ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3․ Պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երկու տոկոսը։»․
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ նախադասությունով. «Պետական ֆինանսավորում չի հատկացվում այն կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը, որի ակտիվների արժեքը, ըստ կուսակցության տարեկան հաշվետվության, գերազանցում է պետական բյուջեով տվյալ տարում բոլոր կուսակցությունների պետական ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր գումարի հնգապատիկը։»։
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: