ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1032-Լ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-362-28.08.2018-ՏՀ-011/0 և Պ-3621-28.08.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 1 Երևան |
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-362-28.08.2018-ՏՀ-011/0 ԵՎ Պ-3621-28.08.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիսում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակի մտահոգությունը և կարևորում առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Ելնելով նախագծերով սահմանված կարգավորման բովանդակությունից և հաշվի առնելով գործող իրավակարգավորումները՝ նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասում կատարվող փոփոխության 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով կամ յուրաքանչյուր ռադիոյով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք.
1) հոդվածում օգտագործվող «հեռուստահաղորդակցության ալիքով կամ յուրաքանչյուր ռադիոյով» բառերը փոխարինել «հեռուստածրագրով կամ յուրաքանչյուր ռադիոծրագրով» բառերով՝ հաշվի առնելով, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշված հասկացության սահմանումը տրված չէ.
2) հոդվածում նշված «22:00-ից մինչև 06:00-ն» բառերը փոխարինել «24:00-ից մինչև 06:00-ն» բառերով.
3) նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված դրույթները միավորել մեկ հոդվածում, քանի որ փոփոխությունները կատարվում են միևնույն հոդվածում: Միաժամանակ, նախագծի 2-րդ հոդվածում «ինտերնետ շահումով խաղի» բառերը և դնել ստորակետ» բառերը փոխարինել «ինտերնետ շահումով խաղի,» բառերով.
4) նախագծի 1-ին հոդվածից հանել «1996 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:
Ամփոփելով՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի՝
1) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Յուրաքանչյուր հեռուստածրագրով կամ յուրաքանչյուր ռադիոծրագրով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաև որպես հովանավորների հիշատակումը, թույլատրվում է ժամը 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, չի կարող գերազանցել 4 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երեք անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 90 վայրկյանը:
Վիճակախաղի գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական, լրատվական կայքերի միջոցով։
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդել վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով միայն սպորտային իրադարձությունների ընթացքում և (կամ) այդ սպորտային իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:
Վիճակախաղի գովազդի հեռուստահաղորդակցության ալիքով ցուցադրման ընթացքում կամ համացանցով գովազդելուց պետք է տեսանելի լինի +21 նշագրումը։
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդել վիճակախաղը իր պաշտոնական կայքում:
Ռեզիդենտ չհանդիսացող վիճակախաղի կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնել վիճակախաղի գովազդ Հայաստանի Հանրապետության տարածքում:
Արգելվում է սույն հոդվածում չնախատեսված եղանակով և միջոցներով իրականացնել վիճակախաղերի գովազդ:
Սույն հոդվածի իմաստով վիճակախաղերի գովազդ է համարվում վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը.
2) 12-րդ մասը «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղի,» բառերով»:
2. Նախագծի 3-րդ
1) հոդվածից անհրաժեշտ է հանել «իսկ մնացած մասերի համարակալումները խմբագրել ըստ հերթականության» բառերը.
2) հոդվածով նախատեսվում է օրենքի 26-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով, մինչդեռ հիշյալ հոդվածում արդեն իսկ առկա է 3-րդ մաս: Այդ առումով առաջարկում ենք հիշյալ հոդվածը լրացնել 2.2-րդ մասով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթները:
3. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նշված հոդվածը համապատասխանեցնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:
Նույն դիտողությունը վերաբերում է նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածին:
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն՝ թղթախաղերն ինքնին շահումով խաղ կամ ինտերնետ շահումով խաղ չեն հանդիսանում, եթե չեն համապատասխանում օրենքի 2-րդ հոդվածով սահմանված շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի հասկացություններին:
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների:
Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:»:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով առաջարկվող կարգավորման միտումները և դրդապատճառները՝ միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել թղթախաղերի տեսակների առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Առաջարկվող մոտեցումը խնդրահարույց է թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյուններից, քանի որ պարունակում է բարձր կոռուպցիոն ռիսկեր վարչարարության իրականացման համար: Հաշվի առնելով, որ չկան տարանջատման հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան թղթախաղերը շահումով խաղ կամ ոչ շահումով խաղ որակելու համար, առաջարկված ձևակերպումը հնարավորություն է ընձեռում կամայական մոտեցման դրսևորման համար: Մասնավորապես, եթե վերահսկող մարմնի կողմից հայտնաբերվել է, որ ինչ-որ շինության ներսում մի քանի քաղաքացի թղթախաղ է խաղում, ապա այն շահումով խաղ որակել գրեթե անհնար է, եթե քաղաքացիների միջև կա նախնական պայմանավորվածություն՝ շահումով խաղի իրականացման փաստը թաքցնելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտնում ենք, որ առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ է քննարկել օրենսդրական կարգավորումների պրակտիկ իրացման տեսանկյունից՝ հնարավոր ռիսկերի համատեքստում:
2. Նախագծի 1-ին հոդվածում «2003 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:
3. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ցանկացած տեսակի գովազդը շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպչի կողմից, այդ թվում՝ արտաքին կամ ներքին: Այս առումով առաջարկում ենք կամ «Գովազդի մասին» օրենքում նախատեսել «ներքին գովազդի» վերաբերյալ դրույթներ՝ վերջինիս բովանդակությունը այլ նշանակությամբ մեկնաբանելուց խուսափելու նպատակով, կամ հանել «արտաքին կամ ներքին» բառերը:
4. Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված դրույթներն անհրաժեշտ է միավորել մեկ հոդվածում, քանի որ փոփոխությունները կատարվում են միևնույն հոդվածում: