Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0233/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0233/02/11

2015 թ.

Նախագահող դատավոր`  Լ. Գրիգորյան

Դատավորներ`

Գ. Մատինյան

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արա Մանուկյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արա Մանուկյանի ընդդեմ Լեոնիդ Դավթյանի և Ալլա Դուրյանի` վնասի հատուցման և փաստաբանական ծառայության ծախսերի գումարի բռնագանձման պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լեոնիդ Դավթյանի ընդդեմ Արա Մանուկյանի` վնասի հատուցման, փաստաբանական ծառայության և փորձաքննության ծախսերի գումարների բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արա Մանուկյանը պահանջել է Լեոնիդ Դավթյանից և Ալլա Դուրյանից բռնագանձել 702.800 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար, 300.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայությունների վճար, և 20.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լեոնիդ Դավթյանը պահանջել է Արա Մանուկյանից բռնագանձել 3.542.800 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար, 150.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության համար վճարված գումար, ինչպես նաև 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2014 թվականին վճռել է. «Արա Մանուկյանի հայցն ընդդեմ Լեոնիդ Դավթյանի` վնասի հատուցման և փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջների մասին, մերժել: Քաղաքացիական գործի վարույթն Ալլա Դուրյանից գումարի բռնագանձման պահանջի մասով, կարճել: Սկզբնական հայցով պետական տուրքի հարցը համարել լուծված: Հակընդդեմ հայցը բավարարել: Արա Մանուկյանից հօգուտ Լեոնիդ Դավթյանի բռնագանձել 3.542.800 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցման գումար: Արա Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 70.856 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Արա Մանուկյանից հօգուտ Լեոնիդ Դավթյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության կատարման ծախսերի գումար: Արա Մանուկյանից հօգուտ Լեոնիդ Դավթյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2014 թվականի որոշմամբ Արա Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.06.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Մանուկյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ, 64-րդ, 96-րդ և 208-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ինչի արդյունքում հանգել է սխալ եզրակացության և հաստատված է համարել այն փաստը, որ Լեոնիդ Դավթյանը ո՛չ անձամբ, ո՛չ էլ որևէ մեկի միջոցով չի կտրել Արա Մանուկյանի տան ամրանները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լեոնիդ Դավթյանի կողմից Դատարան ներկայացված հակընդդեմ հայցի հիմքում վերջինս նշել է 24.12.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0785/02/08 քաղաքացիական գործով և 04.06.2009 թվականի թիվ ՎԴ/3838/05/08 վարչական գործով կայացված վճիռները, մինչդեռ նշված գործերով կողմ է հանդիսացել ոչ թե Արա Մանուկյանը, այլ նրա կինը` Տատյանա Սաֆոնովան, ուստի ակնհայտ է, որ սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև առկա չէ որևէ կապ, որպիսի պայմաններում հակընդդեմ հայցի ընդունումը պետք է ի սկզբան» մերժվեր Դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով հաստատվում է, որ Արա Մանուկյանի կողմից Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 հասցեում շինարարական և հողային աշխատանքներ կատարելիս նյութական վնաս է պատճառվել Լեոնիդ Դավթյանին: Մասնավորապես` Արա Մանուկյանի կողմից Լեոնիդ Դավթյանին և Ալլա Դուրյանին վնաս պատճառելու փաստը հաստատվել է միայն հավանական (ոչ կատեգորիկ) եզրահանգումներ պարունակող փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որոնցով չի կարող ապացուցված համարվել հենց Արա Մանուկյանի կողմից Լեոնիդ Դավթյանին ենթադրյալ վնասի պատճառման փաստը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` «կայացնելով նոր դատական ակտ» կամ գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ըստ հայցի Տատյանա Սաֆոնովայի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Լեոնիդ Դավթյանի և Ալլա Դուրյանի թիվ ՎԴ/1099/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 30.12.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ 21.10.2005 թվականին տրված թիվ 2111835 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Լեոնիդ Դավթյանն ու Ալլա Դուրյանը հանդիսանում են Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի սեփականատերեր (հատոր 2-րդ, գ.թ. 135-152):

2) 17.10.2006 թվականին տրված թիվ 2157414 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Տատյանա Սաֆոնովան հանդիսանում է Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 62 (62/2) հասցեի բնակելի տան սեփականատեր: Որպես հիմք նշված է բնակելի տան առուվաճառքի 13.10.2006 թվականի թիվ 5935 պայմանագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 127-129):

3) Երևանի Արաբկիրի ՔԿԱԳ բաժնի կողմից 29.01.2009 թվականին տրված թիվ ԱԱ 127339 ամուսնության վկայականի կրկնօրինակի համաձայն` 28.02.2006 թվականին թիվ 79 համարի ներքո գրանցվել է Արա Մանուկյանի և Տատյանա Սաֆոնովայի ամուսնությունը (հատոր 3-րդ, գ.թ. 39):

4) Երևանի քաղաքապետարանի կողմից 08.08.2007 թվականին տրված թիվ 18-07/1-Ս-1177-741 ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն` Տատյանա Սաֆոնովային տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 բնակելի տունը քանդելու և նոր բնակելի տուն կառուցելու համար, որի «հատակագծային սահմանափակումներ» տողում նախատեսվել է. «հաշվի առնել կից տարածքներում առկա կառուցապատումը, ապահովել կից բնակելի տների սեյսմակայունության և շահագործման պայմանները» (հատոր 3-րդ, գ.թ. 12-13):

5) Երևանի քաղաքապետարանի կողմից 14.09.2007 թվականին Տատյանա Սաֆոնովային տրվել է Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեում բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն (հատոր 2-րդ, գ.թ. 122):

6) «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Տատյանա Սաֆոնովայի միջև 11.09.2007 թվականին կնքվել է հանձնարարության պայմանագիր` «շինարարության (քանդման) թույլտվության նախապայման Արաբկիր համայնք, բնակելի տուն օբյեկտի վերաբերյալ», համաձայն որի` Տատյանա Սաֆոնովան պարտավորվում է իր կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցներով շինարարական աղբի, հիմնահողի, շինանյութի և կոնստրուկցիաների տեղափոխման ժամանակ Երևանի ինժեներական ենթակառուցվածքներին պատճառված վնասի ու դրանց վերականգման, ինչպես նաև արդիականացման համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին վճարել որոշակի գումար (հատոր 2-րդ, գ.թ. 130-131):

7) Արա Մանուկյանի կողմից Դատարանին ներկայացված` փորձագետի 15.01.2008 թվականի ապրանքագիտական եզրակացության համաձայն` Արա Մանուկյանի տան նորակառույց պատի սյուները վնասելու հետևանքով պատճառված նյութական վնասի չափի ընդհանուր շուկայական գինը գնահատվում է 440.800 ՀՀ դրամ, իսկ փորձագետի 23.01.2008 թվականի ապրանքագիտական եզրակացության համաձայն` նորակառույց պատը վնասելու հետևանքով Արա Մանուկյանին պատճառվել է 262.000 ՀՀ դրամի նյութական վնաս (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

8) «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 13.09.2012 թվականի թիվ 21201107 եզրակացության համաձայն` Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի հենապատին հասցված վնասվածքներն են` պարիսպը որոշ չափով թեքված է Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի կողմից դեպի թիվ 62/2 հասցեն, պատի տուֆե շարվածքում առաջացել են ուղղահայաց և հորիզոնական ճաքեր, պատի վրա առկա են խոնավության և աղակալման հետքեր, սալվածքի մեջ գոյություն ունեն տարբեր ուղղությամբ նստվածքային բնույթի ճաքեր և տեղաշարժեր, ծաղկանոցի բետոնե եզրաքարերի վրա կան ճաքեր, պատի և սալվածքի կցորդման հատվածում տեսանելի է որոշակի տեղաշարժեր, առկա են նաև պատի հիմքերի տակ գտնվող գրունտի քայքայման հետքեր, այդ վնասվածքների պատճառ կարող են հանդիսանալ ինչպես մթնոլորտային տեղումների (ձյուն, անձրևաջրեր) ու ջերմային ռեժիմների տարբերության արդյունքում մթնոլորտային ջրերի ներթափանցումը պարսպի հիմնատակ, այնպես էլ հարևան բնակելի տան կառուցման նպատակով իրականացված հողային աշխատանքների և դինամիկ ազդեցությունների արդյունքում պարսպի հիմնատակի բնահողի որոշակի թուլացումը (հատոր 1-ին, գ.թ. 55-57):

9) «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 27.05.2008 թվականին և 08.05.2012 թվականին` Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 տան պարսպապատի տեխնիկական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունների համաձայն` Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 նորակառույց տան շինարարության համար պարսպապատին հարակից քանդվել է հիմնափոս 2,5-3մ խորությամբ, ինչի հետևանքով պարսպապատի հիմքերը հայտնվել են հիմնահատակի գրունտի խզված եզրամասի վրա և քանի որ հիմնափոսը քանդվել է վաղ և անցած ժամանակահատվածում (ձմեռ-գարուն) տեղումնային ջրերի և ջերմաստիճանի փոփոխությունների ազդեցության հետևանքով տեղի է ունեցել հիմնահատակի գրունտների թուլացում ու պարսպապատի վրա գրունտի կողային ճնշման մեծացում (հատոր 1-ին, գ.թ. 98-109):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. անշարժ գույքի կառուցապատման հիմք հանդիսացող ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը որոշակի անձի անունով տրամադրված լինելու պայմաններում արդյո՞ք այդ գույքի կառուցապատման հետևանքով այլ անձանց կամ նրանց գույքին ենթադրաբար պատճառված վնասի հատուցման պարտականությունը կարող է դրվել մեկ այլ անձի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի (մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ) համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով ծագող իրավահարաբերություններում վնասի հատուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել առավել հանգամանալից անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին և, մասնավորապես, արձանագրել է հետևյալը.

Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):

Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող: Նույն հոդվածի իրավադրույթներով սահմանված են նաև կառուցապատողների պարտականությունները, որոնցից են, մասնավորապես`

- կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.

- մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.

- քաղաքաշինական գործունեություն իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան և այլն:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր: Նույն հոդվածի 15-րդ մասի համաձայն` ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների համադրված և համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ անշարժ գույքի հետ կապված որոշակի իրավազորությունների իրականացման, մասնավորապես` կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պարտականությունը պետք է կրի կառուցապատողը, այսինքն` այն անձը, ով օրինական հիմքերով կարող է իրականացնել տվյալ անշարժ գույքի կառուցապատման աշխատանքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս ապացուցում է, որ կոնկրետ իրավիճակում պատճառված վնասը ծագել է ոչ թե իր մեղքով, այլ անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Ընդ որում, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավադրույթները վկայում են, որ որպես կառուցապատող կարող է հանդես գալ միայն լիազոր մարմնի կողմից անհրաժեշտ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը` ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն ստացած սուբյեկտը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումը բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ կառուցապատման աշխատանքներն իրականացվում են օրինական հիմքերով:

Սույն գործով Դատարանը, հակընդդեմ հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ հիմնավորված է այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցով պատասխանող Արա Մանուկյանի կողմից կատարված շինարարական և հողային աշխատանքների արդյունքում հակընդդեմ հայցվորին պատճառվել է նյութական վնաս, այսինքն` հակընդդեմ հայցով պատասխանող Արա Մանուկյանի գործողություններում առկա են վնասի հատուցման համար պարտադիր պայմաններ հանդիսացող տարրերը, այն է` իրավունքը խախտած անձի` տվյալ դեպքում պատասխանողի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու պատասխանողի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պատասխանողի մեղքի առկայությունը:

Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցի մասով վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում Արա Մանուկյանի հայցադիմումի տվյալները բավարար են արձանագրելու այն փաստը, որ Փափազյան թիվ 62/2 հասցեում ոչ օրինաչափ շինարարական աշխատանքները կատարվել են նրա կողմից, որպիսի պայմաններում հակընդդեմ հայցը ներկայացվել է պատշաճ պատասխանողի դեմ:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին և տվյալ գործով ստորադաս դատարանների կողմից կատարված վերլուծությունների և եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` 17.10.2006 թվականին տրված թիվ 2157414 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիմքով` Տատյանա Սաֆոնովան հանդիսանում է Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 62 (62/2) հասցեի բնակելի տան սեփականատեր: Երևանի քաղաքապետարանի կողմից Տատյանա Սաֆոնովային 08.08.2007 թվականին տրամադրվել է թիվ 18-07/1-Ս-1177-741 ճարտարապետահատակագծային առաջադրանքը Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 բնակելի տունը քանդելու և նոր բնակելի տուն կառուցելու համար, որի «հատակագծային սահմանափակումներ» տողում նախատեսվել է «հաշվի առնել կից տարածքներում առկա կառուցապատումը, ապահովել կից բնակելի տների սեյսմակայունության և շահագործման պայմանները»: Երևանի քաղաքապետարանի կողմից 14.09.2007 թվականին Տատյանա Սաֆոնովային տրամադրվել է նաև վերոնշյալ հասցեում բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն: «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Տատյանա Սաֆոնովայի միջև 11.09.2007 թվականին կնքվել է հանձնարարության պայմանագիր` «շինարարության (քանդման) թույլտվության նախապայման Արաբկիր համայնք, բնակելի տուն» օբյեկտի վերաբերյալ, համաձայն որի` Տատյանա Սաֆոնովան պարտավորվում է իր կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցներով շինարարական աղբի, հիմնահողի, շինանյութի և կոնստրուկցիաների տեղափոխման ժամանակ Երևանի ինժեներական ենթակառուցվածքներին պատճառված վնասի ու դրանց վերականգման, նաև արդիականացման համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին վճարել որոշակի գումար:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Արա Մանուկյանը չի կարող դիտվել որպես Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 62/2 հասցեի բնակելի տան կառուցապատման արդյունքում Լեոնիդ Դավթյանին պատկանող Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի հենապատին վնաս պատճառած և վնասի հատուցման համար պատասխանատու սուբյեկտ: Այսպես, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի իմաստով Արա Մանուկյանը չի համարվում կառուցապատող, քանի որ վերջինիս չի տրամադրվել կոնկրետ աշխատանքները կատարելու թույլտվություն պարունակող որևէ փաստաթուղթ և անձամբ նրա հետ չի կնքվել այդ աշխատանքների իրականացմանն ուղղված որևէ պայմանագիր: Ընդհակառակը, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ այդպիսի փաստաթղթեր տրամադրված են լիովին այլ անձի անվամբ: Հետևաբար, Արա Մանուկյանը չի կարող հանդիսանալ համապատասխան իրավասությամբ օժտված անձ, ում կողմից նախաձեռնված և իրականացված կառուցապատման աշխատանքները կարող էին հնարավոր պատճառ հանդիսանալ Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի տան հենապատին հասցված վնասվածքների համար: Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով նշված հանգամանքը, սխալ հետևության են հանգել Արա Մանուկյանի՝ որպես վնաս պատճառած սուբյեկտի՝ պատասխանատվություն ենթակա լինելու հարցի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից սույն գործում առկա ապացույցների, մասնավորապես` փորձագիտական եզրակացությունների հետազոտման և գնահատման իրավաչափության վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի`

1. նշում` կիրառված մեթոդների մասին,

2. կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,

3. հետազոտությունների արդյունքում արված հետևությունները,

4. առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ:

Վերը նշված իրավանորմերի իրավական բովանդակության վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածը վերաբերում է փորձագետին առաջադրված հարցերի վերաբերյալ հետևություններին և դրանց հիման վրա հիմնավորված պատասխաններին (եզրակացությանը): Հետևաբար, փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 62-րդ հոդվածների ուժով չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով: Փորձագետի հետևությունների ձևը չի որոշում եզրակացության դերը և տեղը ապացուցման պրոցեսում: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանաջատել: Ո՛չ հավանական եզրակացությունն ինքնին և ո՛չ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթետիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ շատ դրանք լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը: Հետևաբար, փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ1/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործում առկա` «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 13.09.2012 թվականի թիվ 21201107 եզրակացության համաձայն` Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի հենապատին հասցված վնասվածքներն են` պարիսպը որոշ չափով թեքված է Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի կողմից դեպի թիվ 62/2 հասցեն, պատի տուֆե շարվածքում առաջացել են ուղղահայաց և հորիզոնական ճաքեր, պատի վրա առկա են խոնավության և աղակալման հետքեր, սալվածքի մեջ գոյություն ունեն տարբեր ուղղությամբ նստվածքային բնույթի ճաքեր և տեղաշարժեր, ծաղկանոցի բետոնե եզրաքարերի վրա կան ճաքեր, պատի և սալվածքի կցորդման հատվածում տեսանելի է որոշակի տեղաշարժեր, առկա են նաև պատի հիմքերի տակ գտնվող գրունտի քայքայման հետքեր, այդ վնասվածքների պատճառ կարող են հանդիսանալ ինչպես մթնոլորտային տեղումների (ձյուն, անձրևաջրեր) ու ջերմային ռեժիմների տարբերության արդյունքում մթնոլորտային ջրերի ներթափանցումը պարսպի հիմնատակ, այնպես էլ հարևան բնակելի տան կառուցման նպատակով իրականացված հողային աշխատանքների և դինամիկ ազդեցությունների արդյունքում պարսպի հիմնատակի բնահողի որոշակի թուլացումը: Միևնույն ժամանակ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 27.05.2008 թվականին և 08.05.2012 թվականին` Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 տան պարսպապատի տեխնիկական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունների համաձայն` Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 նորակառույց տան շինարարության համար պարսպապատին հարակից քանդվել է 2,5-3մ խորությամբ հիմնափոս, ինչի հետևանքով պարսպապատի հիմքերը հայտնվել են հիմնահատակի գրունտի խզված եզրամասի վրա և քանի որ հիմնափոսը քանդվել է վաղ և անցած ժամանակահատվածում (ձմեռ-գարուն) տեղումնային ջրերի և ջերմաստիճանի փոփոխությունների ազդեցության հետևանքով տեղի է ունեցել հիմնահատակի գրունտների թուլացում ու պարսպապատի վրա գրունտի կողային ճնշման մեծացում:

Սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցը բավարարելիս, հիմք ընդունելով «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 13.09.2012 թվականին, «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 27.05.2008 թվականին և 08.05.2012 թվականին տրված եզրակացությունները, գտել է, որ դրանցով հիմնավորված է այն հանգամանքը, որ Արա Մանուկյանի կողմից կատարված շինարարական և հողային աշխատանքների արդյունքում է Լեոնիդ Դավթյանին պատճառվել նյութական վնաս:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, մասնավորապես, պատճառաբանել է, որ սույն գործով Դատարանի ներքին համոզմունքը ձևավորվել է մի քանի փորձագետների եզրակացություններում, ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում տեղ գտած տվյալների հետազոտման և գնահատման արդյունքում, որպիսի պայմաններում բողոքի հիմքերը բավարար չեն վճիռը բեկանելու համար: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված եզրակացություններով չի բացառվել, որ Լեոնիդ Դավթյանին պատկանող պարսպի վնասվածքն առաջացել է հենց Արա Մանուկյանի կողմից կատարված շինարարական աշխատանքների արդյունքում:

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չեն հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 13.09.2012 թվականի թիվ 21201107, «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից 27.05.2008 թվականի և 08.05.2012 թվականի եզրակացությունները, դրանք չեն համադրել միմյանց հետ: Այսպես, ստորադաս դատարանները պատշաճ անդրադարձ չեն կատարել այն հանգամանքին, որ վերոնշյալ եզրակացություններում հստակ և կատեգորիկ հետևություններ ու եզրահանգումներ չեն արվել փորձագետներին առաջադրված հարցերի վերաբերյալ, մասնավորապես` դրանցից որևէ մեկով չի տրվել կատեգորիկ եզրակացություն այն մասին, որ Լեոնիդ Դավթյանին պատկանող Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի տան հենապատին հասցված վնասվածքները առաջացել են կոնկրետ և բացառապես հարևան բնակելի տան կառուցման արդյունքում կատարված շինարարական և հողային աշխատանքների հետևանքով:

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Լեոնիդ Դավթյանի ներկայացրած հակընդդեմ հայցը` վնասի հատուցման պահանջի մասով, ենթակա էր մերժման, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստաբանական ծառայության և փորձաքննության ծախսերի գումարների բռնագանձման պահանջներն ածանցյալ պահանջներ են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնական պահանջի մերժման պարագայում հակընդդեմ հայցը` ածանցյալ պահանջների մասով, ևս ենթակա էր մերժման:

Անդրադառնալով Արա Մանուկյանի վճռաբեկ բողոքի այն փաստարկին, ըստ որի` ստորադաս դատարանները, հայցը մերժելով, հանգել են սխալ եզրակացության՝ հաստատված համարելով այն փաստը, որ Լեոնիդ Դավթյանը ո՛չ անձամբ, ո՛չ էլ որևէ մեկի միջոցով չի կտրել Արա Մանուկյանի տան ամրանները, Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործում առկա՝ Արա Մանուկյանի կողմից Դատարանին ներկայացված` փորձագետի 15.01.2008 թվականի ապրանքագիտական եզրակացության համաձայն` Արա Մանուկյանի տան նորակառույց պատի սյուները վնասելու հետևանքով պատճառված նյութական վնասի չափի ընդհանուր շուկայական գինը գնահատվում է 440.800 ՀՀ դրամ, իսկ փորձագետի 23.01.2008 թվականի ապրանքագիտական եզրակացության համաձայն` նորակառույց պատը վնասելու հետևանքով Արա Մանուկյանին պատճառվել է 262.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցների (15.01.2008 թվականի և 23.01.2008 թվականի ապրանքագիտական եզրակացությունների) վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ դրանցով հաստատվում է միայն պատճառված վնասի չափը` գումարային արտահայտությամբ, և ոչ թե վնաս պատճառած անձը:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելիս, վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները, գտել է, որ չի ապացուցվել Լեոնիդ Դավթյանի ոչ օրինաչափ վարքագծի հետևանքով Արա Մանուկյանին վնաս պատճառելու հանգամանքի, ինչպես նաև վերջինիս կրած վնասների և Լեոնիդ Դավթյանի գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով սույն գործում առկա ապացույցները, հիմնավոր է համարում ստորադաս դատարանների եզրահանգումները: Մասնավորապես` փորձագետի 15.01.2008 թվականի և 23.01.2008 թվականի ապրանքագիտական եզրակացությունները հնարավորություն են տալիս հաստատված համարելու պատճառված վնասի համար պատասխանատվության միայն մեկ պայմանի առկայությունը, այն է՝ Արա Մանուկյանի կողմից որոշակի վնաս կրելու փաստը, ինչը, սակայն բավարար չէր սկզբնական հայցը հիմնավոր համարելու և այն բավարարելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արա Մանուկյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 150.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: Նկատի ունենալով, որ Արա Մանուկյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, այն է՝ հակընդդեմ հայցի մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեոնիդ Դավթյանից հօգուտ Արա Մանուկյանի ենթակա է բռնագանձման 106.284 ՀՀ դրամ (3.542.800 ՀՀ դրամ * 3%)՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Միաժամանակ, վերը նշված պատճառաբանությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեոնիդ Դավթյանից հօգուտ Արա Մանուկյանի ենթակա է բռնագանձման նաև 106.284 ՀՀ դրամ (3.542.800 ՀՀ դրամ * 3%)՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2014 թվականի որոշման` Լեոնիդ Դավթյանի հակընդդեմ հայցը բավարարելու մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.06.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով այն փոփոխել. Լեոնիդ Դավթյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Արա Մանուկյանի` վնասի հատուցման, փաստաբանական ծառայության և փորձաքննության ծախսերի գումարների բռնագանձման պահանջների մասին, մերժել:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Լեոնիդ Դավթյանից հօգուտ Արա Մանուկյանի բռնագանձել 106.284 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 Լեոնիդ Դավթյանից հօգուտ Արա Մանուկյանի բռնագանձել 106.284 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
   

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան