Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակիցները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով պահպանել և ամրապնդել ավանդական և գործարար փոխադարձ կապերը,
ձգտելով փոխադարձաբար ապահովել ուղևորների և բեռների ժամանակին և անվտանգ տարանցիկ փոխադրումը, ինչպես նաև գազի անընդհատ մատակարարումը, էլեկտրաէներգիայի և նավթամթերքների փոխադրումը մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք,
խթանել երկու պետությունների տնտեսությունների զարգացումը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրում ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
1. «տարանցիկ փոխադրում» ուղևորների և բեռների, այդ թվում` խառը, ներառյալ տրանսպորտային բոլոր միջոցներով,
մի Կողմի տարածքից կամ մյուս Կողմի տարածքով երրորդ երկրներից գազատար խողովակներով, նավթամթերքների խողովակաշարերով, էլեկտրահաղորդիչ գծերով և հեռահաղորդակցության այլ համակարգերով էներգակիրների միջպետական մատակարարում և փոխանցում,
2. «երրորդ երկրներ» - սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետություններ:
ՀՈԴՎԱԾ 2
Տարանցիկ փոխադրումներ իրականացնելիս Կողմերն իրենց հարաբերությունները կկառուցեն միջազգային իրավունքի նորմերին և Կողմերի միջև կնքված առանձին պայմանագրերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը պարտավորվում են չկիրառել այնպիսի նորմատիվ ակտեր, որոնք ոտնահարում են պետությունների իրավունքները, հակասում են սույն Համաձայնագրին և միջազգային իրավունքին:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը պարտավորվում և երաշխավորում են Կողմերից յուրաքանչյուրի ամբողջ տարածքում տարանցիկ փոխադրումների ողջ ժամանակահատվածում դրանց պահպանությունն ու անվտանգությունը` անկախ վարչատարածքային բաժանումից:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը պատասխանատվություն են կրում իրենց տարածքներում տարանցիկ փոխադրումների վնասի համար, որը հասցվում է անօրինական գործողությունների կատարման, ավազակային հարձակման, կողոպուտի, հափշտակության, դիվերսիայի և այլ իրավախախտումների արդյունքում:
Կողմերից մեկի տարածքում տարանցիկ փոխադրումներին հասցվող վնասի դեպքում այն Կողմը, որի տարածքում հասցվել է նյութական վնասը, հատուցում է վնասը ամբողջ ծավալով, ներառյալ այն վնասը, որը կրել է տուժող Կողմը երրորդ երկրների առջև, ինչպես նաև իր հաշվին վերացնում է այդպիսի գործողությունների արդյունքում առաջացած բոլոր հետևանքները:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը ստեղծում են անկախ փորձագիտական հանձնաժողով` նյութական վնասի չափը որոշելու համար: Հանձնաժողովը կազմում է որևէ երրորդ երկրի մասնագետներից, ինչպես նաև Կողմերի մասնագետներից, որոնք իրավունք չունեն մասնակցելու նշված փորձագիտական հանձնաժողովի որոշումների ընդունմանը:
Վնասի չափը որոշվում է այն Կողմի ներքին օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան, որի տարածքում դրանք ծագել են` հաշվի առնելով ինչպես սույն Համաձայնագրի, այնպես էլ միջազգային այլ համաձայնագրերի և պայմանագրերի պահանջները, որոնք անմիջական կապված են կոնկրետ վնասի հետ:
Անկախ փորձագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքների ծախսերը կրում են երկու Կողմերը:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի կապակցությամբ ծագող վեճերը Կողմերը պետք է լուծեն բանակցությունների միջոցով:
Եթե բանակցություններ սկսելու օրվանից մեկ ամսվա ընթացքում վիճելի հարցերը չեն լուծվում, Կողմերը դրանք հանձնում են միջնորդ դատարանի քննարկմանը, որը ստեղծվում է ոչ շահագրգիռ երրորդ երկրների իրավաբաններից:
Միջնորդ դատարանը կազմված է երեք իրավաբանից, դրա նախագահը ընտրվում է այդ նույն կազմից: Կողմերը որոշում են միջնորդ դատարանի նիստերի անցկացման վայրը և ժամկետը և ոչ ուշ, քան նիստը սկսելուց տասը օր առաջ տվյալ վեճին վերաբերող բոլոր առկա փաստաթղթերը և այլ նորմատիվ ակտերը հանձնում են դատարանին:
Կողմերը կարող են վեճը հանձնել արբիտրաժային դատարանի քննարկմանը և մեկ ամսվա ընթացքում բոլոր փաստաթղթերը և այլ անհրաժեշտ նյութերը հանձնում են այդ դատարանին:
Վեճի քննման ընթացակարգը (նիստի անցկացումը) որոշում է այն դատարանը, որն ընտրել են Կողմերը վեճի քննման համար: Միջնորդ դատարանի կամ արբիտրաժային դատարանի կողմից կոնկրետ վեճի կապակցությամբ կայացված որոշումը վերջնական է և ենթակա է Կողմերի կատարմանը այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
Վեճի քննման հետ կապված ծախսերը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Կողմերը կրում են ըստ իրենց մեղքի համամասնության, որը սահմանում է վեճը քննող դատարանը:
ՀՈԴՎԱԾ 8
Տարանցիկ փոխադրումների կարգը, տարանցիկ փոխադրումներ կատարելիս` սակագինը, վճարման պայմաններն ու ձևը կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունների միջև մինչև 1993թ. հունիսի 15-ը կնքվելիք համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման օրվանից:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագրում Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կգործի այնքան ժամանակ, մինչև Կողմերից մեկը ոչ ուշ, քան 6 ամիս առաջ մյուս Կողմին ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին:
Սույն Համաձայնագրին համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները պահպանում են իրենց ուժը նաև դրա գործողությունը դադարեցնելուց հետո` մինչև դրանց լրիվ կատարումը:
Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:
