ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ 21/32-313-17 |
21/32-313-17 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
ե. դԱՆԻԵԼյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ | ||
պաշտպան |
Ն. Բաղդասարյանի |
2017 թվականի օգոստոսի 21-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ մեղադրյալ Սուրեն Արսենի Խաչատուրովի պաշտպան Ն.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի մայիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական գլխավոր վարչության Հյուսիսային վարչական շրջանի քննչական վարչությունում հարուցվել է թիվ 399834 քրեական գործը` ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» և «գե կետերի հատկանիշներով։
2015 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացվել Սուրեն Արսենի Խաչատուրովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի և 290-րդ հոդվածի 5-րդ մասի «ա», «գ» կետերով։
2015 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Ս.Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 2015 թվականի հուլիսի 8-ին` միջազգային հետախուզում։
ՌԴ Մոսկվա քաղաքի Սավելևսկի շրջանային դատարանի` 2015 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ Ս.Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
2. 2017 թվականի ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից Ս.Խաչատուրովը հայտնաբերվել և ձերբակալվել է։
2017 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչություն է ուղարկվել Ս.Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ՌԴ Մոսկվա քաղաքի Սավելևսկի շրջանի դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 14-ի որոշումը և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին գրությունը։
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Լ.Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ս.Խաչատուրովի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին։
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Ս.Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով։
2017 թվականի մայիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Ս.Խաչատուրովի հանձնման մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունը։
4. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մայիսի 19-ի որոշմամբ Ս.Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է կալանավորում՝ հանձնելու համար` 2 ամիս ժամկետով։
ՀՀ գլխավոր դատախազը 2017 թվականի հունիսի 23-ին որոշում է կայացրել Ս.Խաչատուրովի հանձնման թույլտվության մասին։
5. ՀՀ գլխավոր դատախազի հիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ս.Խաչատուրովի պաշտպան Ն.Բաղդասարյանի Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ բողոքը մերժել է։
6. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ս.Խաչատուրովի պաշտպան Ն.Բաղդասարյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 2017 թվականի ապրիլի 20-ի թիվ 22-28880 գրության համաձայն՝ «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի Ս.Խաչատուրով (ծնված 1974 թվականի ապրիլի 1-ին) անհատական տվյալներով անձի վերաբերյալ ՀՀ քաղաքացիության, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած լինելու մասին տեղեկություններ առկա չեն» (տե՛ս նյութեր, թերթ 66)։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի՝ ՌԴ քաղաքացիության առկայության վերաբերյալ 2017 թվականի հունիսի 1-ի եզրակացության համաձայն` «Ս.Խաչատուրովը 1994 թվականի հուլիսի 26-ին ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն և ներկայումս հանդիսանում է ՌԴ քաղաքացի» (տե՛ս նյութեր, թերթեր 156-157)։
8. Առաջին ատյանի դատարանում Ս.Խաչատուրովի ժամանակավոր կալանավորման, ինչպես նաև հանձնելու համար կալանավորման միջնորդությունների քննարկման վարույթներում ներգրավված է եղել և մասնակցել է թարգմանիչ (տե՛ս նյութեր, թերթեր 57 և 92)։
9. Վերաքննիչ դատարանի 2017 թվականի հուլիսի 10-ի դատական նիստին մասնակցել են դատախազ Ե.Ավագյանը, մեղադրյալ Ս.Խաչատուրովը, չի ներկայացել պաշտպանը (տե՛ս դատական նիստի արձանագրություն, թերթ 125)։
Նույն դատական նիստի ձայնային արձանագրության վերարտադրության համաձայն՝ «դատական նիստը հայտարարվել է բացված, հրապարակվել է քննության ենթակա գործը, պարզվել է նիստին ներկայացած անձանց ցանկը. Դատարանը հրապարակել է պաշտպանի դիմումը՝ դատական նիստը հետաձգելու մասին, որին հաջորդել է դատարանի հետևյալ հարցադրումը.
Դատարան. - [Կ]ա՞ առարկություն դատական նիստի հետաձգման հետ կապված (…)
- դուք ի՞նչ կարծիք ունեք, Խաչատուրով.
Մեղադրյալ. -ես չհասկացա ճիշտն ասած.
Դատարան. -ի՞նչը չհասկացաք.
մեղադրյալի պատասխանը տրվել է ռուսերենով.
Դատարան. -հայերենով չե՞ք կարողանում խոսել.
Մեղադրյալ. -կարողանում եմ, ուղղակի մի քիչ վատ ա ստացվում.
Դատարան. -ոչինչ, վատ խոսեք. (…)»։
Դատարանը որոշել է դատական նիստը հետաձգել՝պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով (տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, նյութեր, թերթ 165)։
10. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել թարգմանիչ ներգրավելու մասին (տե՛ս նյութեր, թերթ 128)։
11. Հաջորդ դատական նիստին` 2017 թվականի հուլիսի 13-ին մասնակցել են դատախազ Ե.Ավագյանը, պաշտպան Ն.Բաղդասարյանը, չի ներկայացվել մեղադրյալ Ս.Խաչատուրովը (տե՛ս նյութեր, թերթ 137)։
Երրորդ դատական նիստին` 2017 թվականի հուլիսի 18-ին, մասնակցել են դատախազ Ե.Ավագյանը, պաշտպան Ն.Բաղդասարյանը և մեղադրյալ Ս.Խաչատուրովը (տե՛ս նյութեր, թերթ 161)։
Վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 19-ին, որի ժամանակ հրապարակվել է մեղադրյալ Ս.Խաչատուրովի հանձնման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշումը։
11.1. Վերաքննիչ դատարանի դատական նիստերին թարգմանիչ հրավիրելու վերաբերյալ ծանուցումներ առկա չեն, և համաձայն դատական նիստերի համառոտագրումների ու ձայնային արձանագրությունների` դատական նիստերին թարգմանիչ չի մասնակցել, ինչպես նաև Ս.Խաչատուրովին չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս նյութեր, թերթեր 125-126, 161-162, 165)։
12. Հանձնման վերաբերյալ գործի նյութերում առկա չեն ՀՀ գլխավոր դատախազի` 2017 թվականի հունիսի 23-ի հանձնման թույլտվության մասին և Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումների թարգմանված օրինակները (տե՛ս նյութեր)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
13. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։
13.1. Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ս.Խաչատուրովին չի պարզաբանել նրա հիմնարար իրավունքները` չբացահայտելով նույնիսկ վերջինիս ինքնությունը։
13.2. Միևնույն ժամանակ բողոքի հեղինակը պնդում է, որ ստորադաս դատարանը խախտել է մեղադրյալի՝ իրեն հասկանալի լեզվով հանդես գալու և թարգմանչի ծառայություններից օգտվելու իրավունքը, քանի որ թարգմանիչ ներգրավելու մասին որոշում կայացնելուց հետո չի ապահովել վերջինիս մասնակցությունը դատական նիստերին, ինչպես նաև չի տրամադրել իր կայացրած դատական ակտի թարգմանված տարբերակը։
14. Բողոք բերող անձը փաստել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել որևէ միջոցառում անձի առողջական վիճակը ստուգելու և նրա առողջական խնդիրներով պայմանավորված տեղափոխության ռիսկերի գնահատման ուղղությամբ։ Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի որոշումն անփոփոխ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահագման՝ խախտելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջները։
15. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ վերացնել ՀՀ գլխավոր դատախազի՝ հանձնման թույլտվության վերաբերյալ 2017 թվականի հունիսի 23-ի որոշումը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանձնման թույլտվության մասին որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման վարույթում Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալի իրավունքների և պարտականությունների պարզաբանման պարտականության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար։
I. Հանձնման թույլտվության մասին որոշման ստուգման վարույթում մեղադրյալի իրավունքների իրացման ապահովումը.
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. օրինական է արդյոք սույն գործով բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն այն պայմաններում, երբ մեղադրյալ Ս.Խաչատուրովին չի պարզաբանվել նրա իրավունքներն ու պարտականությունները։
18. ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք»։
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
(…)
գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են.։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված է, որ. «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»։
Մեջբերված նորմերով նախատեսված է անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի և որպես այդպիսին դատական պաշտպանության իրավունքը։ Միևնույն ժամանակ որպես հիշյալ իրավունքի երաշխիք նախատեսված է հանրային իշխանության պարտականությունը սահմանել և գործնականում իրացնել համապատասխան իրավական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Վերջիններիս մասնավոր դրսևորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածը, որի համաձայն.
«1. Դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իմանալ իր իրավունքները և պարտականությունները, իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը։
2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել սույն օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը։
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարության մասնակիցներին հայտնել այն անձանց անունները, ազգանունները և նրանց մասին այլ անհրաժեշտ տվյալներ, որոնց կարող է բացարկ հայտնվել։
4. Դատավարության մասնակցի կարգավիճակ ձեռք բերած անձին նրա իրավունքները և պարտականությունները պարտադիր պարզաբանվում են նախքան նրա մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողություններն սկսվելը և նրա կողմից` որպես դատավարության մասնակից որևէ դիրքորոշում արտահայտելը։ Դատարանը պարտավոր է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակցին պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները` անկախ դրանց քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում պարզաբանումից»։
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ անձի՝ իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված՝ պետության պոզիտիվ պարտականությունը։ Քրեադատավարական հարաբերություններում, ելնելով քրեական դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իմանալու իր կարգավիճակից բխող իրավունքները և պարտականությունները։ Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս, mutatis mutandis, Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 14-15-րդ կետերը)։
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան որոշումները ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները` վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում։ Վերաքննիչ դատարանը և վճռաբեկ դատարանը գործը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում»։
Մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ հանձնման թույլտվության մասին որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումն իրականացվում է վերաքննիչ դատարանի կողմից։ Հետևաբար որպես դատական վերահսկողություն իրականացնող մարմին անձի իրավունքների երաշխավորման պարտականությունը տվյալ փուլում կրում է վերաքննիչ դատարանը։ Մասնավորապես, մեղադրյալի՝ իր իրավունքներն ու պարտականություններն իմանալու իրավունքին թղթակցում է դրանք նրան պարզաբանելու վերաքննիչ դատարանի պարտականությունը, որը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի պահանջներից։
Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանձնման թույլտվության մասին որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման ժամանակ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անձին պարզաբանել նրա` օրենքով երաշխավորված իրավունքները, մասնավորապես` իրավաբանական օգնություն ստանալու, բացարկ հայտնելու, միջնորդությամբ հանդես գալու և այլն, ինչպես նաև դատավարական պարտականությունները, որոնց իմացությունը կարևորվում է անձի արդար դատաքննության կազմակերպման տեսանկյունից։ Դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է անցում կատարել հանձնման իրավաչափության հարցի ըստ էության քննարկմանը։
20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկելով Ս.Խաչատուրովին հանձնելու մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը չի ստուգել վերջինիս ինքնությունը, չի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ բացարկ հայտնելու, միջնորդություններ ներկայացնելու նրա հնարավորությունը (տե՛ս սույն որոշման 11.1-րդ կետերը)։
21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Ս.Խաչատուրովին չի պարզաբանել նրա իրավունքներն ու պարտականությունները։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի խախտում, որը հանգեցրել է Ս.Խաչատուրովի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտման։
Հետևաբար օրինական չէ սույն գործով բողոքը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, քանի որ մեղադրյալ Ս.Խաչատուրովին չի պարզաբանվել նրա իրավունքներն ու պարտականությունները։
II. Անձի՝ իրեն հասկանալի լեզվով հանդես գալու և թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքը.
22. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է արդյոք Ս.Խաչատուրովի՝ մայրենի լեզվով հանդես գալու և թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքը։
23. ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(…)
ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն։ Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է։
2. Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները։
3. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնելու իրենց իրավունքները։ Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց տրվում են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանձնման ենթակա փաստաթղթերի պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են»։
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեական դատավարության լեզվի սկզբունքը քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց ոչ միայն պարզաբանել իրենց համար հասկանալի լեզվով հանդես գալու նրանց իրավունքը, այլև դրա իրականացումն ապահովել այնպես, որ չսահմանափակվեն և իրականում իրագործվեն ինչպես գործի քննության ցանկացած փուլում իրենց լեզվով հանդես գալու, այնպես էլ մյուս բոլոր այն իրավունքները, որոնք փոխկապակցված են այդ իրավունքի հետ և երաշխավորված են օրենքով (տե՛ս Նաիրա Վախթանգի Գելաշվիլու գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-72/07 որոշման 4.1-րդ կետը)։
Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց՝ իրենց համար հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքը պետք է ապահովվի դատավարության բոլոր փուլերում։ Դատավարության լեզվին չտիրապետող մասնակիցները նշված իրավունքից պետք է բարեխղճորեն օգտվեն։ Մասնավորապես` քրեական դատավարության մասնակիցները պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գան, ավելի կոնկրետ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնին պետք է հայտնեն (բանավոր կամ գրավոր կերպով) իրենց մայրենի լեզվով կամ այն լեզվով հանդես գալու մասին, որին տիրապետում են, ինչը հնարավորություն կընձեռի ողջ ծավալով օգտվելու քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրենց իրավունքներից։ Միևնույն ժամանակ դատարանը, քննիչը, հետաքննության մարմինը, դատավարությանը մասնակցող անձանց պարզաբանելով նրանց իրավունքներն ու պարտականությունները և ապահովելով դրանց իրականացման հնարավորությունը, պարտավոր են համոզվել, որ դատավարությանը մասնակցող անձի կողմից հայերենին տիրապետելու աստիճանն ակնհայտորեն բավարար է նրա կողմից իր իրավունքները և պարտականություններն իրականացնելու համար։ Դատավարության մասնակցի կողմից իր իրավունքների և պարտականությունների իրականացման համար բավարար աստիճանի հայերենին տիրապետելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պետք է կատարվի գործի փաստերի հիման վրա։ Ընդ որում, վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է հաշվի առնվեն նաև դատավարությանը մասնակցող անձի մայրենի լեզուն, նրա ծննդավայրը և բնակության վայրը, տվյալ վայրում բնակության ժամանակահատվածը, քաղաքացիությունը, կրթությունը, աշխատանքի վայրը և բնույթը, շրջապատի հետ հաղորդակցվելու լեզուն և այլ հանգամանքներ։ ՀՀ քրեական դատավարության լեզվին չտիրապետող կարող են համարվել այն անձինք, ովքեր չեն հասկանում բանավոր և (կամ) գրավոր հայերեն խոսքը կամ չեն կարողանում բանավոր և (կամ) գրավոր կերպով բավարար չափով արտահայտվել հայերենով (տե՛ս Գ.Խաչատրյանի և Ս.Քրմոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0059/01/14 որոշման 17-րդ կետը)։
24. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված դատական որոշումներում տեղ գտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների լրացուցիչ երաշխիքների շարքում քրեադատավարական օրենսդրությունն առանձնացնում է տվյալ անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն իրենց համար հասկանալի լեզվով տրամադրելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը։ Հանձման ենթակա փաստաթղթերի ներքո պետք է հասկանալ ոչ թե քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը, այլ միայն նրանք, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ ենթակա են հանձնման և անհրաժեշտ ու բավարար են անձի՝ արդար դատաքննության, այդ թվում՝ պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից։
25. Իրեն հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան)։ Մասնավորապես՝ Կուսկանին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի թարգմանչական ծառայություններից օգտվելու անհրաժեշտության ստուգման համար դատավորը պետք է խորհրդակցի դիմումատուի հետ. դատավորը պետք է համոզված լինի, որ գործի լսումների ժամանակ թարգմանչի բացակայությունը չի վնասի դիմումատուի լիարժեք ներգրավվածությանը նրա համար վճռորոշ գործում (տե՛ս Cuscani v. the United Kingdom գործով 2002 թվականի սեպտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 32771/96, կետ 38)։
Մեկ այլ գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ մեղադրյալը, ով չի կարողանում հասկանալ կամ խոսել դատավարության լեզվով, իրավունք ունի ստանալու թարգմանչի անվճար ծառայություն կամ իր դեմ ներկայացրած վարույթի փաստաթղթերի կամ արձանագրությունների թարգմանություններ, ինչը նրան անհրաժեշտ է, որպեսզի կարողանա օգտվել արդար դատաքննության իրավունքից (Luedicke, Bekacem and Koc v. Germany գործով 1978 թվականի նոյեմբերի 28-ի վճիռ, գանգատ թիվ 6210/73, 6877/75, 7132/75, կետ 48)։
Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի գործով վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ե> կետը չի ենթադրում քրեական դատավարությունում առկա բոլոր նյութերի, ապացույցների կամ պաշտոնական փաստաթղթերի գրավոր թարգմանություն։ Թարգմանչի օգնությունը պետք է ապահովվի այնքանով, որ մեղադրյալը տեղեկացվի իր դեմ առկա գործի մասին և կարողանա կազմակերպել իր պաշտպանությունը (Kamasinski v. Austria գործով 1989 դեկտեմբերի 19 վճիռ, 9783/82, կետ 74)։
26. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրեն հասկանալի լեզվով հանդես գալու անձի իրավունքը դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման նախադրյալ է, որն ապահովում է վերջինիս՝ գործնականում իրատեսական և իրագործելի լինելը։ Քննարկվող իրավունքի օրենսդրական երաշխիքների չապահովումը քրեադատավարական օրենքի էական խախտում է, որը նախատեսված է դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի շարքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը)։
27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Խաչատուրովը 1994 թվականի հուլիսի 26-ին ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն և ներկայումս ՌԴ քաղաքացի է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրությունով փաստվում է, որ Ս.Խաչատուրովի ՀՀ քաղաքացիության և ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած լինելու մասին տեղեկություններ առկա չեն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանում Ս.Խաչատուրովի ժամանակավոր կալանավորման, ինչպես նաև հանձնելու համար կալանավորման միջնորդությունների քննարկման վարույթներում ներգրավված է եղել և մասնակցել է թարգմանիչ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։
Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 10-ի դատական նիստի ձայնային արձանագրության վերծանումից պարզ է դառնում, որ դատավորը հարցադրման միջոցով պարզել է անձի կողմից դատավարության լեզվին վատ տիրապետելու հանգամանքը և որոշում է կայացրել թարգմանիչ ներգրավելու մասին, սակայն որևէ նիստի ժամանակ չի ապահովել թարգմանչի ներկայությունը (տե՛ս սույն որոշման 9-11.1.-րդ կետերը)։
Գործի նյութերից երևում է նաև, որ Ս.Խաչատուրովին չի հանձնվել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշման թարգմանված օրինակը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը)։
28. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 23-25-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական նիստերի ժամանակ թարգմանչի մասնակցությունը, ինչպես նաև իր՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշման թարգմանված օրինակը Ս.Խաչատուրովին հանձնելը չապահովելով, խախտել է անձի՝ իրեն հասկանալի լեզվով հանդես գալու իրավունքը։
Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը, հատկապես այն պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանի համար ակնհայտ է եղել Ս.Խաչատուրովի կողմից դատավարության լեզվին չտիրապետելու հանգամանքը, որի մասին է վկայում այն, որ Վերաքննիչ դատարանը թարգմանիչ ներգրավելու մասին որոշում է կայացրել։
Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է մեղադրյալ Ս.Խաչատուրովի՝ մայրենի լեզվով հանդես գալու և թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքը։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 478.4-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է։
29. Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք հիմք են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ ընթացակարգով մեղադրյալին պարզաբանի նրա իրավունքները, այդ թվում նաև՝ իրեն հասկանալի լեզվով հանդես գալու հնարավորությունը՝ ապահովելով օրենսդրությամբ նախատեսված այլ երաշխիքները և դրա արդյունքում համապատասխան որոշում կայացնի։
Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված մեղադրյալի տեղափոխման ընթացքում առողջական վիճակով պայմանավորված հանձնման իրավաչափության հարցին (սույն որոշման 14-րդ կետ), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Սուրեն Արսենի Խաչատուրովի հանձնման թույլտվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի` 2017 թվականի հունիսի 23-ի որոշման դեմ մեղադրյալ Ս.Խաչատուրովի պաշտպան Ն.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Հ. Ասատրյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |