Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5608/05/18

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5608/05/18

Նախագահող դատավոր՝

Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝

Կ. Ավետիսյան
Ա. Թովմասյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

  զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի մայիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշխեն Դաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24022021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշխեն Դաշյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աշխեն Դաշյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 04042019 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24022021 թվականի որոշմամբ Աշխեն Դաշյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 04042019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշխեն Դաշյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածը, նույն հոդվածի 34-րդ, 39-րդ մասերով սահմանված «կանգառ» հասկացությանը տրվել է այլ բովանդակություն, չի կիրառել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ կանգառի կատարումը տևել է 1 րոպե 43 վայրկյան, ինչը ոչ թե ենթադրյալ խախտման բուն ժամանակահատվածն է, այլ կրիչով արձանագրված տեսանյութի տևողության ժամանակահատվածը, մինչդեռ վիճարկվող վարչական ակտի հիմքում դրված տեսանյութի համաձայն՝ բուն կանգառի՝ տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելու տևողությունը 1 րոպեն չի գերազանցել:

 Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձել հայցադիմումում նշված՝ հայցվորի կողմից հարկադրված կանգառ կատարելու հիմքը, որի դեպքում կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում, և բացակայում է պատասխանատվության միջոցի կիրառման հիմքը: Այդ հանգամանքի պարզման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի՝ ակտն ընդունած վարչական մարմնի վրա:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը կանգառ կատարել է ոչ թե երթևեկելի մասում, այլ երթևեկելի մասի եզրին, քանի որ տեսանյութից ակնհայտ է, որ տվյալ հատվածով չի կարող ոչ մի տրանսպորտային միջոց երթևեկել (առջևում կանգառի համար նախատեսված հատվածն է) և ուղևորի՝ տրանսպորտային միջոց նստելուց հետո վարորդը փորձում է դասավորվել երթևեկելի գոտի: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել բողոքաբերի այն փաստարկը, որ եթե տրանսպորտային միջոցը կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրից հեռու, ապա որևէ իրավական նորմով սահմանված չէ դա որպես իրավախախտում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.02.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել և փոփոխել այն՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

1) Ծառայության 27032018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807835279 որոշմամբ Աշխեն Դաշյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «TOYOTA» մակնիշի «35GA965» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 19.03.2018 թվականին ժամը 18:20-ին Երևան քաղաքի Ադոնց/Ազատություն/Ա Ահարոնյան խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրից հեռու՝ խախտելով ՀՀ կառավարության 28062007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված հավելված N 1-ի 78-րդ կետի պահանջը (հատոր 1-ին գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առումով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 21-րդ մասի և 39-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ըստ այդմ նշված իրավանորմերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտումը նվազ նշանակություն ունեցող ճանաչելու և վարչական պատասխանատվությունից ազատելու իրավական խնդրին։

 

1) Բողոքի առաջին հիմքի վերաբերյալ

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները (այսուհետ՝ «Կանոններ»), որոնցով սահմանվում է ճանապարհային երթևեկության միասնական կարգ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ կարգավորելով ճանապարհային երթևեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթևեկության, երթևեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ և կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց և բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանելով երթևեկությունը կարգավորող նշանները:

Կանոնների «ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ» վերտառությամբ IX բաժնի 78-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նաև մայթեզրին:

Կանոնների 79-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`

1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.

2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):

Կանոնների 80-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:

Կանոնների 81-րդ կետի համաձայն՝ երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները` 6.4` «Կայանման տեղ» նշանի և 8.6.2, 8.6.3, 8.6.6-8.6.9` «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:

Կանոնների 82-րդ կետի համաձայն՝ բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:

Կանոնների՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 84-րդ կետի համաձայն՝ կանգառն արգելվում է`

1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.

2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.

3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.

4) հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.

5) երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.

6) խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).

7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.

8) այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:

Կանոնների 85-րդ կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս` բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:

Կանոնների 86-րդ կետի համաձայն՝ կայանումն արգելվում է`

1) կանգառն արգելված վայրում.

2) բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.

3) երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:

Միևնույն ժամանակ Կանոնների XXI բաժնով նախատեսվել են նաև ճանապարհային նշանները և գծանշումները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոնների 167-րդ կետով սահմանված են նաև արգելող նշանները, որոնք, ըստ թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի Ձև 1-ի, բնորոշվում են որպես երթևեկության որոշակի սահմանափակումներ մտցնող կամ վերացնող նշաններ: Դրանցից է նաև 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը, որով արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Կանոններով հստակ սահմանվել են այն վայրերը, որտեղ թույլատրվում և արգելվում են կանգառը և (կամ) կայանումը: Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ դեպքերում կարող է անհրաժեշտություն առաջանալ Կանոններով ուղղակիորեն չարգելված վայրերում բացառել տրանսպորտային միջոցների կանգառը և (կամ) կայանումը, Կանոններով սահմանվել է հնարավորություն ճանապարհային նշանների, այդ թվում՝ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի, և գծանշումների կիրառմամբ արգելել կանգառն այն վայրերում, որտեղ կանգառ և (կամ) կայանում կատարելու արգելք Կանոններով նախատեսված չէ (տե´ս, Քրիստինա Գևորկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6661/05/15 վարչական գործով 03.07.2020 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թե՛ կանգառի և կայանման կանոններով, թե՛ ճանապարհային նշաններով և գծանշումներով սահմանված՝ որոշակի վայրում կանգառի և (կամ) կայանման արգելքի չպահպանումն առաջացնում է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով։

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Նշված նորմի դիսպոզիցիան նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով, այսինքն՝ նորմն ամրագրում է այնպիսի վարքագծի կանոն, որի գործողությունը հիմնվում է այլ իրավական ակտերում բովանդակվող հատուկ կանոնների վրա: Տվյալ դեպքում այդ հատուկ կանոնները՝ կանգառի և կայանման կանոնները, սահմանված են Կանոնների 78-86-րդ կետերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը նախատեսում է վարչական պատասխանատվությունից ազատելու առանձին դեպքեր, այն է՝

- կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի (Օրենսգրքի 21-րդ հոդված, 124-րդ հոդվածի 34-39-րդ մասեր),

- վարչական իրավախախտումը կատարվել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում (Օրենսգրքի 21.1-րդ հոդված),

- Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաներման մասին օրենք (Օրենսգրքի 21.2-րդ հոդված),

- վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է իրավախախտման հատկանիշները (Օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մաս, 169.29-րդ հոդվածի 5-րդ մաս, 189.17 հոդվածի 8-րդ մաս):

Կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակության որակելու ընդհանուր նորմի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:

Նույն հոդվածի երկրորդ պարբերության համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:

Վարչական իրավախախտման նվազ նշանակությունն ընկալվում է որպես գործողություն կամ անգործություն, որը, թեև ձևական առումով պարունակում է վարչական զանցակազմի հատկանիշներ, բայց հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և իրավախախտի անձը, վնասի չափը և հետևանքների ծանրությունը՝ էականորեն չի խախտում պահպանվող հասարակական հարաբերությունները: Իրավախախտման նվազ նշանակությունը գնահատողական կատեգորիա է, որը պահանջում է գործի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների, պաշտպանվող հասարակական հարաբերություններին սպառնացող վտանգի բնույթի և աստիճանի, անձին, հասարակությանը կամ պետությանը վնաս պատճառելու սպառնալիքի գնահատում: Արարքը նվազ նշանակության գնահատելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, իսկ դրա փոխարեն կիրառվող բանավոր դիտողությունը չի համարվում վարչական պատասխանատվության տեսակ, և, համապատասխանաբար, հաշվի չի առնվում անձի կողմից կրկնակի իրավախախտում կատարելիս: Այն ունի կանխարգելիչ նշանակություն. նպատակն իրավախախտի կողմից իր վարքի անօրինականության գիտակցումն է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, նույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:

Նույն հոդվածի 39-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:

Այսպիսով, օրենսդիրը, հաշվի առնելով առանձին իրավախախտումների հանրորեն վտանգավորության աստիճանը, սպառիչ կերպով սահմանել է դրանք նվազ նշանակության գնահատելու համար անհրաժեշտ պայմանները՝ պայմանավորված դրանցից յուրաքանչյուրի բնույթով ու բովանդակությամբ։

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասի վերլուծության արդյունքում դատարանը եզրահանգում է, որ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումը որպես նվազ նշանակություն ունեցող իրավախախտում գնահատելու համար անհրաժեշտ է մի շարք իրավական նախապայմանների միաժամանակյա առկայություն, որպիսիք են.

- Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված (միայն կանգառ կատարելու մասով) զանցանքի առկայության փաստ,

- կանգառ կատարելու նպատակ, այն է՝ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով,

- կանգառի որոշակի տևողություն, այն է՝ կանգառը չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը,

- վարչական իրավախախտման հետևանքը, որպիսին հանդիսանում է երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չստեղծվելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի կանոններին («Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում` (․․․) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով») համապատասխան, արձանագրում է, որ վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը հիմք է տվյալ իրավախախտումը որպես նվազ նշանակության խախտում չգնահատելու համար:

«Կանգառ» հասկացության բովանդակությունը բացահայտված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում։ Այն է՝ կանգառ է համարվում մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը։ Ըստ այդմ՝ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասով նախատեսված՝ խախտումը նվազ նշանակության գնահատելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող՝ կանգառի մեկ րոպեն չգերազանցող ժամանակահատվածը մեկնարկում է տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելու պահից և ավարտվում տրանսպորտային միջոցը կրկին շարժման մեջ դնելու պահով։

 Այսպիսով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով արձանագրված իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող է որակվում այն դեպքում, երբ թեև առկա է Կանոնների 78-86-րդ կետերի պահանջների խախտում, այնուամենայնիվ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասով նախատեսված վերը նշված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունն անձին ազատում է այդ պահանջների խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվությունից։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանից պահանջվում է պարզել՝ առկա է արդյոք կանգառի կանոնի՝ անձին վերագրված խախտման դեպքը, և արդյոք առկա են արարքը նվազ նշանակության գնահատելու համար օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր պայմանները։

 

2) Բողոքի երկրորդ հիմքի վերաբերյալ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը բացահայտում է «հարկադրված կանգառ» հասկացության բովանդակությունը, այն է՝ հարկադրված կանգառը տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:

Վերը նշված սահմանումից հետևում է, որ Կանոններով սահմանված կանգառի կանոնների խախտումը հարկադրված կանգառի դեպքում չի հանգեցնում վարչական պատասխանատվության։

ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 22-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում։

Կանոնների 23-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:

Կանոնների 83-րդ կետի համաձայն՝ կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում կանոնների 22-րդ և 23-րդ կետերի պահանջները կատարելուց հետո վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ հարկադրված կանգառը տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է՝ պայմանավորված տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրման ժամանակ առաջացած վտանգի կամ խոչընդոտի պատճառով: Ընդ որում, կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա, իսկ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված է արգելված վայրերում հարկադրված կանգառի դեպքում տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը միացրած լինելու պահանջ (տե´ս, Արման Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1091/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադրված կանգառ կատարելու հիմքերն սպառիչ թվարկված են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, այն է՝

- տրանսպորտային միջոցի անսարքություն, կամ

- վտանգ կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտ, որը պայմանավորված է կամ վարորդի կամ ուղևորի ֆիզիկական կամ հոգեկան վիճակով կամ բեռի փոխադրմամբ։

 Հիմք ընդունելով «հարկադրված կանգառ» հասկացության բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարորդի կամ ուղևորի ֆիզիկական կամ հոգեկան վիճակը կամ բեռի փոխադրումն ինքնին բավարար պայման չէ կանգառը հարկադրված որակելու համար պարտադիր պայման է նաև վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի առկայությունը, որը պայմանավորված է նշված հանգամանքներից որևէ մեկով։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 11012016 թվականին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված զանցակազմի հիպոթեզը ներառում էր հետևյալ պայմանը, այն է՝ «եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ»։ Հետևում է, որ արարքը կարող էր որակվել որպես կանգառ կատարելու կանոնի խախտում, եթե դա պայմանավորված չէր եղել հարկադրված կանգառի փաստով, և նորմի նման խմբագրությամբ շարադրանքի պայմաններում վարչական մարմինն իր որոշմամբ արարքը կանգառ կատարելու կանոնի խախտում կարող էր որակել միայն, եթե բացառեր հարկադրված կանգառի հանգամանքը։ Նշված խմբագրությամբ գործած իրավակարգավորման գործողության պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները «․․․տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը կարող է խախտում որակվել միայն այն դեպքում, երբ վարչարարության արդյունքում կբացառվեն նույն իրավանորմում թվարկված՝ կանգառի անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակով կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակով պայմանավորված լինելու հանգամանքները: Ընդ որում, նշված հանգամանքները ենթակա են պարզման մինչև վարչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության մասին որոշում կայացնելը» (տե՛ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ապացուցման բեռի բաշխման կանոնին համապատասխան (ապացուցման բեռը վիճարկման հայցով կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով) մինչև 11012016 թվականին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործած խմբագրությամբ՝ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի գործողության պայմաններում պատասխանողից պահանջվում էր՝ որպես իր որոշման համար հիմք ծառայած փաստ, բացառել նաև հարկադրված կանգառի փաստի առկայությունը։

Մինչդեռ այլ է իրավիճակը Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ հոդվածի գործող խմբագրության պայմաններում։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ գործող իրավակարգավորման պայմաններում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման հատկանիշները պարզելու գործընթացում վարչական մարմինն այլևս a priori պարտականություն չի կրում կանգառի կանոնները խախտելու զանցակազմի առկայությունը հաստատված համարելու համար բացառել հարկադրված կանգառի դեպքը։ Ըստ այդմ՝ հարկադրված կանգառի բացակայությունը չի հանդիսանում պատասխանողի՝ կանգառի կանոնի խախտման համար անձին պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար հիմք ծառայած փաստ, և հետևաբար՝ պատասխանողը չի կրում հարկադրված կանգառի բացակայության փաստն ապացուցելու պարտականություն։ Դրան համապատասխան՝ գործող իրավակարգավորման պայմաններում անձին Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակը սահմանափակվում է հայցվորի կողմից կանգառի կանոնի խախտման փաստի պարզմամբ, քանի դեռ հայցվորը չի փաստարկել, որ կանգառը կրել է հարկադիր բնույթ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ Կողմն իրավունք չունի ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմը չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, և որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկով նշել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոն, համաձայն որի` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համաձայն` վարչական մարմինը բոլոր դեպքերում, անկախ ապացուցման բեռը կրելու կամ չկրելու հանգամանքից, ունի իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած ապացույց ներկայացնելու պարտականություն, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդպիսիք ներկայացնելու անհնարինության դեպքում վարչական մարմինը պետք է կրի չապացուցված փաստով պայմանավորված բացասական իրավական հետևանքներ (տե´ս, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մանուկ Նազարյանի թիվ ՎԴ/9439/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնների կիրառմամբ պայմանավորված ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է վիճարկվող վարչական ակտն ընդունած վարչական մարմինը՝ ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի մասով: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմինը, սակայն, չի կարող կրել դատավարության մյուս մասնակցի պնդմամբ տեղի ունեցած փաստի ապացուցման բեռը, իսկ այդ դեպքում կիրառելի է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոնը, համաձայն որի՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ Այսինքն՝ վիճարկման հայցով հայցվորի կողմից ներկայացված առարկությունների հիմքում ընկած որևէ փաստի ապացուցման բեռը ողջամտորեն կարող է դրվել միայն նրա, որպես այդ փաստի առկայության վերաբերյալ տեղեկություններին, տվյալներին տիրապետող անձի վրա: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի մի իրավիճակ, որ ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռով պայմանավորված վարչական մարմինը բարեխղճորեն կատարելով ապացույցներ ներկայացնելու իր պարտականությունը, ստիպված կլինի ապացուցելու նաև հայցվորի պնդմամբ տեղի ունեցած այնպիսի փաստ, որին վարչական մարմինն օբյեկտիվորեն չի կարող տեղյակ լինել (տե´ս, Սամվել Պոդոսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1603/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթադրյալ իրավախախտումը կատարած անձն է կրում պարտականություն ներկայացնելու իր տրամադրության տակ եղած թույլատրելի և վերաբերելի ապացույցները հարկադրված կանգառի փաստի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ փաստը չի հանդիսանում վիճարկվող ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստ։ Ընդ որում՝ հաշվի առնելով, որ հարկադրված կանգառի փաստի պարզումը չի ներառվում իրավախախտման՝ կանգառի կանոնի խախտման հատկանիշների պարզման բովանդակային ծավալում (տեսանյութը կամ լուսանկարը միակ թույլատրելի ու վերաբերելի ապացույցն են միայն իրավախախտումը հաստատելու նպատակի համար) հարկադրված կանգառի փաստի վերաբերյալ թույլատրելի և վերաբերելի ապացույց է ինչպես խախտումն արձանագրած տեսանյութը, այնպես էլ ցանկացած այլ ապացույց, որը շահագրգիռ անձը կներկայացնի ի հիմնավորումն հարկադրված կանգառի անհրաժեշտ պայմանների առկայության։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Աշխեն Դաշյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումը: Նշված վարչական ակտով Աշխեն Դաշյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «TOYOTA» մակնիշի «35GA965» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 19.03.2018 թվականին ժամը 18:20-ին Երևան քաղաքի Ադոնց/Ազատություն/ Ա Ահարոնյան խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրից հեռու՝ խախտելով ՀՀ կառավարության 28062007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված հավելված N 1-ի 78-րդ կետի պահանջը:

Դատարանը, մերժելով Աշխեն Դաշյանի հայցը, պատճառաբանել է, որ «Ծառայության կողմից Դատարան ներկայացված հայցվորին վերագրվող իրավախախտումն ամրագրած տեսանյութով Դատարանը արձանագրում է, որ դրանում տեսանելի է TOYOTA մակնիշի 35GA965 համարանիշի տրանսպորտային միջոցը՝ 19.03.2018 թվականին« ժամը՝ 18։19։34-ից մինչև ժամը՝ 18։21։17-ը՝ 1 րոպե 43 վայրկյանի ընթացքում, երթևեկելի մասի եզրից հեռու կանգառ կատարած վիճակում։ Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, ուստի հայցվորը Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշմամբ իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության։ Անդրադառնալով հայցվոր կողմի պնդմանն այն մասին, որ իր տրանսպորտային միջոցի կանգառի կատարումը պայմանավորված է եղել ուղևորի նստելու հետ, որը չի գերազանցել 1 րոպեն, Դատարանն արձանագրում է հետևյալը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն` եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում։ (․․․) Դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասով սահմանված նույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումների նվազ նշանակությունը սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումը նվազ նշանակության գնահատելու համար սահմանվել է երեք պարտադիր վավերապայման, այն է՝ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել։ Նշված վավերապայմանների առկայության դեպքում միայն կարող է վարչական իրավախախտումը՝ կանգառ կատարելու մասով, դիտարկվել նվազ նշանակության։ Մինչդեռ, Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշման կայացման համար հիմք հանդիսացած տեսանյութից հետևում է, որ հայցվորի տրանսպորտային միջոցի կանգառի տևողությունը կազմում է 1 րոպե 43 վայրկյան (ժամը՝ 18։19։34-ից մինչև ժամը՝ 18։21։17-ը), չնայած այդ ընթացքում ուղևորի իջնելու և նստելու փաստ է տեսագրվել։ Հետևաբար իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու հիմքերը բացակայում են»։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Աշխեն Դաշյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «(․․․) Վերաքննիչ դատարանն հաստատված համարելով, որ TOYOTA մակնիշի 35GA965 համարանիշի տրանսպորտային միջոցը 19.03.2018 թվականի, ժամը 18։19։34-ից մինչև ժամը 18։21։17-ը 1 րոպե 43 վայրկյանի ընթացքում, կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրից հեռու, դատարանն իրավաչափ է համարում Դատարանի դիրքորոշումն առ այն, որ տվյալ դեպքում տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, ուստի հայցվորը Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշմամբ իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության։ (․․․) Դատարանն իրավացիորեն փաստել է, որ Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշման կայացման համար հիմք հանդիսացած տեսանյութից հետևում է, որ հայցվորի տրանսպորտային միջոցի կանգառի տևողությունը կազմում է 1 րոպե 43 վայրկյան (ժամը՝ 18։19։34-ից մինչև ժամը՝ 18։21։17-ը), չնայած այդ ընթացքում ուղևորի իջնելու և նստելու փաստ է տեսագրվել։ Հետևաբար իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող որակելու հիմքերը բացակայում են»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վիճարկվող որոշմամբ իրավախախտում որակված արարքն արձանագրած տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցվոր Աշխեն Դաշյանը, ի խախտումն Կանոնների «ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ» վերտառությամբ IX բաժնի 78-րդ կետի, 1 րոպե 43 վայրկյան (ժամը՝ 18։19։34-ից մինչև ժամը՝ 18։21։17-ը) տևողությամբ TOYOTA մակնիշի 35GA965 համարանիշի տրանuպորտային միջոցը բերել է անշարժ վիճակի կանգառն արգելված վայրում՝ երթևեկելի մասի եզրից հեռու, ինչով հերքվում է հայցվորի՝ իրեն վերագրված զանցանքը նվազ նշանակության որակելու վերաբերյալ փաստարկը, ըստ այդմ՝ նշված հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ հոդվածում ամրագրված վարչական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքի առկայությունը:

Ինչ վերաբերում է հայցվորի պնդմանը՝ հարկադրված կանգառի վերաբերյալ (ինչը հայցվորը փաստարկել է բեռ տեղափոխելու հանգամանքով), ապա Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ բեռի փոխադրման հանգամանքն ինքնին չի կարող վկայել հարկադրված կանգառի իրավիճակի առկայության մասին, այլ պետք է առկա լինի այդ փաստով պայմանավորված վտանգ կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտ: Վճռաբեկ դատարանը տեսանյութի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է նաև, որ դրանով չի հաստատվում հարկադրված կանգառի հանգամանքը, միաժամանակ հայցվորը չի ներկայացրել որևէ այլ ապացույց, որը կհավաստեր հարկադրված կանգառի փաստը։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, մերժելով Աշխեն Դաշյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աշխեն Դաշյանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24022021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Լ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան