Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-4-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով կարգավորվում են զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմունքները, գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջների, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Զբոսաշրջային գործունեության իրավական կարգավորումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) այցելու` ֆիզիկական անձ, որը ցանկացած նպատակով (գործնական, հանգստի կամ անձնական) ճանապարհորդում է իր հիմնական կացության վայրից այլ վայր մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ ժամանման վայրում ռեզիդենտ ֆիզիկական անձի կամ կազմակերպության կողմից վճարվող աշխատանքի կամ ծառայության մեջ ներգրավվելու դեպքերի։

Սահմանային, սեզոնային կամ այլ կարճաժամկետ աշխատանքի, ցանկացած բնագավառում հեռավար (թվային) աշխատանքի, դիվանագիտական, հյուպատոսական, զինվորական ծառայության, երկարաժամկետ (մեկ տարի և ավելի) կրթություն ստանալու, երկարաժամկետ (մեկ տարի և ավելի) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակներով ճանապարհորդող ֆիզիկական անձինք այցելու չեն համարվում.

2) զբոսաշրջիկ` այցելու, որը ժամանման վայրում անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց, սակայն ճանապարհորդությունը տևում է մինչև մեկ տարի.

3) մեկօրյա այցելու՝ այցելու, որը ժամանման վայրում չի անցկացնում առնվազն մեկ գիշերակաց.

4) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն, որը միավորում է մեկ կամ մի քանի տեսակի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կամ ներկայացնում է այդ անձանց շահերը և սույն օրենքով սահմանված կարգով ընտրվելու դեպքում որակավորում է զբոսաշրջային ծառայությունները կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտները․

5) զբոսաշրջություն` ճանաչողական, հանգստի, հարազատներին այցելության, առողջարարական, վերականգնողական, գործնական, կրթական, կրոնական, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, համաժողովների, տոնակատարությունների, ցուցահանդեսների, մշակութային, բնապահպանական, գործառնական նշանակության և այլ բնույթի միջոցառումների մասնակցելու և այլ նպատակներով մինչև մեկ տարի ժամկետով ճանապարհորդություն հիմնական կացության վայրից այլ վայր.

6) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով ռեզիդենտ համարվող ֆիզիկական անձ.

7) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով ոչ ռեզիդենտ համարվող ֆիզիկական անձ.

8) ներգնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.

9) արտագնա զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

10) ներքին զբոսաշրջություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.

11) զբոսաշրջային ծառայություններ են՝

ա. ուղևորափոխադրման,

բ. հյուրանոցային,

գ. էքսկուրսային,

դ. ավտոտրանսպորտային միջոցի վարձույթի,

ե․ զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող որևէ այլ ծառայություն, որը սույն կետի «ա»-«դ» ենթակետերում նշված ծառայությունների անբաժանելի մաս չի կազմում.

12) զբոսաշրջային փաթեթ` միևնույն այցելության ընթացքում առնվազն երկու տարբեր տեսակի զբոսաշրջային ծառայությունների համալիր, եթե զբոսաշրջային ծառայությունները համակցվում են (ներառյալ զբոսաշրջիկի ընտրությամբ) զբոսաշրջային գործունեության միևնույն սուբյեկտի կողմից նախքան զբոսաշրջային փաթեթի մեկ միասնական պայմանագիր կնքելը, կամ առանձնացված պայմանագրեր կնքելու դեպքում այդ զբոսաշրջային ծառայությունները՝

ա. ձեռք են բերվում զբոսաշրջային գործունեության միևնույն սուբյեկտից և համակցվում են մինչև գործարքի վճարման համար համաձայնություն տալը կամ

բ. առաջարկվում, իրացվում են, կամ դրանց դիմաց վճարումը կատարվում է պայմանագրի ամբողջական գնով, իսկ առանձնացված պայմանագրերի դեպքում՝ այդ պայմանագրերի հանրագումարով (ներառական գին), կամ

գ. գովազդվում կամ իրացվում են «զբոսաշրջային փաթեթ» կամ նմանատիպ այլ եզրույթի կիրառմամբ կամ

դ. զբոսաշրջիկի հետ պայմանագիր կնքելուց հետո համակցվում են զբոսաշրջիկի ընտրությամբ կամ

ե. ձեռք են բերվում զբոսաշրջային գործունեության տարբեր սուբյեկտներից միմյանց հետ կապված առցանց ամրագրման ընթացակարգերով, երբ զբոսաշրջիկի հետ առաջին պայմանագիրը կնքած անձի կողմից զբոսաշրջիկի անձնական տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն և վճարման պայմանները փոխանցվում են ծառայություններ մատուցող երրորդ անձանց, իսկ ծառայություններ մատուցող երրորդ անձանց հետ պայմանագրերը կնքվում են առաջին զբոսաշրջային ծառայության ամրագրման հաստատումից հետո՝ 24 ժամվա ընթացքում.

13) զբոսաշրջային փաթեթի պայմանագիր` մեկ միասնական կամ առանձնացված պայմանագրեր, որոնք ներառում են միևնույն այցելության ընթացքում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների պայմանները.

14) զբոսաշրջային փաթեթի մեկնարկ` զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների մատուցումն սկսելու ամսաթիվը.

15) տուր` առնվազն երկու տարբեր զբոսաշրջային ծառայությունների համալիր, որն առաջարկվում կամ իրացվում է մեկ ընդհանուր գնով, սակայն չի պարունակում գիշերակաց և իրականացվում է 24 ժամվա ընթացքում.

16) զբոսաշրջային ռեսուրսներ` զբոսաշրջիկների մտավոր, նյութական, ֆիզիկական և այլ պահանջմունքների բավարարմանն ուղղված պատմամշակութային, կրոնական, բնական, մարդկային, առողջարարական, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային և այլ ռեսուրսներ, որոնք կարող են հանդիսանալ զբոսաշրջային արդյունք կամ գրավչության օբյեկտ կամ ներառվել զբոսաշրջային փաթեթում.

17) զբոսաշրջային արդյունք (պրոդուկտ)` մեկ կամ մի քանի զբոսաշրջային ռեսուրս կամ ծառայություն, որոնք առաջարկվում են զբոսաշրջիկին.

18) զբոսաշրջային գործունեության սուբյեկտ՝ զբոսաշրջային օպերատոր կամ զբոսաշրջային գործակալ.

19) զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ, որը ձևավորում և անմիջականորեն կամ զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ, զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալով, իրացնում կամ առաջարկում է զբոսաշրջային փաթեթ, տուր կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայություններ կամ փոխանցում է զբոսաշրջիկի տվյալները զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի՝ համաձայն սույն հոդվածի 12-րդ կետի «ե» ենթակետի.

20) զբոսաշրջային գործակալ` զբոսաշրջային օպերատոր չհանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն անհատ զբոսաշրջիկին կամ զբոսաշրջիկների խմբին տրամադրում է զբոսաշրջության հետ կապված խորհրդատվություն կամ առաջարկում կամ վաճառում է զբոսաշրջային օպերատորի ձևավորած զբոսաշրջային փաթեթ կամ առանձին զբոսաշրջային ծառայություններ.

21) ներգնա զբոսաշրջային գործակալ` ներգնա զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ.

22) ներքին զբոսաշրջային գործակալ` ներքին զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ.

23) արտագնա զբոսաշրջային գործակալ` արտագնա զբոսաշրջություն կազմակերպող զբոսաշրջային գործակալ.

24) զբոսավար` սույն օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ստացած անձ, որը զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, նվաճումների, բնության, աշխարհագրության, պետության կառուցվածքի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի և ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կենցաղավարության մասին և զբոսաշրջային երթուղու շրջանակներում մատուցում է զբոսաշրջիկների դիմավորման, տեղաբաշխման, տեղավորման, սննդի կազմակերպման և այլ ծառայություններ.

25) ուղեկցորդ` սույն օրենքով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձ, որը զբոսաշրջային գործունեության սուբյեկտի տրամադրած երթուղու շրջանակներում ուղեկցում է զբոսաշրջիկներին, ապահովում է ժամանակին և պատշաճ որակով ծառայությունների մատուցումը և (կամ) ֆիզիկական վնասվածքի ռիսկ պարունակող երթուղիների ընթացքում, տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված, իրականացնում է անվտանգության կանոնների հրահանգավորման և աջակցման գործառույթներ.

26) զբոսաշրջային ավտոբուս՝ առնվազն 9 նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղի) և զբոսաշրջային ավտոբուսի որակավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոց, որով իրականացվում է զբոսաշրջիկների ոչ կանոնավոր փոխադրում.

27) զբոսաշրջային երթուղի` զբոսաշրջային գրավչության օբյեկտներ և վայրեր միավորող երթուղի.

28) զբոսաշրջային ուղևորափոխադրող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը զբոսաշրջային ավտոբուսներով իրականացնում է ոչ կանոնավոր զբոսաշրջային ուղևորափոխադրումներ.

29) զբոսաշրջային կենտրոն` Կառավարության որոշմամբ սահմանված՝ նշանակալի զբոսաշրջային ռեսուրս պարունակող բնակավայր, վարչական շրջան կամ վարչատարածքային միավոր, ինչպես նաև դրանց համախումբ.

30) զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում զբոսաշրջային կենտրոնի կայուն զարգացման և կառավարման ծրագիր, որը կարող է բաղկացած լինել զբոսաշրջային կենտրոնում ներառված առանձին բնակավայրերի, վարչական շրջանների կամ վարչատարածքային միավորների զարգացման ծրագրերից.

31) զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որի գործառույթները սահմանվում են այդ կազմակերպության կանոնադրությամբ և կարող են ընդգրկել զբոսաշրջային ռեսուրսների թողունակության գնահատումը, զբոսաշրջային կենտրոնի ճանաչելիության բարձրացումը, դեպի այդ կենտրոն զբոսաշրջիկների հոսքերի ուղղորդումը և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ զբոսաշրջային կենտրոնների կայուն զարգացումը.

32) զբոսաշրջային փորձառություն՝ մշակութային, ձեռագործ աշխատանքի, խոհարարության կամ արվեստի կամ արհեստի կամ այլ բնագավառի վերաբերյալ հատուկ գիտելիքներ կամ հմտություններ պահանջող անձի առաջնորդությամբ կամ ցուցումներով զբոսաշրջիկի ներգրավմամբ անցկացվող գործնական կամ տեսական պարապմունքների կամ դասընթացների կազմակերպում կամ անցկացում այդ գիտելիքների ցուցադրման կամ փոխանցման համար հատուկ հարմարեցված վայրերում, որով զբոսաշրջիկը կարող է ձեռք բերել այդ բնագավառի գիտելիքներ կամ հմտություններ՝ միաժամանակ ծանոթանալով հայկական կամ ազգային փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին.

33) զբոսաշրջային գյուղ` Կառավարության որոշմամբ սահմանված՝ նշանակալի զբոսաշրջային ռեսուրսներ պարունակող գյուղական բնակավայր.

34) հյուրանոցային տնտեսության օբյեկտ` սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված օբյեկտ.

35) հյուրանոցային ծառայություն մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ կառավարման իրավունքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքով տիրապետում կամ կառավարում և շահագործում է հյուրանոցային տնտեսության օբյեկտ.

36) հյուրանոցային համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտում զբոսաշրջիկի կացության (գիշերակացի) համար կահավորված առանձնացված գույքային միավոր.

37) սպառող՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցումից օգտվող ֆիզիկական անձ.

38) զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն՝ իրավաբանական անձ, որը սպառողին թերթոնների, քարտեզների և գրավոր այլ տեղեկատվական նյութերի միջոցով անվճար տրամադրում է անկողմնակալ և համարժեք տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային գրավչությունների, դրանց տեղակայման վայրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մատուցվող զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ՝ առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու.

39) զբոսաշրջային գործունեություն` իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեություն։

 

ԳԼՈՒԽ 2

 

 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 4. Զբոսաշրջության բնագավառում Կառավարության լիազորությունները

 

1. Զբոսաշրջության բնագավառում Կառավարությունը`

1) հաստատում է զբոսաշրջության բնագավառում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին օժանդակության ծրագրեր.

2) ընդունում է զբոսաշրջային կենտրոններ, զբոսաշրջային գյուղեր հայտարարելու վերաբերյալ որոշումներ, հաստատում է դրանց կառավարման պլանը՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների հաստատած ծրագրերի դրույթները.

3) սահմանում է անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները.

4) հաստատում է զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը.

5) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 5. Զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմինը`

1) հաստատում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված տարեկան ծրագրերը, ծրագրերի իրականացման միջոցառումների ժամանակացույցները և ծրագրերի իրականացման միջոցառումների ծախսերի նախահաշիվները.

2) հաստատում է զբոսաշրջային կենտրոններ կամ զբոսաշրջային գյուղեր հայտարարելու համար պահանջվող նվազագույն չափանիշները, այդ թվում՝ քաղաքաշինական և բնապահպանական հատուկ նորմերը, զարգացման նպատակները, խնդիրները, միջոցառումները, անհրաժեշտության դեպքում՝ աշխարհագրական առանձին տարածքների համար սահմանելով այդ տարածքների առանձնահատկություններից բխող նորմեր.

3) հաստատում է զբոսաշրջային երթուղիներ.

4) հաստատում է զբոսաշրջային փորձառությունների որակավորման չափանիշները, ընթացակարգերը, որակավորման վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը, որակավորման վկայականների ու տարբերանշանների ձևերը.

5) հաստատում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունում ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվողական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը.

6) իրականացնում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 6. Զբոսաշրջության կոմիտեի լիազորությունները

 

1. Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) զբոսաշրջության բնագավառում սույն օրենքով սահմանված լիազորություններ կրող իրավասու պետական մարմին է։

2. Կոմիտեն՝

1) մշակում և պետական լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում սույն օրենքով Կառավարության և պետական լիազոր մարմնի կողմից հաստատման (սահմանման) ենթակա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ.

2) մշակում է զբոսաշրջության բնագավառի ռազմավարությունը, զարգացման տարեկան ծրագրերը, ծրագրերի իրականացման միջոցառումների ժամանակացույցները և ծրագրերի իրականացման միջոցառումների ծախսերի նախահաշիվները, ապահովում դրանց իրականացումը և մշտադիտարկումը.

3) տեղական ինքնակառավարման մարմինների քննարկմանն է ներկայացնում զբոսաշրջային կենտրոնի կամ զբոսաշրջային գյուղի կարգավիճակի հայտարարման համար անհրաժեշտ առաջարկներ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ առաջարկություններ.

5) վարում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանը.

6) վարում է զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը․

7) միջազգային համագործակցության շրջանակներում մշակում և իրավասու պետական կառավարման մարմնի քննարկմանն է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության բնագավառում միջգերատեսչական պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերների հետ հարաբերություններում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը.

8) կազմակերպում է զբոսաշրջությանն ուղղված տեղեկատվական, գովազդային և հրատարակչական գործունեություն.

9) մշակում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ գովազդի բովանդակությունը և պատասխանատու է իր կազմած կամ պատվիրած գովազդներում, թերթոններում, հրապարակումներում տեղ գտած տեղեկատվության բովանդակության ճշգրտության, դրանցում վիրավորանք, զրպարտություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ կնքված պայմանագրերի դրույթները խախտող տեղեկատվություն ներառելու համար.

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հարցումների հիման վրա տրամադրում է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվություն.

11) զբոսաշրջության բնագավառում ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործունեություն.

12) հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով իրականացնում է մարդկային ռեսուրսների պատրաստման կամ վերապատրաստման աջակցությանն ուղղված գործունեություն՝ համագործակցելով համապատասխան լիազոր մարմնի հետ.

13) իրականացնում է զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և զբոսաշրջային փորձառությունների որակավորում.

14) ապահովում է որակավորված զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների և զբոսաշրջային փորձառությունների պարբերական գնահատման աշխատանքները․

15) իրականացնում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակում զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործունեություն.

16) իրականացնում է մարկետինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ.

17) ներկայացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքը (այդ թվում՝ գովազդատեղեկատվական նյութերը)` խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարկետինգի և հասարակության հետ կապերի այլ միջոցներով.

18) պետական իրավասու կառավարման մարմին է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջային կենտրոններում, զբոսաշրջային գյուղերում և զբոսաշրջության համար կարևոր նշանակություն ունեցող այլ վայրերում տնտեսական և քաղաքաշինական գործունեության չափորոշիչների վերաբերյալ.

19) հաստատում է իր պաշտոնական կայքի վարման կարգը.

20) իրականացնում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 3

 

 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

Հոդված 7. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանը

 

1. Էլեկտրոնային գրանցամատյանի վարման նպատակն է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման միջոցով նպաստել՝

1) սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանը.

2) Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության բնագավառում պետական արդյունավետ քաղաքականության մշակմանը։

2. Էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 8. Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանը

 

1. Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման կարգը, տվյալների բազայի բովանդակությունը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը։

2. Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման գործընթացում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են Կոմիտեին տրամադրել զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆՔ, ՆՐԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 9. Զբոսաշրջության բնագավառում որակավորումը

 

1. Զբոսաշրջության բնագավառում որակավորումը պետական լիազոր մարմնի կամ սույն օրենքով սահմանված դեպքերում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտի, զբոսաշրջային ավտոբուսի, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի, զբոսավարի, ուղեկցորդի, զբոսաշրջային փորձառությունների` սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափորոշիչներին և պահանջներին համապատասխանության հաստատումն է:

2. Որակավորման արդյունքներով հյուրանոցային տնտեսության օբյեկտին տրամադրվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակավորման կարգ, իսկ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությանը, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնին, զբոսավարին, ուղեկցորդին, զբոսաշրջային ավտոբուսին և զբոսաշրջության փորձառություններին` որակավորում, կամ մերժվում է որակավորման կամ որակավորման կարգի տրամադրումը:

3. Որակավորում կամ որակավորման կարգ տրամադրելու դեպքում տրվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևի որակավորման վկայական։

4. Որակավորման կամ որակավորման կարգի տրամադրումը մերժվում է, եթե հյուրանոցային տնտեսության օբյեկտը, զբոսաշրջային ավտոբուսը, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունը, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, զբոսավարը, ուղեկցորդը կամ զբոսաշրջային փորձառությունը՝

1) չեն համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափորոշիչներին և պահանջներին.

2) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցում իրականացնելու պարտականություն ունենալու դեպքում չեն ծանուցել, կամ գործունեությունը դադարել է, եթե առկա է ծանուցման պահանջ.

3) որակավորման համար ներկայացրել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ։

5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտը, զբոսաշրջային ավտոբուսը, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունը, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, զբոսավարը, ուղեկցորդը, զբոսաշրջային փորձառությունները զրկվում են սույն օրենքով սահմանված կարգով տրված որակավորումից կամ որակավորման կարգից, եթե ի հայտ են եկել սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը։

 

Հոդված 10. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց դասակարգումը

 

1. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք են՝

1) հյուրանոցային ծառայություն մատուցող անձը.

2) զբոսաշրջային օպերատորը.

3) զբոսաշրջային գործակալը.

4) զբոսավարը.

5) ուղեկցորդը.

6) զբոսաշրջային ավտոբուսով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձը.

7) սույն օրենքի 3-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված այլ ծառայություններ մատուցող անձինք։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը ենթակա է ծանուցման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով։

 

Հոդված 11. Հյուրանոցային ծառայությունները

 

1. Հյուրանոցային ծառայություններ են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման հետ կապված, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ծառայությունները:

2. Նվազագույն հյուրանոցային ծառայություններ են`

1) կացարանի և սանհանգույցի տրամադրումը.

2) կացարանի ու սանհանգույցի մաքրումը և անկողնու հարդարումը։

 

Հոդված 12. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակներին ներկայացվող նվազագույն պահանջները

 

1. Հյուրանոցը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ, և առկա է առնվազն 10 հյուրանոցային համար, որոնցից առնվազն 3-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով։

2. Ապարտհոթելը (aparthotel) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար հարմարեցված, խոհանոցային հատված ունեցող և համապատասխան սարքավորումներով կահավորված, համեմատաբար երկար ժամկետով մնացող սպառողների համար նախատեսված շինություն է, որը նախատեսված չէ սպառողների մշտական բնակության համար։

3. Մոթելը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որը գտնվում է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հարևանությամբ, բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, ունի առնվազն 6 հյուրանոցային համար (մեկ կամ երկտեղանոց), և որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ: Մոթելում, որպես կանոն, մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ:

4. Առողջարանը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, մատուցվում են նաև հատուկ կարգի ծառայություններ (առողջարանային, բուժական, վերականգնողական), օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում մատուցվում են նաև բժշկական օգնություն և սպասարկում:

5. Հոսթելը հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ։ Հոսթելն ունի գիշերելու համար առնվազն 10 ննջատեղ:

6. Մասնագիտացված ճամբարը կամ տունը շարժական կամ անշարժ հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ կամ որին հարակից տարածքներում որոշակի ոլորտում մասնագիտացված անձանց (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան (դպրոցահասակ զբոսաշրջիկների համար), մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) մատուցվում են հյուրանոցային ծառայություններ:

7. Հանգստյան տունը (պանսիոնը) հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ, որպես կանոն, այցելում են ժամանցի, արձակուրդի և հանգստի այլ ձևերի նպատակով, և որտեղ, բացի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ։

8. Ճամբարային բնակատեղին (քեմփինգը) հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ գիշերակացի և սննդի կազմակերպման ծառայությունները մատուցվում են շարժական գույքի օգտագործմամբ կամ վրաններում:

9. Զբոսաշրջային տունը (B&B) ֆիզիկական անձի (հյուրընկալի) կողմից տիրապետվող և օգտագործվող ու բնակության համար նախատեսված տուն կամ բնակարան է, որտեղ, զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար հարմարություններ ստեղծելով, մատուցվում են նախաճաշի տրամադրմամբ զուգորդվող նվազագույն հյուրանոցային ծառայություններ։ Որպես կանոն՝ հյուրընկալը բնակվում է այդ տանը, իսկ նախաճաշը պատրաստում է հյուրընկալը կամ նրա ընտանիքի անդամը։

10. Հյուրատունը հյուրանոցային ծառայություններ մատուցող բնակելի տուն կամ առանձին շինություն կամ շինությունների համակցություն է, որն ընդհանուր առմամբ ունի առավելագույնը 9 առանձնացված հյուրանոցային համար։

 

Հոդված 13. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը

 

1. Հյուրանոցային ծառայությունները մատուցվում են բացառապես հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները կարող են որակավորվել։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը կամավոր է։

3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը սահմանում է Կառավարությունը։

4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է սույն հոդվածով սահմանված կարգով ընտրված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի։

5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը հաստատում է Կառավարությունը։

6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման պահանջը համարվում է բավարարված, եթե դրանք ունեն Կառավարության որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող միջազգային որակավորում։

7. Մրցույթով ընտրված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը ընտրվելուց հետո իր կանոնադրության փոփոխությունները համաձայնեցնում է Կոմիտեի հետ, եթե այդ փոփոխությունները կարող են հանգեցնել կամ ազդեցություն ունենալ որակավորման գործառույթի վրա։

8. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության մրցույթը չկայանալու, մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչվելու կամ այլ հիմքով մրցույթի միջոցով ընտրություն կազմակերպելու անհնարինության դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը իրականացնում է Կոմիտեն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա։

 

Հոդված 14. Հյուրանոցային ծառայություններին ներկայացվող պահանջները

 

1. Պետական լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները։

2. Նոր կառուցվող հյուրանոցներում և առողջարաններում պետք է ապահովված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու հնարավորություն, որի մասին տեղեկատվությունը տեղադրվում և մշտապես պահվում է հյուրերի համար տեսանելի հատվածներում։

 

Հոդված 15. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջները

 

1. Կառավարությունը սահմանում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններ և պահանջներ:

2. Զբոսաշրջային գործունեության սուբյեկտը ծանուցման հետ պարտավոր է ներկայացնել փաստաթղթեր սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոններին և պահանջներին իր համապատասխանության վերաբերյալ։

3. Զբոսաշրջային օպերատորը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման հետ պարտավոր է ներկայացնել սույն հոդվածով նախատեսված երաշխիք, եթե նախատեսում է մատուցել արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայություններ։

4. Արտագնա զբոսաշրջային գործակալը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման հետ պարտավոր է ներկայացնել երաշխիք, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի։

5. Արտագնա զբոսաշրջային գործակալը չի ներկայացնում երաշխիք, եթե առաջարկում կամ վաճառում է բացառապես զբոսաշրջային օպերատորի ձևավորած զբոսաշրջային փաթեթները կամ այդպիսի ծառայություններ է մատուցում զբոսաշրջային օպերատորի անունից։

6. Զբոսաշրջային օպերատորի և արտագնա զբոսաշրջային գործակալի կողմից ներկայացվող երաշխիքի ձևը, նպատակը, չափերը, պարբերականությունը, ներկայացման կարգը, երաշխիքի տեքստի օրինակելի ձևը, երաշխիք տրամադրող կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, երաշխիքով պահանջ ներկայացնելու, երաշխիքի գումարը բաշխելու և երաշխիքը դադարեցնելու կարգը սահմանում է Կառավարությունը։

7. Զբոսաշրջային օպերատորը և արտագնա զբոսաշրջային գործակալը կարող են ներկայացնել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և լիցենզավորված բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների տրամադրած երաշխիքներ, եթե այդ երաշխիքները բավարարում են սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով երաշխիքների համար սահմանված պայմանները։

8. Երաշխիքը հետկանչման ենթակա չէ։ Երաշխիքով ապահովվում են սպառողների նկատմամբ զբոսաշրջային օպերատորի կամ արտագնա զբոսաշրջային գործակալի ստանձնած պարտավորությունները։

9. Երաշխիքով, որպես պարտատեր (բենեֆիցիար), հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս պետական լիազոր մարմնի։ Երաշխիքով պահանջը երաշխիք թողարկած անձին Հայաստանի Հանրապետության անունից ներկայացնում է պետական լիազոր մարմինը։

10. Երաշխիքով պահանջ ներկայացվում է, եթե երաշխիքը ներկայացրած զբոսաշրջային օպերատորը կամ արտագնա զբոսաշրջային գործակալը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում կամ հրաժարվում է կատարել սպառողի հանդեպ ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով անհնար է դարձել զբոսաշրջիկի կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձի մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կամ վերադարձը Հայաստանի Հանրապետություն։

 

Հոդված 16. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համար զբոսաշրջային օպերատորները, ներգնա և ներքին զբոսաշրջային գործակալները (այդ թվում՝ օտարերկրյա գրանցում ունեցող զբոսաշրջային օպերատորները և զբոսաշրջային գործակալները) պարտավոր են իրենց ծառայություններից օգտվողներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել կամ զբոսաշրջային երթուղին կազմակերպել միայն զբոսաշրջային ավտոբուսների միջոցով, եթե այդ անձանց քանակը հավասար է կամ գերազանցում է 9-ը։

2. Զբոսաշրջային ավտոբուսները որակավորվում են։ Զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը պարտադիր է։

3. Զբոսաշրջային ավտոբուսների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը, չափորոշիչները, որակավորման վկայականի ու նշանի ձևերը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած ձևի նշանը փակցվում է զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա՝ տեսանելի հատվածում։

 

Հոդված 17. Զբոսաշրջային ավտոբուսի կայանումը և կանգառը

 

1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են համայնքի վարչական սահմաններում գտնվող զբոսաշրջային գրավչություններին հարակից տարածքներում առանձնացնել առնվազն երեք զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի, եթե այդ տարածքները համարվում են պետական կամ համայնքային սեփականություն, և բացակայում են նման որոշման կայացման համար օրենքով սահմանված արգելքները։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կայանատեղիները կազմակերպվում են զբոսաշրջային գրավչության օբյեկտի հարևանությամբ՝ միաժամանակ չխոչընդոտելով հանրության մուտքը և ելքը:

 

Հոդված 18. Զբոսավարների և ուղեկցորդների որակավորումը

 

1. Զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորումը պարտադիր է։

2. Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձևերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։

3. Հայաստանի Հանրապետությունում զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը ենթակա է ծանուցման «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով, բացառությամբ եթե աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով այդ անձինք կատարում են զբոսավարի կամ ուղեկցորդի գործառույթներ զբոսաշրջային գրավչության օբյեկտը շահագործող կամ կառավարող կազմակերպությունում:

4. Ծանուցված զբոսավարները և ուղեկցորդները պարտավոր են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, պարբերականությամբ և ժամկետներում մասնակցել ուսուցման ազգային ռեեստրում գրանցված անձանց կողմից իրականացվող զբոսավարների, ուղեկցորդների մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացներին։

 

Հոդված 19. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորումը

 

1. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունները որակավորվում են: Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորումը պարտադիր է։

2. Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները կարող են որակավորվել։ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորումը կամավոր է։

3. Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները), որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։

4. Որակավորված զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին շնորհվում է տարբերանշան: Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների որակավորման ընթացակարգը և տարբերանշանի ձևը, չափորոշիչները, որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։

 

ԳԼՈՒԽ 5

 

 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 20. Զբոսաշրջային ծառայությունների մատուցման արգելքը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է մատուցել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված զբոսաշրջային ծառայություններ, եթե զբոսաշրջային ծառայություններ մատուցելու մտադրություն ունեցող անձը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով չի ծանուցել։

2. Զբոսավարը կարող է գործունեություն իրականացնել որպես՝

1) անհատ ձեռնարկատեր կամ

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, եթե զբոսավարի ծառայություններ մատուցում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրի հիման վրա։

3. Զբոսավարը կարող է մատուցել միայն զբոսավարի ծառայություն, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի։

4. Անհատ ձեռնարկատեր հանդես գալու դեպքում զբոսավարն այլ զբոսաշրջային ծառայություններ կարող է մատուցել, եթե բավարարում է զբոսաշրջային ծառայության տվյալ տեսակի համար սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցել է։

5. Ուղեկցորդը կարող է գործունեություն իրականացնել որպես՝

1) անհատ ձեռնարկատեր կամ

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, եթե ուղեկցորդի ծառայություններ մատուցում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրի հիման վրա։

6. Ուղեկցորդը կարող է մատուցել միայն ուղեկցորդի ծառայություն, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի։

7. Որպես անհատ ձեռնարկատեր հանդես գալու դեպքում ուղեկցորդն այլ զբոսաշրջային ծառայություններ կարող է մատուցել, եթե բավարարում է զբոսաշրջային ծառայության տվյալ տեսակի համար սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցել է։

8. Արգելվում է զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն ուղղված թիրախավորված առաջարկներ ներկայացնել մեկ կամ ավելի թվով անձանց հրապարակային վայրերում՝ նպատակ ունենալով համոզելու կամ հարկադրելու այդ անձանց օգտվելու զբոսաշրջային ծառայությունից, եթե առաջարկներ ներկայացնող անձն իրավունք չունի մատուցելու զբոսաշրջային ծառայություններ։

9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները զբոսաշրջիկ չհանդիսացող անձանց և հանրության անդամներին կարող են մատուցել սննդի կազմակերպման և կացության հետ չառնչվող այլ ծառայություններ։

10. Հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելիս կամ գովազդելիս արգելվում է տրամադրել հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակի կամ որակավորման կարգի մասին սխալ, կեղծ, ապակողմնորոշող կամ մոլորեցնող տեղեկատվություն կամ նշաններ:

11. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջիկներին մատուցել զբոսաշրջային ծառայություններ այն անձանց միջոցով կամ այն տրանսպորտային միջոցների օգտագործմամբ, որոնք զբոսաշրջային ծառայության տվյալ տեսակի համար «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով չեն ծանուցել կամ չեն որակավորվել կամ չեն ապահովել այդ ծառայությունների մատուցման կամ գործունեության նման տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ որակավորմանը, ծանուցմանը, ծառայությունները մատուցող անձի կազմակերպաիրավական տեսակին կամ գործունեությանը ներկայացվող այլ հատուկ պահանջներ։

12. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցել, առաջարկել կամ իրացնել կամ զբոսաշրջիկներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել զբոսաշրջային ավտոբուս չհանդիսացող ավտոբուսով։

13. Արգելվում է զբոսաշրջային ավտոբուսը շահագործել առանց սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Կառավարության սահմանած ձևի նշանը զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա՝ տեսանելի հատվածում փակցնելու։

14. Սույն օրենքով սահմանված պահանջների չպահպանմամբ զբոսաշրջային ծառայությունների մատուցումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

 

Հոդված 21. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը

 

1. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում` սպառողների համար տեսանելի հատվածում, համացանցում կամ գովազդային նյութերում հյուրանոցային տնտեսության օբյեկտը ներկայացնելիս պետք է նշվեն հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակը և անվանումը, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում` նաև համապատասխան որակավորման կարգի նշանը:

2. Կառավարությունը սահմանում է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը։

 

Հոդված 22. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից անձնական տվյալների հավաքումը և պահպանումը

 

1. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը վարում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյան։

2. Պետական լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյանի վարման կարգը։

 

Հոդված 23. Զբոսաշրջային փաթեթի պայմանագրի պարտադիր դրույթները

 

1. Զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը պարունակում է հետևյալ պարտադիր դրույթները.

1) զբոսաշրջային գործունեության սուբյեկտի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հաշվառման) և, որպես ծանուցված գործունեություն, հաշվառման համարը.

2) զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը և իրականացման ժամկետները.

3) զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները, այդ թվում`

ա. տրանսպորտային միջոցների տեսակը,

բ. ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը,

գ. սննդի կազմակերպման պայմանները,

դ. տեսարժան վայրեր այցելության ծրագրերը, մշակութային և այլ միջոցառումներ (առկայության դեպքում).

4) զբոսաշրջային փաթեթի գինը` բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի մանրամասներով, գնի փոփոխման հանգեցնող հանգամանքների և այդ մասին սպառողին տեղեկացման ժամկետների ձևակերպմամբ.

5) վճարման կարգը, ժամկետներն ու պայմանները.

6) պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կողմերի պատասխանատվությունը.

7) զբոսաշրջային ապահովագրության վերաբերյալ տվյալները (եթե առկա են).

8) անչափահասներին մատուցվող ծառայությունների դեպքում՝ երեխայի կամ պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները.

9) սպառողների իրավունքների, պարտականությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

10) մարդկանց ոչ բավարար քանակի պատճառով փաթեթը չեղյալ հայտարարելու մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետը, եթե պայմանագրով փաթեթի իրականացման համար սահմանված է անհրաժեշտ նվազագույն քանակով մարդկանց առկայություն.

11) անձնագրերի, ժամանման կամ տարանցիկ երկրների մուտքի և ելքի հետ կապված պահանջների ու ձևակերպումների (արտոնագրերի, սահմանային անցման, մաքսային և այլ ձևակերպումների) մասին տեղեկատվություն.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված այլ տեղեկատվություն:

2. Պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է սահմանել զբոսաշրջային փաթեթի պայմանագրի օրինակելի ձևեր։

3. Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու զբոսաշրջային փաթեթի պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե զբոսաշրջային փաթեթի պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ), կամ սպառողի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ զբոսաշրջային գործունեության սուբյեկտը փոխանցված գումարը չի փոխանցել այլ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիման վրա զբոսաշրջային փաթեթի պայմանագրով կարող է սահմանվել զբոսաշրջային փաթեթի վաղաժամկետ լուծման վճար՝ հաշվի առնելով նախքան զբոսաշրջային փաթեթի մեկնարկը պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար նախատեսված ծանուցման ժամկետը, ինչպես նաև ակնկալվող խնայված ծախսերը և այլընտրանքային զբոսաշրջային ծառայություններ մատուցելու դիմաց ստացված եկամուտները։

5. Հրապարակային պայմանների բացակայության դեպքում պայմանագրի լուծման վճարը համարժեք կլինի փաթեթի վճարի և զբոսաշրջային ծառայություններից օգտվելու համար խնայված ծախսերի ու եկամուտների հանրագումարի տարբերությանը։ Սպառողի հարցմամբ զբոսաշրջային օպերատորը պարտավոր է տրամադրել գրավոր հիմնավորում վաղաժամկետ լուծման վճարի չափի վերաբերյալ։

6. Կոմիտեն կարող է հրապարակել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված՝ զբոսաշրջային փաթեթի լուծման վճարի հաշվարկման մեթոդաբանությունը։

7. Զբոսաշրջային փաթեթի գինը կարող է փոփոխվել բացառապես այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված են դրա հիմքերը և պայմանները, որոնք բացառապես պայմանավորված են հետևյալ փոփոխություններով.

1) տրանսպորտային ծառայությունների գների` կապված վառելիքի կամ այլ էներգակիրների գների փոփոխության հետ.

2) հարկերի, տուրքերի, այլ պարտադիր վճարների.

3) տարադրամի փոխարժեքի:

8. Զբոսաշրջային փաթեթի գինը չի կարող բարձրացվել առանց սպառողին զբոսաշրջային փաթեթի մեկնարկից առնվազն 21 օր առաջ համապատասխան հաշվարկներով հիմնավորված ծանուցման:

9. Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացումը պայմանագրի գնի 8 տոկոս և ավելի կազմելու դեպքում սպառողն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և հրաժարվելու փաթեթից առանց տուգանք վճարելու:

10. Սույն հոդվածի շրջանակներում գների բարձրացման դեպքում զբոսաշրջային գործունեության սուբյեկտն իրավունք չունի սպառողից պահանջելու հավելյալ վճար, եթե զբոսաշրջային գործունեության սուբյեկտի մեղքով սպառողի վճարած գումարը ժամանակին չի փոխանցվել զբոսաշրջային ծառայությունները մատուցող երրորդ անձանց, բացառությամբ եթե սպառողը ցանկություն է հայտնել վճարելու գների տարբերություն։

 

Հոդված 24. Զբոսավարի և ուղեկցորդի պարտականությունները

 

1. Զբոսավարը և ուղեկցորդն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են՝

1) համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների, զբոսաշրջիկների շրջանում վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելու դեպքի մասին.

2) ունենալ և տեսանելի հատվածում կրել Կառավարության որոշմամբ հաստատված ձևի անվանաքարտ.

3) պահպանել սույն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

2. Ուղեկցորդը պարտավոր է`

1) ունենալ դժվարանցանելի երթուղիների իրականացման ընթացքում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովող գիտելիք ու հմտություններ և անհրաժեշտության դեպքում կիրառել դրանք.

2) ծառայություններ մատուցելու ամբողջ ժամանակահատվածում հնարավորության դեպքում ապահովել իր հասանելիությունը կապի միջոցներով.

3) արտակարգ իրավիճակների, վնասվածքների և դժբախտ պատահարների դեպքում առաջին օգնություն ցուցաբերել և դրանց մասին ահազանգել իրավասու մարմիններին:

 

ԳԼՈՒԽ 6

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 25. Զբոսաշրջիկի իրավունքները

 

1. Զբոսաշրջիկն իրավունք ունի իր մայրենի լեզվով կամ իրեն հասկանալի այլ լեզվով, իսկ անհնարինության դեպքում միջազգայնորեն ընդունված առավել տարածված լեզվով զբոսաշրջային օպերատորից կամ զբոսաշրջային գործակալից ստանալու լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն ժամանման երկրի (վայրի)՝ զբոսաշրջությանն առնչվող օրենքների և կենցաղավարության, տեղաբնակների սովորույթների, հասարակական և կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների, ըստ անհրաժեշտության՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի (ներառյալ տրանսպորտի), տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության մասին։

 

ԳԼՈՒԽ 7

 

 ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 26. Բողոքների քննությունը

 

1. Զբոսաշրջային ծառայություններ մատուցողի գործողությունների կամ մատուցված ծառայությունների որակի վերաբերյալ սպառողը բողոքներ է ներկայացնում Կոմիտե:

2. Բողոքների ուսումնասիրման և բողոքներին ընթացք տալու կարգը հաստատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը։

3. Կոմիտեն ուսումնասիրում է ստացված բողոքները, անհրաժեշտության դեպքում դրանք վերահասցեագրում իրավասու վարչական մարմիններին՝ այդ մասին տեղյակ պահելով բողոքն ուղարկած անձին` գրավոր եղանակով կամ հայտնի էլեկտրոնային փոստին հասկանալի լեզվով հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

4. Կոմիտեն հրապարակում է բողոքների քննության արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույց իր պաշտոնական կայքում մինչև հաջորդ օրացուցային տարվա փետրվարի 20-ը։

 

ԳԼՈՒԽ 8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 27. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

2. Սույն օրենքի 16-18-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 8-րդ, 19-րդ և 22-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:

4. 2003 թվականի դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի հիման վրա որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը գործում է մինչև որակավորման վկայականներով սահմանված ժամկետի ավարտը։ Ժամկետի ավարտից հետո տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորվում են սույն օրենքով սահմանված կարգով։

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2003 թվականի դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքը:

6. Սույն օրենքն ընդունվելուց հետո Կառավարությունը և պետական լիազոր մարմինը հաստատում են սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերով, 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, 21-րդ հոդվածի 2-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այս դրույթն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրվանից։ Կառավարության և պետական լիազոր մարմնի հաստատած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

7. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 14-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-4-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան