դեպքի պահին շինության դիմաց կայանված Արթուր Էդիկի Հարությունյանի վարած «Մերսեդես Ե 200» մակնիշի 34 LP 529 հ/հ ավտոմեքենային, ինչպես նաև ավտոմեքենայի ղեկին գտնվող Արթուր Հարությունյանի ձախ բազկի շրջանին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Արձակված կրակոցներից վախեցած բոլոր հավաքվածները դիմել են փախուստի: Աղմուկի և կրակոցի ձայների հետևանքով խախտվել է հասարակական կարգը, այն է` հարակից բնակավայրերի բնակիչները տանից դուրս են եկել, և խախտվել է նրանց հանգիստն ու գիշերային անդորրը:

(...)

Արայիկ Արթուրի Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը` ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, որպես ամբաստանյալ Արայիկ Արթուրի Հայրապետյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում այն, որ մասնակի խոստովանեց կատարած արարքների համար, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(...)

Գնահատելով ամբաստանյալ Արայիկ Արթուրի Հայրապետյանի կատարած հանցագործության եղանակը, բնույթը, հանրության համար վտանգավորության աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով սույն դատավճռում արձանագրված ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության հետ՝ դատարանը հանգում է այն հետևության, որ Արայիկ Հայրապետյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատժատեսակը` ազատազրկման ձևով, և որ նշանակված պատժի ռեալ (իրական) կիրառման միջոցով միայն հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների` ամբաստանյալին ուղղելու իրացվելիությունը»1:

6. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը քննարկելիս ու լուծելիս [Առաջին ատյանի դատարանի] կողմից պահպանվել են ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեադատավարական օրենսդրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջները:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները՝ վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ [Առաջին ատյանի դատարանը] Արայիկ Հայրապետյանի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ, ուստի առաջին ատյանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական իրավունքի խախտումներ, որոնք հանգեցրել են ամբաստանյալ Ա.Հայրապետյանի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելուն: Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել կատարված արարքների հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները:

7.1. Բողոքաբերի կարծիքով ամբաստանյալի կողմից կատարված արարքները մասնակի խոստովանելը, նախկինում դատապարտված չլինելը և դրականորեն բնութագրվելը որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք հաշվի առնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն: Այսպես` մասնակի խոստովանությունը սույն գործով չի կարող գնահատվել որպես իրական, իսկ նախկինում դատապարտված չլինելը որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտարկելը հակասում է Վճռաբեկ դատարանի` Արամայիս Հովհաննեսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը: Ինչ վերաբերում է ամբաստանյալի դրական բնութագրվելուն, ապա այն կարող է դիտարկվել միայն որպես անձը բնութագրող հանգամանք:

7.2. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ վերոշարադրյալները որպես պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ գնահատվելու դեպքում անգամ այն աստիճան առանցքային և էական չեն, որպեսզի նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով սահմանված նվազագույն, իսկ հանցանքների համակցությամբ` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ:

Ի հիմնավորումը վերոգրյալի` բողոքաբերը նշել է, որ գործի փաստական հանգամանքները վկայում են ամբաստանյալի անձի և կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին, ուստի բացառում են նշանակված պատժի, հետևաբար նաև «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ուժով Ա.Հայրապետյանին պատժից ազատելու պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացվելիության հնարավորությունը։

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մայիսի 3-ի որոշումը պատժի մասով բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Ա.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:

Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ։ Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են։ Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի3, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից4։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանցանքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը ճիշտ գնահատելու և հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն դարձնել հանցավոր վարքագծի դրսևորման եղանակին, հանցանքի կատարման գործիքին և հանցագործության իրադրությանը, պատճառված վնասի բնույթին, արարքի նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքին, հանցագործության նպատակին և շարժառիթին: Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստել է, որ անձի արարքում հանցակազմը որակյալ դարձնող մեկից ավելի հանգամանքների առկայությունը կարող է վկայել ինչպես հանցագործության, այնպես էլ հանցավորի անձի հանրային բարձր վտանգավորության մասին, հետևաբար այն պետք է համաչափ գնահատականի արժանանա դատարանի կողմից և հաշվի առնվի պատիժ նշանակելիս5:

11. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից բխում է հետևյալը.

- վիճաբանության սկզբնապատճառը եղել է այն, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանին դուր չի եկել Ք.Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված խոժոռ նայվածքը, որպիսի հանգամանքը պարզելու համար կանգնեցրել է մեքենան, իջել ու մոտենալով Ք.Հովհաննիսյանին, նրա հետ խոսակցություն է ունեցել, պայմանավորվել են պարզաբանում կատարելու համար երեկոյան հանդիպել Ա.Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող` Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 154 հասցեում գտնվող շինության բակում,

- վերոնշյալ շինությունում` երեկոյան ժամը 24:00-ի սահմաններում, ամբաստանյալ Ա.Հայրապետյանը չնչին առիթով վիճաբանություն է սկսել Ք.Հովհաննիսյանի և նրա ընկերների հետ,

- վիճաբանության ընթացքում Ա.Հայրապետյանը խախտել է հասարակական կարգը, շուրջ 10 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող անհայտ տեսակի ինքնաձիգի գործադրմամբ բռնություն է գործադրել անձանց նկատմամբ, ինչպես նաև վնասել ուրիշի գույքը,

- վիճաբանության ընթացքում ամբաստանյալը բռունցքով հարվածել է Ք.Հովհաննիսյանի ընկերոջ` Վ.Մկրտչյանի դեմքին,

- ծեծկռտուքի ընթացքում Ա.Հայրապետյանն անկանոն կրակոցներ է արձակել` իրական վտանգի տակ դնելով այնտեղ գտնվող անձանց կյանքն ու առողջությունը,

- արձակված գնդակներից մեկը դիպել է Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցով դեպի Երևան-Երասխ ավտոճանապարհի ուղղությամբ ընթացող Ս.Մկրտչյանի վարած ավտոմեքենային, որում նստած են եղել Խաչատուր, Հասմիկ, Սենիկ ու Խաչիկ Մկրտչյանները,

- արձակված գնդակներից մյուսն էլ դիպել է դեպքի պահին շինության դիմաց կայանված Ա.Հարությունյանի ավտոմեքենային, ինչպես նաև ավտոմեքենայի ղեկին գտնվող Ա.Հարությունյանի ձախ բազկի շրջանին` վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնաս,

- արձակված կրակոցներից վախեցած` բոլոր հավաքվածները դիմել են փախուստի6:

11.1. Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես այն, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, տվել է մասնակի ինքնախոստովանական ցուցմունքներ, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն Ա.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակել է հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժաչափը` չորս տարի ժամկետով ազատազրկում 7:

Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բխում են գործի նյութերից, իսկ կայացված դատական ակտն օրինական է և հիմնավոր8:

12. Նախորդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ա.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելով, պատշաճ գնահատականի չեն արժանացրել վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, ինչի հետևանքով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Մասնավորապես, ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ վերլուծության չեն ենթարկվել կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հետևյալ հանգամանքները.

ա) հանցագործության շարժառիթըվիճաբանությունը սկսվել է չնչին առիթով` Ք.Հովհաննիսյանի` Ա.Հայրապետյանին ուղղված խոժոռ նայվածքի պատճառով, այլ կերպ, հանցանքը կատարվել է ամբաստանյալի կողմից իր անձի առավելությունն ընդգծելու, Ք.Հովհաննիսյանին և նրա ընկերներին հրապարակայնորեն պատժելու մոլուցքով դրդված՝ ինչն ակնհայտորեն վկայում է հանցավորի անձի հանրային բարձր վտանգավորության մասին,

բ) հանցագործության գործիքը ամբաստանյալը խուլիգանություն է կատարել նախօրոք իր հետ վերցրած, ապօրինի ձեռք բերված, հրազեն հանդիսացող անհայտ տեսակի ինքնաձիգի գործադրմամբ: Այսպես` Վճռաբեկ դատարանի համոզմամբ` օգտագործված զենքի տեսակը և այն Ա.Հայրապետյանի կողմից նախապես իր հետ վերցնելու հանգամանքը վկայում են ինչպես հանցավորի անձի, այնպես էլ կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին, քանի որ նման պայմաններում էականորեն մեծանում է առավել վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը,

գ) հանցագործության եղանակը և իրադրությունըԱ.Հայրապետյանը շուրջ տասը րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, նախահարձակ է եղել` բռունցքով հարվածելով «զենք բերելու համար» իրեն դիտողություն արած Ք.Հովհաննիսյանի ընկերոջ` Վ.Մկրտչյանի դեմքին, այնուհետև անտեսելով վիճաբանությունը դադարեցնելու պահանջները, իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել` վնաս պատճառելով ինչպես շրջապատում գտնվող անձանց առողջությանը, այնպես էլ գույքին: Այլ կերպ` ամբաստանյալը զենքը գործադրել է հանրավտանգ եղանակով, արձակել է անկանոն կրակոցներ` իրական սպառնալիք ներկայացնելով շրջապատում գտնվող անձանց կյանքի և առողջության համար,

դ) պատճառված վնասի բնույթ Ա.Հայրապետյանի արձակած կրակոցների արդյունքում վնասվել է Ս.Մկրտչյանի ավտոմեքենան, որում գտնվել են չորս անձ, ինչպես նաև վնասվել է դեպքի պահին շինության դիմաց կայանված Ա.Հարությունյանի ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայի ղեկին գտնվող Ա.Հարությունյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս,

ե) հանցագործության արդյունքում խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը մասնավորապես այն, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի արարքում առկա են հանցանքն որակյալ դարձնող երկու հանգամանք, այն է` արարքը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև զենքի գործադրմամբ:

13. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Հայրապետյանի նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելով, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցագործության եղանակը և իրադրությունը, հանցանքի կատարման գործիքը, պատճառված վնասի բնույթը, հանցագործության շարժառիթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների բնույթը վկայում են հանցավորի անձի և կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին, ինչը որևէ գնահատականի չի արժանացել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու գործընթացում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված՝ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում. ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակվել է ոչ համաչափ` ակնհայտ մեղմ պատիժ, ինչը չի կարող ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված՝ պատժի նպատակների իրացումը:

Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Ա.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

14. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից որպես Ա.Հայրապետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող գնահատված հանգամանքներին` նախկինում դատապարտված չլինելուն, դրական բնութագրվելուն և մասնակի ինքնախոստովանական ցուցմունքներ տալուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքները, սույն որոշմամբ արձանագրված` կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Հայրապետյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը և նրա նկատմամբ սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ նշանակելու հիմք հանդիսանալ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը ողջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանք, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից9, հետևաբար, հիմնավոր է բողոքաբերի` սույն որոշման 7.1-րդ կետում բարձրացված փաստարկն առ այն, որ նախկինում դատապարտված չլինելը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք գնահատվել չի կարող:

15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-399-րդ հոդվածներով նախատեսված՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք Վերաքննիչ դատարանի դատական ակտը Ա.Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք են։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով համաչափ պատիժ նշանակելու հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հանգի համապատասխան հետևության:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորություն խափանման միջոցը պետք է թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արայիկ Արթուրի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 3-ի որոշումը` պատժի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Ամբաստանյալ Արայիկ Արթուրի Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 98-117:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 53-60:

3 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե'ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի վերաբերյալ գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի վերաբերյալ գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

4 Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ, mutatis mutandis, տե'ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի վերաբերյալ գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:

5 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարսևան Ոսկանյանի վերաբերյալ գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Սարգիս Խաչատրյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումները:

6 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը:

8 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արամայիս Հովհաննեսյանի վերաբերյալ գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան