Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.12/61(1616).1 Հոդ.751.15
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/4438/05/17

Վարչական գործ թիվ ՎԴ/4438/05/17

2019 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթևոսյան  

Դատավորներ՝

Կ. Բաղդասարյան

 

Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի (այսուհետ` Վարչական շրջան) ղեկավարի՝ Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 007217 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 007217 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Համբարձումյան) (այսուհետ՝ Դատարան) 05.03.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2019 թվականի որոշմամբ Վարչական շրջանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 05.03.2018 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը հաստատելու մասին» թիվ 360-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով Ընկերության գրասենյակները հավասարեցրել է սպասարկման սրահների հետ: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով առկա չէ որևէ հիմնավորում, որ Ընկերության գրասենյակների աղբահանության վճարը պետք է հաշվարկվի Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ 1քմ-70 ՀՀ դրամ դրույքաչափով:

Այսպես՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես բուքմեյքերական գրասենյակների միջոցով: Ընկերության գրասենյակներն արտադրվող աղբի ծավալով չեն կարող հավասարեցվել առևտրի, շուկաների կամ հանրային սննդի օբյեկտներին: Ընկերության գրասենյակներում կատարվում են խաղադրույքներ, որի արդյունքում խաղացողին տրամադրվում է կատարված խաղադրույքի վերաբերյալ կտրոն: Ընդ որում, կտրոնները հիմնականում խաղացողները տանում են իրենց հետ, իսկ շահած կտրոնները ներկայացնում են գրասենյակ՝ շահումը ստանալու համար: Շահած կտրոնները չեն թափվում և չեն կարող աղբի առաջացման հիմք հանդիսանալ:

Հետևաբար Ընկերության նկատմամբ աղբահանության վճարը պետք է հաշվարկվի գրասենյակային նշանակության շինությունների համար նախատեսված դրույքաչափով՝ կիրառելով Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի ոչ թե 1-ին, այլ 3-րդ ենթակետը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2019 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 05.03.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05052014-01-0110 վկայականի համաձայն՝ 14.04.2014 թվականի թիվ 1801 վարձակալության պայմանագրի հիման վրա 05.05.2014 թվականին կատարվել է Ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումը Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց, թիվ 51/1 հասցեում գտնվող 47,2քմ մակերեսով տարածքի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 20):

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.04.2017 թվականի թիվ ԱՏ-27/04/2017-2-0015 տեղեկանքի համաձայն՝ 14.04.2014 թվականի թիվ 1801 վարձակալության պայմանագիրը դադարեցված է կողմերի համատեղ դիմումի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 21):

3. Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 0072/17 որոշմամբ հաշվարկվել է Երևան քաղաքի Պ. Սևակ թիվ 51/1 հասցեում գտնվող 115,8քմ մակերեսով շինության աղբահանության վճարը՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի տեղակալի 13.10.2016 թվականի 53/22460 հանձնարարականն այն կապակցությամբ, որ Ընկերության, ինչպես նաև նույնատիպ գործունեություն ծավալող այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և (կամ) վարձակալած տարածքների հիմնական մասը փաստացի օգտագործվում է որպես բուքմեյքերական սրահներ, աղբահանության վճարի հաշվառումն իրականացնել սպասարկման սրահների համար 1քմ մակերեսի համար 70 ՀՀ դրամ հաշվարկով:

Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 0072/17 որոշման համաձայն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում հաշվարկվել է Ընկերության աղբահանության պարտքը. 03.03.2017 թվականի դրությամբ վճարման ենթակա գումարը կազմել է 49.578 ՀՀ դրամ, որից ապառք` 47.487 ՀՀ դրամ, տույժ` 2.091 ՀՀ դրամ։

Նույն որոշմամբ Վարչական շրջանի ղեկավարը որոշել է Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի գանձել 49.578 ՀՀ դրամ, որից ապառք՝ 47.487 ՀՀ դրամ, տույժ` 2.091 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 19)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Երևան քաղաքում գտնվող ոչ բնակելի շենքի կամ շինության աղբահանության վճարը հաշվարկելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. Երևան քաղաքում գտնվող ոչ բնակելի շինության աղբահանության վճարը կարող է արդյո՞ք հաշվարկվել բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինության համար նախատեսված դրույքաչափով, եթե այդ շինությունում իրականացվում է այնպիսի գործունեություն, որի արդյունքում արտադրվող աղբն իր ծավալներով ողջամտորեն համադրելի չէ առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների շահագործումից արտադրվող աղբի միջինացված հաշվարկների հետ:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աղբահանության վճարը նույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց նույն օրենքով սահմանված կարգով և նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի (…) սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող (…) իրավաբանական անձինք (…):

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու՝ օրենքով սահմանած կարգով` նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աղբահանության վճարի վճարումը նույն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը (…) վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վկայակոչված իրավադրույթների մեկնաբանությանը, նշել է, որ աղբահանության վճարը համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքը որևէ իրավունքով տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից աղբահանության դիմաց վերը նշված օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում յուրաքանչյուր համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Ընդ որում, աղբահանության վճարի չափն անմիջական կախվածության մեջ է գտնվում նաև աղբի տեսակից, անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունից: Օրինակ, ի տարբերություն կենցաղային աղբի` ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության համար դրույքաչափը սահմանվում է ելնելով ծավալից կամ զանգվածից (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ «ԳՈՒԴՎԻՆ-ԲԵՏ» ՍՊԸ-ի թիվ ԵԷԴ/1332/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Փաստորեն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի սեփականատեր կամ որևէ այլ իրավունքով (այդ թվում նաև՝ վարձակալության իրավունքով) այդ գույքը տիրապետող կամ օգտագործող իրավաբանական անձինք պարտավոր են վճարել աղբահանության վճար: Աղբահանության վճարի՝ որպես աղբահանության դիմաց համայնքի բյուջե կամ արտաբյուջե վճարվող պարտադիր գումարի, չափը սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը սահմանվում է համայնքի ավագանու կողմից: Ընդ որում, համայնքի ավագանին աղբահանության վճարի չափը սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում: Այդ դրույքաչափերը, մասնավորապես, նախատեսված են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-3-րդ մասերով:

Այսպես, նշված օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.

2) հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.

3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.

5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի ավագանին, հիմք ընդունելով վերոգրյալ դրույքաչափերի սահմաններում Երևան քաղաքում աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը սահմանելու՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունը, 23.12.2011 թվականին ընդունել է թիվ 360-Ն որոշումը, որով հաստատվել է աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը (այսուհետ՝ Կարգ):

Այսպես՝ Կարգի 7-րդ կետի համաձայն՝ աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից, ընդ որում`

1) բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար՝ փաստացի բնակվող անձերի քանակով,

2) այլ շենքերի կամ շինությունների համար՝ ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Կարգի 8-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու (պարզելու) անհնարինության դեպքում, այդ թվում` տեխնիկական, աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ամսական դրույքաչափերով`

1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով` 1 քմ - 70 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 30.72 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 70 դրամ),

2) հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների մասով` 1 քմ - 30 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 83.3 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 30 դրամ),

3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` 1 քմ - 8 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 312.5 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 8 դրամ),

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` 1 քմ - 4 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 625.0 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 4 դրամ),

5) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի բազմաբնույթ տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով (…):

Կարգի համապատասխան դրույթների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է շենքի կամ շինության գործառնական նշանակությունից ելնելով` փաստացի բնակվող անձերի քանակով, իսկ այլ շենքերի կամ շինությունների համար՝ ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում: Ընդ որում, եթե անհնարին է որոշել (պարզել) աղբի ծավալը կամ զանգվածը, ապա աղբահանության վճարի հաշվարկը առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով կատարվում է ամսական 1քմ-ի դիմաց 70 ՀՀ դրամ դրույքաչափով, իսկ արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` 1քմ-ի դիմաց 8 ՀՀ դրամ դրույքաչափով:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վարչական մարմինը պետք է ապացուցի, որ աղբահանության վճարի՝ «բնակչության սպասարկման այլ ծառայություն» իրականացնող շինության համար սահմանված դրույքաչափի կիրառումը պայմանավորված է աղբի տեսակով, վարձակալության պայմանագրի առարկա անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությամբ, արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի որոշման (պարզման) անհնարինությամբ (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ «ԳՈՒԴՎԻՆ-ԲԵՏ» ՍՊԸ-ի թիվ ԵԷԴ/1332/02/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը հաստատելու մասին» թիվ 360-Ն որոշման վկայակոչված իրավադրույթները «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված նորմերի համակարգում վերլուծելու արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ոչ բնակելի շենքերի կամ շինությունների համար աղբահանության վճարի դրույքաչափի հետ կապված հարաբերությունները կարգավորելիս թե՛ օրենսդիրը, թե՛ Երևան քաղաքի ավագանին այդ շենքերը և շինությունները դասակարգել են ըստ դրանց գործառութային նշանակության: Այնուհետև յուրաքանչյուր գործառութային նշանակության շենքի կամ շինության համար օրենսդիրը տվել է աղբահանության վճարի դրույքաչափի առավելագույն և նվազագույն սահմանները, իսկ Երևան քաղաքի ավագանին՝ հստակ դրույքաչափը՝ հիմք ընդունելով տվյալ գործառութային նշանակության շենքի կամ շինության շահագործման արդյունքում արտադրվող աղբի ծավալի միջինացված հաշվարկները:

Այսպես, օրինակ, Երևան քաղաքի ավագանին սահմանել է, որ առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների դեպքում աղբահանության վճարի դրույքաչափը 70 ՀՀ դրամ է (1քմ մակերեսի համար), քանի որ հաշվարկվել է, որ նմանատիպ տարածքների շահագործումից 1խմ աղբ է արտադրվում միջինացված յուրաքանչյուր 30.72քմ մակերեսից: Իսկ արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների դեպքում աղբահանության վճարի դրույքաչափը 8 ՀՀ դրամ է (1քմ մակերեսի համար), քանի որ հաշվարկվել է, որ նմանատիպ տարածքների շահագործումից 1խմ աղբ է արտադրվում միջինացված յուրաքանչյուր 312.5քմ մակերեսից:

Փաստորեն, Երևան քաղաքում աղբահանության վճարի դրույքաչափն առաջին հերթին պայմանավորված է շենքի կամ շինության գործառնական նշանակությամբ: Ընդ որում, ոչ բնակելի շենքերի կամ շինությունների համար աղբահանության վճարի դրույքաչափի հաշվարկման հիմքում դրված է արտադրվող աղբի ծավալը կամ զանգվածը. որքան մեծ է տվյալ ոչ բնակելի շենքի կամ շինության շահագործումից առաջացող աղբը, այնքան մեծ է աղբահանության վճարի դրույքաչափը:

Այսպիսով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշման համաձայն՝ Երևան քաղաքում ոչ բնակելի շենքերի կամ շինությունների համար աղբահանության վճարի դրույքաչափը պայմանավորված է տվյալ շենքի կամ շինության շահագործման արդյունքում արտադրվող աղբի միջին ծավալով, որը հաշվարկվել է՝ ելնելով այդ շենքի կամ շինության գործառութային նշանակությունից:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված իրավադրույթների մեկնաբանությանը՝ ելնելով իրավական նորմի մեկնաբանման՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կանոնից: Այդ կանոնից, մասնավորապես, բխում է, որ իրավական նորմը մեկնաբանվում է հետևյալ կերպ.

- հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը,

- ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից,

- ելնելով ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից,

- ելնելով այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը,

- ելնելով տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված իրավադրույթների (դրանք ընդունող մարմինների՝ ՀՀ Ազգային ժողովի և Երևանի քաղաքի ավագանու) նպատակը՝ հիմք ընդունելով մեկնաբանման ejusdem generis հանրաճանաչ կանոնը, համաձայն որի՝ միանման առարկաների ցանկը սահմանում է առարկայի ընդհանուր հասկացությունը: Այլ կերպ՝ բաց թվարկման չորոշակիացված տարրի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է ելնել որոշակիացված տարրերի բովանդակությունից: Ընդ որում, անորոշ տարրը պետք է կրի այն ընդհանուր հատկանիշները, որոնք բնորոշ են որոշակիացված տարրերին. անորոշ տարրը և որոշակիացված տարրերը պետք է համասեռ լինեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում թվարկված են այն ոչ բնակելի շինությունները, որոնց 1քմ մակերեսի համար աղբահանության վճարի դրույքաչափի նվազագույն սահմանը 50, իսկ առավելագույն սահմանը 100 ՀՀ դրամ է: Իսկ Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում տրված է Երևան քաղաքում այդ նույն շինությունների 1քմ մակերեսի համար աղբահանության վճարի կոնկրետ դրույքաչափը, որը կազմում է 70 ՀՀ դրամ: Այդ շինությունները թե՛ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, թե՛ Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում թվարկված են հետևյալ բաց ցանկով.

1) առևտրի (այդ թվում` շուկաների) շինություններ,

2) հանրային սննդի շինություններ,

3) բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինություններ:

Քննարկվող իրավադրույթներում թվարկված ոչ բնակելի շինությունները որոշակիացվում են ըստ դրանց գործառութային նշանակության. այդ իրավանորմերում որոշակիացված տարրերն են առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունները, իսկ չորոշակիացված տարրը բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինություններն են: Տվյալ իրավադրույթների համատեքստում որոշակիացված տարրերի ընդհանուր հատկանիշն այն է, որ դրանց շահագործումից առաջանում է բավական մեծ ծավալի աղբ: Այլ կերպ ասած՝ առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների շահագործումից առաջացող աղբի ծավալներն այնպիսին են, որ օրենսդիրը և Երևան քաղաքի ավագանին դրանց համար նախատեսել են աղբահանության վճարի ամենամեծ դրույքաչափը: Այն հանգամանքը, որ վերոգրյալ որոշակիացված տարրերի ընդհանուր հատկանիշը արտադրվող աղբի մեծ ծավալն է, հաստատվում է նաև Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նորմատիվ ամրագրում ստացած այն միջինացված հաշվարկներով, որոնց համաձայն՝ ամսական 1խմ աղբ է արտադրվում՝

1) առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների դեպքում յուրաքանչյուր 30.72քմ մակերեսից,

2) հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների դեպքում՝ յուրաքանչյուր 83.3քմ մակերեսից,

3) արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների դեպքում՝ յուրաքանչյուր 312.5քմ մակերեսից,

4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների դեպքում՝ յուրաքանչյուր 625.0քմ մակերեսից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված որոշակիացված տարրերի ընդհանուր հատկանիշը՝ արտադրվող աղբի մեծ ծավալը, պետք է բնորոշ լինի նաև այդ նորմերում նախատեսված չորոշակիացված տարրին՝ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինություններին: Ոչ բնակելի շինությունը կարող է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով համարվել բնակչության սպասարկման ծառայություններ իրականացնող շինություն, և դրա համար աղբահանության վճարի սակագինը կարող է սահմանվել Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով (այսինքն՝ 1քմ-ի համար 70 ՀՀ դրամ) միայն այն դեպքում, եթե տվյալ շինության շահագործումից ևս ողջամտորեն արտադրվում է նույնքան ծավալի աղբ, որքան առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների շահագործումից: Եթե որևէ ոչ բնակելի շինության շահագործումից չի կարող ողջամտորեն արտադրվել այնքան մեծ ծավալի աղբ, որքան որ արտադրվում է առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների շահագործումից, ապա այդ ոչ բնակելի շինությունը չի կարող դիտարկվել որպես բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինություն՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Երևան քաղաքում գտնվող ոչ բնակելի շինության աղբահանության վճարը կարող է հաշվարկվել բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինության համար նախատեսված դրույքաչափով միայն այն դեպքում, եթե այդ շինությունում իրականացվում է այնպիսի գործունեություն, որի արդյունքում արտադրվող աղբն իր ծավալներով ողջամտորեն համադրելի է առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների շահագործումից արտադրվող աղբի միջինացված հաշվարկների հետ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ընկերության վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 007217 որոշումը: Նշված վարչական ակտով հաշվարկվել է Ընկերության կողմից վարձակալված՝ Երևան քաղաքի Պ. Սևակ թիվ 51/1 հասցեում գտնվող 115,8քմ մակերեսով շինության աղբահանության վճարը՝ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինության համար նախատեսված՝ 1քմ մակերեսի համար 70 ՀՀ դրամ դրույքաչափով: Արդյունքում Վարչական շրջանի ղեկավարը որոշել է Ընկերությունից հօգուտ Երևան համայնքի գանձել 49.578 ՀՀ դրամ, որից ապառք՝ 47.487 ՀՀ դրամ, տույժ` 2.091 ՀՀ դրամ:

Դատարանը բավարարել է Ընկերության հայցը՝ Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 007217 որոշումը ճանաչելով անվավեր: Դատարանը գտել է, որ սույն գործով չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Ընկերությունը Երևան քաղաքի Պ. Սևակ թիվ 51/1 հասցեում գտնվող շինության մեջ մատուցել է առևտրի, հանրային սննդի կամ բնակչության սպասարկման որևէ այլ ծառայություն: Ավելին, ըստ Դատարանի, վիճարկվող վարչական ակտից պարզ չէ, թե կոնկրետ որ ժամանակահատվածի համար է հաշվարկվել վճարման ենթակա աղբահանության վճարը:

Վերաքննիչ դատարանը, բավարարել է Վարչական շրջանի վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը՝ հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանը, Կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի ուսումնասիրության արդյունքում անդրադառնալով վիճարկվող որոշմամբ հաշվարկված պարտավորության դրույքաչափի հարցին, արձանագրել է, որ Ընկերության իրականացրած գործունեությունը վերաբերում է բնակչությանը որոշակի ծառայություններ մատուցելուն և ըստ այդմ՝ հանդիսանում է բնակչության սպասարկման ոլորտի գործունեություն: Ուստի պատասխանող վարչական մարմինն իրավացիորեն հաշվարկել է աղբահանության վճարը՝ դրա դրույքաչափ սահմանելով 1քմ մակերեսի համար 70 ՀՀ դրամը: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ վիճարկվող վարչական ակտը հայցվորի համար անորոշություն չի առաջացնում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունն իր կողմից վարձակալված՝ Երևան քաղաքի Պ. Սևակ թիվ 51/1 հասցեում գտնվող շինության մեջ իրականացրել է խաղադրույքների ընդունման գործունեություն. այդ շինությունը (Ընկերության վարձակալած մասը) հանդիսանում է խաղադրույքների ընդունման բուքմեյքերական գրասենյակ (այս փաստն ընդունվել է պատասխանող վարչական մարմնի կողմից և անվիճելի է):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից վարձակալված այդ տարածքում իրականացվող նմանատիպ գործունեությունը չի ընդգրկվում բնակչության սպասարկման այլ ծառայություններ հասկացության մեջ՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով:

Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերության կողմից վարձակալված՝ Երևան քաղաքի Պ. Սևակ թիվ 51/1 հասցեում գտնվող շինությանը բնորոշ չէ առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների ընդհանուր հատկանիշը՝ արտադրվող աղբի մեծ ծավալը: Այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից վարձակալված շինության գործառութային նշանակությունն այնպիսին է, որ դրա շահագործումից չի կարող ողջամտորեն արտադրվել նույնքան ծավալի աղբ, որքան որ արտադրվում է առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների շահագործումից: Ակնհայտ է, որ Ընկերության վարձակալած տարածքը որևէ ընդհանրություն չունի առևտրի, շուկաների, հանրային սննդի օբյեկտների շինությունների հետ՝ արտադրվող աղբի ծավալների առումով: Ընկերության կողմից որպես խաղադրույքների ընդունման գրասենյակ օգտագործվող այդ շինությունն արտադրվող աղբի ծավալներով առավել մոտ է գրասենյակային նշանակության ոչ բնակելի շինություններին: Հետևաբար Ընկերության կողմից վարձակալված ոչ բնակելի շինությունը չի կարող դիտարկվել որպես բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինություն՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ընկերության կողմից վարձակալված՝ Երևան քաղաքի Պ. Սևակ թիվ 51/1 հասցեում գտնվող շինությունը չի կարող համարվել բնակչության սպասարկման ծառայություններ իրականացնող շինություն, և դրա համար աղբահանության վճարի սակագինը չի կարող սահմանվել Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով (այսինքն՝ 1քմ-ի համար 70 ՀՀ դրամ), քանի որ տվյալ շինության շահագործումից ողջամտորեն չի կարող արտադրվել նույնքան ծավալի աղբ, որքան առևտրի (այդ թվում` շուկաների) և հանրային սննդի շինությունների շահագործումից:

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից վարձակալված՝ Երևան քաղաքի Պ. Սևակ թիվ 51/1 հասցեում գտնվող շինության աղբահանության վճարը հաշվարկելու համար չի կարող հիմք ընդունվել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և Կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դրույքաչափը: Այդ շինության աղբահանության վճարը պետք է հաշվարկվի՝ ելակետ ընդունելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և Կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դրույքաչափը (1քմ - 8 ՀՀ դրամ)՝ որպես գրասենյակային նշանակության շինության աղբահանության վճար:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը՝ Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 007217 որոշումը, ընդունվել է օրենքի՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, և դրա հիման վրա ընդունված՝ Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը հաստատելու մասին» թիվ 360-Ն որոշմամբ հաստատված Կարգի 8-րդ կետի խախտմամբ: Օրենքի և Երևան քաղաքի ավագանու նշված որոշման խախտումները բավարար են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով Վարչական շրջանի ղեկավարի 12.04.2017 թվականի թիվ Ք/Զ-Ա/Հ 007217 որոշումն անվավեր ճանաչելու համար: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատման վերաբերյալ ստորադաս դատարանների մյուս պատճառաբանություններին և դրանց առնչությամբ Ընկերության վճռաբեկ բողոքում առաջ քաշված հիմնավորումներին ու փաստարկներին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր է: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է (…) վարչական շրջանների ղեկավարների (…) միջոցով:

Նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Երևանում տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով քաղաքապետի որոշ լիազորություններ օրենքով տրվում են վարչական շրջանի ղեկավարին:

Նույն օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները. տեղական հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:

Նույն օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը գործում է քաղաքապետի անունից: Քաղաքապետը պատասխանատու է վարչական շրջանի ղեկավարի գործունեության համար:

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Վարչական շրջանի ղեկավարը, ընդունելով սույն գործով վիճարկվող վարչական ակտը՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանված աղբահանության վճարի գանձման վերաբերյալ, գործել է Քաղաքապետի անունից և իրացրել է Երևանի քաղաքապետին՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնին, վերապահված լիազորությունը, որի համար օրենքով պատասխանատու է Երևանի քաղաքապետը: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ծախսերի բաշխմանը մասնակցող պատշաճ սուբյեկտը հանդիսանում է Երևան համայնքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք: Քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Երևան համայնքի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 05.03.2018 թվականի վճռին:

2. Երևան համայնքից հօգուտ «Գուդվին Բետ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Ե. Խունդկարյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան