Գլխավոր տեղեկություն
Համար
N 831-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.17/63(1243) Հոդ.803
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2016 թվականի N 831-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ N 2 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

1) «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի`

ա. հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, այդ թվում՝ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաներին խնամք տրամադրելը, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացմանն աջակցությունը,

բ. գործունեության առարկան կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելման և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու նպատակով սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական և սոցիալ-իրավական բնույթի սոցիալական ծառայությունների կազմակերպումը և (կամ) տրամադրումն է, կազմակերպությունում խնամք ստացող` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաներին ցույց տրվող սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, ուսումնադաստիարակչական ծառայությունների, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիա) տրամադրումն է, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպումը.

2) «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ որպես սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելված)՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կամ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին դրույթները, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից.

3) «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Նուբարաշեն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանները.

4) մինչև «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 27.07.23 N 1275-Ն)

3. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) վճարովի հիմունքներով տրամադրում է հետևյալ սոցիալական ծառայությունները (սոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններ)՝

ա. դպրոցական ժամերից հետո դպրոցահասակ երեխաների հետ ուսումնական լրացուցիչ պարապմունքների անցկացում,

բ. հաշմանդամություն ունեցող երեխաներին տնային պայմաններում խնամքի տրամադրում,

գ. ուսուցում երգի, պարի, նկարչության, կարուձևի և այլ խմբակներում.

2) գորգեղենի, ձեռագործ ապրանքների, փայտե արտադրատեսակների և հուշանվերների արտադրություն:

4. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը և ապահովել այն սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը.

2) մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը ապահովել «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող երեխաների կարիքների գնահատումը և, գնահատված կարիքներին համապատասխան, կենսաբանական ընտանիք երեխայի վերադարձը կամ հետագա խնամքը կազմակերպությունում կամ բնակչության սոցիալական պաշտպանության այլ հաստատություններում.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների՝ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն ընդունելությունն իրականացնել 2016 թվականի հոկտեմբերի 1-ից.

4) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 04 խմբի 01 դասի «12. Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնելու վերաբերյալ առաջարկություններ:

(5-րդ կետը փոփ. 27.07.23 N 1275-Ն)

6. Կազմակերպության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 890-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.07.2023, N 1275-Ն 28.07.2023, N 831-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան