ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2018 թվականի N 1106-Ն
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի 12-րդ պարբերությունը, «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցների պաշտոնների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1106 -Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ
1. Սույն կանոններով սահմանվում են հետաքննության մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմիններ)՝ դեպքի վայրը պահպանելու պարտականություն ունեցող աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու միասնական կազմակերպաիրավական բնույթի միջոցառումներ:
2. Սույն կանոնների իմաստով դեպքի վայր է այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը և (կամ) առկա են կամ ողջամտորեն կարող են առկա լինել հանցագործության հետքեր:
3. Սույն կանոնների համաձայն՝ իրավասու մարմինների աշխատակիցներն իրենց իրավասության սահմաններում պահպանում են դեպքի վայրը, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները, ձեռնարկում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ՝ դրանց վնասելը, տեղաշարժելը կամ կորուստը կանխելու ուղղությամբ:
4. Դեպքի վայրում իրավասու մարմինների աշխատակիցները պարտավոր են.
1) անմիջապես դեպքի վայրից հեռացնել քրեական վարույթի մասնակից չհանդիսացող կամ դեպքի վայրում զննությանը մասնակցելու լիազորություն չունեցող անձանց.
2) ապահովել դեպքի վայրի պահպանությունը՝ ժապավեններով կամ այլ եղանակով այն մեկուսացնելով (սահմանազատված տարածք)՝ բացառությամբ, երբ դեպքի վայրը գտնվում է հակառակորդի կողմից դիտարկվող տարածքում կամ գործել է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է իրականացնել համապատասխան գործողություններ.
3) արգելել առանց դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվության, քրեական վարույթի մասնակից չհանդիսացող կամ դեպքի վայրում գտնվելու լիազորություն չունեցող անձանց (հանրային ծառայողներին և այլն) սահմանազատված տարածք մուտք գործել.
4) կատարել դեպքի վայրի պահպանման վերաբերյալ դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի օրինական պահանջները:
5. Իրավասու մարմնի աշխատակիցներին, մինչև դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ժամանելը, արգելվում է դեպքի վայրում առկա առարկաներին դիպչել, տեղափոխել կամ փոփոխել դրանք՝ բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքերի:
6. Եղանակային (անձրև, քամի, ձյուն և այլն) և այլ գործոններով պայմանավորված՝ հանցագործության հետքերի և դեպքի վայրում առկա այլ առարկաների վնասման կամ ոչնչացման սպառնալիքի դեպքում՝ իրավասու մարմնի աշխատակիցները դրանց պահպանման նպատակով ձեռնարկում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ:
7. Սույն կանոնների 6-րդ կետով սահմանված՝ դեպքի վայրում առկա առարկաները տեղաշարժելու դեպքում՝ իրավասու մարմնի աշխատակիցներն ամրագրում են (գրառում, լուսանկարահանում) առարկաների նախնական դիրքը:
8. Դեպքի վայրում իրավասու մարմնի աշխատակիցներին արգելվում է իրականացնել դեպքի վայրի պահպանության հետ չառնչվող ոչ դատավարական բնույթի գործողություններ (ծխել, նետել առարկաներ և այլն):
9. Դեպքի վայրի պահպանությանն ուղղված գործողությունները դադարեցվում, դեպքի վայրի զննության ապահովմանն ուղղված ժապավենները կամ այլ միջոցները դեպքի վայրից հանվում են միայն դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |