ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱՆԴ/0025/11/16 |
ԵԱՆԴ/0025/11/16 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ |
| |
դիմողների ներկայացուցիչ |
Մ. Դավթյանի | |
|
2017 թվականի դեկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում 2015 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 17174315 քրեական գործը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գ.Հայրապետյանի (այսուհետ` նաև Քննիչ)` 2016 թվականի հունիսի 27-ի որոշմամբ թիվ 17174315 քրեական գործով վարույթը կարճվել է, և Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանների, Հովսեփ Հովհաննիսյանի, Վարդան Մելքոնյանի, Ալեքսանդր Քեշիշյանի և Աստղիկ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել վերջիններիս արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 38-178-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։
Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի (այսուհետ` նաև Դատախազ)` 2016 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ դիմողներ Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի ներկայացուցիչ Մ.Դավթյանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
2. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի հունվարի 23-ի որոշմամբ դիմողներ Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի ներկայացուցիչ Մ.Դավթյանի բողոքը մերժվել է։
3. Ներկայացուցիչ Մ.Դավթյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հունիսի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է` Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դիմողներ Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի իրավունքների ու ազատությունների խախտումները։
4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը։
Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել դիմողների ներկայացուցիչ Մ.Դավթյանը և դիմող Տ.Բելյավցևան` խնդրելով մերժել այն` պատճառաբանելով, որ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 20-ի որոշումն օրինական է և հիմնավոր։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի ապրիլի 3-ի վճռով մերժվել է Տատյանա Բելյավցևայի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 2010 թվականի նոյեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի գրավի և վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու մասին հայցը։ Վերջինս վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 2013 թվականի նոյեմբերի 27-ի որոշումներով մնացել է անփոփոխ (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 68-75)։
5.1 Քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Շ.Գևորգյանի` 2015 թվականի նոյեմբերի 3-ի հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) 2010թ. հոկտեմբեր ամսին ինձ օգնության հարցով դիմեցին Անահիտը, Գյուլնարան և Վահանը` խնդրելով, որ օգնեմ իրենց զարգացնելու իրենց համատեղ բիզնեսը։ Ես գիտեի, որ նրանք զբաղվում էին քաղցրավենիքի արտադրությամբ` ընտանիքի անդամներով և ՍՊԸ-ի տնօրենը Անահիտ Սիմոնյանն էր։ Վահանը, Անահիտը և Գյուլնարան ինձ ասացին, որ իրենց բիզնեսն աշխատում է 30 տոկոս հզորությամբ, իրենց գումար է անհրաժեշտ բիզնես ծավալելու համար, չունեն կանխիկ գումար` չասելով կոնկրետ որքան, իսկ բանկն էլ իրենց գումար կարող է տրամադրել այն դեպքում, երբ անշարժ գույք գրավադնեն, ուստի ինձ խնդրեցին գրավադնել իմ բնակարանը։ Ես փորձեցի օգնել նրանց և ասացի, որ կընդառաջեմ և բնակարանը կգրավադնեմ բանկում` հաշվի առնելով մեր վաղեմի ծանոթությունը և մտերմությունը։ (...) [Ի]նձ առաջարկեցին, որ ես լիազորագիր տամ Գյուլնարա Սիմոնյանի տվյալներով, որ նա իմ փոխարեն կարողանա բնակարանը գրավադնել «Հայբիզնեսբանկի» Արցախ մասնաճյուղում։ Ես համաձայնվեցի նրանց առաջարկին և խնդրանքին` առանց որևէ շահագրգռվածության, միայն ասացի նրանց, որ իմ կողմից լիազորագիր տալու մասին չհայտնեն կնոջս կամ ընտանիքիս որևէ անդամին, որ ավելորդ խոսակցություններ չլինեն մեր ընտանիքում (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 113-116)։
5.2 Նախաքննական մարմնի կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնից ստացված նյութերում առկա է Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանների կողմից 2011 թվականի մարտի 5-ին գրված և Շահեն Գևորգյանի ստորագրությամբ հաստատված պարտավորագիրն այն մասին, որ նրանք պարտավորվել են բնակարանը գրավից չհանելու դեպքում վճարել 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 228)։
6. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 23-ի որոշման համաձայն` «(…) Քրեական գործի նախաքննության ընթացքում Շ.Գևորգյանը հայտնել է, որ իր կամքով, առանց որևէ հարկադրանքի Սիմոնյաններին լիազորել է իր բնակարանի գրավադրման միջոցով բանկից վարկ ստանալու համար և պարտավոր էր գնահատել նաև այդ գործարքի հետևանքով առաջացած ռիսկերը։ Ավելին, հենց ինքն է խնդրել նշված գործարքի մասնակից չդարձնել իր կնոջը` Տ.Բելյավցևային և երեխաներին։
(…) Դատարանը հանգում է հետևության, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն է կատարել Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանների կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով Շահեն Գևորգյանին պատկանող գույքի հափշտակության, Վարդան Մելքոնյանի, Ալեքսանդր Քեշիշյանի, Հովսեփ Հովհաննիսյանի և Աստղիկ Ղազարյանի կողմից հանցակցությամբ նրանց օժանդակելու փաստերի շուրջ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2016թ-ի հունիսի 27-ի որոշումը կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և չեն խախտվել Շ.Գևորգյանի ու Տ.Բելյավցևայի իրավունքներն ու օրինական շահերը» (տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 81-84)։
7. Վերաքննիչ դատարանը, 2017 թվականի հունիսի 20-ի որոշմամբ վերլուծության ենթարկելով ՀՀ ընտանեկան, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության օրենսգրքերի և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի մի շարք իրավադրույթներ, նշել է. «(…) Վերաքննիչ դատարան[ն] (…) արձանագրում է, որ Շահեն Գևորգյանի կողմից ամուսնության ընթացքում ձեռք բերված վիճելի` ք.Երևան Ավան համայնք, Դուրյան թաղ. 38 շենքի թիվ 34 բնակարանը` 82,3 քմ մակերեսով, օրենքի ուժով հանդիսանում է Շահեն Գևորգյանի և Տատյանա Միխայլովնա Բելյավցևայի համատեղ սեփականությունը։
(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Շահեն Գևորգյանի կողմից վիճելի` ք.Երևան Ավան համայնք, Դուրյան թաղ. 38 շենքի թիվ 34 բնակարանը` 82,3 քմ մակերեսով, ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության ընթացքում։
(…) Հիմք ընդունելով վերոգրյալ հանգամանքներն իրենց համակցությամբ` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
ա. Շահեն Գևորգյանը չի ունեցել Տատյանա Բելյավցևայի կողմից տրված լիազորություններ` լիազորել Գյուլնարա Սիմոնյանին տնօրինման իրավունքը համատեղ սեփականություն հանդիսացող վիճելի բնակարանի նկատմամբ,
բ. Գյուլնարա Սիմոնյանը և մյուսներն ի սկզբանե տեղյակ են եղել, որ Շահեն Գևորգյանը և Տատյանա Բելյավցևան համատեղ ամուսնության կյանքում միասին են ձեռք բերել վիճելի բնակարանը,
գ. Երևան քաղաքի Նոր Նորքի նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանը, տեղյակ լինելով, որ վիճելի բնակարանն օրենքի ուժով հանդիսանում է Շահեն Գևորգյանի և Տատյանա Միխայլովնա Բելյավցևայի համատեղ սեփականությունը և բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված` գույքն ամուսիններից մեկի սեփականությունը հանդիսանալու հիմքերը, հաստատել է նոտարական գործողության կատարումը։
(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Նոր Նորքի նոտարական տարածքի նոտարի վավերացված փաստաթղթում (…) փոփոխությունը կատարվել է փաստաթուղթը վավերացնելուց հետո, ինչը [«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 45-րդ] հոդվածի 6-րդ մասի համաձայն` համարվում է առոչինչ։
(…)
Դատարանը սույն գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ գնահատման չի ենթարկել և չի հիմնավորել, թե արդյոք Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանների շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ։
Ավելին` Դատարանը չի ներկայացրել որևէ ողջամիտ պատճառաբանություն առ այն, որ մինչև Շահեն Գևորգյանի գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը, Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանները չեն դրսևորել գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և չեն ունեցել այն հափշտակելու նպատակ։
Վերաքննիչ դատարանը փաստում է այն հանգամանքը, որ սույն որոշմամբ արված եզրահանգումները չեն կարող դիտվել որպես հանցանքի կատարման մեջ որևէ անձի մեղքի կանխորոշված լինելու վերաբերյալ պատշաճ դատողություններ, այլ արձանագրում է, որ քրեական հետապնդման մարմինները պետք է ստուգման և իրավական գնահատման արժանացնեն քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բոլոր փաստական տվյալները, և դրանց արդյունքներով գան համապատասխան եզրահանգման։
Քրեական հետապնդման մարմնի կողմից թույլ տրված խախտումներն ընդհանուր իրավասության դատարանի կողմից պատշաճ ստուգման և իրավական գնահատականի չեն արժանացել, ինչի արդյունքում կայացվել է դիմողներ Շահեն Գևորգյանի և Տատյանա Բելյավցևայի իրավունքները և ազատությունները խախտող դատական ակտ։ (…)» (տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 128-140)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի կարծիքով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչպես նաև չի հետևել Վճռաբեկ դատարանի` Ռ.Բալասանյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին։
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բեկանման հիմքում դրված պատճառաբանությունները քաղաքացիաիրավական բնույթի վեճերի առարկա են կազմել և լուծվել են քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական կանոններով։ Նման պայմաններում, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով արձանագրել է անհրաժեշտություն` դիմողների ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով արդեն իսկ գործադրված քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական գործիքակազմը փոխարինելու քրեաիրավական և քրեադատավարական միջոցներով, ինչն էլ նախադեպային իրավունքի ուժով անթույլատրելի է։
8.1 Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բեկանման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ վերջինս չի ներկայացրել որևէ ողջամիտ պատճառաբանություն այն մասին, որ Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանները չեն դրսևորել գույքը հափշտակելու նպատակ և ուղղակի դիտավորություն` բողոքաբերն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանը քննության է առել ոչ թե քրեական գործ, այլ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված բողոք, ուստի որևէ մեկի գործողություններում շահադիտական նպատակի և ուղղակի դիտավորության առկայության կամ բացակայության մասին չէր կարող հանգել նման հետևության։
Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտի բեկանման հիմքում դրել է գործն ըստ էության լուծող դատական ակտերի բեկանման պատճառաբանությունը, արդյունքում դուրս գալով վերոնշյալ երկու տեսակի դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր համար սահմանված կանոններից։
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք դիմողներ Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի իրավունքների և ազատությունների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»։
Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`
ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,
բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել» (տե՛ս Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 13-րդ կետը)։
12. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ։ Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Լ.Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փոտրվարի 29-ի որոշման 30-րդ կետը, Վ.Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռ.Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը)։
12.1 Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ, քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով Քննիչի և Դատախազի որոշումների դեմ դիմողներ Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի ներկայացուցիչ Մ.Դավթյանի բողոքը, մերժել է այն` նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Շ.Գևորգյանը հայտնել է, որ իր կամքով, առանց որևէ հարկադրանքի Սիմոնյաններին լիազորել է իր բնակարանի գրավադրման միջոցով բանկից վարկ ստանալու համար և պարտավոր էր գնահատել նաև այդ գործարքի հետևանքով առաջացած ռիսկերը։ Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ հենց Շ.Գևորգյանն է խնդրել նշված գործարքի մասնակից չդարձնել իր կնոջը` Տ.Բելյավցևային, և երեխաներին։ Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վիճարկվող որոշումները կայացվել են քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, իսկ Շ.Գևորգյանի ու Տ.Բելյավցևայի իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ`
- վեճի առարկա բնակարանը ձեռք է բերվել Շ.Գևորգյանի և Տ.Բելյավցևայի օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության ընթացքում,
- վեճի առարկա բնակարանը հանդիսանում է Շ.Գևորգյանի և Տ.Բելյավցևայի համատեղ սեփականությունը,
- Շ.Գևորգյանը չի ունեցել Տ.Բելյավցևայի կողմից տրված լիազորություններ` վեճի առարկա բնակարանի նկատմամբ տնօրինման իրավունքը Գ.Սիմոնյանին փոխանցելու համար,
- Գ.Սիմոնյանը և այլ անձինք ի սկզբանե տեղյակ են եղել, որ Շ.Գևորգյանը և Տ.Բելյավցևան համատեղ ամուսնական կյանքում միասին են ձեռք բերել վիճելի բնակարանը,
- նոտար Ն.Գասպարյանը, տեղյակ լինելով, որ վիճելի բնակարանն օրենքի ուժով հանդիսանում է Շ.Գևորգյանի և Տ.Բելյավցևայի համատեղ սեփականությունը, և բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված` գույքն ամուսիններից մեկի սեփականությունը հանդիսանալու հիմքերը, հաստատել է նոտարական գործողության կատարումը,
- նոտար Ն.Գասպարյանի կողմից վավերացված փաստաթղթում ուղղում կատարվել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ։
Ընդ որում Տատյանա Բելյավցևայի` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 2010 թվականի նոյեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի գրավի և վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու մասին հայցն արդեն իսկ քաղաքացիադատավարական կարգով իրավասու դատարանի կողմից քննվելու արդյունքում 2013 թվականի ապրիլի 3-ի վճռով մերժվել է, որը վերադաս ատյանի դատարանների կողմից վերանայվելու արդյունքում մտել է օրինական ուժի մեջ։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործով ձեռք բերված ապացույցները և չի հիմնավորել, թե արդյոք Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանների շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գործարքի կնքումից առաջ, ինչպես նաև այն, որ մինչև Շահեն Գևորգյանի գույքը վերցնելը կամ գույքին տիրանալն Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանները չեն դրսևորել գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և չեն ունեցել այն հափշտակելու նպատակ։
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ որոշմամբ արված եզրահանգումները չեն կարող դիտվել որպես հանցանքի կատարման մեջ որևէ անձի մեղքը կանխորոշված լինելու վերաբերյալ պատշաճ դատողություններ, այլ արձանագրում է, որ քրեական հետապնդման մարմինները պետք է ստուգման և իրավական գնահատման արժանացնեն քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բոլոր փաստական տվյալները և դրանց արդյունքներով գան համապատասխան եզրահանգման (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դիմողների ներկայացուցչի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել դիմողների իրավունքների ենթադրյալ խախտումները, առանց պատշաճ իրավական գնահատականի արժանացնելու այն, որ դիմողների կողմից Քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են բացառապես քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա և այդ ընթացակարգերով արդեն իսկ քննարկված հարցեր։
Այսպես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առնել այն, որ Շահեն Գևորգյանի և Անահիտ, Գյուլնարա, Վահան Սիմոնյանների միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են, կնքվել են կողմերի փոխադարձ կամահայտնության հիման վրա։ Ընդ որում, այդ մասին հայտնել է հենց Շ.Գևորգյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում` նշելով, որ առանց կնոջը և ընտանիքի այլ անդամներին հայտնելու, ինքը համաձայնել է 2010 թվականին գրավադնել իր բնակարանը` ցանկանալով օգնել Սիմոնյանների ընտանիքին` հաշվի առնելով նրանց հետ ունեցած վաղեմի ծանոթությունն ու մտերմությունը (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը)։ Ավելին` բնակարանը գրավադնելուց հետո նշված քաղաքացիական իրավահարաբերության փաստը կողմերի միջև վերահաստատվել է նաև Անահիտ, Գյուլնարա և Վահան Սիմոնյանների կողմից գրված և Շ.Գևորգյանի ստորագրությամբ հաստատված 2011 թվականի մարտի 5-ի պարտավորագրով առ այն, որ բնակարանը գրավից չհանելու դեպքում Սիմոնյանները պետք է վճարեն 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը)։
Այսինքն` վերոնշյալ հանգամանքների համակցությունը ցույց է տալիս, որ Շ.Գևորգյանի և Սիմոնյանների ընտանիքի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրում են բացառապես քաղաքացիական բնույթ, սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել վերոնշյալ հանգամանքները, ավելին` վերլուծության ենթարկելով ՀՀ ընտանեկան, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի մի շարք իրավադրույթներ` արձանագրել է վեճի առարկա բնակարանի նկատմամբ ինչպես Շ.Գևորգյանի, այնպես էլ Տ.Բելյավցևայի սեփականության իրավունքի առկայության, ինչպես նաև շահագրգիռ անձանց կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարման փաստերը։ Այնինչ, նշված փաստական հանգամանքների հաստատման իրավասությունը դուրս է գտնվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական ակտի օրինականությունը վերանայող դատարանի լիազորությունների սահմաններից։ Ավելին` Վերաքննիչ դատարանի կողմից ուշադրության չի արժանացվել այն հանգամանքը, որ, ըստ էության, նշված փաստական հանգամանքների վերաբերյալ առկա է քաղաքացիական օրենսդրության պահանջներին համապատասխան կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։
Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով վեճի առարկա իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթը, հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն է կատարել ներկայացված հաղորդումներում նկարագրված դեպքի առթիվ, և կայացված որոշմամբ չեն խախտվել դիմողներ Շ.Գևորգյանի ու Տ.Բելյավցևայի իրավունքներն ու օրինական շահերը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողներ Տ.Բելյավցևայի և Շ.Գևորգյանի իրավունքների և ազատությունների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 20-ի որոշումը բեկանելու հիմք է։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 23-ի որոշմանը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմողներ Տատյանա Միխայլովնա Բելյավցևայի և Շահեն Նիկոլայի Գևորգյանի ներկայացուցիչ Մ.Դավթյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 23-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |