18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2071-Ն
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Սահմանել տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի (այսուհետ՝ շահագործող) կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:
2. Շահագործողը տիեզերական տեխնիկան և (կամ) օբյեկտները օտարում է միայն լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու դեպքում:
3. Շահագործողը տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելուց առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) համաձայնությունը ստանալու նպատակով ներկայացնում է դիմում, որը պետք է պարունակի՝
1) շահագործողի տվյալները՝ անվանումը, գտնվելու վայրը, տնօրենի տվյալները (անունը, ազգանունը, հասցեն).
2) տիեզերական գործունեության լիցենզիայի սերիան և համարը.
3) տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի համապատասխան բնութագրող նշանը կամ դրա գրանցման համարը.
4) օտարման նպատակը.
5) նոր շահագործողի տվյալները՝ անվանումը, գտնվելու վայրը, տնօրենի տվյալները (անունը, ազգանունը, հասցեն).
6) նոր շահագործողի տիեզերական գործունեության լիցենզիայի սերիան և համարը.
7) դիմումում ներառված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի պատճենները:
4. Լիազոր մարմինը շահագործողի դիմումը ստանալուց 15 օրվա ընթացքում տալիս է համաձայնություն տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար:
5. Շահագործողի դիմումը ստանալուց հետո լիազոր մարմինը տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու վերաբերյալ հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն` 5-օրյա ժամկետում դիրքորոշում ստանալու համար:
6. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետում համաձայնություն չի տալիս տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար, եթե՝
1) ներկայացվել են թերի կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ.
2) նոր շահագործողն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ.
3) սույն կարգի 4-րդ կետում նշված մարմիններից (մարմնից), անվտանգության նկատառումներից ելնելով, ներկայացվել է բացասական դիրքորոշում:
7․ Սույն կարգի 6-րդ կետում նշված՝ լիազոր մարմնի կողմից համաձայնություն չտալու հիմքերը վերանալու դեպքում շահագործողը կարող է սույն կարգին համապատասխան նորից դիմել տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար՝ լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական: