ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «տարածքային մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հուշարձանների քանդումն արգելվում է:
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:
Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:
Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ:
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:
Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:»:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետը «տարածքային մարմնին» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-222-Ն |