ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-3076/2007թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-114 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վասիլ Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Վասիլ Նիկողոսյանի դիմումի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի, երրորդ անձ Ալվարդ Ղուկեյանի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անգործությունը վիճարկելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վասիլ Նիկողոսյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքին կարճել թիվ 294 կատարողական վարույթը, և որպես դրա հետևանք, արգելանքից հանել Եղվարդի Սպանդարյան 19 հասցեում գտնվող գույքը:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 09.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վասիլ Նիկողոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:
1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 44.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2-3-34 քաղաքացիական գործով 09.01.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 11.000.000 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Վարդան Նիկողոսյանի գույքի և Վասիլ Նիկողոսյանի անվամբ հաշվառված Եղվարդի Սպանդարյան 19 հասցեի գույքի վրա: Նույն դատարանի թիվ 2-3-16 քաղաքացիական գործով 09.01.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 4.162.000 ՀՀ դրամ: Վասիլ Նիկողոսյանը թիվ 2-3-16 քաղաքացիական գործով պարտապան չի եղել:
Վասիլ Նիկողոսյանը, նկատի ունենալով, որ Վարդան Նիկողոսյանից 11.000.000 ՀՀ դրամի բռնագանձումը տարածվելու է իր գույքի վրա, Ալվարդ Ղուկեյանին վճարել է 11.434.000 ՀՀ դրամ՝ որպես թիվ 2-3-34 քաղաքացիական գործով որոշված 11.000.000 ՀՀ դրամի պարտավորության մարում:
2) Դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի վճռի հիմքում դրված պարտավորագիրը իրավական ուժ չունի, քանի որ անշարժ գույքի գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, գրավի իրավունքը՝ պետական գրանցման, իսկ այդ պարտավորագիրը չի ապահովում նշված պահանջները, հետևաբար առոչինչ է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 09.07.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2-3-34 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած 09.01.2006 թվականի վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 11.000.000 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Վարդան Նիկողոսյանի գույքի և Վասիլ Նիկողոսյանի անվամբ հաշվառված Եղվարդի Սպանդարյան փողոցի թիվ 19 հասցեի բնակարանի վրա (գ.թ.11):
2) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 2-3-16 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած 09.01.2006 թվականի վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից հօգուտ Ալվարդ Ղուկեյանի բռնագանձել 4.162.000 ՀՀ դրամ (գ.թ.14):
3) Վասիլ Նիկողոսյանի կողմից Ալվարդ Ղուկեյանին փոխանցվել է 11.434.000 ՀՀ դրամ:
4) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզայն բաժնի Եղվարդի բաժանմունքի 11.05.2007 թվականի թիվ Եղ 410 գրության համաձայն՝ Ալվարդ Ղուկեյանը ստացել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից տրված թիվ 2-3-16 կատարողական թերթում նշված՝ Վարդան Նիկողոսյանի ունեցած 4.162.000 ՀՀ դրամը, իսկ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից տրված թիվ 2-3-34 կատարողական թերթով նախատեսված 11.000.000 ՀՀ դրամից ստացել է 7.272.628 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է: Նույն օրենքի 44.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե առկա են նույն oրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը:
Վասիլ Նիկողոսյանը, թիվ 2-3-34 քաղաքացիական գործով հանդիսանալով պարտապան, Ալվարդ Ղուկեյանին վճարել է 11.434.000 դրամ, որպիսի հանգամանքն ընդունվել է Ալվարդ Ղուկեյանի կողմից: Այսինքն` պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է: Հետևաբար, թիվ 2-3-34 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթը ենթակա էր կարճման, իսկ արգելանքի տակ գտնվող Վասիլ Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ պետք է հանվեր արգելանքից:
Ինչ վերաբերում է թիվ 2-3-16 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով Վասիլ Նիկողոսյանի համար պարտավորությունների առաջացման հարցին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վասիլ Նիկողոսյանը պարտապան է միայն թիվ 2-3-34 քաղաքացիական գործով, հետևաբար՝ վերջինս պարտավորություններ է կրում միայն այդ գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վասիլ Նիկողոսյանի կողմից տրված պարտավորագրի վավերականությունը թիվ 2-3-16 քաղաքացիական գործով հայցի առարկա չէ և Վերաքննիչ դատարանի կողմից դրանց անդրադառնալը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես հայցի առարկայի սահմանների անցում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236- 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|